[ARM]     [RUS]     [ENG]

ԿԻԿԼՈՊՅԱՆ ԱՄՐՈՑ-ԲՆԱԿԱՏԵՂԻ՝ ՙՄԻՐԻԿ՚

07.jpgԱղավնոյի հովտի այս ուշագրավ ու եզակի ամրոց-բնակատեղին գտնվում է Միրիկ գյուղից ուղիղ գծով 1,8կմ հարավ-արևմուտք, լեռան գլխին։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1853մ։ Ամրոցի մասին պատմական աղբյուրներում և արդի ուսումնասիրողների գրվածքներում տեղեկություններ չկան, չնայած դա, ըստ տեղում իրականացված հետազոտական ուսումնասիրությունների, տարածաշրջանի գլխավոր ամրացված բնակավայրերից էր։
Հնավայրում պատահականորեն ի հայտ բերված խեցեղենի մնացորդներից դատելով, ամրոց-բնակատեղին վերաբերում է մ.թ.ա. III-I հազարամյակին։
Բուն ամրոց-բնակատեղին զբաղեցնում է բավականին ընդարձակ տարածք՝ ավելի քան 3,06հա (180x170մ)։ Հիմնականում (հատկապես հյուսիսային, հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան կողմերից) կառուցապատված է դարավանդներով և իր մեջ է ներառում 80-ից ավելի մեծ չափերի շինություններ՝ կառուցված անմշակ մեծադիր քարերով։ Դրանք ունեն 10x12, 16x18, 7x8, 5x7, 17x18, 7x10 և այլ չափեր, տեղակայված են ոչ միայն ներքուստ՝ պարսպագծերի եզրամասերում կամ դրանց երկայնքով, այլև կենտրոնական հատվածներում, ինչպես նաև՝ բուն ամրոցից դուրս։ Ընդ որում, ներքուստ և բնակատեղիին մերձ առկա են նաև կուրգան-դամբարաններ, որոնց մի զգալի մասը ներկայումս ավերված կամ կողոպտված վիճակում է։ Դրանք ևս վերաբերում են ամրոցի հիմնարկման կամ գոյատևման ժամանակներին, որը ցույց է տալիս, որ տեղաբնիկները թաղումներ են կատարել նաև անմիջականորեն բուն ամրոցի տարածքում, որն այնքան էլ տարածված երևույթ չէ նմանատիպ բնակավայրերի պարագայում։ Դառնալով պարսպապատերին, հարկ է նշել, որ ամրոց-բնակատեղին ունեցել է մի քանի շրջապարիսպ կամ պարսպաշար։ Հարավային կողմից, արտաքին պարսպաշարից դեպի երկրորդ գիծ, որ տարածվում է մասամբ, մինչև 16-17մ է, երկրորդ գծից երրորդ գիծ՝ 17-18մ, այնուհետև մինչև կենտրոն՝ 22-23մ։ 
Հյուսիսային, հյուսիս¬արև-մտյան կողմերից՝ արտաքին պարսպաշարից մինչև երկրորդ գիծ հեռավորությունը կազմում է 12-18մ, հյուսիսային կողմից շատ ավելի լայն մակերեսով, երկրորդ գծից երրորդ գիծ՝ 18-19մ, այնուհետև մինչև կենտրոն՝ 16-17մ։ Ամրոց-բնակատեղին ունի իշխող դիրք շրջապատի վրա, որտեղից տեսանելի են տարածաշրջանի մի շարք այլ ամրոցներ։ Սակայն ամրոցն առաջին հերթին անմիջականորեն հաղորդակցվում էր մոտակայքում գտնվող համանուն մեկ այլ ամրոցի հետ՝ դրա միջոցով կապվելով Աղավնոյի հովտի այլ պաշտպանական կենտրոնների հետ։
ՙՄիրիկ՚ ամրոց-բնակատեղին իր ծավալատարածական ընդ-գրկվածությամբ և խիտ կառուցապատումներով մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնագետների շրջանում, ըստ որոնց  այստեղ ապագայում իրականացվելիք հնագիտական ուսումնասիրությունները նոր լույս կսփռեն տարածաշրջանի պատմության վրա։
 
Սլավա ՍԱՐԳՍՅԱՆ
Պատմաբան, 
ԼՂՀ մշակույթի 
վաստակավոր գործիչ