[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻԻՑ ՀԱՅԵՐԻ ԱՐՏԱՔՍՈՒՄԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԷԹՆԻԿ ԶՏՄԱն ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՕՐԻՆԱԿ

06.jpgՇուշիի ՙԿաճառ՚ գիտական կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանի սեպտեմբերի 20-ին հրավիրած մամուլի ասուլիսը նվիրված էր 26 տարի առաջ այդ նույն օրերին Շուշիից հայ ազգաբնակչության բռնի տեղահանման տարելիցին:
 Շեշտելով հայ-ադրբեջանական հակամարտության պատմության մեջ Շուշիի առանցքային դերը՝ Մ. Հարությունյանը քաղաքի բնիկների արտաքսումը դիտարկեց ադրբեջանական իշխանությունների կողմից  հանրապետության քաղաքներում իրականացվող հայաթափման քաղաքականության առաջին փորձերի համատեքստում: 
Դարեդար հայ մշակույթի կարևորագույն օջախներից մեկը համարվող Շուշին 20-րդ դարի սկզբին թուրք-մուսավաթական հրոսակախմբերի հայաջինջ քաղաքականության զոհը դարձավ: Բանախոսը վկայակոչեց 1905-06թթ. հայ-թաթարական բախումները, 1918թ. թուրքական ագրեսիան Անդրկովկասում, որին հաջորդեցին 1919թ. դեպքերը, իսկ մեկ տարի անց, արյունահեղ իրադարձությունների արդյունքում, քաղաքի հայկական մասը հրի մատնվեց: 1923թ., երբ կազմավորվեց ԼՂԻՄ-ը, Շուշին Կովբյուրոյի որոշմամբ պիտի հռչակվեր մայրաքաղաք, սակայն Ադր. ԽՍՀ ղեկավարությունը դրան ևս խոչընդոտեց: Հետագա ամբողջ խորհրդային ժամանակահատվածում Շուշին դարձավ Բաքվի հակահայ դրսևորումների թիրախ: Քսաներորդ դարի 60-ական  թվականներին  քաղաքում հայկականը փաստող  վկայությունների  հետքերը վերացնելու ադրբեջանական ջանքերն ուղղված էին անգամ հայկական գերեզմաններին: Այդ և հետագա տասնամյակներին հատուկ ջանադրությամբ պղծվեցին ու ավերվեցին հայկական ճարտարապետության գեղեցիկ նմուշները: Քաղաքը, որտեղ անգամ տները հայկական ժողովրդական ճարտարապետության արժեքավոր նմուշներ էին, աստիճանաբար զրկվեց երբեմնի վեհաշուք տեսքից: Հայկական թաղամասերի ավերակների վրա հայտնվեցին օտար, քաղաքի ճարտարապետությունն աղավաղող շենքեր: Իրականացվող խտրական քաղաքականության արդյունքում Արցախյան շարժման նախօրեին Շուշին ընդամենը 2000 հայ բնակիչ ուներ: Իսկ 88-ին, ղարաբաղյան հիմնախնդրի ակտիվ փուլի թևակոխմանը զուգընթաց, քաղաքի հայ բնակչությունը դարձյալ հայտնվեց բնաջնջման վտանգի առջև: 1988թ. մայիսից քաղաքի հայ բնակչության հանդեպ բացահայտ ճնշումներ էին իրագործվում: Հայկական դպրոցի, հայերով բնակեցված թաղամասերի վրա զինված հարձակումներն ու կողոպուտն արդեն սովորական բնույթ ունեին:  Հայերին չէր թույլատրվում ներկայանալ աշխատանքի վայր, անգամ գնումներ կատարել քաղաքի շուկայում: Ավազակային այդ բոլոր արարքները Կրեմլի կողմից որևէ կերպ չդատապարտվեցին, ինչն ավելի քաջալերեց Շուշիի ադրբեջանական խաժամուժին: Այս ամենի արդյունքում հայերի մեծ մասը հեռացավ քաղաքից՝ ապաստան գտնելով շրջակա հայկական գյուղերում: Շատ չանցած՝ Ադրբեջանի կողմից ընտրված ռազմավարությունը կարծես մեղմացավ, և հայերից շատերը վերադարձան հարազատ քաղաք: Ինչպես պարզվեց հետագայում, դա ևս Շուշիի կուսշրջկոմի հովանավորությամբ ծրագրված քայլ էր, քանի որ սեպտեմբերի 18-20-ը Շուշիի իրական տերերը՝ վերջին հայազգի բնակիչները,  սանձարձակ բռնությունների ուղեկցությամբ արտաքսվեցին քաղաքից: 
Մ. Հարությունյանի դիտարկմամբ՝  1988թ.  Շուշիից հայ բնակչության բռնի տեղահանությունը, որն սկսվել է մայիսի սկզբին և  ավարտվել նույն թվականի սեպտեմբերի 20-ին, Ադրբեջանի կողմից 1918թ. ի վեր իրականացվող պետական ահաբեկչության և էթնիկական զտման հետևողական քաղաքականության դրսևորումն էր: Ըստ բանախոսի՝ ՙԿաճառ՚ գիտական կենտրոնի գործունեությունը միշտ էլ գերազանցապես ուղղված է եղել Շուշիի թեմային: Դեռևս 2006թ. Կենտրոնը Շուշիի իրադարձությունների մասին  ականատեսների օգնությամբ փաստերով խոսելու և ադրբեջանական քարոզչության ՙապացույցները՚ հերքելու նպատակով մեծածավալ աշխատանք էր սկսել՝ հավաքագրելով պահպանված բոլոր փաստաթղթերն ու տարբեր վայրերում ապաստան գտած շուշեցիների պատմածները: Այդ աշխատանքի արդյունքում վերջերս հրատարակվել է ՙԿաճառ՚ տարեգրքի հերթական՝ ՙՓաստեր 20-րդ դարի 80-ական թվականների վերջին և 90-ական թվականների սկզբին հայերի հանդեպ Ադրբեջանական ԽՍՀ վարած էթնիկ զտումների և պետական ահաբեկչական քաղաքականության մասին՚ վերտառությամբ  ժողովածուն։ Մ. Հարությունյանի տեղեկատվությամբ՝ ժողովածուի մեջ տեղ գտած արխիվային փաստաթղթերի մի մասն առաջին անգամ է  հրատարակվում:  1988-ին Շուշիից, ինչպես նաև Ադրբեջանի հայաշատ քաղաքներից բռնագաղթած հայերին օգնություն ցուցաբերող ՙԳթություն՚ բարեգործական կազմակերպության անդամները գրի են առել փախստականների վկայությունները, որոնք  այժմ էլ պահվում են ՀՀ ազգային արխիվում, այդ վկայություններն են նաև տեղ գտել տարեգրքում: Նյութեր է տրամադրել նաև ՙՇուշի՚ բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը: 
Ժողովածուն բաղկացած է երկու մասից։ Առաջինում հարազատ քաղաքից վտարված հայերի վկայություններն են, իրավապահ մարմիններին ուղղված դիմումները նրանց հանդեպ կիրառված բռնությունների մասին: Երկրորդ մասում Շուշիի իրադարձություններին զուգահեռ Ստեփանակերտում տեղի ունեցած դեպքերն են, որոնք ադրբեջանական քարոզչամեքենան առայսօր ներկայացնում է որպես Շուշիի իրադարձություների դրդապատճառ։ 250 օրինակով լույս տեսած Ժողովածուն պարունակում է հրապարակումներ ժամանակի մամուլից, ներկայացված են նաև ադրբեջանական՝  հիմքում դարձյալ  ՙմեղքը հայերինն է՚ կարգախոսն ունեցող տեսակետները: Փաստագրական հարուստ նյութը, որը լույս է սփռում ժամանակի իրադարձությունների վրա, թույլ է տալիս անգամ այդ դեպքերին անտեղյակ ընթերցողին առարկայական կարծիք կազմել Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյաց քաղաքականության և հայկական բնակչության հանդեպ պետական տեռորի պատմության մասին: Կենտրոնի ղեկավարն այն համոզմունքը հայտնեց, որ փաստագրական ու հետազոտական նման նյութերի առկայությունը, իրական տեղեկատվության ներկայացումը և, որպես այդ ամենի նպատակ, հայ բնակչության արյունալի տեղահանությունների առնչությամբ միջազգային կազմակերպությունների կողմից գնահատականները Բաքվի կողմից մշտապես սփռվող սուտն ինչ-որ չափով կանխելու և նման դրսևորումների կանխարգելման արդյունավետ միջոց կարող են դառնալ:   
Գիրքը հրատարակվել է ռուսերեն լեզվով, ինչը, Մ. Հարությունյանի խոսքով, ընթերցողների շրջանակն ընդլայնելու միտումով է արված և պետք է իր տեղն ունենա ԼՂՀ օտարերկրյա ներկայացուցչություններում: Բացի աղբյուրագիտական ու ճանաչողական նշանակությունից, գիրքը կարող է նաև բավարար հիմք ծառայել շուշեցիների համար՝ Ադրբեջանի դեմ համապատասխան  հայցով դիմելու միջազգային դատարաններ:  
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Մ. Հարությունյանը նշեց, որ Կենտրոնի կողմից նման ուսումնասիրությունները շարունակվում են,  և հետագայում հնարավոր կլինի հրատարակությունը լրամշակել, թարգմանել այլ լեզուներով  և համացանցի միջոցով առավել հասանելի դարձնել հայ և օտար հանրությանը։
 
 
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ