[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԵՐԳ-ԵՐԵԿՈ՝ ՙԻՄ ՀՈԳԻՆ՚ ԽՈՐԱԳՐՈՎ

gf.jpgՋուլիետա Առուստամյան։ Երաժիշտ, կիթառահար, երգչուհի։ Անուն, որը սերտորեն առնչվում է Շուշիի վերջին երկու տասնամյակների հոգևոր-մշակութային կյանքի հետ։ 
Ծնվել է 1963-ին, Ադրբեջանի հայաշատ Մինգեչաուր քաղաքում, քամանչահար Գրիգորիի ընտանիքում։ 1988-ին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, հազարավորների հետ Առուստամյանների ընտանիքը ևս ստիպված եղավ բռնագաղթել հայրենիք։ Աղջիկն ընտանիք կազմեց նույն ճակատագրին արժանացած՝ Բաքվից բռնագաղթած Սերգեյ Մարդյանի հետ, ով 1992-ին բանակի շարքերում մասնակցել է Արցախյան ազատամարտին և 1994թ. հունվարի 25-ին զոհվել Մարտակերտի շրջանի ազատագրության համար մղվող ռազմագործողություններից մեկի ժամանակ։
Ստեփանակերտում աղջիկն աշխատել է նախկին ՙՄռակած՚ վոկալ-գործիքային համույթում` որպես երգչուհի, ապա Գյուրջյանի անվան արվեստի դպրոցում վոկալի դասատու։ Շուշիի ազատագրումից  հետո Ջուլիետան տեղափոխվում է այնտեղ, աշխատում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում որպես հոգևոր երգչախմբի ղեկավար, միաժամանակ քաղաքի մանկական երաժշտական դպրոցում՝  ուսուցիչ։ 2000թ. ձևավորվում է ՙՇուշի՚ ժողգործիքների համույթը, որի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն էր Ջ. Առուստամյանը։ Համույթի երգացանկը ամբողջությամբ կազմված էր գուսանական և ժողովրդական երգերից։ 2013-ի մարտից Ջուլիետան աշխատում է ՙՆարեկացի՚ արվեստի միության Շուշիի մասնաճյուղում` որպես ՙՀեղինակային երգ՚-ի դասարանի ուսուցիչ։ Ի դեպ, միության անմիջական օժանդակությամբ ընթացիկ տարում թողարկվեց ՙԱղոթք՚ ձայներիզը, որի մեջ հեղինակ-կատարողի 10 ստեղծագործություններն են՝ ստեղծված պատերազմի ժամանակ և անմիջապես հետո։ Ձայներիզը նվիրված է Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված ամուսնուն և զոհված ազատամարտիկներին։
Հեղինակային համերգ-երեկոն, որ նախաձեռնել էր ՙՆարեկացի՚ արվեստի միությունը, տեղի ունեցավ հուլիսի 19-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում։ Այն երգչուհու 25 տարվա ստեղծագործական գործունեության ամփոփումն էր, նրա երկխոսությունն իր ունկնդրի հետ։ Երգչուհին իր ուժերը փորձել է երգարվեստի տարբեր ժանրերում, և համերգային ծրագիրը ներառում էր հեղինակային, ժողովրդական, էստրադային երգեր։ Ակնհայտ են Ջուլիետայի հաջողությունները հատկապես հեղինակային երգի ոլորտում. ՀՀ ՙԵղեգնաձոր-94՚ հեղինակային երգի փառատոնի դափնեկիր, ԼՂՀ 2002թ. հեղինակային երգի փառատոնի հաղթող, 2013թ. Արամ Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական փառատոնի՝ հեղինակային երգի անվանակարգում արծաթե մեդալակիր, 2013թ. ՙՑեյսկի վալս՚ համառուսական հեղինակային երգի փառատոնի ՙԼավագույն հեղինակ-կատարող՚ և ՙՀանդիսատեսի համակրանք՚ անվանակարգի մրցանակակիր։ Եվ պատահական չէր, որ  համերգի առաջին մասում Ջուլիետայի կատարմամբ հնչեցին հեղինակային երգեր (ՙՀար չի մոռացվի սխրանքը վեհ՚, ՙՀուսահատություն՚, ՙԱշուն՚, ՙՎերադարձիր՚, ՙԲալիկիս՚, ՙԵս կգամ՚ և ՙԻմ հոգին՚, ՙՕրհնություն՚ (խոսք` Վահան Տերյանի)։  
Համերգ-երեկոն բացեց Արցախի պետական երգչախումբը (խմբավար՝ Նինա Գրիգորյան)` կատարելով երգչուհու ՙՀար չի մոռացվի սխրանքը վեհ՚ ստեղծագործությունը։ 
Երեկոյին ողջույնի խոսք ասաց ՙՆարեկացի՚ արվեստի միության ներկայացուցիչ Հայդուկ Շամլյանը. ՙՋուլիետա Առուստամյանի մշակութային եւ ընկերային արտակարգ վաստակը հանրածանօթ է յատկապէս Շուշիում, ուր ան, փոխանակ ընկճուելու եւ խորտակուելու, յաղթահարել է անձնական ողբերգութիւնը, նոր շունչով եւ յաջողութեամբ վերակառուցել է իր կեանքը, վերագտել է կեանքի խանդն ու եռանդը, եւ այսպէս` երկար տարիներէ ի վեր աշխատում, ծառայում ու նուիրւում է մեր այդ առասպելական քաղաքի տաժանալից վերականգնումին:
Այստեղ գնահատանքի խօսքի արժանի են անշուշտ բոլոր անոնք, որոնք, լինի անհատական գետնի վրայ, լինի որպէս հանրային պարտականութիւն, եւ կամ`  երկուքն ել միասնաբար, զօրավիգ դարձան այս համերգային միջոցառման: Շնորհակալութիւն անոնց բոլորին:
Ընդգծենք վերջապէս, թէ այս երեկոյ միայն Ջուլիետայի ճոխ, բազմակողմանի ու բազմերանգ տաղանդը չէ, որ վայելելու ենք: Այլ նաեւ ըմբոշխնելու ենք իր շնորհալի աշակերտների, իր հոգեկան ժառանգորդների կատարումները: 
Այսպէս, Ջուլիետա իր գեղարուեստական ձիրքերը, գիտութիւնն ու հմտութիւնը տեւաբար սփռում է, փոխանցում է ջահելներին, նոր սերունդներին: 
Հետեւաբար, այս երեկոյ մենք ոգեկոչում ենք արդէն ոչ միայն մեր անցեալի զօրութիւնը, մեր ներկայի հզօրութիւնը, այլ նաեւ` մեր ազգային եւ մշակութային գոյատեւման ուխտը, մեր ապագայի էական երաշխաւորումը, հայոց Յաւերժականութիւնը, հայոց ազատագրուած, հայոց փրկուած, սուրբ հողերի վրայ՚:
ՙՇուշի՚ ժողովրդական գործիքների համույթը (գեղարվեստական ղեկավար` Տաթև Բաղդասարյան, վոկալ՝ Գայանե Պողոսյան) կատարեց Ջ. Առստամյանի ՙԱղոթք՚ ստեղծագործությունը։ ՙԻմ ուղին՚ հանրահայտ երգը Ջուլիետան կատարեց իր առաջին աշակերտներից մեկի՝ դուդուկահար Արթուր Մկրտումյանի նվագակցությամբ։
ՙՆարեկացի՚ արվեստի միության  ՙՀեղինակային երգի՚ դասարանի սաները Կոմիտասի ՙԻնչու Բինգյոլը մտար՚ երգով ողջունեցին իրենց ուսուցչուհուն։ Կոմիտասի ՙՆուբարի բոյը չինար է՚ կատարեցին երգիչ-ուսուցչուհու առաջին սաները։
Համերգ-երեկոյին Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազ քաղաքից մասնակցելու էր եկել երգչուհի Սվետլանա Գոլովչանսկայան։ ՙԵս ուրախ եմ, որ եկա, տեսա ձեր երկիրը, որտեղ այնքա՛ն  ջերմություն կա,- ողջույնի խոսքում ասաց Սվետլանան։- 2012-ին մեզ մոտ լսեցինք  Ջուլիետայի  հզոր ձայնը, ծանոթացանք այդ գրավիչ և ուժեղ կամքի տեր կնոջ հետ, անչափ ուրախալի էր  նրա ներկայությունը սեպտեմբերյան մեր ՙՑեյսկի վալս՚ փառատոնին, որին մասնակցելու են գալիս Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներից՚։ Երգչուհին ՙՎերտիկալ՚ ակումբի կողմից նվեր հանձնեց Ջ. Առստամյանին` մաղթելով, որ երգի մուսան  երբեք չլքի նրան, ապա կատարեց  նրա հեղինակային երգերից (ՙԵս պատերազմ չեմ ուզում, իսկ դո՞ւ՚)։ Ցուցադրվեց նաև տեսաժապավեն, որի մեջ Վլադիկավկազի  ՙՎերտիկալ՚ ակումբի սաները կատարում էին երգչուհու  հեղինակային ՙՍնդիկ փիսիկ՚ երգը։
Ջ. Առուստամյանը ժամանակին աշխատել է նաև ՙՂարաբաղ՚ պետական էստրադային համույթում։ Հանդիսականները ջերմությամբ ընդունեցին նրա կատարումները ռուսական էստրադայի հանրահայտ երգերից (ՙՁյուն է գալիս՚՝ խոսք Ալլա Ռուստայկիսի, երաժշտ.՝ Ալեքսեյ Հեքիմյանի, Մ. Մինկովի ՙՍիրելով` չեն հրաժարվում՚, Ի. Ազարովի ՙԻմ միակ քնքուշին՚ երգերը)։
Համերգի վերջում հաղորդավար Անի Կապլանյանը հայտարարեց, որ  նախամուտքում ցանկացողները կարող են նվեր ստանալ Ջ. Առուստամյանի ՙԱղոթք՚ ձայներիզը։
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ