Logo
Print this page

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՏՄԱՎԻՊԱՍԱՆԻ ՔՐՈՋ ՀԵՏ

Nvard_1.jpgԲանաստեղծուհի Նվարդ Ավագյանի առաջարկությամբ, ով սերտ նամակագրական կապ ուներ գրող, պատմավիպասան Հայկ Խաչատրյանի հետ, այցելում ենք գրողի քրոջը՝ տիկին Ժենյային, որը 7-8 ամիս է, ինչ ապրում է Ստեփանակերտում։ Տանը, որ գտնվում է Ալեք Մանուկյան փողոցում, գրքեր են՝ շատ արժեքավոր, հազվագյուտ, սեղանին՝ լուսանկարներ, դեղնած թղթեր, նամակներ, որ 85-ամյա կինը պահպանում է սրբությամբ։ Այդ հիշատակների, մասունքների մեջ կնոջ ապրած կյանքն է, անվանի եղբոր ապրած կյանքի մի մասն է։ Տունը շնչում է... հուշերով։
...Մայրը՝ Հերիքնազը, մելիքական տոհմի ժառանգ էր, արտակարգ գեղեցկության տեր, արցախյան տարազի՝ խլեղի գրպանում ատրճանակ էր պահում` որպես ինքնապաշտպանության միջոց, որը նվիրել էր ամուսինը։ Բազմությամբ գնում են անտառ՝  տանձ հավաքելու, պատմում է տարեց կինը։ 10-12 կանայք զբաղվում են միրգ հավաքելով, տղամարդիկ իջնում են դաշտ՝ հունձ անելու։ Մեկ էլ թուրք ձիավորները շրջապատում են կանանց։ ՙԳեղեցկուհիների մեյդան ենք ընկել՚,- ասում է մեծավորը։- Կապույտ աչքերովը իմն է՚։ ՙԻ՞նչ է ձեր ուզածը,- փորձում է միջադեպը հարթել Հերիքը։ ՙԻ՞նչ պիտի լինի տղամարդու ուզածը կնոջից՚,- պատասխանի վրա կինը հանում է ատրճանակը, երկու անգամ  կրակում օդում, որը ազդանշան էր տղամարդկանց համար։ Համարձակ կին էր Հերիքը, երակներով մելիքական արյուն էր հոսում։ 
Ժենյան հիշում է գյուղի կենտրոնում իրենց տունը։ Ունեին մեծ ղարադամ, որտեղ ապրում էին գերդաստանով, պահում  անասուններ։ Տարիներ անց, երբ քանդում են ղարադամը գոմ սարքելու, թաքստոցը բացվում է, գյուղացիները զենքերը վերցնում են, և այդ զենքերը մեկ էլ գործում են Դահրավում, երբ սկսվում է Արցախյան շարժումը, երբ ինքնապաշտպանության ջոկատներ են կազմավորվում։
Դահրավ գյուղի կենտրոնում մեծ եկեղեցի կար։ Խորհրդայնացումից հետո եկեղեցին ակումբ սարքեցին։ Խորանը բեմ են սարքել, որտեղ երեխաները երգում էին խորհրդային երգեր։ Խորանի պատի վրա մակագրություն կա։ 1950-ականներին  ակումբը պիտի քանդեին, մշակույթի պալատ սարքեին, այդ ժամանակ Հայկ Խաչատրյանը, որ Հայհրատարակչությունում գլխավոր խմբագիր էր աշխատում, լուր է ուղարկում Բաքվում ապրող քրոջը, որ գնա գյուղ, իր անունից հաղորդի, որ  խորանը և մակագրությունը դրսի կողմից չքանդեն։ Եղբայրն ամբողջ կյանքում մշտապես կապված է եղել հայրենի գյուղի հետ, մտահոգվել է նրա հոգսերով ու խնդիրներով։ Սևակ Արզումանյանի և Սերգեյ Սարինյանի հետ հաճախ  այցելում էր, շրջում Արցախի գյուղերով։ Միայն 1979-ին, երբ անդամահատեցին արդեն ճանաչում ունեցող անվանի գրողի և մտավորականի ոտքը, Հայաստանից դուրս չէր գալիս։ Իր ստեղծագործություններով մշտապես  կապված էր Արցախի հետ։
...Հայկի և Ժենյայի հայրը՝ Հարությունը, ավարտել է Շուշիի թեմական դպրոցը (20-րդ դարի սկիզբ)։ Մանթաշովը, գալով Շուշի, տեսել է խելացի ու կրթված տղաներին, այդ թվում՝ Հարությունին, տանում է Բաքու, ասելով, որ տարել է արհեստի տալու, որպեսզի վերադառնան, պահեն Ղարաբաղը։ Ահագին ժամանակ ապրելով Բաքվում` Մանթաշովի մոտ, Հարությունը սովորում է արհեստներ, հյուսնություն, քարտաշություն, ապա հետ է դառնում Դահրավ, այստեղ էլ ամուսնանում։ Ընտանիքում 7 երեխա է ծնվում, Ժենյան 7-րդն էր, Հայկը՝ 6-րդը, ծնված 1926 թվականին։ Երկուսով սովորում էին գերազանց։ Ընտանիքում  հարգի էր ուսումը։ Մայրը՝ Հերիքնազը, սովորել էր Դաշբուլաղի դպրոցում, ուր սովորեցնում էին նաև կիրթ լինել, լիարժեք կատարել տանտիրուհու պարտականությունները և այլն։ Հերիքը բանաստեղծություններ էր արտասանում, որոնք Ժենյան այսօր էլ լավ հիշում է։
Հայկը գերազանց գնահատականներով 1945-ին ավարտում է Շուշիի մանկավարժական ուսումնարանը, իսկ 1950-ին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 
Ժենյան սովորում է Շուշիի անասնաբուծական տեխնիկումում՝ Հայկի խորհրդով.  գյուղում մանկավարժներ կային, անասնաբույժներ՝ ոչ։ Կինը հիշում է մի դրվագ այդ շրջանից. գյուղում թուրքերը Ծաղիկ կովը գողանում են։ 14-15 տարեկան աղջիկը  Շուշիից ոտքով, մենակ, կիլոմետրերով գալիս է, արցունքները հոսում են, հասնում է տուն, գնում ֆերմա։ Անունը կանչելու վրա կովը բառաչում է, և նա գտնում ու բերում է նրան տուն։ Տունը առանց տղամարդ էր, հայրը մահացել էր, Հայկը Երևանում էր...Կնոջ ճակատագիրն այնպես էր դասավորվել, որ ծանր բեռ քաշեր, որ օգնության ձեռք մեկներ գերդաստանին։ 
Ավագ եղբայրը՝ Ռուբենը, զոհվել էր Մեծ Հայրենականում, մյուս եղբայրը՝ Մուշեղը, որպես հայտնի զինագործ-երկաթագործ, մասնակցել էր պատերազմին, 1946-ին վերադարձել, Ժենյային ու մորը տեղափոխել Բաքու։ Պատերազմից հետո  ստալինյան ռեպրեսիաների նոր ալիք է բարձրանում, գերի ընկածներին քշում էին Սիբիր։ Ժենյան Բաքվում ապրող համագյուղացի գերի ընկածներին օգնում է փրկվելու բռնադատվելուց։ Քաղաքը երիտասարդ աղջկան դուր չի գալիս։ Գրող Սուրեն Այվազյանը ծանոթացել է աղջկա հետ, հարցրել. ՙԱչքերդ տխուր են, ի՞նչն է քեզ ճնշում՚։ ՙՂարաբաղից եմ եկել, չեմ կարողանում հարմարվել քաղաքին՚,- ասել է աղջիկը։ Գրողը Ժենյային տարել է ՙԿոմունիստ՚ թերթի խմբագրություն, դասավորել գրախանութում աշխատելու (7 տարի), ապա առևտրական ցանցում՝  33 տարի։ Ժենյան ամբողջ կյանքում կապված է եղել գրքի, գրականության հետ։ Բացի արյունակցական կապից, քրոջն ու եղբորը մտերմացնում էր հոգևորի, գրքի, գրականության հանդեպ անսահման սերը։ Տիկին Ժենյան ցույց է տալիս եղբոր՝  Երևանից գրած խունացած նամակները, որոնցով  Հայկը խնդրում է քրոջը տեղեկություններ հավաքել և ուղարկել իրեն Բաքվում ապրող հայտնի գրողների ու մտավորականների մասին։ 
Լրացուցիչ տեղեկություն. աշխատանքային գործունեությունը սկսելով որպես մանկավարժ` Հայկ Խաչատրյանն անցել է լրագրողական աշխատանքի Արմենպրեսում՝ որպես  գլխավոր խմբագիր, ապա ՙՀայրենիքի ձայն՚ շաբաթաթերթում` խմբագրի տեղակալ։ 1971-ից մինչև իր կյանքի վերջն աշխատել է Հայկական հանրագիտարանի խմբագրությունում, որի գլխավոր խմբագրի տեղակալն էր ավելի քան մեկուկես տասնամյակ։ Հ. Խաչատրյանի գրքերի հիմնական թեման հայոց պատմությունն էր, ուր նա փնտրում էր ազգային լինելության հավերժական խորհուրդը և ձգտում իր ժամանակների մարդուն կապել հայրերի ու նախահայրերի կենսափորձի  հետ։ Մեծ է եղել նրա հետաքրքրությունը հայոց պատմության և հայրենի եզերքի նկատմամբ։ Դեռ պատանի` համագյուղացիների հետ պատերազմից հետո մասնակցել է Մարտունու շրջանի Կուրոպատկինո տեղամասի խամ ու խոպան հողերի յուրացմանը։ Շրջագայել է Հարավային Արցախի՝ Մուխանքի բազմաթիվ գյուղերում։ 1947թ. Հորատիս կայարանից ոտքով սկսել և շրջագայել է Հադրութի շրջանի բոլոր գյուղերը, անցել Ասկերան, ապա Դահրավ։ 1947-ին 15 օր ուսուցչություն է արել Մարտակերտի շրջանի  Մարաղայի, երկու ամիս` Մեծ Շենի դպրոցներում։ 1950-1959թթ. Կապանի շրջանում աշխատելիս եղել է շրջանի բոլոր գյուղերում, Գորիսի և Սիսիանի գյուղերում, դիտել Կովսական գավառի հայկական միջնադարյան հնավայրերը, ճամփորդել Կապան-Գորիս-Քաշաթաղ-Բերդաձոր-Շուշի-Ստեփանակերտ-Դահրավ երթուղով։ Հետագայում ոտքի տակ է տվել Հայաստանի քաղաքները, 500-ից ավելի գյուղեր։ 1965-ին շրջել է Գողթն գավառում, հետո անցել Արաքսի ափին տարածված հայկական Ջուղա ավերակ քաղաքի գերեզմանոցը, որը խաչքարերի ամենամեծ թանգարանն է աշխարհում, հաշվել է 8400 խաչքար։ 
Ընթերցողական շրջանակներին լայնորեն հայտնի էին և ձեռքից ձեռք էին անցնում նրա ՙՏիգրան Մեծ՚ (1967), ՙԷրեբունի՚ (1968), ՙԱրտավազդ՚ (1975), ՙԱրտաշես՚ (1980) ՙՔերթողահայր՚ (1985) պատմավեպերը, ՙՎանատուր՚ և ՙՀացապատում՚ պատումաշարերը, ՙԽաշխաշը՚ (1987), ՙՍոսյաց անտառը՚ (1988), ՙԵրվանդ Սակավակյացը՚ (1989), ՙԱրքայապատում. հայոց 141 թագավորները՚ (1996), ՙՏրդատ Մեծի խաչը՚ (1996)։ Հայտնի են նաև գրողի  կազմած գրական տեղեկատուները և ռուսերենից կատարած թարգմանությունները։
Իր մարդկային ու գրողական նկարագրով Հ. Խաչատրյանը հիշեցնում է միջնադարյան դպիրներին, ովքեր բոլորանվեր ծառայում էին գրչությանը, մշակույթին, հայեցի ոգուն։ Նա գերազանց իմացել է հայ ժողովրդի պատմության, մշակույթի, հոգևոր կյանքի բոլոր ոլորտները, վերարթնացրել մեր նախնիների կյանքը, ինքնության համար  մաքառումները։ Գրել է 40-ից ավելի գիրք, որի մի զգալի մասն անտիպ է մնացել։ Հայկական սովետական հանրագիտարանի (12 և մեկ լրացուցիչ հատոր) հրատարակության գործում ունեցած վաստակի համար 1988-ին արժանացել է Հայաստանի պետական մրցանակի։ ՙՄեր ժամանակների Րաֆֆին՚,- նրա մասին ասել է գրականագետ Սևակ Արզումանյանը։ 
ՙՔերթողահայրը՚ կարդացի ումպ-ումպ։ Դուք դաժան հրաշագործ եք, չեք խնայում ընթերցողին։ Ձեր բառաշխարհի ու պատումի դիվային հմայքից ձերբազատվելը դժվար բան է։ Դուք շատ եք տարբերվում ձեր ժամանակակից մյուս գրողներից։ 20-րդ դարը դեռ խեղճ է ձեզ լիովին ընկալելու համար։ Ձեր իսկական ընթերցողը դեռ առջևում է՚,- գրել է գրող, հրապարակախոս Նվարդ Ավագյանը։
...1988 թվական։ Փետրվար։ Սումգայիթյան ողբերգություն։ Ջարդի լուրերը հասան Բաքու։ Ժենյան ընկավ, ձեռքը ջարդվեց։ Հիվանդանոցում ծեծված, ջարդված հայեր էին։ Ազերիները մտնում էին բնակարանները, ջարդում, թալանում, սպանում։ Շենքը, որտեղ ապրում էր կինը, մի հայ  բժիշկ կար։ Ազերիները այնքան ծեծեցին, որ մի քանի օր հետո մահացավ։ Թաղեցին Բաքվի գերեզմանոցում։ Շատերը զգացին, որ այդտեղ ապրելն անհնարին է։ Հայկը հեռախոսով հորդորում էր գնալ միայն Ղարաբաղ, բայց ընտանիքով, 7 հոգով գաղթեցին Հայաստան, Արարատի շրջան, գյուղ Եղեգնավան։ Հանգամանքներն այդպես դասավորվեցին։ Փախստական ընտանիքի դառնություններ, դժվարություններ, հոգսեր... Մխիթարանքն այն էր, որ Երևանին մոտիկ էին, Հայկը շուտ-շուտ գալիս էր։ Դրանք Ժենյայի համար ամենաերջանիկ օրերն էին։ Զրույցներին վերջ չկար։ Քույր և եղբայր ասելիք շատ ունեին։ Քույրն էլ եղբորն էր տեսության գնում։ Ժենյան եղբորը շատ լավ էր հասկանում, կես խոսքից, մի հայացքից։ Այդ ժամանակներում Հայկ Խաչատրյանի բնակարանը հավաքատեղի էր եղել ղարաբաղցիների համար։ Բարության տիպար էր, նաև մարդկանց ձգում էր հոգեկան հարստությամբ։ 
Ժենյայի ամուսինը  ութ տարի աշխատեց Արարատի ցեմենտի գործարանում։ Հիվանդացավ։ Երկու տարի առաջ, երբ մահամերձ էր, մարդ ու կին մտահոգվում են, թե որտեղ պիտի թաղվի (հայի ճակատագիր). ծնողների գերեզմանը մնաց Բաքվում։ Դաշբուլաղում պապենական հանգստատեղ չունեն։ Որոշումը կանգ առավ Ստեփանակերտի վրա, որտեղ էլ այսօր ապրում է կինը։ 
Երբ 2001թ. հոկտեմբերի 13-ին մահացավ գրող, պատմավիպասան Հայկ Խաչատրյանը, տիկին Ժենյան, որ դեռ 8-9 տարեկանից տան ծանր լուծը վերցրել էր իր վրա, եղբոր մահից հետո սկսեց զբաղվել նաև նրա հիշատակը կենդանի պահելու խնդրով։ Նամակներ է գրում տարբեր ատյաններ։ ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի անմիջական օժանդակությամբ 2003թ. Դահրավի միջնակարգ դպրոցը  կոչվում է Հայկ Խաչատրյանի անունով, իսկ 2008թ. դպրոցի բակում հուշաքար է կանգնեցվում պատմավիպասանի հիշատակին։ Տիկին Ժենյան դիմել է նաև Ստեփանակերտի քաղաքապետարան, որպեսզի քաղաքի փողոցներից  մեկը կոչվի  Հայկ Խաչատրյանի անունով։ ՙՆա մահացավ Ղարաբաղի անունը շուրթերին,- ասում է կինը։- Փողոցի անվանումը կլինի խոնարհում նրա հիշատակի առջև՚։ 
ՙԱրցախյան հիմնախնդիրը լուծել է ինքը՝ արցախահայությունը։ 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակվել է անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Պետության ճանաչման երաշխիքը Արցախի բանակն է,- հարցազրույցներից մեկում ասել է Հայկ խաչատրյանը։- Հիմա շատ չեն այդպիսի ընտիր բանակ ունեցող թեկուզ ՄԱԿ-ի կողմից ճանաչում գտած տերությունները։ Միայն թե պետք է զորացնել և առավել մարտունակ դարձնել այդ բանակը, վերականգնել նախնիների պաշտպանական համակարգը՝ սղնախներ կոչվող բանակատեղիները, հագեցնել այն ժամանակակից ռազմական տեխնիկայով և համայն Արցախը վերածել մի անառիկ ամրոցի։ 
...Մեծ կայսրությունների փլուզումից հետո հայերս մեկի փոխարեն երկու և ավելի պետական կազմավորումներ ենք ունեցել։ Այսպես, Հայաստանում արաբական տիրապետության  վերացումից որոշ ժամանակ անց, 10-11-րդ դդ., Անիի Բագրատունիների թագավուրության կողքին ստեղծվել էին մի քանի հայկական պետական կազմավորումներ։ Դրանից առաջ Սելևկյանների կայսրության փլուզումից հետո Քրիստոսի ծննդից առաջ 189թ. ստեղծվեցին երկու հայկական թագավորություններ՝ Մեծ Հայքն ու Ծոփքը։ Տիգրան Բ Մեծի թագավորության ժամանակ Ծոփքը միացվեց Մեծ Հայքին։ Մի տարի, մի տասնամյակ, թե մի դար հետո էլ լինի, Արցախը պետք է միավորվի մայր Հայաստանին՚։ 
Անվանի պատմավիպասանի հիշատակը հավերժացնելու համար, հնարավոր է, նրա անունը կրող Դահրավի դպրոցում սենյակ հատկացնել, որտեղ կտեղավորվեն քույր և եղբոր գրադարանների մի մասը, նյութեր, սենյակ,   որ կծառայի որպես գրադարան և թանգարան։   
 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.