[ARM]     [RUS]     [ENG]

Ստեփան ԲԵՐԻԼ. ՙԱՅՍ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՀՈՐԻՆԵԼ՚

Beril.jpgԿրթություն՝ առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում՚ թեմայով Արցախում անցկացված համաժողովին մասնակցել է նաև Մերձդնեստրի պետական համալսարանի ռեկտոր Ս. Բերիլը, ով սերտ կապերի մեջ է Արցախի պետական համալսարանի հետ։ Դեռևս 2007թ. նոյեմբերի 1-ին ինքնորոշված պետությունների (Մերձդնեստրի Մոլդովական, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների) համալսարանների ռեկտորների հիմնադիր համագումարում ստեղծվեց Ինքնորոշված պետությունների համալսարանների ասոցիացիան, որի նախագահ ընտրվեց Ստեփան Իորդանովիչ Բերիլը։ 
Ելնելով մարդու իրավունքների միջազգային նորմերից,  նոր միջազգային իրողություններից՝ Ասոցիացիան մեկ անգամ չէ կրթության հիմնախնդիրներով դիմել ինչպես ՌԴ Պետդումային, այնպես էլ միջազգային տարբեր ատյանների։ Ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրներ մնացել են այդպես էլ չլուծված։ 
Այս համաժողովը հնարավորություն է ընձեռել բարձրացնել  այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են չճանաչված պետությունների ուսանողները՝ կապված  փաստաթղթերի փոխճանաչման և կրթության հաջորդ աստիճանի անցնելու հետ։
Համաժողովի նշանակության, ակնկալիքների և տպավորությունների մասին է պատմում  ինքը՝ Ստեփան ԲԵՐԻԼԸ։
-Հիանալի կազմակերպված, բարձր մակարդակով անցկացված  համաժողով է, որին  մասնակցում են  եվրոպական ազդեցիկ փորձագետներ։ Չլուծված հիմնախնդիրներն ու դրանց  նշանակությունը թույլ են տալիս, որպեսզի մասնակիցներն անմիջականորեն անցնեն դրանց քննարկումներին և լուծման ուղիների որոնմանը։ Գուցե սա համաժողովի  ամենաարժեքավոր հանգամանքն է, որովհետև, այսպես թե այնպես՝ մեր հիմնախնդիրները միշտ մնացել են ստվերում։
Սա առաջին համաժողովն է, որին մեզ՝ չճանաչված պետությունների ներկայացուցիչներիս, հատուկ հրավիրել են, որպեսզի մենք կարողանանք քննարկել, հարց բարձրացնել և նախանշել լուծման ուղիները։ Մենք իրատես ենք, մենք շատ բաներ  չենք պահանջում, նույնիսկ այս գործընթացի սկիզբը մեզ համար շատ առաջադիմական է։ Իսկ եթե հաշվի առնենք նաև այստեղ արտահայտվողների արժեքավոր փորձը, ապա կտեսնենք,  որ մեր բարձրագույն կրթության ոլորտում, մեր համալսարանների կյանքում մեծ փոփոխություններ են տեղի ունենում։ Եվ պետք է հասկանալ, որ արգելափակել այդ հիմնախնդիրները՝ կնշանակի դեռ երկար ժամանակ սառեցնել հակամարտությունները։ Որովհետև կրթությունն ու գիտությունը մեծ ռեսուրսներ և հնարավորություններ ունեն, ընդունակ են դրականորեն ազդել հակամարտությունների լուծման գործընթացի վրա։ 
Այսօր այստեղ ներկա շատ փորձագետներ և վերլուծաբաններ բուհական դասավանդողներ չեն։ Ինձ թվում է՝ ազդակ տալը, խթանելը մեր չորս երկրների կրթության համակարգերի զարգացմանը միակ ճիշտ  ու  հրատապ քայլը կլինի։ Չի կարելի երկար ժամանակ կոնսերվացնել այդ հակամարտությունները, որոնց տարբեր ձևով են անվանում՝ սառեցված, հետաձգված… Մեր երիտասարդության իրավունքները խախտված են, սակայն մենք պարտավոր ենք նրանց տալ ժամանակակից բարձրագույն կրթություն, որպեսզի նրանցից յուրաքանչյուրն ունենա իր հաջողությունները կյանքում, որպեսզի նրանց տրված  կրթական հավաստագրերը ճանաչվեն բոլոր երկրներում, որպեսզի բոլոր երկրների երիտասարդները կարողանան փոխանակվել իրար հետ այն ամենով, ինչը կոչվում է ազգային արժեք, հաղորդակցվել  իրենց երկրի բարձր մշակույթով։ Դրանից կշահեն բոլորը։ 
Մենք գիտենք, որ ներկայումս չկա ողջամիտ այլընտրանք բանական երկխոսության համար։ Այս առումով կրթության և գիտության ոլորտները համարվում են ունիվերսալ։ Մենք՝ չճանաչված երկրներս, այս ժամանակաընթացքում նույնպես բավականին արժեքավոր փորձ ենք կուտակել. հաճախ ոչ սովորական և գրեթե էքստրեմալ պայմաններում կարողացել ենք ոչ միայն ապահովել կրթության գործընթացը, այլև հասնել այնպիսի արդյունքների, որոնց հասել են ավելի նպաստավոր պայմաններ  ունեցող եվրոպական համալսարանները կամ արդի նորանկախ պետությունների համալսարանները։ Ես կարծում եմ, որ համաժողովի նշանակությունն ու արժեքը հիմք կհանդիսանան սկսելու այն հարցերի քննարկումները, որոնք գրեթե 20 տարի հետաձգվել են բոլորովին անհասկանալի պատճառներով։ Մեր չորս պետությունները՝ Մերձդնեստրը, Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան և Հարավային Օսիան պետությունները գիտական մեծ ներուժ ունեն. 30.000 դասախոսները՝ պրոֆեսորներ, դոցենտներ՝ գիտության զարգացման համար լրացուցիչ մեծ ռեսուրս են։ 
Երբ ստացա համաժողովին մասնակցելու հրավերը՝ սկզբում ապշած էի այդպիսի խնդրի առաջադրումից։ Իմ պրակտիկայում չի եղել մի դեպք, որ նման հիմնահարցը քննարկվեր եվրոպական տարբեր երկրներ ներկայացնող  նշանավոր անձանց մասնակցությամբ՝ նախարարների, կրթության ոլորտի պատասխանատուների։ Այս առումով խորին երախտագիտություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության իմ գործընկերներին՝ հարցը օրակարգում դնելու համար։
 Իմ հիացմունքն եմ ուզում հայտնել նաև Լեռնային Ղարաբաղի հերոսական ժողովրդին, մեր եղբայրներին ու քույրերին, որոնք, դիմակայելով փորձություններին՝ մեծ զոհողությունների գնով պետություն են կառուցել, կրթօջախներ ստեղծել, որպեսզի այնտեղ առաջին հերթին կարողանան կրթվել ու դաստիարակվել սերունդները, որպեսզի երկիրն ունենա իր սեփական ապագան, այլ ոչ թե ինչ-որ մեկի նվիրածը, ինչն անընդունելի է նման ուժեղ ժողովուրդ ունեցող երկրի՝ Լեռնային Ղարաբաղի համար։ Ուրախ եմ, որ մենք կարողացանք կազմակերպել մեր ուժերը, մեր հարաբերություններն այնպես, որ եվրոպական հանրությունը դեմքով շրջվի մեր կողմը և սկսի հասկանալ, որ մենք չենք հորինել այս հիմնախնդիրները, այդպես է դասավորվել կյանքը։    
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ