[ARM]     [RUS]     [ENG]

ՙԻՄ ՍԻՐՏՆ Է ԽՈՍՈՒՄ ՁԵԶ ՀԵՏ՚

10904_793899447308199_6350299804867276841_n.jpgՏաթևիկ Հովհաննիսյան... Անմոռանալի, անգերազանցելի, նրբաճաշակ, վիրտուոզ, կրքոտ... Երգչուհուն բնորոշող այս էպիտետների շարքը կարելի է անվերջ շարունակել: Նրան դեռ խորհրդային տարիներին անվանում էին ՙջազի թագուհի՚: Նա երգում էր ժամանակաշրջանի լավագույն ջազային խմբերի հետ: Ու երբ ՙերկաթե վարագույրն՚ ընկավ, նա մեկնեց Միացյալ Նահանգներ` իր սիրած արվեստը կատարելագործելու: 
Անկասկած, նաև այնտեղ նա գտավ իր տեղը: Տաթևիկ Հովհաննիսյան անունը ոչ միայն չխամրեց, այլև փայլատակեց արդեն աշխարհահռչակ ջազային կատարողների շարքում:
Բնական է, որ երգչուհու ամեն մի այցը հայրենիք վերածվում է մշակութային իրադարձային երևույթի: Վեց տարի ընդմիջումից հետո աշխարհահռչակ հայ ջազ-երգչուհին նորից եկավ հայրենիք: Այս անգամ նրան հրավիրեց ՙԱզդ պրոդակշն՚ ընկերությունը՝ չորս համերգ անցկացնելու նպատակով: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ այդ նվազ քանակի համերգները պետք է որ, այնուամենայնիվ, հնարավորինս ընդգրկեին ամբողջ Հայաստանը: Ահա թե ինչու չորս համերգներից մեկն անցավ Գյումրիում, մյուսը` Ստեփանակերտում, երկուսն էլ` Երևանում:
Երգչուհու երգարվեստի երկրպագուները խորին երախտագիտությամբ են լցված թե՜  նշված ընկերության, թե՜ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հանդեպ, որը մեծ պատրաստակամությամբ արձագանքեց ընկերության առաջարկին՝ համերգ տալ նաև Արցախում։
Տեղեկացնենք. Տաթևիկ Հովհաննիսյանը ծնվել է 1955-ին, Երևանում: Երգչուհի Օֆելյա Համբարձումյանի և քամանչահար Նորայր Հովհաննիսյանի դուստրն է: Երաժշտական ուսումը ստացել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, ապա` Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, որն ավարտել է որպես խմբավար: 1970-ականներին ընդունվել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբ՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, որտեղ իսկույն աչքի է ընկել: Այդ տարիներին նա խիստ պահանջված էր. ձայնագրվում էր Իգոր Բրիլի անսամբլի հետ, Թիիթ Պաուլուսի էստոնական տրիոյի, Գունարա Ռոզենբերգի ղեկավարած Ռիգայի բիգ-բենդի հետ, նրա ձայնը հնչում էր ռադիոյով և հեռուստատեսությամբ: 1980-ականներին հյուրախաղերով մեկնել է ԱՄՆ, այնուհետև` Ֆրանսիա: 1990-ից մշտապես բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, որտեղ մեծ հաջողությունների է հասել` հանդես գալով ամերիկյան ջազի հայտնի վարպետների կողքին, ձայնագրելով սկավառակներ, միաժամանակ դասավանդել է երաժշտություն: Ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ավստրիայի հայտնի միջազգային ջազ-փառատոներում: Նրա համար երգեր է գրել  ժամանակակից հանրահայտ երգահան Միշել Լեգրանը: Երգում է ամերիկյան, լատինա-ամերիկյան և էթնիկ հայկական ջազ` Կոմիտասի, Սայաթ-Նովայի, հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներ: Ելույթներ է ունեցել այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են ՙՔարնեգի Հոլլ՚-ը, ՙԼինքոլն Սենտր՚-ը և այլն: Այժմ բնակվում է Նյու Յորքում:
Ուշագրավն այն է, որ որտեղ էլ նա ելույթ էր ունենում, մշտապես պատմում էր իր երկրի, ժողովրդի, հայ արվեստի մասին: 90-ականներին Տաթևիկ Հովհաննիսյանը Լարի Ուիլյամսի քառյակի հետ համատեղ ձայնագրեց և թողարկեց ՙBallads from the Black See՚ ալբոմը, որը խանդավառությամբ ընդունվեց ամերիկյան քննադատների և ունկնդիրների կողմից: Հայկական ծագում ունեցող ամերիկացի ջազ դաշնակահար Արմեն Դոնելյանի հետ համատեղ երգչուհին ստեղծեց հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներից բաղկացած ծրագիր և ձայնագրեց ալբոմ, որի պրոդյուսերն էր Ջորջ Ավագյանը: Զգացմունքների խորությունը, հոգևոր ջերմությունը, որոնց շնորհիվ աչքի է ընկնում երգչուհին, արդարացնում են սկավառակի անվանումը՝ ՙListen to my Heart՚ (ՙԼսիր սրտիս բաբախյունը՚):
Ստեփանակերտում համերգն անցավ հուլիսի 2-ին, Մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում։ Տաթևիկ Հովհաննիսյանի և վերջերս նրա հետ հանդես եկող հանրահայտ երաժիշտների` Ռոբերտ Ալբանիսի (դաշնամուր), Ջո Ֆիցջերալդի (կոնտրաբաս), Դեյվիդ Միդի (հարվածայիններ) հետ համատեղ համերգն անցավ մեծ խանդավառությամբ: Երգչուհին խմբով հանդերձ շռայլորեն արդարացրեց սպասելիքները: Այլ կերպ չէր էլ կարող լինել, ասում էին համերգից հետո ոգեշնչված հանդիսատեսները, որոնք դեռ վառ էին հիշում երգչուհու ելույթները խորհրդային ժամանակներից, երգերը` վերջին երկու տասնյակ տարիներին լույս տեսած սկավառակներից:
ՙԻմ սիրտն է խոսում ձեզ հետ,- խոստովանում էր երգչուհին բեմից:- Իմ սրտի բաբախումն եմ հաղորդում ձեզ իմ երգերով՚: Սրանից ավելին ի՞նչ կարող է տալ ցանկացած երգիչն իր երկրպագուներին: Բավականությամբ նշենք, թե՜ ամերիկյան, թե՜ լատինա-ամերիկյան ջազային ստանդարտներ և թե՜ հայկական երգերի ջազային մշակումներ երգելիս, նա ամբողջ սրտով, իր հարուստ կարողությունների ողջ վարպետությամբ հաղորդում էր հանդիսատեսին  իր սրտի միջով անցկացրած երգի ոգին, երգի մեջ արտացոլված հեղինակի ապրումները, ժողովրդի կյանքը: Անմոռանալի, անկրկնելի պահեր անցկացրին Տաթևիկ Հովհաննիսյանի երգարվեստին նվիրյալ երկրպագուները, որոնք դեռ երկար կհիշեն այդ համերգը: Իսկ մեր երկիրն այնքան դուր եկավ թե՜ երգչուհուն, թե՜ երաժիշտներին, որ խոստացան նորից այցելել Արցախ... 
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ