Logo
Print this page

ՕՊԵՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԵՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ

Անցած շաբաթը հարուստ էր մշակութային իրադարձություններով: Եթե Վերածննդի հրապարակում միասնական շուրջպարի մասնակիցները ոգևորված պարում էին մեր ազգային պարերը, ապա հարևանությամբ գտնվող Մշակույթի և երիտասարդության պալատում այլ արվեստ էր ներկայացվում հանդիսատեսին:
Արցախի պետական երգչախումբը և Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիան հանդես եկան հերթական նախագծով: Երգչախմբի և Օպերային ստուդիայի մենակատարների ու երաժիշտների ուժերով` ստուդիայի գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի բեմադրությամբ հանդիսատեսին ներկայացվեց բարոկկո ժամանակաշրջանից երկու`  Բախի ՙՍրճային կանտատը՚ և Պերգոլեզիի ՙԱղախինը՝ տիրուհի՚ կոմիկական օպերաները (opera-buffa): Բախի ՙՍրճային կանտատ՚-ում մենակատարեցին Մարիամ Հարությունյանը (հեղինակ-պատմող, Արցախ), Էլինա Ջամալյանը (Լիզխեն, Արցախ), Աբգար Սարգսյանը (Շլենդրիան, Հայաստան), իսկ  Պերգոլեզիի ՙԱղախինը` տիրուհի՚ օպերայում` կրկին Աբգար Սարգսյանը (Ուբերտո), Նուբար Սաղյանը (Սերպինա, երգչախմբի մենակատար), Դավիթ Ղարախանյանը (ծառա, Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի դերասան):
Ուշագրավն այն էր, որ երկու ստեղծագործություններն էլ կատարվում էին օրիգինալի լեզվով. ՙՍրճային կանտատը՚` գերմաներեն, ՙԱղախինը` տիրուհի՚` իտալերեն: Եթե հրավիրված բարձր պրոֆեսիոնալ երգիչ Աբգար Սարգսյանի համար, ինչպես խոստովանում է նա, դժվար չէր կարճ ժամանակահատվածում սովորել երկու գլխավոր դերերն ու ամենը` իր լեզվով, ապա Արցախի պետական երգչախմբի մենակատարները գլխավոր դիրիժորի ղեկավարությամբ բավականին մեծ աշխատանք կատարեցին, որպեսզի կարողանան պատշաճ կերպով երկխոսել հմուտ ՙգործընկերոջ՚ հետ: Եվ, իրոք, թե՜ պրոֆեսիոնալների և թե՜ հանդիսատեսի գնահատմամբ, երկու գործերն էլ կարելի է համարել հաջողված թե՜ երաժշտական, թե՜ դերասանական վարպետության առումով: Ստվերում չթողնենք երաժիշտներին, որոնց մի մասը հրավիրված էին Հայաստանից` Արտաշես Մելիքյան (առաջին ջութակ), Արամ Աբրահամյան (երկրորդ ջութակ), Վահե Բարխուդարյան (ալտ), մյուսները Արցախից` Արմենակ Հակոբյան (թավջութակ), Արտաշես Գրիգորյան (ֆլեյտա), Համեստ Ավանեսյան (կլավեսին, եգչախմբի կոնցերտմայստեր)։ Նրանց փոքրիկ նվագախմբի հմուտ նվագը՝ Նինա Գրիգորյանի ղեկավարությամբ,  օգնում էր հերոսներին կառուցել կերպարը, ստեղծել տրամադրություն թե՜ գործողությունների միջև, թե՜ ընդհանուրի մեջ: 
Ներկայացումներն ավարտվելուց հետո  նախագծի բոլոր գլխավոր գործիչներին խնդրեցինք կիսվել իրենց տպավորություններով, պատմել խնդիրների մասին:
-Այս անգամ ամեն ինչ բոլորովին այլ էր, ստեղծագործական մթնոլորտից սկսած և վերջացրած բեմադրական խնդիրներվ,- պատմում է երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Նինա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:- Ճիշտն ասած, այսքան կարճ ժամանակում դեռ չի եղել, որ նման մեծ աշխատանք ծավալենք, ու դա է հիմնական բարդությունը ստեղծել: Բարդույթ առաջացրեց նաև ֆինանսական սղությունը: Հայկական օպերաներից անցանք օպերային արվեստի հիմք հանդիսացող լավագույն նմուշներին` Ջովանի Պերգոլեզիի ՙԱղախինը` տիրուհի՚ իտալական կոմիկական օպերային, իմիջայլոց, նա այդ ժանրի հիմնադիրներից մեկն է, և Յո.Ս. Բախի ՙՍրճային կանտատին՚, որը շատ բարդ ստեղծագործություն է, և հազվադեպ է հնչում այսօր աշխարհի բեմերում: Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր թատրոնի ղեկավարությանը, դերասանական կազմին, որոնց հետ սերտ համագործակցության մեջ ենք տարիներ շարունակ: Իմանալով թատրոնի երիտասարդ ուժերի ստեղծագործական ներուժը, ես հրավիրեցի Դավիթ Ղահրամանյանին, և, կարծում եմ, ճիշտ ընտրություն արեցինք, քանի որ նա հրաշալի կերտեց իր հերոսի կերպարը: Հուսով, եմ, ավելի կընդլայնվի մեր համագործակցության դաշտը:  
-Սա իմ առաջին փորձն է օպերայում, և ես շատ ոգևորված եմ,- անկեղծանում է Սերպինայի դերակատար, Արցախի պետական կապելլայի մենակատար Նուբար ՍԱՂՅԱՆԸ:- Եթե հնարավորություն ստեղծվի, մեծ հաճույքով էլի կերգեմ, կխաղամ, որովհետև զգում եմ, որ դա իմ մոտ ստացվում է: Իսկ Աբգարի հետ աշխատելը և՜ հեշտ էր, և՜ դժվար: Աբգարը շատ լավ մասնագետ է, լավ գործընկեր, և հենց դա էր հեշտացնում աշխատանքը: Դժվար էր, քանի որ առաջին անգամ էր օպերայում գլխավոր դերում երգում: Օպերայի տեքստն այդքան էլ դժվար չէր սովորել, քանի որ քոլեջում մենք ուսումնասիրում ենք իտալերենը։ 
-Այս հրավերը ստացա իմ մեծ գործընկեր, իմ լավ ուսուցիչ, Երևանի կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից,¬ պատմում է Օպերային ստուդիայի մենակատար Աբգար ՍԱՐԳՍՅԱՆԸ։¬ Տասն օր աշխատեցինք տեղացի իմ գործընկերների հետ: Առաջին անգամ եմ Արցախում: Շատ տպավորված եմ: Չէի պատկերացնում, որ Արցախն  այսքան շնչով լի երկրամաս է: Օդը մաքուր ու խոնավ է, ինչը շատ լավ է երգչի համար: Աշխատանքն ընթանում էր շատ արդյունավետ: Այո, աղջիկների համար սա դեբյուտ էր: Ես զարմացած եմ աղջիկների ձայների բնության վրա: Իսկ երգչի համար ամենակարևորը հենց ձայնի հարուստ բնությունն է: Շատ լավ աշխատեցինք, կարելի  է ասել՝ օր ու գիշեր: Եվ, այո, ստացվում էր: Շատ ընկերացանք: Ուրախ եմ, որ հանդիպեցի սկսնակ, բայց խոստումնալից երգչուհիների: 
-Սա ևս մեկ, բայց և նոր քայլ է Արցախում օպերային ավանդույթներն ամրապնդելու գործում,¬խոստովանում է Օպերային ստուդիայի  գլխավոր  ռեժիսոր Հովհաննես ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։¬ Եթե հիշում եք, նախորդ բեմադրությունների ժամանակ հայկական օպերաներին անդրադարձանք, իսկ հիմա` եվրոպական օպերաներին: Շատ կարճ ժամանակահատվածում այդպիսի ծավալուն աշխատանք արվեց: Ինձ դուր եկավ մեր երիտասարդ երգչուհիների վերաբերմունքը: Նոր ուժեր են, մեծ պոտենցիալ ունեն:  Գոհ եմ նրանցից: Բնականաբար, նաև սովորելու, ուսումը շարունակելու խնդիր կա, որպեսզի վոկալն ավելի բարձր մակարդակի հասցվի։ Անշուշտ, մեծ աշխատանք արեց Նինա Գրիգորյանը: Մինչև մեր գալը Նինան արդեն մեծ աշխատանք էր տարել երգչուհիների հետ: Պետք է գնահատել դա: Այնպիսի մանրազնին աշխատանք է տարվել և՜ երաժշտության, և՜ լեզվի վրա, որ կարողացանք միանգամից բեմադրության վրա աշխատել, կերպարային խնդիրներ լուծել և այլն: Ասեմ, որ շատ օգնեց նաև նվագախմբի առկայությունը: Իր պրոֆեսիոնալ մոտեցումով, նուրբ երանգներով երաժիշտներն օգնեցին երիտասարդ մեր երգչուհիներին ավելի հեշտ ու լիարժեք կերպարի մեջ մտնել: Ասեմ ձեզ, շատ դժվար է 18 տարեկանում առաջին անգամ օպերայում հանդես գալ, այն էլ՝ օտար լեզվով ու խաղալ իր տարիքի հերոսուհու դերը: Այդպիսի բան չի լինում օպերայում: Սովորաբար դերակատարն ավելի հասուն տարիքի, ավելի հմուտ վարպետության տեր մարդ է լինում: Այս երեխաները շատ արագ ընկալեցին իրենց անելիքները: Իհարկե, ես էլ ունեմ իմ դժգոհությունները: Ամեն ինչ չէ, որ ստացվել է: Բայց ես շատ լավ հասկանում եմ, որ դա նաև ճանապարհ է, դա ընթացք է, որ պետք է  նրանք անցնեն, որպեսզի աճեն: Դավթից շատ գոհ եմ, իր դերը կատարեց փայլուն: Փաստորեն լեզու չիմանալով, միայն մեր բացատրություններով կերտեց շատ համոզիչ կերպար: Ինձ համար հայտնություն էր Դավիթը: Իսկը թատրոնի մարդու տեսակ է նա: Նվիրված թատրոնին, բեմին, արվեստին...
Այո, օպերային թատրոն ստեղծելու ճանապարհն է, որ մենք հիմա անցնում ենք: Այսպես ասած, միշտ տաք ենք պահում խնդիրը: Այո, որպեսզի հասկանալի լինի, որ այստեղ աշխատանքն այդ ուղղությամբ գնում է: Այսինքն, պարտադիր չէ, որ օպերային թատրոնի շենքը գոյություն ունենա, կարևորն այն է, որ ինքը՝ թատերախումբը, թիմը կան: Արդեն կայացել է: Իհարկե, դա ձևավորման ընթացքում է և ահագին ճանապարհ կա անցնելու: Բայց ես տեսնում եմ, որ հիմքն արդեն դրված է: Մյուս խնդիրները կապված են ավելի բարձր մակարդակի հետ, որոնց լուծման պարագայում կարելի է այդ օպերաները խաղալ նաև շրջաններում: 
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.