Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԿՅԱՆՔԻ ԿՈՉՎԵՑ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԵՐԳԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Օրերս մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի և Ստեփանակերտի նույնանուն երաժշտական քոլեջի համատեղ համերգը:
Մինչ բուն համերգն սկսվելը հաղորդավարը հայտնեց, որ միջոցառման նախաձեռնողը ՀՀ մշակութային աջակցման հիմնադրամն է: 
Նա ներկաներին ծանոթացրեց երկու ուսումնական հաստատությունների ստեղծման, կայացման, նվաճումների, ինչպես և այն ղեկավարների մասին, որոնց շնորհիվ այդ հաստատություններն առաջխաղացում ապրեցին։ 
Համերգը բաղկացած էր ինչպես դասական, այնպես էլ ժողովրդական երգացանկից: Կատարվեցին թե՜ արևմտյան, թե՜  հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգը հնարավորությույն տվեց ճանաչել շնորհաշատ երիտասարդներին և կարծիք կազմել նշված երաժշտական հաստատությունների պրոֆեսիոնալ մակարդակի մասին: Հանդիսատեսը հաճույքով լսեց այդ բազմաոճ և հետաքրքիր համերգը: Վերջում բեմ բարձրացավ Սայաթ-Նովայի անվան քոլեջի տնօրեն Կարինե Դադամյանը, շնորհակալություն հայտնեց նման կարևոր միջոցառման նախաձեռնության և իրագործման համար և հուշանվեր հանձնեց վերը նշված հիմնադրամի նախագահի տեղակալ Տիգրան ՏՈԽՐԱՄԱՋՅԱՆԻՆ։ 
Մեր ճեպազրույցը։ 
- Պարոն Տոխրամաջյան, ինչպե՞ս ծնվեց համատեղ համերգի գաղափարը:
- Նախ տեղեկացնեմ, որ հիմնադրամի ծրագրերից մեկը Հայաստանի մարզերում համերգներով հանդես գալն էր, ինչի համար կա պայմանավորվածություն երևանյան երաժշտական հաստատությունների տնօրինությունների հետ։ Հիմնադրամն աջակցում է նաև վարպետաց դասերի անցկացմանը: Վերջինիս ծրագրով օրերս եղանք Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում, որտեղ ժանոթացանք հրաշալի երիտասարդների հետ, և ինձ մոտ առաջացավ համատեղ համերգ տալու գաղափարը: Տիկին Դադամյանն էլ մեծ սիրով ընդառաջեց: Մեզ աջակցեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Ն. Աղաբալյանը, և գաղափարը կյանքի կոչվեց:
- Ի՞նչ կասեիք ժողգործիքների դասարանների աջակցման ծրագրի մասին:
- ՀՀ մշակույթի նախարարության կողմից ընձեռված հնարավորությունը` ժողգործիքների դասարանների սովորողների անվճար ուսումը, մեծ խթան հանդիսացավ այդ դասարաններին նոր շունչ հաղորդելու համար. գրեթե բոլոր ժողգործիքների դասարանները համալրվեցին աշակերտներով, և այժմ, գոնե Երևանում, վիճակը բավականին գոհացուցիչ է: Առաջխաղացում կա նաև մարզերում:
- Իսկ այսօրվա շրջանավարտն աշխատանքում տեղավորվելու երաշխիք ունի՞:
- Դա մեր ցավոտ հարցերից է: Փոքր դրական տեղաշարժեր կան այդ առումով, հուսով ենք` դրանք կդառնան տեսանելի: Սակայն բոլոր դեպքերում պետք է շարունակել գրագետ հանդիսատեսի դաստիարակման գործընթացը: Ձախորդ օրերը կանցնեն, պետք է պատրաստ լինել վաղվա օրվան:
Զրուցեցինք նաև Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի տնօրեն Կարինե ԴԱԴԱՄՅԱՆԻ հետ:
- Ի՞նչ եք սպասում նման համերգներից:
- Կարևորում եմ պրոֆեսիոնալ մակարդակով շփումները, համոզված եմ. լսելով նման մակարդակով կատարումները՝ մեր սաները կձգտեն հասնել դրան:
- Իսկ ինչպե՞ս է ժողգործիքների դասարանների վիճակն Արցախում:
- Մի փոքր առաջխաղացում կա, բայց ունենք սկզբունքային խնդիրներ. պակասում են թե՜ դասատուները, թե՜ աշակերտները: Կարելի է արձանագրել, որ կայացել է քանոնահարների դպրոցը, բավարար վիճակում է դուդուկահարներինը, մնացած ժողգործիքների դասարաններն ունեն նշված խնդիրները: Կարևոր եմ համարում գյուղական վայրերում արվեստների դպրոցների բացման գաղափարն, ու այդ առումով շնորհակալ եմ Տողի արվեստի և Մարտունու երաժշտական դպրոցների ղեկավարությանը՝ լավ աշխատանքի համար, ինչի արդյունքում լրացվում են քոլեջի ժողգործիքների դասարանները:
- Նախատեսվո՞ւմ է մեր սաների համերգային այցը Երևան:
- Նման մտահղացում կա, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությունը ևս,  և գուցե արդեն աշնանը կյանքի կոչվի այդ մտահղացումը:
 
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ