[ARM]     [RUS]     [ENG]

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՊՐՈՒՄՆ Է

 Գիտաժողով՝  Մուրացանյան օրերի շրջանակում 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ս.թ.  մայիսի վերջին և հունիսի սկզբին Արցախում անցկացվեցին ավանդական դարձած Մուրացանյան օրերը, որոնց  եզրափակիչ ակորդը  ՙԳրիգոր Նարեկացի՚ պետհավատարմագրված համալսարանի պոեզիայի և գիտական նիստերի  դահլիճում անցկացված գիտաժողովն էր։ 
Բացման իր խոսքում  ԼՂՀ ԳՄ նախագահ, բանասիրական գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանն  ընդգծեց, որ ոչ մի ժամանակ  համաշխարհային գրականությունը այնպես չի ներկայացել ընթերցասեր  հասարակությանը, ինչպես հիմա, որ թարգմանական գրականությանն այսօր մեծ  ուշադրություն է դարձվում, քանի որ մենք ունենք թարգմանչական արվեստի՝   դարերի խորքից եկած ավանդույթ, որը բոլոր ժամանակներում հնարավորություն է  տալիս համաշխարհային գրականության խորապատկերի  վրա ճշտել մեր ազգային  գրականության տեղն ու դերը։ Բանախոսը նաև նշեց, որ գրականության ոլորտում  շարունակվում է հնի և նորի, դասականի և ավանդականի պայքարը, և որ գործընթացն ուղեկցվում է ներքին հակասություններով, որով էլ հենց ապահովվում է գրականության առաջնթացը։ 
Գիտաժողովը, որն անցկացվեց ՙԱրդի հայ գրականության զարգացման  միտումները վերջին տասնամյակում՚ թեմայով, վարում էր բանասիրական  գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանը։ Նա  առաջարկեց  գիտաժողովն անցկացնել բանավեճ-քննարկման ձևաչափով.՝ զեկուցումների ձևով  շատ անգամ տեսակետները չեն քննարկվում, չեն ընդհանրացվում և մնում են որպես անհատական կարծիքներ, և քանի որ բանավեճը չի կայանում, գրականության շատ-շատ երևույթներ չեն ընդհանրացվում։
Գրադարանավարների ներկայությունը գիտաժողովում անակնկալ էր մասնակիցների համար, և Ա. Նիկողոսյանը հանգամանորեն կանգ առավ գրադարան-գիրք-ընթերցող կապի վրա՝ նշելով, որ արդեն երկրորդ տարին է, ինչ  Հայաստանի կրթության և գիտության նախարարությունն անցկացնում է սեմինարներ տարբեր առարկաների (ֆիզիկա, քիմիա, այդ թվում նաև՝ գրադարանային գործ) գծով, որի ամենակարևոր շեշտադրումներից մեկն, իր կարծիքով, ընթերցողների չտեղեկացվածությունն է։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գրադարաններում թիվ 1 խնդիրը դա է։  Այստեղ  մեծ է գրականության ուսուցիչների և գրադարանավարների դերը։ Կարելի է մտածել, թե ընթերցողն ինքը պետք է նախաձեռնություն ցուցաբերի և փորձի իր համար հեղինակներ հայտնաբերել, բայց գրադարանավարի գործառնությունն էլ է մի փոքր փոխվել։ Նախկինում գրադարանավարի գործունեությունը  սահմանափակվում էր  հաճախորդին սպասարկելով. նրա գործը գրադարակներից գիրքը գտնելն ու տալն էր։ Չնայած կային նաև գրադարանավարներ, ովքեր ուղղորդում էին։ Այսօր գրադարանավարի ֆունկցիան ընթերցող ստեղծելն է, և այս առումով կարևորվում են բազմակողմանիորեն զարգացած գրադարանավարները։ Այսօր եթե ընթերցողը մտնում է գրադարան, ՙչկա՚ բառը չպիտի ասվի. նա գրադարանից առանց գրքի չպետք է դուրս գա։ Պիտի համոզել, որ կարդա, այլապես դա կարող է դառնալ ընթերցողի վերջին այցը։ Գրադարանավարը պետք է լինի ակտիվ վիճակում, քանզի  փորձը ցույց է տալիս, որ հենց գրադարանից է սկսվում ճանապարհը դեպի գիրքը, գրականությունը։ Խորհրդային շրջանի  մանկական գրքերի հրատարակությամբ երեխաներին այսօր չես զարմացնի, որովհետև նրանք շատ բան են տեսնում համացանցում, հեռուստատեսությամբ։ Հրատարակչությունները, բնականաբար, ձգտում են հրապարակել հետաքրքիր իլյուստրացիաներով հարուստ գրքեր։ Մուրացանի  ՙԳևորգ Մարզպետունին՚ հրատարակվել է նոր ձևով և լավ ընդունելություն  գտել ընթերցողների կողմից, նույնիսկ  հաջողությամբ վաճառվել է, տեղեկացրեց բանախոսը։ Որպես հիմնախնդիր մնում է այն փաստը, որ գրադարանները 1991-ից հետո գրեթե չեն համալրվել, աշխատավարձը ցածր է և այլն, և այլն։  
Զեկուցումներ կարդացին բանասիրական գիտությունների թեկնածուներ Արմեն Ավանեսյանը (ՙԺամանակակից հայ քնարերգության միտումները՚), Զինաիդա Բալայանը (ՙՀերքումների և հաստատումների քերթության փիլիսոփայական սիլլոգիզմները՚), Հասմիկ Հակոբյանը (ՙԲնությունը ժամանակակից հայ քնարերգուների գործերում՚), Տաթև Սողոմոնյանը (ՙՀայկական մոդեռնիզմի և հայկական պոստմոդեռնիզմի առանձնահատկությունները՚)։ ՙՄաքսիմ Հովհաննիսյանի արձակը՚, ՙԺամանակակից հայ քնարերգության զարգացման մի քանի առանձնահատկություններ և մտածողություն՚, ՙՄտորումներ Արցախում ստեղծվող ժամանակակից արձակի մասին՚, ՙԺամանակի հատկականությունները գեղարվեստական խոսքի մեջ՚ թեմաներով ելույթ ունեցան ՙԳրիգոր Նարեկացի՚  համալսարանի դասախոս Ալիսա Բաղդասարյանը, բանաստեղծ Ռոբերտ Եսայանը, արձակագիր, արվեստաբան Համլետ Մարտիրոսյանը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։ 
Ա. Նիկողոսյանն ընդհանրացրեց բանավեճը. ՙՄենք կարծես թե վարժվել ենք աշխարհում կատարվող փոփոխություններին, բայց չենք ուզում տեսնել գրքի և գրականության ոլորտում կատարվող փոփոխությունները։ Մի հասարակ օրինակ բերեմ. երբ Չարենցը տեսավ ռադիոյի մուտքը, գրեց՝ ՙԱշխարհը դարձավ մի փոքրիկ, փոքրիկ փողոց՚։ Ռադիոն Չարենցի պոեզիայի  մեջ ահռելի փոփոխություններ  բերեց։ Եվ, ընդհանրապես, այդ շրջանի բանաստեղծությունը փոխվեց. ո՞վ կժխտի ռադիոպոեմների արժեքը, որ բոլորովին նոր որակ է՝ բանաստեղծության մատուցման, ռիթմի առումով,  ապրել 21-րդ դարում՝  տեղեկատվության առումով սարսափելի հոսքի պայմաններում  ու ասել, թե երեխաներն  ինչ-ինչ գրքեր կարդալով ինչ դաստիարակություն կստանան, միամտություն է։ Այսօր հայր ու որդի ապրում են նույն ժամանակի մեջ, բայց լրիվ տարբեր մտածելակերպ ունեն։ Հայրերը մնացել են իրենց ավանդական ժամանակի մեջ։ Պոեզիան փոխել է իր դիմագիծը, փոխվել է նրա գործառնական նշանակությունը։ Բանաստեղծության մեջ պետք է տեսնել անհատի հոգու ողբերգության հատակը՚։ 
Ըստ գրականագետ Հասմիկ Հակոբյանի՝ գրականագիտական չափանիշները ևս փոխվել են։ Այսօր գրականություն են գալիս այլ խնդիրներ։ Պոեզիայում բազմազանություն կա, բայց կարծես թե ժամանակն է, որ պոետներն իրենք ևս գիտակցեն դա։ Կա մի մեծ թերություն. այսօր բանաստեղծությունը չի կերպավորվում։ Վարուժան, Սիամանթո և այլք տեսաբանել են իրենց գեղագիտական հավատամքը՝ լինի նամակների, թե հոդվածների տեսքով։ Այսօրվա մեր երիտասարդ բանաստեղծների գլխավոր թերությունը տեսության բացակայությունն է։ Այնպիսի տպավորություն ես ստանում, կարծես իրենց համար մեկ է, թե ինչ կգրեն, այսինքն՝ հստակ նպատակակետ չունեն։ 
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանն իր ելույթում դիտողություններ արեց զեկուցումների շուրջ՝ ասելով, որ գրաքննադատը գրականություն չի ստեղծում, որ նրա նպատակը գրական գործընթացը հասկանալն ու ներկայացնելն է, որ պոեզիան պատկերավոր մտածողություն է, որ ժամանակին Վիլյամ Սարոյանն ամերիկյան պոեզիայում որպես թերություն նշել է ՙսրտի բացակայությունը՚.  այսօր շատ երիտասարդների բանաստեղծությունների մեջ սրտի տրոփյուն չկա։
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ