[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՍՏԾՈ ՆԵՐՇՆՉԱՆՔՈՎ ԻՆՁ ՄՈՏ ՍՏԱՑՎՈՒՄ Է ԻՄ ԱՅՍ ԿՌԻՎԸ՚

3.jpgԻնչպես արդեն տեղեկացրել  ենք, Արցախի պետական կամերային նվագախմբի տասնամյակը հանդիսավորությամբ  նշվեց մայրաքաղաքի  Մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում՝ տոնական համերգով, բազմաթիվ մաղթանքներով, նվերներով: 
Եվ խոստացել ենք ներկայացնել նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Գևորգ 
ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ  հարցազրույց` Արցախում ապրած տարիների, ընդհանրապես, իր կյանքի ուղու և ապագա գործունեության ու խնդիրների մասին: 
-Պարոն Մուրադյան, հոբելյանական երեկոյին շեշտվեց, որ մի քանի առաջարկներից, ընդ որում՝ նաև Եվրոպայից ստացած, Դուք նախընտրել եք Արցախից ստացածը:  Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր ընտրությունը:
- Եղել եմ համերգներով և՜ Եվրոպայում, և՜ Ամերիկայում: Տեսել եմ աշխարհը: Մեր ՙԵվրոպան՚ մեր երկիրն է: Մեր ազատագրված Արցախը, ինչ խոսք, կարիք ունի լավ մասնագետների կյանքի բոլոր բնագավառներում: Ես ունեմ մի սկզբունք: Մարդ պիտի իր այգին ջրի: Դրանից  պտուղ ես ստանում, քո հողի՜ պտուղը: Պատերազմի տարիներին մեծ գործունեություն եմ ծավալել պետֆիլհարմոնիայում, գիտեք, այն ժամանակ ֆիլհարմոնիայի գլխավոր դիրիժորն էի:
- Այն ժամանակ է՞լ էր ՀԲԸՄ-ն հովանավորում պետֆիլհարմոնիային:
- Այն ժամանակ` այո, հիմա` ոչ: Բայց ասեմ, որ աշխարհի բոլոր օպերային, սիմֆոնիկ նվագախմբերը, բացի պետական սուբսիդիայից, օգտվում են նաև բարերարների ֆինանսավորումից: Առանց հովանավորների աջակցության հնարավոր չէ: Ինչ խոսք, բարերարների ինտելեկտուալ մակարդակն էլ պետք է բարձր լինի, ինչպես ժամանակին, օրինակ, Ռուսաստանում Բելյաևներն էին, Անդրկովկասում` Մանթաշովն էր: Անշուշտ, մարդ պետք է ներքին մեծ ինտելեկտ ունենա, որ հասկանա նշանակությունը, պիտանիությունը արվեստի, ընդհանրապես՝ մշակույթի: Հա, այդ թվականներին Երևանի սիմֆոնիկի հետ փորձ էի անում բեմում, մեկ էլ լուր հայտնեցին, թե իմ մանկության ընկերը` Նորայր Կարապետյանը, զոհվել է Ղարաբաղում: Աչքերս լցվեցին, բայց ես նվագախմբին ասացի, որ իմ կռիվն էլ սա է` երաժշտությունը: Փորձը չդադարեցրի, քանի որ, ըստ իս, դա  ևս կռիվս տալու  մի ձև է: Եվ Աստծո ներշնչանքով ինձ մոտ ստացվում է իմ այս կռիվը: Իմ մտքում դեռ 90-ականներին կար Ղարաբաղ գալու և այստեղ նվագախումբ ստեղծելու գաղափարը: Բայց... Ես գիտեի, որ ժամանակն էն չէր: Այնուամենայնիվ,  այդ միտքն  իմ մեջ միշտ եղել է: Հետո, տարիների ընթացքում, ՀԲԸՄ-ն ֆիլհարմոնիկի հետ աշխատանքը տեսել է: Ես երջանիկ եմ, որ այսօր պարոն Սեդրակյանը Ղարաբաղում իրագործված նախագծերից ամենահաջողվածներից մեկը համարում է Արցախի պետական կամերային նվագախումբը: 
Հետաքրքիրն այն է, որ Արցախի Հանրապետության  ղեկավարության ռազմավարությունն էլ համընկավ: Իհարկե, եթե ես ամեն անգամ Երևանից լավ մասնագետներ հրավիրեմ հերթական համերգի ծրագիրն ավելի լավ ներկայացնելու նպատակով, ինձ ոչ ոք ոչինչ էլ չէր ասի: Բայց իմաստ պետք է լինի: Ես այստեղ  եկել եմ ոչ թե  պարզապես աշխատավարձ ստանալու համար. իմ աշխատավարձը միշտ էլ բարձր է եղել: Ինձ ասում էին` ո՞ւր ես գնում: Ասում էի` հայրենիք: Եվ ես երջանիկ եմ, որ եկել եմ Արցախ: Ես թրծված, փորձառու մարդ եմ, կյանքում ամեն ինչ տեսել եմ: Հոբելյանական օրը որ ասացի` իմ նավարկությունը սկսել եմ 1972 թվականին, և այդ ճանապարհներին հանդիպել եմ գիշատիչների, ծովահենների, առնետների, բայց և Աստծո օգնությամբ հաղթող եմ դուրս եկել, քանզի  դրական մարդիկ էլ են ուղեկցել ինձ: 
Ասեմ ձեզ, դժվարություններ եթե չլինեն, կյանքն անիմաստ կդառնա: Դժվարությունը հաղթահարում ես` նշանակում է կյանքդ լեցուն է դառնում: Դա իմ սկզբունքն է: Ու ես լավատես եմ:
- Մաեստրո, ինչո՞ւ ընտրեցիք խմբավարությունը, այլ ոչ թե երաժշտության մեկ այլ ասպարեզ:
- Ասեմ, որ մինչև 17 տարեկանը չեմ իմացել` ինչ է երաժշտությունը` նոտագրություն, հարմոնիա, այդ իմաստով եմ ասում: Բայց արվեստասեր եմ եղել մանկուց: Երաժշտությունը միշտ էլ  գրավել է ինձ: Միտք ունեի դերասան դառնալ: Ամիսը երկու անգամ մայրս ինձ տանում էր պատանի հանդիսատեսի թատրոն: Ես շատ չարաճճի երեխա էի: Տանում էր թատրոն, որ մի քիչ հանդարտվեմ: Մեծանուն դերասաններ էին խաղում: Սովորում էի ռուսական դպրոցում, վարքից երբևիցե գերազանցությամբ չեմ  փայլել, ՙհինգ՚ ունեի միայն երգ-երաժշտություն և ռուս գրականություն առարկաներից: Շատ սիրում էի ֆուտբոլ խաղալ, դարպասապահ էի: Բայց մի օր եկա տուն ու ասացի` ես պետք է երաժիշտ դառնամ: Մայրս, ծնկներին խփելով, բացականչեց. ՙՎա՜յ, քոռանամ ես՚: Մեծ եղբայրս էլ մի լավ բամփեց գլխիս, ասաց` հեշտ ուղի՞ ես փնտրում: Ասացի` ես պետք է երաժիշտ դառնամ ու՝ վերջ: Մայրս ինձ տարավ կուլտուրայի տուն` Կիմ Օհանյանի մոտ: Ստուգեց լսողությունս, ռիթմը, ասաց` հոյակապ տվյալներ ունի տղան, այս կուլտուրայի տունը իր տեղը չէ: Ութ ամիս պարապեց ինձ հետ ակորդեոնի վրա, ու ես պատրաստվում էի ընդունվել ուսումնարան: Փաստաթղթերս հանձնեցի, քննությունները տվեցի բարձր գնահատականներով: Սեպտեմբերին գալիս եմ ուսումնարան՝ անունս այդ բաժնի ուսանողների մեջ չկա: Պարզվեց` երգչախմբային դիրիժորության բաժին են տեղափոխել ինձ այն նպատակով, որ հետագայում կարողանայի շարունակել ուսումս կոնսերվատորիայում: Բախտս բերեց, որ հոյակապ մասնագետներ են ինձ հետ աշխատել ուսումնարանում` Էդուարդ Փաշինյան, Լուիզա Վարդանյան...  Գերազանցությամբ ավարտեցի ուսումնարանը և, մեկ քննություն հանձնելով, ընդունվեցի Երևանի կոնսերվատորիան` Միխայիլ Մալույնցյանի դասարանը: Ուսման ընթացքում որոշեցին, որ ես նաև սիմֆոնիկ նվագախմբի խմբավարություն պետք է ձեռք բերեմ: Բայց այդ մասնագիտության դասարան չկար կոնսերվատորիայում: Նպատակային բացում էին մեկի համար ու փակում նրա ավարտելուց հետո: Մի խոսքով, այս անգամ էլ ամեն ջանք գործադրեցին, որպեսզի երկու հոգու (այդ թվում նաև ինձ) համար բացեն այդ մասնագիտության դասարանը:
- Այսինքն, սկզբում սովորել եք որպես երգչախմբային, հետո շարունակել ու ավարտել որպես սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր:
- Այո...
- Բայց այդպես էլ չասացիք՝ ինչո՞վ գրավեց Ձեզ խմբավարությունը: Թե՞ դա պատահականություն էր, պարզապես ճակատագրական:
- Երբ դեռ ուսումնարանում ինձ ասացին, որ իմ մեջ խմբավարի ջիղ կա, դա մտավ, ամրացավ իմ մեջ: 60-ական թվականներն էին: Ոսկեդար էր: Ի՛նչ նվագախմբեր, օպերային երգիչներ, մենակատարներ էին գալիս Երևան: Ներշնչանքս դասատուներից, նման կատարողներից շատ մեծ էր: Դա մեծ դեր խաղաց իմ կայացման մեջ: Շատ սիրեցի այդ մասնագիտությունը, և ամեն ինչ նպաստում էր, որ խորանամ դրա մեջ:
- Ի՞նչ ձգողականության ուժ կա այդ մասնագիտության մեջ Ձեզ համար:
- Գիտեք, ի տարբերություն մյուս գործիքների, նվագախումբը մի գործիք է, որը բաղկացած է կենդանի մարդկանցից: Եվ երբ կարողանում ես քո հոգու միջով անկացնել երաժշտությունը, կարողանում ես ներշնչել և երաժիշտներին, որոնք ակամայից սկսում են (լավ իմաստով) ենթարկվել քեզ, ու դու կարողանում ես քո կոնցեպցիան, քո մեկնաբանությունն ի հայտ բերել: Գայթակղիչ մասնագիտություն է, բայց և շատ զոհաբերություններ պահանջող: Հաճախ` անձնականի հաշվին:
- Եվ... ինչպե՞ս սկսվեց երաժշտարվեստում Ձեր ճանապարհը:
- Դեռ կոնսերվատորիան չավարտած (վերջին կուրսում էի), Միքայել Մանգասարյան դիրիժոր կար, գալիս էր մեր կուրսը: Ասաց` կուզենա՞ս ռադիոյի օրկեստրում ինձ հետ աշխատես: Ասացի` ո՜վ չի երազում, բայց իմ պրոֆեսորին պետք է հարցնեմ: Իսկ Միխայիլ Մոիսեևիչն ասաց` իսկ դուք դեռ մտածո՞ւմ եք: Այսպես, դեռ կոնսերվատորիան չավարտած` 1972-ին ինձ վերցրին աշխատանքի որպես ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի ասիստենտ: Դա մեծ բան էր ցանկացածիս համար:
- Այդքան երիտասարդ դիրիժորին ինչպե՞ս ընդունեց նվագախումբը:
- Դե, ընդհանրապես, կա այդ բանը ցանկացած օրկեստրում. է՛հ, է՜ս ով է, որ եկավ: Կա չգրված օրենք. դիրիժորը նվագախմբի անդամների ՙդասակարգային թշնամին՚ է: Շուբերտի անավարտ սիմֆոնիան եմ վերցրել: Մի հատվածում ֆագոտները պետք է նվագեին: Բայց նվագախումբը չի նվագում: Ասում եմ` բա ֆագոտնե՞րն ուր են: Պատասխանում են` այստեղ ֆագոտներ չկան: Ո՞նց չկան: Ես անգիր էի չափ տալիս, բայց պարտիտուրան դիմացս էր: Բացեցի էջը, ցույց տվեցի: Ժպտացին... Եվ այդպես մի քանի դեպքերից հետո հարաբերությունները շտկվեցին, անգամ սիրեցին ինձ: Եվ երբ մյուս տարի ավարտում էի, պետական քննություններին այդ նվագախմբի հետ եմ հանդես եկել Բեթհովենի 2-րդ սիմֆոնիայի կատարմամբ: Շատ բարդ ստեղծագործություն է, բայց մեծ հաջողությամբ համերգն անցավ, հանդեսներում, թերթերում գրեցին այդ մասին: Այդպես երկար տարիներ աշխատեցի այդ նվագախմբում, մինչև 1990-ականներին Լորիս Ճգնավորյանը հրավիրեց աշխատել ֆիլհարմոնիկի հետ...
- Սպասեք... Բա Վիեննայի ուսման ժամանակահատվա՞ծը... Ե՞րբ է դա եղել:
- Ամեն ինչ տեղի ունեցավ Մոսկվայում կայացած մրցույթի ժամանակ, դա 1983-ին էր: Ես ղեկավարում էի Խաչատուրյանի սիմֆոնիան: Ֆինալ դուրս չեկա, բայց, այնուամենայնիվ, պարզվեց, որ լավ տպավորություն եմ թողել: Երևան վերադառնալուց հետո ԽՍՀՄ մշակույթի նախարարությունից ինձ Վիեննա վերապատրաստման ուղարկելու հրահանգ եկավ: Չեմ երկարացնում, բայց թե ինչ դժվարություններով դա ստացվեց, չեք էլ պատկերացնի: Այնուամենայնիվ, դա ստացվեց, և մոտ երեք տարուց հետո ես մեկնեցի Վիեննա: 1986-1988 թվականներին մնացի այնտեղ։ Շատ բան ինձ մոտ փոխվեց: Ունեի առաջարկություն այնտեղ աշխատելու: Բայց չէի կարող թողնել տուն, ընտանիք, հայրենիք: Ու չեմ փոշմանում: Հետո, ինչպես ասացի, Լորիս Ճգնավորյանի առաջարկով սկսեցի աշխատել Երևանի Ֆիլհարմոնիկ սիմֆոնիկ նվագախմբում: Արդեն վատ ժամանակներ էին. ռադիոյի նվագախումբն էր փլվում, ամեն ինչ  քանդվում էր: Ես ոնց չընդունեի նման առաջարկը: Աստված ինձ օգնեց որերորդ անգամ: Երկար աշխատեցի: Հետո էլ ընդունեցի Արցախ գալու հրավերը:
- Դուք մեծ ջանք գործադրեցիք, որպեսզի Արցախի կամերային նվագախումբը կայանա ու զարգանա: Հավատո՞ւմ եք, որ մի օր էլ Արցախի սիմֆոնիկ նվագախումբը կղեկավարեք: 
- Իհարկե, հավատում եմ: Բայց պետք է հասկանալ իրավիճակը: Սիմֆոնիկ նվագախումբ պահելը թանկ հաճույք է: Այստեղ կան կլառնետի, շեփորի դասարաններ, բայց ինչ-որ շատ են գայթակղված հարսանիքներով: Սիմֆոնիկ նվագախմբում այլ որակներ են պետք: Հենց նվագում են, ռաբիսը միանգամից զգացնել է տալիս: Կան, իհարկե, լավ ուժեր, Արսենը Գրիգորյան, ուրիշ երեխաներ: Կարելի է նրանց ներգրավել ու ստեղծել դասական ոճը փողայինների մոտ: Ֆլեյտայի առումով էլ, կարելի է ասել, որ խնդիրը լուծված է, քանի որ Արտաշես Գրիգորյանն է այստեղ քանի տարի արդեն աշխատում: Բայց գործիքներ էլ կան, որ դեռ դասարաններ պետք է բացվեն. գալարափողի (վալտոռնայի), հոբոյի, ֆագոտի, տրոմբոնի: Հատուկ համակարգ պետք է մշակվի ու իրականացվի, ինչպես դա տեղի ունեցավ լարային նվագարանների դասարանների բացման ու զարգացման խնդրի լուծման պարագայում: Եթե այս մոտեցումը լինի, հնարավոր է սիմֆոնիկ նվագախումբն էլ ստեղծել: Ընդ որում, այս նախագիծը կյանքի կոչելու համար պետք է պետության կողքին կանգնեն ոչ միայն ՀԲԸՄ-ն, այլ նաև տեղի բարերարները: Այո, բոլորս պետք է տեր կանգնենք այս գաղափարին, քանի որ դա մեր բոլորիս նվաճումն է: Իհարկե, ես կարող եմ ամեն մի սիմֆոնիկ երաժշտությամբ հագեցած համերգի ժամանակ մասնագետներ հրավիրել Երևանից ու այդպես խնդիրը լուծել: Բայց խնդիրն այլ է. կարևորն այն է, որ այստեղ մասնագետներ լինեն, և նրանց ուժերով ստեղծվի սիմֆոնիկ նվագախումբը:
- Այսինքն, կարելի ասել, դեռ իրատեսական չէ խնդիրը կամ, այլ կերպ ասած,  դեռ ժամանակը չի եկել... 
¬ Չէ, իրատեսական է, միայն մի պարագայում: Երբ կպչենք ու չնահանջենք դժվարությունների առաջ: Ես ոչ թե չեմ հավատում: Ես ուզում եմ, որ լինի: Բայց հասկանում եմ, որ դա կարող է լինել, ասենք, մի տասը տարի հետո: Ես երջանիկ կլինեի, որ, Աստված տա, այնքան առողջություն ունենամ, ինչքան ինձ տրվել է, որ կյանքը վայելեմ, ականատես լինեմ, որ դա իրողություն է դարձել: Հարկ կլինի` կղեկավարեմ, չէ` կողքից կօգնեմ մեծ պատրաստակամությամբ:
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ