[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՐՑԱԽ ԳԱԼԸ ՏՈՆ Է՚

Hamuyt41.jpgԱնցած շաբաթը լի էր մշակութային իրադարձություններով: Հերթական անակնկալը Նարեկացի արվեստների միության կից գործող ժողգործիքների համույթի ելույթներն էին, որոնք անցան հուլիսի 25-ին. ցերեկը` Շուշիի կերպարվեստի թանգարանում, նույն օրը երեկոյան` Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում: 
Նշենք, որ Շուշիում տված համերգին ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, թանգարանին կից տարածքում դեռ իրենց աշխատանքը շարունակող քանդակի սիմպոզիումի մասնակիցները, քաղաքի երաժշտասեր հասարակությունը: 
Թե՜ Շուշիի և թե՜ Ստեփանակերտի ժողովրդական երգ ու երաժշտության սիրահարները մեծ հաճույք ստացան համույթի պատանի ու երիտասարդ երգչուհիների, կատարողների գեղեցիկ, նուրբ, հմուտ ու հուզառատ երգից ու նվագից: 
Ծրագրում ոչ միայն հայկական, այլև այլ ազգերի  ժողովրդական, հեղինակային երգեր, գործիքային ստեղծագործություններ էին: Բավական շատ երգեր հնչեցին աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի երգացանկից, բոլորն էլ` հետաքրքիր մեկնաբանությամբ: Հնչեցին նաև ստեղծագործություններ ամերիկյան ջազային հայտնի կոմպոզիցիաներից: Եվ, ինչպես իմացանք, ժողգործիքների համույթի համար բոլոր այդ նուրբ ու համոզիչ մշակումների հեղինակն է համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հովիկ Սահակյանը: Իսկ գեղեցիկ այս համերգը նվիրված էր աշխարհահռչակ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրի ծննդյան 90-ամյակին։ Երախտապարտ հանդիսատեսի հետ միասին շնորհավորանքներին միանանք նաև մենք` խմբագրության աշխատողներս` մաղթելով մեծ երաժիշտին քաջառողջություն ու նոր ելույթներ բեմում:
Ստորև ներկայացնում ենք Հովիկ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ հարցազրույցը համույթի ստեղծման, կայացման և զարգացման մասին:
-Պարոն Սահակյան, ինչպե՞ս ծնվեց գաղափարը` այս ծրագրով այցելել Արցախ:
- Նախ ասեմ, որ սա երրորդ մեր այցն է Արցախ: Առաջին անգամ եկել ենք, երբ համույթը նոր էր ստեղծվել, դա 2008-ին էր, ելույթն էլ կայացավ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում: Երկրորդ անգամ երկու տարի առաջ ենք եկել: Ասեմ նաև, որ մեզ համար Արցախ  գալը տոն է, ցնծություն, նվիրական զգացում, պարտք է ու կապող օղակ: Ամեն անգամ, երբ նոր ծրագիր ենք պատրաստում, ձգտում ենք բերել Արցախ, պարզապես միջոցներից է կախված` կստացվի թե ոչ: Փառք Աստծո`այս տարի ստացվեց: Հիմա Նարեկացի արվեստի միությունում ունենք նոր տնօրեն` Հայկ Վարդանյան, որն էլ հրաշալի կազմակերպեց այս ամենը: Իսկ նախաձեռնությունը Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանինն է:
- Որքան գիտեմ, հենց առաջին օրից Դուք եք ղեկավարել համույթը: Պատմեք, խնդրեմ, համույթի ստեղծման ու կայացման մասին:
- Մինչև համույթի ստեղծումը Նարեկացի արվեստի միությունում անվճար դասավանդում էի թառի, քամանչայի դասարաններում: Զուգահեռ աշխատում էի մի քանի դպրոցներում: Եվ իմ սաների մեջ, որոնց ես դասավանդում էի տարբեր հաստատություններում, նկատեցի հրաշալի պատանիների, որոնց ընդգրկմամբ կարելի էր շատ լավ նվագախումբ հավաքել: Այդպես էլ արեցինք, լավագույն երեխաներին հավաքագրեցինք, մեկ-երկու փորձից հաջողվեց մի քանի համար պատրաստել: Երեխաներն էլ իրենց հերթին սիրեցին Նարեկացի արվեստի միությունը: Բավականին լուրջ կազմ հավաքվեց: Եվ երբ ծրագիրը պատրաստ էր, առաջին համերգը տվեցինք Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, ուր հրավիրված էին տարբեր մասնագետներ, որպեսզի կարծիք հայտնեն: Ես  Վարդենիսից նոր էի տեղափոխվել Երևան, որտեղ մոտ քսան տարի կոնսերվատորիան ավարտելուց հետո դասավանդում էի երաժշտական դպրոցում, և ինձ համար կարևոր էր նրանց կարծիքը, քանի որ նորից Երևանում իմ կայացման խնդիր կար: Փաստորեն  դա իմ առաջին աշխատանքն էր մեծ ընդմիջումից հետո: Ներկա էին պատվավոր մասնագետներ, շատ բարձր կարծիք հայտնեցին: Եվ այդպես համույթը կայացավ: Դա 2008 թվականին էր: 
- Այդ վեց տարիների ընթացքում ի՞նչ զարգացում ապրեց համույթը:
- Անշուշտ, զարգացումը տեղի ունեցավ աստիճանաբար: Երբ համույթը ստեղծվեց, երաժիշտները փոքր էին, միանգամից չէին կարող հմտանալ: Ժամանակ էր պետք: Հիմա նրանք երիտասարդ պրոֆեսիոնալ երաժիշտներ են` բարձր վարպետության մակարդակով:
- Ի՞նչ ծրագրեր եք իրականացրել և ի՞նչ եք պատրաստվում նախաձեռնել:
- Մեր առաջին ձայնասկավառակը ձայնագրել ենք 2010 թվականին: Եվ այդ սկավառակը Ազգային մրցանակաբաշխության ժամանակ առաջին մրցանակին արժանացավ: Դա շատ մեծ անակնկալ էր մեզ համար: Մեծ ցնծություն էինք ապրում: Երկրորդ սկավառակը ձայնագրեցինք 2012-ին: Շատ արագ կարողանում ենք նոր ծրագրեր պատրաստել:
- Այդ ծրագրերով շրջում եք միայն Հայաստանի շրջաններո՞վ, թե՞ դրսում ևս հանդես եք գալիս:
- Մինչև 2010 թվականը` միայն Հայաստանում: Իսկ 2012-ին մեծ շրջագայություն կազմակերպեցինք Եվրոպայում: Իրականացրել ենք բավականին բարձրարժեք միջոցառումներ: Ելույթներ ունեցանք Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում: Ոչ միայն հայկական համայնքների համար: Ներկա էին նաև օտարազգիներ: Շատ մեծ հետաքրքրությամբ էին ունկնդրում հայկական ժողովրդական երաժշտությունը: Զարմանում էին մեր երեխաների վարպետության մակարդակով: Ամբողջ ծրագիրը երեխաներն անգիր էին նվագում, ինչի համար նրանք շատ զարմացած էին, ասում էին` մեր նվագախմբերում նստած երաժիշտները չեն կարողանում անգիր նվագել համերգի ամբողջ ծրագիրը: 
- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
- Պատրաստվում ենք նոր` երրորդ ձայնասկավառակը, բայց ոչ Հայաստանում, այլ ավելի ճանաչված, անվանի ֆիրմաների հետ: Փառք Աստծո, ունենք հրաշալի տնօրեն, որն զբաղված է այդ գործի իրականացմամբ:
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ