[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԵՍԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ

lratu.jpgԸնթերցողի սեղանին է Մեսրոպ Մաշտոց Համալսարանի (ՄՄՀ) գիտական  հոդվածների ժողովածուի 2014թ. հերթական համարը։ Ինչպես տեղեկացրեց պարբերականի գլխավոր խմբագիր Արարատ Վարդանյանը, 460 -էջանոց ստվարածավալ այս լրատուն ունի մասնագիտական որոշակի ուղղվածություն. այն ներառում է այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են բանասիրությունն ու մանկավարժությունը, պատմագիտությունն ու իրավագիտությունը, միջազգային հարաբերություններն ու քաղաքագիտությունը, փիլիսոփայությունը, հոգեբանությունը, տնտեսագիտությունը և այլն։
 Մասնագիտական յուրաքանչյուր ուղղության հոդվածները տպագրության է արտոնում համապատասխան խմբագրական խորհուրդը։ 
Ի դեպ, ՄՄՀ լրատուն բավարարում է Հայաստանի բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) պահանջները և ընդունելի է դոկտորական ու թեկնածուական ատենախոսությունների արդյունքների համար։ Գիտական հոդվածները տպագրվում են երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։
Հանդեսը բացվում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Աբրահամյանի ՙԹուրք բարբարոսների ջախճախումը Ղարաբաղում. (1918թ. հոկտեմբեր)՚ հոդվածով։ Նրանում նշվում է, որ վերջին քառորդ դարում հարևան հանրապետությունում եռալեզու՝ ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն, հրապարակվել են հակահայ կողմնորոշում ունեցող հարյուրավոր հոդվածներ և գրքեր, որոնցում խեղաթյուրված է հայ ժողովրդի պատմամշակութային կյանքը՝ սկզբից մինչև մեր օրերը։ Քանի որ խնդիրը բավականին բարդ է, հոդվածագիրը նպատակահարմար է գտել հիմնականում անդրադառնալ իրար առնչվող երկու հարցի՝ 1918թ. սեպտեմբերին Բաքվում իրագործված հայերի ցեղասպանությանն ու դրան անմիջապես հաջորդած՝ թուրքերի ներխուժմանն ու ջախջախմանը Ղարաբաղում։ 
Թուրք հեղինակներն աշխարհով մեկ հայտարարում են, թե հիշյալ թվականի մարտ ամսին հայերի մասնակցությամբ իբր Բաքվում իրագործվել է թաթարների ՙցեղասպանություն՚, և զոհ է գնացել մի քանի հազար մարդ։ Հեյդար Ալիևը նույնիսկ ժամանակին (1998թ. մարտի 26) օրենք է ստորագրել մարտի 31-ը թաթարների ՙցեղասպանության՚ օր հայտարարելու մասին։ Եվ այսպես, առանց որևէ փաստի ու հիմնավորման, այդ հանրապետության թե՜ պետական կառույցները և թե՜ պատվերով ու անձնական նախաձեռնությամբ խնդիրն ՙարծարծող՚ վայ-գիտնականներն ամեն կերպ աղավաղում են պատմությունն ու առկա փաստերը, ինչը Հ. Աբրահամյանն իր հոդվածում համոզիչ կերպով հերքում է։ Փաստը մնում է փաստ, որ թուրքական Նուրի փաշան, գալով Անդրկովկաս և հիմնավորվելով Գանձակում, կենտրոնացնում է մեծ քանակությամբ ուժեր, ապա գրավում Բաքուն և ավելի քան 30 հազար հայերի սրի մատնում։ Այնուհետև ուժերը տեղափոխելով Աղդամ՝ ներխուժում է Արցախ-Ղարաբաղ։ Արցախահայությունը ոտքի է կանգնում և 1918թ. հոկտեմբերի առաջին կեսին Ջրաբերդում, իսկ հոկտեմբերի 18-ին՝ Վարանդայի Մսմնա գյուղի մոտ գլխովին ջախջախում  բարբարոսներին։
ՙԺողովրդական տեղաշարժերը Լեռնային Ղարաբաղում՝ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի կնքումից հետո՚ հոդվածում հեղինակներ Նելլի Բաղդասարյանն ու Լեռնիկ Հովհաննիսյանը պատմաքննական վերլուծության են ենթարկում վերոնշյալ պայմանագրերից հետո Լեռնային Ղարաբաղում (նկատի են առնվում Ղարաբաղի լեռնային հատվածը) տեղի ունեցած ժողովրդագրական տեղաշարժերը։ Խնդրո առարկան մեծապես շահարկվում է հակառակորդ պետության կողմից։ Ադրբեջանական պատմագրությունն իր կեղծարարությանը համոզիչ տեսք տալու համար ստեղծել է պատմագիտության տեսանկյունից անհիմն տեսություններ, որոնք պատմական համոզիչ փաստերի առկայության պայմաններում (ինչպիսիք այս հոդվածում բերվածներն են) դատապարտվում են ձախողման։ 
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Հարությունյանի ՙԲանակաշինության ոլորտում 2005թ. նվաճումների մասին՚ վերլուծականում  հեղինակը փաստում է, որ նշված տարում ԼՂՀ պաշտպանության  բանակը հասել է զարգացման որոշակի մակարդակի՝ հաջողությամբ իրականացնելով Արցախի անվտանգության և հակառակորդի հետ շփման բնագծերի հուսալի պահպանության, մարտական պատրաստության խնդիրները։ Շուրջ մեկ տասնամյակ հետո առկա իրավիճակին ու հակառակորդի ոտնձգություններին ի պատասխան` ՊԲ-ի  համարժեք քայլերը վկայում են, որ այսօր էլ հայրենիքի պաշտպանությունն, իրավամբ, գտնվում է հուսալի ձեռքերում։
Լրատուում տեղ գտած՝ ՀՊՃՀ պատմության և քաղաքակրթության ամբիոնի դասախոս Արթուր Ղազարյանի ՙՀայկական սփյուռքի քաղաքականացման հիմնախնդիրը՚ հոդվածում բազմաբնույթ աղբյուրների հիման վրա փորձ է արվում ներկայացնել Սփյուռքի հասարակական-քաղաքական շրջանակների կողմից ՙՀայրենիք՚ գաղափարի նկատմամբ վերաբերմունքը, Սփյուռքի քաղաքականացման անհրաժեշտությունն ու գործունեության ուղղորդումը, հայ ավանդական կուսակցությունների (ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ), Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների տարած աշխատանքը Հայոց ցեղասպանության դատապարտման և ճանաչման, հայապահպանության, ինչպես նաև Արցախի խնդրի հայանպաստ լուծման ուղղությամբ։
ՙԺողովրդավարությունը՝ ԼՂՀ քաղաքական մշակույթի բաղադրիչ և անվտանգության նախապայման՚. այս վերտառությունն ունի ԱրՊՀ փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտ Շողեր Նարիմանյանի ուսումնասիրությունը։ Ընդհանրապես, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներն ունեն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ ընդգրկում՝ պայմանավորված խաղաղության պահպանման խնդրով և պետությունների զարգացման շարժընթացով։ Տարածաշրջանի երկրներն ապրում են քաղաքական ու տնտեսական լուրջ դժվարություններ, որոնք ավելի են բարդանում էթնոքաղաքական հակամարտությունների, մարդու իրավունքների, ժողովրդավարական ազատությունների, կոռուպցիայի, աղքատության և այլ խնդիրների պատճառով։ Ստեղծված իրադրությունում, հոդվածում այս եզրահանգմանն է գալիս հեղինակը, տարածաշրջանում ԼՂՀ-ի՝ բնական պաշարների գրեթե լրիվ բացակայության պայմաններում, որպես կարևոր դերակատար դառնալու միակ ելքը ժողովրդավարության կայուն զարգացումն ապահովելն է։
Հետաքրքրությամբ են ընթերցվում Վ. Վիրաբյանի և Ա. Վարդանյանի ՙԱդրբեջանի տարածքային հավակնությունների և Արցախ-Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ՚, Տ. Սպիրիդոնովայի ՙԹուրքիա. պետական մասնակցության կրճատումն արտադրության մեջ՝ որպես ԵՄ-ի հետ տնտեսական ինտեգրման գործընթացի կարևոր ուղղություններից մեկը՚, Գ. Քեռյանի ՙՔաղաքական կուսակցությունների տիպավորման կազմակերպական կառուցվածքային սկզբունքի կիրառման հարցի շուրջ՚, Ա. Բաղդասարյանի ՙՄաքսիմ Հովհաննիսյանի հրապարակախոսությունը՚ և այլ հոդվածներ։ 
 
ՙԱԱ՚