[ARM]     [RUS]     [ENG]

ԲՈԼՈՆԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ` ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄՐՋՈՂ ՄԻՋՈՑ

999.jpgՄիջազգային համաժողով Արցախում
 ԼՂՀ  ԿԳ նախարարությունն ԱրՊՀ¬ի հետ համատեղ հունիսի 28-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում անցկացրեց  ՙԿրթություն` առանց խտրականության. Բոլոնիայի համատեքստում՚ թեմայով միջազգային համաժողով, որն իր ներկայացուցչությամբ և բովանդակությամբ աննախադեպ էր:
 Նպատակն էր մեկ անգամ ևս կարևորել կրթության՝ որպես մարդու հիմնարար ազատության և իրավունքի իրականացումն ինչպես միջազգայնորեն ճանաչված, այնպես էլ չճանաչված պետությունների  համար: Մասնակցում էին միջազգային փորձագետներ, հետազոտողներ, արտերկրի պետական և հասարակական գործիչներ, ԼՂՀ և ՀՀ կրթական համակարգի առաջատար մասնագետներ, բուհերի ռեկտորներ`կրթության և գիտության նախարարների գլխավորությամբ: Համաժողովի աշխատանքներին մասնակցում էր ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:333.jpg
Համաժողովը ներածական խոսքով բացեց և առաջին նիստը վարեց  ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը: ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ  Բաբայանը ներկայացրեց  Նախագահ Բակո Սահակյանի ողջույնի խոսքը համաժողովի մասնակիցներին, որում մասնավորապես ասվում է, որ նման ձևաչափով քննարկումները հնարավորություն կտան ավելի լայն և խորացված պատկերացում ստանալ աշխարհում և առաջատար պետություններում կրթության զարգացմանն առնչվող հիմնախնդիրների, դրանց լուծման տարբերակների և մեր հանրապետությունում հաջողված մոտեցումների կիրառման հեռանկարների մասին: 
Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը երկու տարի է` ստանձնել է ՀՀ-ն` ի դեմս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի: Այն հանգամանքը, որ այդ գործընթացն առաջին անգամ վստահվել է ոչ Եվրոպական միության երկրի` միջազգային տեսանկյունով  Հայաստանում կրթության դերի արժևորման խոսուն փաստ է: Նախարար Ա. Աշոտյանն  իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ եվրոպական կրթական տարածքը ոչ միայն  և ոչ այնքան   միասնական դիպլոմների և որակավորումների դաշտ  է, որքան միասնական արժեհամակարգի տարածք,  արժեհամակարգ, որը խարսխված է քրիստոնեադեմոկրատական արժեքների, մարդու արժանապատվության և այլ արժեքների վրա, որոնք թույլ են տալիս  կառուցել բարգավաճող և խաղաղ հասարակություն: Սակայն եվրոպական բարձրագույն կրթության  տարածքում դեռևս սև բծեր կան: Դրանք այն  չճանաչված պետություններն են, որտեղ հազարավոր երիտասարդների համար բարձրագույն  կրթության լիարժեք իրականացման հետ կապված ծագել են իրավական խոչընդոտներ: Ա. Աշոտյանը նշեց, որ  համաժողովի նպատակը քաղաքական չէ,  հումանիտար է` խարսխված մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների վրա: Նա համոզված է, որ  այն փաստաթուղթը, որ ընդունվելու է համաժողովի քննարկումների արդյունքում, դառնալու է առաջին և հիմնարար փաստաթղթերից մեկը, որը թույլ կտա չճանաչված երկրներում ապրող բոլոր երիտասարդների համար, իրենց շահագրգիռ կողմերով հանդերձ, ստեղծել առավել մեծ հնարավորություններ, Արցախի և չճանաչված երկրների ուսումնական հաստատությունների արդիականացման, միջազգային ծրագրերում ընդգրկման և այս պետություններում ապրող քաղաքացու կրթության իրավունքի լիարժեք իրականացման համար: 
Որքանո՞վ է հնարավոր ԼՂՀ և  մյուս չճանաչված երկրների երիտասարդների համար համահավասար կրթական իրավունքի ապահովումը եվրոպական միասնական տնտեսական գոտում: Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանն իր զեկուցման մեջ արծարծեց այս հարցերը` մի կողմից մատնանշելով միջազգային կոնվենցիաները, մյուս կողմից՝ ծագած խնդիրները: Հարցին նայելով բոլոր կողմերից` բանախոսն այն եզրահանգումն արեց, որ չնայած հետկոնֆլիկտային պետություններում առկա են  էական առանձնահատկություններ ու դժվարություններ Բոլոնիայի գործընթացում լիարժեքորեն ընդգրկվելու համար, սակայն առկա են նաև լուրջ հնարավորություններ բարձրագույն կրթության եվրոպական տարածքին ինտեգրվելու, դրա արդյունքները պետականության կայացմանը և հակամարտությունների լիարժեք լուծմանն ի նպաստ օգտագործելու համար: 111.jpg
Մեծ Բրիտանիայի Էսսեքս համալսարանից Ռայներ Շուլցը, Բասկոնիայի պետական համալսարանի պրոֆեսոր, Ազգային փոքրամասնությունների հարցերով փորձագետ Ինիգո Ուրուտիան և ուրիշներ իրենց ելույթներում կարևորեցին յուրաքանչյուր քաղաքացու կրթության իրավունքը՝ առանց ազգային, կրոնական, ռասայական, սեռական խտրականության: 
ԱՄՆ Սթոնհիլ քոլեջի դասախոս, փորձագետ Աննա Օհանյանի համոզմամբ` կրթությունն այն գործիքն է, որը կարող է մեխանիզմներ առաջարկել խաղաղության հասնելու, տարբեր տեսակի կոնֆլիկտներ լուծելու համար: Բոլոնիայի գործընթացից դուրս թողնելով չճանաչված երկրները` Եվրամիությունը փաստորեն կորցնում է այն ուղին, որով կարող է հասնել այդ երկրներում խաղաղության: Նա կարծիք հայտնեց, որ   կողմ  է, որ ԼՂ-ն անդամակցի Բոլոնիայի գործընթացին, սակայն  միաժամանակ նշեց, որ այն  նաև հակակարծիք տարրեր  է պարունակում, որոնք կարող են ներսում խնդիրներ առաջացնել, և շատ ժամանակ է պահանջվում, որպեսզի դրանք լուծվեն: Բոլոր  կողմ և դեմ փաստարկները վերաբերում են նրան, որ երկիրը հակամարտությունից հետո չունի այն կառուցվածքները, մարդկային ռեսուրսները, որ կարողանա լայն չափով այդ բարեփոխումներն իրականացնել: Բայց միևնույն ժամանակ էլ երկար սպասելը բարեփոխումների իրականացման հարցում կարող է նոր բռնությունների պատճառ հանդիսանալ: Դրա համար պետք է ունեցածով սկսել գործընթացը: Ինչ վերաբերում է տարածաշրջանային կառավարմանը կրթության բնագավառում,  չճանաչված պետություններին բացառելը ոչ միայն թողնում է այդ բացը տարածաշրջանում, այլև այս ժողովուրդների մոտ պոտենցիալ է թողնում, որպեսզի հակամարտությունը նորից սկսվի: 
Եթե կրթական բարեփոխումները իրականություն դառնան ԼՂ-ում, դա պետք է տեղի ունենա նաև տարածաշրջանում, որովհետև շատ դժվար կլինի ԼՂ դպրոցներում անցկացնել խաղաղության մասին դասընթացներ, եթե նույնը չի արվում Ադրբեջանում կամ Աբխազիայում: Այնպես որ տարածաշրջանային ուղղվածությունը շատ կարևոր է այս նպատակին հասնելու համար: 
Համաժողովի երկրորդ նիստը նվիրված էր չճանաչված երկրներում բարձրագույն կրթության հիմնահարցերին: Նախ  Բոլոնիայի քարտուղարության ղեկավար Գայանե Հարությունյանը տեղեկատվություն տվեց գործընթացի պատմության և Հայաստանի փորձի մասին: Ապա ԼՂՀ կրթության և գիտության նախարար Ս. Ասրյանը և Մերձդնեստրի  Մոլդովական Հանրապետության կրթության նախարար Ս. Ֆադեևան ներկայացրին իրենց երկրներում բարձրագույն կրթության հիմնախնդիրները: Ի դեպ, Ս. Ֆադեևան բարի նախանձով արտահայտվեց այն աջակցության մասին, որ ստանում է ԼՂՀ-ն Հայաստանից: 
Համաժողովի երրորդ նիստը նվիրված էր Հռչակագրի ընդունմանը: Այն անցավ գործնական մթնոլորտում: Գլխավոր գաղափարն այն է, որ քաղաքական խնդիրներն ու չկարգավորված կոնֆլիկտները չպետք է խոչընդոտ հանդիսանան բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով սահմանված մարդու հիմնարար ազատությունների ապահովման համար, իսկ կրթությունն այս համատեքստում ունի առաջնային նշանակություն: 
Համաժողովում եզրափակիչ խոսքով հանդես եկավ ԼՂՀ ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը: Նա իր գոհունակությունը հայտնեց, որ քննարկվեց հարցերի այն շրջանակը, որ տարիներ շարունակ հուզում են մեզ, ինչպես նաև  այդ կոնտեքստում ինչպիսի իրավիճակ կա միջազգային կազմակերպություններում, ինչպիսի կացություն կա հետխորհրդային տարածքում և ինչպիսի հնարավոր քայլեր պետք է արվեն, որպեսզի կարողանանք գտնել այն օպտիմալ և ամենապահանջված լուծումները, որոնք մեզ թույլ կտան հեշտացնել ապագա սերնդի համար նախատեսվող այդ հնարավորությունները, որոնք մեր ժամանակներում ոչ միայն հրատապ են, այլև անհասկանալի կլինի, եթե մենք այդ ռեսուրսները չտրամադրենք մեր երիտասարդ սերնդին: 100 տարի առաջ Արցախում և ընդհանրապես հայկական տարածքում Եվրոպայում սովորելու, հայկական մեր կրթական հաստատությունների հարաբերությունները շատ ավելի հեշտ էին, քան  հիմա` 21-րդի սկզբին` այս կամ այն քաղաքական պատճառներով: Փորձում ենք ուղիներ գտնել, թե ինչպես դյուրացնենք մեր քաղաքացիների մուտքը եվրոպական ընդհանուր կրթական տարածք: ՙԱյսինքն` ինչ որ հիմա մենք անում ենք, սա նորություն չէ: Ժամանակները փոխվում են, բայց արժեքները չեն կարող փոխվել. այսօր էլ այդ պահանջը կա, այսօր էլ Արցախից և չճանաչված մյուս պետություններից մարդիկ ուզում են լրիվությամբ ներգրավված լինել միջազգային  կրթական ծրագրերին՚,-ասաց ԼՂՀ ԱԺ խոսնակը:
Համաժողովի ավարտին տեղի ունեցավ մի արարողություն, որը ներկաների բնորոշմամբ խորհրդաժողովի առաջին արդյունքն է: ԼՂՀ ԿԳ նախարար Ս. Ասրյանը և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության կրթության նախարար Ս. Ֆադեևան ստորագրեցին համագործակցության Հուշագիր:  
 
 
 Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ