Logo
Print this page

ՙՆՐԱ ԶԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԵՑԻ Է՚

IMG_2362.jpgՍեպտեմբերի 30-ին մայրաքաղաքի ՙԱրմենիա՚ հյուրանոցում տեղի ունեցավ ռուսագիր բանաստեղծ Նելի Ավակովա-Գրիգորյանի  ՙԱրցախ, մեղեդիներն իմ` քեզ՚ ժողովածուի շնորհանդեսը: Գրքում ներկայացված են անցյալ դարավերջին Ադրբեջանում հայերի նկատմամբ իրագործված զանգվածային ոճրագործության հետևանքով հարյուր-հազարավոր հայրենակիցների հետ մեկտեղ բռնագաղթ ապրած ու տնավեր դարձած տարագիր հայուհու հոգեկան տվայտանքները:
Գիրքն ու հեղինակին ներկայացրեց գրքի խմբագիր, բանաստեղծությունների թարգմանիչ Միքայել Հաջյանը: ՙՏիկին Նելին վաղուց երազում էր, որ իր հայրենի երկրամասում՝ նախնյաց բնօրրանում տպագրվեր իր գիրքը,- ասաց Մ. Հաջյանը:- Ամիսների ընթացքում իր անմիջական ղեկավարությամբ և ընկերների աջակցությամբ կարողացանք իրականացնել այս հրաշալի գաղափարը: Եվ ահա գիրքը սեղանին է` ընթերցողի դատին է հանձնվում՚: 
Համառոտակի՝  Նելի Ավակովա-Գրիգորյանի անցած ճանապարհի մասին:
Ծնվել է 1949 թվականին, արմատներով արցախցի է: Ծնողները Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից են: Շուտով ընտանիքը տեղափոխվում է մարզկենտրոն Ստեփանակերտ: Նելին ավարտում է Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան թիվ 3 դպրոցը և ընդունվում Բաքվի Ախունդովի անվան մանկավարժական ինստիտուտը, ավարտում գերմաներենի-ռուսերենի ֆակուլտետը: 1989 թվականին նրա ընտանիքը կիսել է հազարավոր հայրենակիցների ճակատագիրը և տարագրվել Բաքվից: Հրո ճարակ դարձած բնակարանում ոչնչացվել են նրա շատ ձեռագիր  ստեղծագործություններ: Գաղթից հետո ապրել է Հայաստանում, ապա` Ռուսաստանում, Ուկրաինայում: Իսկ 2004 թվականից բնակվում է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում:
Բանաստեղծություններ է գրում մանկական տարիներից: Երեք գրքերի հեղինակ է. ՙԱհ, կարոտախտ՚ (Մոսկվա, 2002 թ.), ՙԱշնան տերևաթափ՚ (Մոսկվա, 2003 թ.), ՙՔո կանգառը չէ՚ (Լոս Անջելես, 2006 թ.): 2005-ին մասնակցել է ՙԼոս Անջելեսի Ոսկե գրիչ՚ մրցանակաբաշխությանը և հաղթել  ՙԲանաստեղծություն՚ անվանակարգում՝ կիսելով առաջին տեղը: 
ՙԱրցախ, մեղեդիներն իմ` քեզ՚ բանաստեղծությունների ժողովածուն թվով չորրորդն է Նելի Ավակովա-Գրիգորյանի ստեղծագործական կյանքում: Գիրքը, բանաստեղծուհու խոստովանմամբ, նվիրված է մոր հիշատակին:
Նշենք, որ շնորհանդեսին հրավիրված էին ինչպես Արցախի գրական ընտանիքի ներկայացուցիչներից շատերը, այնպես էլ հեղինակի հարազատներն ու ընկերները: Կիսվելով իր տպավորություններով, գրող Մարսել Պետրոսյանն ասաց. ՙՃիշտն ասած, խորը չեմ ուսումնասիրել բանաստեղծությունները, որովհետև դրա համար ժամանակը քիչ էր: Այնուամենայնիվ, ես կարողացել եմ հպանցիկ նայել և երբեմն ետ թերթելով որոշ տողեր, հասկացել, ընբռնել, ընդունել, գնահատել դրանք: Խոսքս  հայերեն թարգմանված բանաստեղծությունների մասին է: Նելի Ավակովա-Գրիգորյանը ինչքան էլ ռուսերեն, անգլերեն մտածողություն ունենա, այնուամենայնիվ, նրա զգացումը հայկական է, հայեցի: Եվ երբ այդ բանաստեղծությունները թարգմանվում են  մայրենի լեզվով, դրանք դառնում են ավելի լիարժեք ու հնչեղ: Յուրաքանչուր բանաստեղծության մեջ կա և՜ կարոտ, և՜ սեր, և՜ ափսոսանք, տեսնում եմ Նելիի ապրումները, զգացումները: Իսկ դրանք հետաքրքիր են առանձնապես նրանով, որ ես չկարողացա  գոնե մեկ կեղծ կամ շինծու տող գտնել՚: Մ. Պետրոսյանի կարծիքով, Նելի Ավակովա-Գրիգորյան բանաստեղծուհու մասին կարելի խոսել որպես կայացած բանաստեղծուհու:
Նրա տողերին բնորոշ ջերմության, անկեղծության, կերպարների ճոխության, մտքի թռիչքների սրության, թեթև ճախրելու, հոգու մեջ ներթափանցելու մասին էին վկայում նաև մյուս բանախոսները` գրչընկեր Տատյանա Ղահրամանյանը, վաղեմի ընկերուհի Լուսաբեր Բաբայանը, ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելայնը: Լսելով, թե  ինչպիսի  ոգեշնչմամբ ու թախիծով էին կարդում թե՜ հեղինակն իր բանաստեղծությունները, թե՜ մյուսները, ակամա Համո Սահյանի ՙԳարունդ հայերեն է գալիս՚ բանաստեղծությունն է հիշողությունս գալիս: Բանաստեղծության մտքին հետևելով, կարող ենք ասել` հոգիդ հայերեն է խոսում, տիկին Նելի, և հայ գրականության մեջ կմնան քո բանաստեղծական հոգու հայերեն ասված տողերը: 
Շնորհանդեսն ավարտվեց նման միջոցառումների ժամանակ ընդունված հատուկ արարողությամբ. հեղինակի կողմից ստորագրված մի նմուշ օրհնվեց հայրենի հողում պատրաստված գինով:
Վերջում բանաստեղծուհին իր խորին երախտագիտությունը հայտնեց գրող, հրապարակախոս Լևոն Ադյանին: Նրա խորհուրդների շնորհիվ և աջակցությամբ, խոստովանեց տիկին Նելին, կյանքի կոչվեց այս ժողովածուն: Շնորհակալություն հայտնեց Միքայել Հաջյանին՝ գիրքը հրատարակելու գործում  աջակցություն ցուցաբերելու համար:
(Բանաստեղծուհու հետ հարցազրույցը կարդացեք  թերթի առաջիկա համարներից մեկում):
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.