[ARM]     [RUS]     [ENG]

ՙԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ՚ ՓԱՌԱՏՈՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ

32.jpgԻմ Հայաստան ¬ 2014՚ համահայկական փառատոնը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հյուրընկալվեց հուլիսի 7-ին, Մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում։ Չնայած հոգսաշատ ամառային օրվան՝ դահլիճը լեփ-լեցուն էր, նույնիսկ շատ էին միջնասրահում կանգնածները, որը վկայում է, որ արվեստի այս ճյուղը՝ պարը, հատկապես ազգային, Արցախում ունի իր լսարանը, հազարավոր երկրպագուներ։ 
ՙԻմ Հայաստան՚ համահայկական փառատոնը, որի նպատակներն են Հայաստան¬Սփյուռք կապերի ամրապնդումը, հայ մշակույթի պահպանմանն ու  զարգացմանը նպաստելը, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացումը, համատեղ ծրագրերի մշակումը, կիրառումն ու տարածումը, կազմակերպում է ՀՀ Սփյուռքի նախարարությունը և անցկացնում ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո։
Փառատոնի շրջանակներում Արցախում հանդես եկան Քուվեյթի ՙՇաքե՚ (գեղ.  ղեկ.՝ Աննա Շմավոնյան), Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքի՝ ՙԱրտույտ՚ (գեղ. ղեկ.՝ Անահիտ Միրզոյան), Դոնի Ռոստովի ՙԱնի՚ (Հրաչյա Գևորգյան), Ուկրաինայի ՙԱրմենիա՚ (Նոնա Միրզաբեկյան), Լիպեցկի ՙԿռունկ՚ (Արմինե Ավետիսյան), Պյատիգորսկի ՙԱնի՚ (Ինգա Վարդազարյան), Արմավիրի ՙԱրմավիր՚ (Էդգար Քոխյան), Սոչիի ՙՆաիրի՚ (Վարդան Պողոսյան) համույթները։ 
Համերգային ծրագիրը բացեց Արցախի ՙՄենք ենք, մեր սարերը՚ երգի¬պարի պետական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Գարի Ավանեսյան)։33.jpg
Հայկական ժողովրդական պարերի շարան ցուցադրեց Սոչի քաղաքի ՙՆաիրին՚, որի կազմը բավականին ստվար էր (20-ից ավելի պարողներ)։
Վոլգոգրադի ՙԱրտույտը՚ կատարեց Առնո Բաբաջանյանի հանրահայտ ՙԱզգ փառապանծ՚ ստեղծագործությունը, որին երգով արձագանքում էր դահլիճը։
Դոնի Ռոստովի ՙԱնի՚ մարտական պարն էլեկտրականացրեց դահլիճը, իսկ արմավիրցիները, վիրահայերը, Քուվեյթի հայկական համայնքի պարողները ցուցադրեցին հայկական ժողովրդական պարերի ողջ հմայքն ու գրավչությունը։
Համերգը վկայությունն էր աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի մեջ ազգային ոգու արթնության։ Երկու ժամ շարունակ հերթագայվում էին ազգային պարն ու երաժշտությունը՝ հանդիսականների և փառատոնի մասնակիցների սրտերը լցնելով ոգևորությամբ, հպարտությամբ ու հուզմունքով։ Համերգային ծրագիրը եզրափակեցին արմավիրցիները՝ պարելով ՙՄենք ենք, մեր սարերը՚ ոգեշունչ երգի տակ։ 
Չմոռանանք նշել, որ ՙԻմ Հայաստան՚ համահայկական փառատոնը երկրորդ անգամ անցկացվում է ՙՕրանժ՚ հեռահաղորդակցման ընկերության գլխավոր հովանավորությամբ։ ՙՕրանժ՚-ը աշխարհի 32 երկրներում ծառայում է մարդկանց կյանքը դեպի լավը փոխելուն, Հայաստանի մարզերում իրականացնում է մարդասիրական ծրագրեր, այդ թվում և՝ մշակութային։
Երկարատև ծափերի ներքո վերջում բեմ բարձրացան փառատոնի բոլոր մասնակիցները։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, որն ընթերցողին ենք ներկայացնում գրեթե ամբողջությամբ։ ՙՄեր երախտագիտությունը Հայաստանի Սփյուռքի նախարարությանը և փառատոնի կազմակերպիչներին, որ Արցախն  ընդգրկվեց միջոցառման շրջանակներում, և այս մեկ օրը, որ մեր հայրենակիցները կանցկացնեն իրենց հայրենիքի այս հատվածում, մի նոր կրակ կվառի՝ սիրո կրակ՝ առ հայրենիք, և հուսով եմ, նոր լիցք կստանան, ու գուցե շատերի համար բախտորոշ կլինի տունդարձի առումով,- ասաց նա։- Ուզում եմ շնորհակալություն հայտնել փառատոնի բոլոր մասնակիցներին և հատկապես  նրա համար, որ ընդամենը երկու ժամ առաջ են հասել այստեղ և այդքան երկար ու դժվարին ճանապարհ հաղթահարելուց հետո  ոգևորված հանդես եկան և բարձր տրամադրություն հաղորդեցին մեզ` առանց հոգնածության նշույլի։ Եկաք, հասաք և ավետիս բերեցիք մեզ, եկաք՝ զգացնելու, որ հայի ոգին արթուն է, որ հայի ոգին աննկուն է, որ հայի ազգային-ազատագրական պայքարն իզուր չի եղել, որ հազարավոր քաջորդիների արյունն իզուր չի հեղվել, որ Արցախյան շարժման ոգու կրակը հասել է Սփյուռքի համայնքները, տարածվել ափեափ, մեր հայրենակիցների հոգում արթնացրել ազգային ինքնությունը և յուրաքանչյուր հայի իրավունք տվել հպարտանալու։ Մեզ իրարից բաժանել են ճակատագիրը, պատերազմները, արհավիրքները, բայց մեզ միացրել են մեր հավատը, մեր լեզուն, մեր մշակույթը։ Դուք կենդանի եք պահում հայ մշակույթը, և քանի դուք ցուցադրում եք հայկական ազգագրական, ռազմաշունչ պարեր, պարում եք հայկական երաժշտության ներքո, ուրեմն ազգն անպարտելի է, և սա լավագույն պատասխանն է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ՚։ 
Այնուհետև ԼՂՀ ՄԵՀ նախարարը շնորհակալագրեր և նվերներ հանձնեց խմբերին։
Արցախում մեկօրյա համերգից հետո խմբերն շտապեցին Սիսիան` շարունակելու փառատոնը։
Հուլիսի 10-ին Հայաստանում կավարտվեն պարարվեստի օրերը, օգոստոսի 1-ից կսկսվեն երգչախմբային արվեստի ելույթները, ասմունքը՝ օգոստոսի կեսերին, սեպտեմբերի 20-24-ը կանցկացվեն դուդուկի օրեր, իսկ փառատոնի ամփոփումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, Կոմիտասի ծննդյան օրը, Երևանում։
ՙՍփյուռքի նախարարությունը փառատոնն անցկացնում է երկրորդ անգամ, և պետք է նշել, որ այն իրավահաջորդն է ՙՄեկ ազգ, մեկ մշակույթ՚ փառատոնի, որը 10 տարուց ավելի գործել է Հայաստանում,¬ մեզ հետ զրույցի ժամանակ ասաց փառատոնի համակարգող Սամվել Հարությունյանը։- ՙԻմ Հայաստանը՚ մի շարք առանձնահատկություններով տարբերվում է նախորդից։ Ամենակարևորն այն է, որ առանձնացվել են արվեստի ճյուղերը, պարարվեստի, երգչախմբային արվեստի, անհատ կատարողների օրեր, դուդուկի, ասմունքի փառատոն և այլն։ Այսինքն, այս շրջանակներում մենք կարողանում ենք Սփյուռքից ժամանած բազմաթիվ մասնակիցների տալ լայն հնարավորություն` երևալու, նաև հանդես գալու Հայաստանի մարզերում և Արցախում, որտեղ հայ մշակույթի կարոտ կա։
Նշենք, որ այս տարի կրկնակի ավելացել է մասնակիցների թիվը։ Եկել են աշխարհի 12 երկրներից 38 պարախմբեր։ Երգչախմբային արվեստի շրջանակներում սպասվում են 15 երգչախումբ, 20-ից ավելի դուդուկահարներ` տարբեր երկրներից։ Մի խոսքով, աշխարհագրական սահմանները բավականին ընդլայնված են. Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Արգենտինա, Կանադա, Մերձավոր Արևելքի երկրներ, Ուկրաինա, Բելառուս։ Հիմնական խմբերը, բնականաբար, Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից են՚։ 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ