[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒՐՋՊԱՐ` ՎԵՐԱԾՆՆԴԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Shurjpar.jpgՀունիսի 28¬ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը մարդաշատ էր, աշխույժ, տոնական: ՙԱրցախ՚ ազգային պարի խմբի նախաձեռնությամբ և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կյանքի կոչվեց մի մտահղացում` Վերածննդի հրապարակում ազգային պարերի միասնական  շուրջպար կազմակերպել:
Հանրապետության գրեթե բոլոր շրջաններից` Քաշաթաղի, Քարվաճառի, Մարտունու, Հադրութի, Շուշիի և մայրաքաղաք Ստեփանակերտից ժամանած շուրջպարի մասնակիցները անչափ ոգևորված էին գաղափարով. մեծ ու փոքրով միասին պարել ազգային շուրջպարերը` ՙՓափուռի՚, ՙԳովնդ՚, ՙՎերվերի՚, ՙԹամզարա՚, ՙՔոչարի՚, ՙՅարխուշտա՚, ՙՔերծի՚, ՙՇատախի մարտական՚, ՙ12 ոտք՚, ՙՄուսա լեռան շուրջպար՚, ՙԼորկե՚, ՙՍասնա քոչարի՚։ Գանձերն այս կամա՛ց-կամաց վերադառնում են ժողովրդին` շնորհիվ այն նվիրյալների, որոնք աշխատում են հանրապետության տարբեր շրջաններում գործող արվեստի դպրոցներում, ստեղծագործության կենտրոններում, մշակույթի տներում:
Կազմակերպիչների տեղեկատվությամբ` մասնակիցների թիվը հասել է ավելի քան 200-ի: Ամենաուշագրավն այն էր, որ մասնակիցների տարիքը տատանվում  էր 5 տարեկանից մինչև գրեթե թոշակայինը: Ամենաշատ մասնակիցներ` մոտ  60 աշակերտ, եկել էին Տողի արվեստի, մոտ 40-ը` Ճարտարի արվեստի դպրոցներից, 20-ը` Շուշիի Մուրացանի անվան ավագ դպրոցից, Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքից, Քարվաճառի շրջանի  Նոր Բրաջուր գյուղից: Մի խոսքով, միասնական շուրջպար պարելու կոչին արձագանքեցին շատերը: Անգամ մայրաքաղաքի հյուրերը միացան պարողներին` վարակվելով այն ոգևորությամբ, որ տիրում  էր հրապարակում:
Կազմակերպիչների նպատակն էր վերհիշել մեր ազգային գանձերը, նոր շունչ տալ, դրանց վերադարձնել ժողովրդին: Եվ  անցած շաբաթ օրը տեղի ունեցած միասնական շուրջպարն այդ նպատակը իրականություն դարձնելու համար առաջին քայլերից էր: Բավական թվով հանդիսատես հավաքվեց շուրջպարը դիտելու: Շատերի համար պարերն այդ նորություն էին, ինչը ևս մեկ անգամ վկայում է այն  մասին, որ կազմակերպիչները ճիշտ ճանապարհին են:
Հիշեցնենք, որ վերջին չորս ամսվա ընթացքում ՙԱրցախ՚ ազգային պարի խումբը՝ պարուսույց Սարգիս Պարսամյանի ղեկավարությամբ ամեն շաբաթ մայրաքաղաքում կազմակերպում էր ազգային պարերի ուսուցման բաց դասեր, որոնց մասնակցում էր 50-60 մարդ` դպրոցականներ, ուսանողներ, աշխատող մարդիկ, անգամ մեծահասակներ: Ի դեպ, նրանցից շատերը հաճույքով մասնակցում էին այդ օրվա միասնական շուրջպարին: Նրանց կարծիքով, նման միջոցառումներ պետք է հաճախակի անցկացնել, որպեսզի հազարամյակներով մշակված ազգային պարարվեստը հայտնի դառնա հասարակության ավելի լայն զանգվածին:
Օրն այդ ուշագրավ էր նաև մեկ այլ նախաձեռնությամբ։ Ըստ պարուսույց Ս. Պարսամյանի՝ գոյություն ունեն արցախյան շուրջպարեր, որոնցից մեկը նա նախաձեռնել է վերականգնել։ Եվ Տողի արվեստի դպրոցի աշակերտների ուժերով տեղի ունեցավ արցախյան շուրջպարի պրեմիերան։ Թե՜ երեխաները պարեցին մեծ ոգևորությամբ և թե՜ հանդիսատեսն ընդունեց մեծ ջերմությամբ։ Հուսանք, որ այդ պարերը կամա՛ց-կամաց իրենցից  կթոթափեն  մոռացության փոշին։ 
Իսկ այս նախաձեռնության և ազգային շուրջպարերի վերականգնման, ուսուցման ու  զարգացման հետագա քայլերի մասին՝ թերթի առաջիկա  համարներում։     
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ