ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԻՐԱԿԱՆ-ՀՐԱՇԱԳՈՐԾ ԱՇԽԱՐՀԸ
Հայաստանյան լրատվամիջոցներն իրազեկում են, որ այս տարի Երևանում անցկացվող ՙՈսկե ծիրան՚ 11-րդ միջազգային կինոփառատոնը նվիրված է 20-րդ դարի խոշորորագույն ռեժիսորներից մեկի` Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին: Փառատոնի արձագանքները հասան նաև Արցախ: Հուլիսի 23-ին Շուշիի արվեստի կենտրոնում տեղի ունեցավ ռեժիսորի կոլաժների և լուսանկարների ցուցահանդեսը, նրա հանրահայտ ՙՆռան գույնը՚ ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրումը:
Ներկայացված էին լուսանկարիչներ Զավեն Սարգսյանի, Յուրի Մեչիտովի, Արա Գյուլենի լուսանկարները, որոնք ընդգրկում են Փարաջանովի կյանքի տարբեր փուլեր։
Ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ՙՀակոբ Գյուրջյան՚ քանդակի 3-րդ միջազգային սիմպոզիումի մասնակից նկարիչներն ու քանդակագործները, Շուշիի և Ստեփանակերտի մտավորականության ներկայացուցիչներ: Աշխատանքները ներկայացնում էր Սերգեյ Փառաջանովի տուն-թանգարանի տնօրեն` լուսանկարիչ Զավեն Սարգսյանը:
Զ. Սարգսյանի տեղեկատվությամբ` այս ցուցահանդեսը շրջել է աշխարհով մեկ, ցուցադրվել Ստրասբուրգում, Փարիզում, Լոնդոնում, Բեռլինում, Հռոմում, Պեկինում, Մոսկվայում և այլ քաղաքներում: Եվ ահա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ այն ցուցադրվում է Արցախում և Հայաստանի շրջաններում: Ժամանակաշրջաններն արտացոլող տարբեր տարիների ներկայացված` թե՜ բուն լուսանկարները, թե՜ իր իսկ ձեռքով արված կոլաժների լուսանկարներն այցելուներին ծանոթացնում են տաղանդավոր մի մարդու հետ, ով կարողացել է դուրս գալ իր ժամանակի սահմաններից ու դառնալ բոլոր ժամանակների արվեստագետը:
Սերգեյ Փառաջանովը ծնվել է Թիֆլիսում, հայ ընտանիքում: Ուսում է ստացել է Մոսկվայում, Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում: Սակայն իր ստեղծագործական վերելքն ապրեց Ուկրաինայում` մի քանի կարճամետրաժ ֆիլմերից հետո ստեղծելով ՙՄոռացված նախնիների ստվերները՚ ֆիլմը, որը նրա անունը դուրս բերեց Խորհրդային Միության սահմաններից:
Երկրորդ մեծ կտավը Սերգեյ Փարաջանովը ստեղծեց արդեն Հայաստանում: ՙՆռան գույնը՚ ֆիլմը, ինչպես շեշտում է գործընկեր լուսանկարիչը, սովորական իմաստով ֆիլմ չէ: Այն վերացական ու գունեղ պատկերավորությամբ ստեղծված ֆիլմ է, որ պատմում է ուշ միջնադարյան հայ պոետ Սայաթ-Նովայի ժամանակաշրջանի, Հայաստանի և մասամբ` Վրաստանի մասին: Ֆիլմը միջազգային ճանաչում ստացավ: Իսկ հայրենիքում նրան չներվեց նրա ֆիլմերի համաշխարհային ճանաչման ու հաջողության համար: Համարձակ արվեստագետին դժվար չէր մեղադրել ինչ-ինչ ՙմեղքերում՚ և բանտ նետել: Կոլաժները, որոնք Սերգեյ Փառաջանովը, անգործությունից դրդված, սկսեց ստեղծել բանտում, իր իսկ խոստովանությամբ, սեղմված ֆիլմեր են: Եվ իրոք, ամեն մի կոլաժ անբացատրելի ձգողականությամբ գրավում է հանդիսատեսի ուշադրությունը իր բազմաշերտությամբ, բազմաբովանդակությամբ, ստիպում է խորհել, կապել իրար հետ յուրաքանչյուր հատվածում արտացոլված ասելիքը մեկ ընդհանուրի միջ: Այդպիսիք են ՙԸնտրությունները՚, ՙԿուսակցական համագումարին՚, ՙԳալլական աքաղաղը՚, ՙՋոկոնդան լալիս է՚... Ի դեպ, երբ վերջին այդ գործը նա ստեղծեց և ուղարկեց կնոջը, հետևյալ գրությունով մեկնաբանեց. ՙԵթե Ջոկոնդան իմանար, որ ես մահացել եմ բանտում, կարտասվեր՚: Բանտում նյութ չունենալով, նա ձեռքի տակ ընկած ամեն առարկա նյութի էր վերածում` ջարդված ապակի, մետաղալար, չորացած խոտ, մի խոսքով, ցանկացած իր, որ դժվար է պատկերացնել, թե հրաշագործ մի մարդու ձեռքում կարող է իր ֆունկցիան փոխել` դառնալով արվեստի գործ: Այն էլ ինչպիսի՛... Չես հոգնում նորից ու նորից նայել` ինչպես առաջին անգամ, ու զարմանալ` թե ինչպես կարելի է անպիտան իրերից ասելիքդ արտացոլել այդքան խոր ու անսովոր, իրական ու միաժամանակ ֆանտաստիկ: Բանտից դուրս գալուց հետո նա շարունակեց ստեղծել կոլաժներ: Մեկ րոպե անգործ նստած նրան չես տեսնի, պատմում է Զավեն Սարգսյանը: Աղբից հանած անպիտան, էժանացված գներով խանութներից գնած իրերից հրաշքներ էր գործում, վերհիշում է նա` մեկնաբանելով ներկայացված աշխատանքները:
Ցուցահանդեսը, Զ. Սարգսյանի հավաստմամբ, Հայաստանով մեկ կշրջի: Նպատակն է, բացատրում է լուսանկարիչը, հայ ժողովրդին ծանոթացնել, մասնակից դարձնել Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական ժառանգությանը: Ասում են` նա դժվար ընկալելի է, շարունակում է գործընկերը, բայց դա այդպես չէ. նա հասարակ ու հարուստ էր իր ներքին աշխարհով, և, ամենակարևորը, ազատամիտ` թե՜ կյանքում և թե՜ ստեղծագործության մեջ` լինի դա ֆիլմ, կոլաժ, պարզապես լուսանկար: Ազատ եղեք ստեղծագործության մեջ, պատգամում է մեծ արվեստագետը, այդ դեպքում դուք կկարողանաք ամբողջությամբ ու լավագույն կերպ արտահայտել ձեր ասելիքը:
Ցուցահանդեսը կտևի մինչև ԼՂՀ հռչակման օրը` սեպտեմբերի 2-ը: Հետո այն կտեղափոխվի Գորիս, Կապան, Սիսիան։
Ցուցահանդեսից հետո ցուցադրված ՙՆռան գույնը՚ ֆիլմը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Ն. Աղաբալյանի հավաստմամբ, հնարավորինս կցուցադրվի Արցախի շրջաններում, գյուղերում, բնակչությանը ծանոթացնելով Սերգեյ Փարաջանով ռեժիսորի լավագույն ստեղծագործության հետ:
Քիչ ֆիլմեր է կարողացել նկարահանել նա: Բայց ստեղծած իր լավագույն ֆիլմերը` ՙՄոռացված նախնիների ստվերները՚ և ՙՆռան գույնը՚, մեծ ճանաչում են ունեցել աշխարհում, միջազգային կինոփառատոներին արժանացել բազմաթիվ մրցանակների, իսկ հեղինակը` կոչումների:
Անբուժելի հիվանդությունը կարճացրեց նրա կյանքը: Նա մահացավ Երևանում` 1990 թվականին, 66 տարեկանում: Ցավոք, չհասցրեց ստեղծագործել խորհրդային գաղափարախոսությունից ազատված հայրենիքում:
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ