[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂԸ ՏԵՍՈՒՉՆԵՐ ԵՆ ԵԿԵԼ

2222.jpgՄիշտ էլ իմ մեջ ցանկությունն է եղել հեռավոր գյուղեր գործուղման մեկնել, տեսնել նրանց և՜ առավոտը, և՜ ցերեկը, երեկոն ու գիշերը, ինչպես ասում են` գյուղն իր  ՙլույսի ու ստվերի՚ մեջ: Իհարկե, դա անիրագործելի ցանկություն չէ:  Նույնիսկ եթե տվյալ վայրում ծանոթ չունես, դարձյալ մտահոգվել պետք չէ, ավելին` այցելությունդ լավագույն առիթ է ղարաբաղցու հյուրընկալության մեջ համոզվելու համար: 
Բայց իմ բախտը բերեց. միացա ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության 15 հոգանոց խմբին, որը գնում էր տեսչավորելու հերթական դպրոցը: Իսկ հերթականը և այս ուսումնականում՝ վերջինը Մարտակերտի շրջանի Վաղուհասի միջնակարգն էր` Խնկավանի տարրական դպրոցի մասնաճյուղի հետ:
Մինչև Վաղուհասը Ստեփանակերտից ավելի քան երկուսուկես ժամվա ճանապարհ է: Տեսուչները պետք է այնպես դուրս գային, որ ամենաքիչը երկրորդ դասին հասնեին: Նրանք արդեն հարմարվել են  այս ռեժիմին, որը ոչ թե առիթից առիթ է լինում, այլ իրենց  աշխատանքային առօրյան է, որը կազմում է  շաբաթվա  մեջ 3-4 օր: Պատկերավոր ասած` տարվա գրեթե կեսը, դպրոցական արձակուրդները հանած, նրանք քնում են ուրիշի տանը: Այսօր մեր հանրապետությունում երևի քիչ մարդիկ կլինեն, որոնք կրթության տեսուչներից ավելի լավ իմանան Արցախի բնակավայրերը, տեղի մարդկանց, կենցաղը: Նրանք կատակով ասում են, որ ստեփանակերտցիներին ավելի քիչ  են ճանաչում, քան գյուղաբնակներին:
Նրանց  մեծ մասը կանայք են: Ասել, թե ինչ է նշանակում, երբ տան կինը պարբերաբար շաբաթվա կեսը բացակայում է իր օջախից, թերևս իմաստ չունի: Պետք էլ չի հարցնել: Երկար ճանապարհը կարճող նրանց  պատմությունները դա  էլ էին ներառում:  Տեղեկանում ես, որ գիշերը համարյա չեն քնել, լվացք են արել, հարդուկ, իսկ դպրոցահասակ երեխաներ ունեցողը նրանց հագուստները հերթով շարել է, մի երկու օրվա համար ճաշ պատրաստել, դրել սառնարանը: Լավ է, որ բջջային հեռախոս գոյություն ունի` հեռվից  կարողանում են կառավարել տունը: Նրանց պատմություններից որոշակի պատկերացում ես կազմում նաև գյուղերի զարգացման մասին: Տարիներ առաջ, երբ գործուղման էին գնում, իրենց հետ անկողնու սպիտակեղեն էին տանում, որպեսզի հյուրընկալվելիս`  ավելորդ նեղություն չտան տանտերերին (հիմնականում մնում են ուսուցիչների տներում): Հիմա արդեն չեն տանում, դրա կարիքը չկա: Տեսուչներին հարգալից ընդունելն ու ճանապարհելը ամբողջ գյուղի համար պատվի խնդիր է: Նրանք իրենց ճանապարհորդական փոքր պայուսակներում տանում են միայն իրենց ՙաքսեսուարները՚, ինչպես տեսչապետ Սոս Արզումանյանն է կատակով ասում:
Տեսուչներից ուսուցիչները չեն սարսափում, ինչպես եղել է անցած դարերում: Հիշենք Պերճ Պռոշյանի հայտնի հուշը, երբ տեսուչ պիտի գար իրենց դպրոց: Վարժապետը գունատված մտել է դասարան և հրամայել բոլորին` տեղները չորանալ: Ասել է` վայը եկել է նրա, ով դասը լավ չպատասխանի: Տեսուչը, որը մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանն էր, բնավ այնպիսին չէր, որպիսին պատկերացնում էին աշակերտները:  Նա ներկայացել էր աշակերտներին իբրև մեծ  մանկավարժ: 
Մեր տեսուչների գործունեության բովանդակությունը կարճ կարելի է բնութագրել այսպես. ստուգել և մեթոդական օգնություն ցույց տալ: Հատկապես հեռավոր գյուղերում նման օգնությունը շատ է անհրաժեշտ: Պետք է ասել, որ նրանց գնահատականը վճռորոշ է,  մանավանդ այն ուսուցիչների համար, որոնք գնահատվում են ՙանբավարար՚: Դա նշանակում է, որ դրված է տվյալ աշխատանքում նրանց անհամապատասխանության հարցը: Հիմնականում գնահատվում են ՙբավարար՚, որը նորմալ է համարվում: Պատահում է նաև, որ ՙլավ՚ են գնահատվում: Այդ ուսուցիչները պետք է շատ լավ արդյունքներ ունենան, ուսման բարձր առաջադիմություն և որակ, օլիմպիադայում հաղթած աշակերտներ: Նման գնահատական ստացած ուսուցիչների համար հեշտանում է տարակարգ ստանալը, այսինքն` աշխատավարձը նկատելիորեն բարձրացնելը: Ասել կուզի` տեսուչները սպասված մարդիկ են դպրոցներում: Բայց թեկուզ այդպես, դպրոցի ռիթմը փոխվում է, երբ տեսուչներ են լինում, լարվածություն է զգացվում, և դա բնական է: Տեսուչները զվարճապատումներ են հիշում նաև այդ կապակցությամբ: Օրինակ, մի անգամ,  դասալսման ժամանակ, երբ աշակերտներից մեկը դասը խանգարել է, ուսուցչուհին համբերությունը հատած  ասել է. ՙՀլա սպասիր, էս քոչը վեր հընցնի, տես գլխիդ ինչ եմ բերելու՚:
Այսպես զվարճալի պատմություններ պատմելով, հետևում գյուղեր  թողնելով,  մոտենում ենք Վաղուհասին: Տարվա  ամենագեղեցիկ եղանակն է. բնությունը բացել է իր բոլոր գրավչությունները, և առանց հիացմունքի անհնար է այդ ամենին նայելը: Առաջինը Վաղուհասի մասին հեռվից իմաց է տալիս նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին: Բարձր տեղում է, և գյուղի բոլոր կողմերից երևում է: Իսկ մի ուրիշ բարձունքի փառահեղ բազմած է նորակառույց դպրոցը:  Այս երկուսը կարծես հսկելիս լինեն գյուղը: Տարբեր բարձրությունների վրա աչք են շոյում նորակառույց տները, դրանք վեց և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար պետության կողմից կառուցված տներն են: Գյուղն ամֆիթատրոնի է նման` տները ներքևից շերտ-շերտ ու աստիճանական բարձրանում են, և դա հատուկ ճարտարապետական լուծում չէ, այլ բնականից է այդպես ստացվել, ընդ որում` տներն անտառի մեջ են կամ անտառաեզրին, իրարից բավականին հեռու: Թվում է, ամեն մեկը մի կածան բռնել և բացատում տուն է սարքել:  Հեռվից  միայնակ այդ տները հեքիաթային են թվում:
Ճանապարհին մեզ ոչ ոք չպատահեց: Փորձված տեսուչի առաջին գնահատականն այս  էր` դպրոցում բացակա երեխա չկա: Դպրոցի դարպասից քիչ վերև մատուռ կա, որի պատերը ճեղքելով դուրս է եկել մի մեծ ծառ: Սրբությունների այստեղ հանդիպում ես ամեն քայլափոխի: Պատմությունն ու իրականությունը  քայլում են կողք կողքի: 
Մեքենան մտնում է դպրոցի բակ: Առանձնահատուկ իրարանցում չառաջացավ, եթե չհաշվենք, որ ամենամոտիկ դասարանի պատուհաններից աշակերտների գլուխներ երևացին, ժպտացող ուսուցչուհի, և լսեցինք ՙՄեթոդիստները եկան՚ արտահայտությունը: Առաջին դասից անցել էր ընդամենը  կես ժամ:
Դպրոցի շեմից ներս մտնելով` ակամայից քայլերդ դանդաղեցնում ես. անցնում ես սուրբ տեղով՝  դպրոցի զոհված շրջանավարտների անկյունն  է: Նրանցից մեկի` Գրիշա Մուրադյանի անունով է կոչվում  դպրոցը:     
Մինչ տեսուչները ՙաքսեսուարներով՚ պայուսակներն էին տեղավորում, զանգը հնչեց, և ուսուցչանոցը լցվեց ուսուցիչներով, եկավ նաև տնօրենը` Դոնարա Գրիգորյանը: Տեսչական հանձնաժողովի նախագահ Օնիկ Ասրյանի գլխավորությամբ նախորդ ստուգումները իրականացվել էին 2008-ին,  դպրոցական հին շենքում: Այն ժամանակ պայմանները սուղ էին, և Ասրյանը տեղեկանքում գրել էր, որ հրատապ է դպրոցական նոր շենքի կառուցումը: Անթաքույց հպարտությամբ, որ գուցե իր գրած տեղեկանքն էլ է դեր խաղացել, տեսչապետը շնորհավորեց  կոլեկտիվին նոր դպրոց ունենալու առթիվ և հույս հայտնեց, որ դրական  փոփոխություններ կլինեն նաև ուսման առաջադիմության ու որակի առումով: Նա ներկայացրեց տեսչական խմբի մյուս անդամներին, բայց վերջիններս արդեն  գտել էին իրենց մասնագետներին ու պայմանավորվում էին դասալսումների շուրջ: Երբ զանգը հնչեց, ամենքն իրենց մասնագետների հետ դասարանները մտան, ու այդպես` երեք օր: Այդ օրերը ներառում էին ստուգողական գրավորներ, սեմինարներ, վերլուծություններ: 
Վաղուհասն  Արցախի այն առանձնահատուկ բնակավայրերից է, որը հիմնահատակ ավերված լինելով պատերազմի ժամանակ, գյուղի ազատագրումից հետո ոչ միայն արագ ոտքի կանգնեց, այլև բնակչության նկատելի աճ արձանագրեց: ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ  2011թ գյուղում շահագործման հանձնվեց նորակառույց դպրոցը, որտեղ սովորում է 151 աշակերտ: Վերջին հինգ տարվա ընթացքում  աշակերտների թիվն ավելացել է 50-ով: Գյուղում կա մինչև 5 տարեկան 100 երեխա, հրատապ է նաև մանկապարտեզ ունենալու հարցը: 
Հատկանշական է, որ քանակական աճի հետ որակական աճ էլ կա: Տեսչական հանձնաժողովը նախորդ ստուգման համեմատությամբ արձանագրել է զգալի տեղաշարժեր։ Հանձնաժողովը, ինչպես նաև  շրջվարչակազմի կրթության բաժնի վարիչ Ժ. Դավթյանն ընդգծել են,  որ ուսման առաջադիմության և որակի աճը մեծ չափով ապահովում են երիտասարդ ուսուցիչները, ինչը վաղվա հանդեպ վստահություն է ներշնչում: Մենք ներկա եղանք երիտասարդ ուսուցչուհի Լիլիթ Ազիզյանի դասին, որի թեման  մարդու սաղմնային զարգացումն էր: Հետաքրքիրը միայն այն չէր, որ ուսուցչուհին պարզ և մատչելի լեզվով բացատրեց, որ սաղմն անցնում է էվոլյուցիայի այն բոլոր փուլերը, ինչ անցել է մարդը, և ոչ  էլ այն, որ դասարանում բոլորն էին ակտիվորեն մասնակցում դասին: Ուշագրավն այն էր, որ ուսուցչուհին թեման կապեց գոյության պայքարի հետ` բնության  և հասարակության մեջ: Հաղթում է նա, ով ավելի լավ է հարմարվում իր միջավայրին, ուժեղ է իր տեսակով, պահպանում է իր ազգային արժեհամակարգը: Բնությունն ունի ինքնակարգավորման հատկություն. պատահական չէ, որ պատերազմներից հետո տղաներ ավելի շատ են ծնվում: Հասարակությունն էլ նույնպես օժտված է ինքնակազմակերպման հատկությամբ:  Եվ ներկա մարտահրավերներին ունակ են  դիմագրավել  այն ազգերը, ովքեր ավելի ինքնակազմակերպված են: Քանակն  այստեղ կապ չունի:
Դպրոցի տնօրեն Դ. Գրիգորյանը, ով ծննդով հարևան Հաթերք գյուղից է, պատմեց, որ երբ ինքը դեռ  հայրենի գյուղում էր ապրում, համագյուղացիները շեշտված հարգանքով էին խոսում վաղուհասցիների հայրենասիրության մասին: Վաղուհասին էլ  հատուկ են այն  բոլոր սոցիալ-տնտեսական դժվարությունները, որոնք առկա են մյուս բնակավայրերում, սակայն վաղուհասցիներն ամուր կառչած են իրենց հողին և շենացնում են այն: Վառ հայրենասիրությունն արտահայտվում է ոչ միայն մարտի դաշտում կենաց-մահու կռիվներ մղելով, այլև խաղաղ պայմաններում հողը մշակելով, երեխաներ աճեցնելով, գյուղը զարգացնելով: 
Տեղին ենք  համարում հիշատակել ԼՂՀ ՊԲ հրետանու նախկին պետ, գեներալ-մայոր Ժորա Գասպարյանի գնահատականը. ՙՎաղուհաս գյուղի մասին ասեմ, որ այդ տղաների հանդեպ հատուկ վերաբերմունք  ու առանձնահատուկ կարծիք ունեմ: Նրանք առանձնանում էին թե՜ հայրենասիրությամբ, թե՜ նվիրվածությամբ ու ինքնադրսևորմամբ: Նրանք հատուկ երիտասարդներ են ոչ միայն Մարտակերտի շրջանում, այլև ողջ Ղարաբաղում: Ես նրանց առանձնացնում եմ ու ամենաբարձր գնահատականը տալիս՚ (Սիրվարդ Մարգարյան, ՙՄարտակերտ. Չհայտարարված կիզակետ՚ գրքից)։          
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ