Logo
Print this page

ՙՍԻՐՏՍ ՈՒ ՀՈԳԻՍ ԵՆ ԽԱՌՆՎԱԾ ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ՚

VIGEN_AVETISYAN___S.BALAYAN.JPGԻնչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 11-ին Շուշիում մեկնարկել է ՙՀակոբ Գյուրջյան՚ քանդակի միջազգային 3-րդ սիմպոզիումը, որի նախաձեռնողներից մեկը Իտալիայում բնակվող հայ քանդակագործ 
Վիգեն ԱՎԵՏԻՍՆ է: Մեր հարցազրույցը։
-Պարոն Ավետիս, ինչպես առաջին, այնպես էլ հաջորդ սիմպոզիումների կազմակերպման գործում, այսպես ասած, Ձեր ՙմատը խառն է՚: Պատմեք, խնդրեմ, այդ մասին:
- Ոչ միայն մատս, այլև սիրտս ու հոգիս են խառնված այս գործում: Գործ, որի մեջ դրել եմ իմ և իմ ընկերների, հարազատների սիրտն ու ոգին:
- Այս երեք տարիների ընթացքում գալով-գնալով Արցախ, Դուք, անկախ ամեն ինչից, ի մի եք բերում Ձեր տեսակետները մեր երկրի, այստեղ ընթացող գործընթացների մասին։  Կողքից ինչպիսի՞ն եք տեսնում Շուշին:
- Մեծ գործ է արվում Շուշին վերակենդանացնելու, իր նախկին  մշակութային կենտրոնի համբավը վերականգնելու համար: Շուշին այսօր շատ մեծ զգուշությամբ, մեծ սիրով կառուցվում է: Այն, ինչ պահպանելի է, պահպանվում է, իսկ ավելացումը կատարվում է շատ չափավոր: Այսօր տեսա շրջվարչակազմի  վերանորոգված շենքը՝ հրաշալի է: Էլ չեմ խոսում Կերպարվեստի թանգարանի, Մշակույթի նախարարության, աչքի ընկնող մյուս շենքերի մասին: Մի խոսքով, մեծ աշխատանք է տարվում: Մյուս մասնակիցներն էլ նկատեցին, որ երկու-երեք տարվա ընթացքում ահագին առաջ է գնում Շուշին: Եվ տեսա մարդկանց, Շուշիի քաղաքացիներին: Մի քանի տարի առաջ նրանք ավելի ասիական հագուստով, պահվածքով էին, իսկ հիմա ավելի արդիական են՝ անկաշկանդ, համարձակ, ավելի զարգացած:  Ի վերջո, այդ ամենի մասին խոսում է և մարդու հագուստը: Մարդկանց մեջ փոփոխվող հոգեբանական ու տեսանելի իրավիճակների մասին: Ես նկատում եմ՝ հոգատարությունն Արցախում ավելի շատ է, քան, ասենք, Հայաստանում, կոնկրետ Երևանում: Այստեղ ժողովուրդ-իշխանություն կապը շատ ավելի խորքային է: Դա շատ կարևոր է: Կառավարության անդամները ցանկություն ունեն օրեցօր կյանքն այստեղ ինչ-որ չափով բարելավել: Ցավոք, կա նաև այլ իրողություն. երիտասարդ ընտանիքները չեն դիմանում դժվարություններին և գնում են երկրից: Պետք է ամեն ինչ անել, որ պակասի արտագաղթը: Իհարկե, սա մեծ խնդիր է, որի վրա պետք է աշխատենք բոլորս:
- Անցած անգամ թե՜ տեղացի, թե՜ իտալացի արվեստագետների կողմից հետաքրքիր առաջարկություն արվեց՝ հին Շուշիի ընդարձակ մի հատված ավելի մանրակրկիտ մշակել, վերականգնել: Այս առումով ի՞նչ կասեիք: Գուցե բավակա՞ն է, որ մի քանի հին շենքեր արդեն վերանորոգվել են, և եղածով կարելի է բավարարվել: Թե՞ իսկապես դա պետք է այս քաղաքին, իսկապես դա էական խնդիր է: Եթե այո, ի զորո՞ւ է Արցախն իր ուսերին վերցնել նման խնդրի լուծումը:
- Կարծում եմ, շատ ճիշտ գաղափար է, և մեր պետության ուժերով է դրա իրականացումը: Գիտե՞ք ինչ, ես համոզված եմ, որ աշխարհի ամենաուժեղ պետություններից մեկը կարող է Հայաստանը դառնալ: Նկատի ունեմ և Արցախը. մեծ հաշվով ես չեմ զատում մեկը մյուսից: Տեսեք, նախ՝ ազգությամբ մենք միատարր ենք։ Նման բան չկա աշխարհում: Այս առավելությունն ունենալով և ունենալով մեծ, հզոր Սփյուռք, մենք կարող ենք դառնալ հզոր պետություն: 
Աշխարհը փորձում է ջլատել մեր ուժերը, թշնամացնել միմյանց, և դա անել այնպես, որ չնկատենք՝ ով է դա անում: Մարդկանց, որոնք այս հողի ծնունդ են, բայց ապրում են դրսում: Մենք պետք է գիտակցենք դա ու չգնանք դրան: Մենք ունենք հայրենիք և աշխարհով մեկ սփռված հայություն: Օտար երկրում ապրող հայ մարդը գիտի, որ սա իր հայրենիքը, իր հողն է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ մարդիկ վերականգնեն իրենց կապը հայրենիքի հետ: Հետևաբար, այս փոքրիկ Հայաստանն այդ մարդկանց շնորհիվ կծաղկի մի քանի տարում: Պարզապես դա պետք է լինի պետական ծրագրի տեսքով: Արվում է ինչ-որ բան, բայց արվում է ոչ թե շնորհիվ հստակ քաղաքականության, այլ այն մարդկանց, ովքեր ձգտում ունեն դեպի Հայաստան: Ըստ իս, մեր կարողությունների մեկ տոկոսն ենք օգտագործում: Այս խնդիրն էլ է դրա հետ կապված: Այդ խնդրից՝ Շուշիում արգելանոց ստեղծելուց չպետք է վախենալ: Պետք է ստեղծագործել ամեն դեպքում: Անշուշտ, դրա անհրաժեշտությունը կա: Թող առաջարկներ լինեն, տասնյակ, հարյուրավոր առաջարկներ: Եվ այդ առաջարկներն անեն ոչ միայն հայ, այլև այլազգի՝ ճապոնացի, իտալացի, ֆրանսիացի մասնագետները: Չփակվենք մեր մեջ, բացվե՜նք դեպի աշխարհը: Օրինակ, վերջերս Ֆլորենցիայում մրցույթ հայտարարվեց, որում հաղթեց ճապոնացին: Պետք է ընտրել լավագույն գաղափարները, կյանքի կոչել:
- Բայց օտարազգի մասնագետը կկարողանա՞ հայեցի իրագործել գաղափարը:
- Այո, կկարողանա, այն էլ, համոզված եմ, լավագույնս: Այսպիսի ֆենոմեն կա: Հայը Ֆրանսիայում, Իտալիայում ավելի ֆրանսիացի է, ավելի իտալացի է… Շառլ Ազնավուրն ավելի ֆրանսիացի է, քան հազարավոր, միլիոնավոր ֆրանսիացիներ: Այսինքն, այսօր հայը լավագույնս ներկայացնում է ֆրանսիական մշակույթն աշխարհին: Արշիլ Գորկին՝ ամերիկյան մշակույթը աշխարհին: Այո, հայ լինելով, հայ մնալով:
- Անցնենք առօրյա խնդիրներին: Աշխատելու ինչպիսի՞ տրամադրություն կա, ի՞նչ մտահղացումներ  ՙԽաղաղություն Արցախին՚ թեմայի  շուրջ:
- Տրամադրությունը շատ բարձր է: Բոլորս էլ մեծ եռանդով արդեն աշխատում ենք: Թե ինչ մտահղացումներ կիրագործենք, կերևա մի քանի օրից…
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.