[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԵՐԳ ՄԱՐՏՈՒՆՈՒՄ

111_1_.jpgՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ սեպտեմբերի 28-ին Մարտունու  մշակույթի և երիտասարդության պալատում համերգով հանդես եկավ ամերիկահայ երգիչ, ազգային, հայրենասիրական, հեղափոխական երգերի լեգենդար կատարող Գառնիկ Սարգսյանը՝ ՙԱրազ՚ նվագախմբի նվագակցությամբ: 
Համերգի հովանավորներն էին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, ՙՂարաբաղ Տելեկոմը՚, գործարար Հրաչ Ջաբրայանը: Այն նվիրված էր ԼՂՀ հռչակման 23-րդ և ՀՅԴ կազմավորման 124-րդ տարեդարձերին:
Գառնիկ Սարգսյանի գործունեությունը մարմնավորում է հայ ժողովրդի ազատության ձգտումը, ֆիդայու, հայրենիքի պաշտպանի եւ  զինվորի քաջությունը: Արդեն մի քանի տասնամյակ շարունակ հայ մշակույթի քարոզիչն իր ինքնատիպ արվեստով ներկայացնում է տարբեր ժամանակների հայկական ազգային-ազատագրական պայքարը: 
Համերգը բացառիկ էր և  մեծ ոգևորություն ու բավականություն պարգևեց հանդիսատեսին: Կենդանի նվագակցություն, կենդանի ձայն, անզուգական երգեր ու դրանց  փայլուն կատարումներ: Համերգին ներկա էին  պաշտոնական այրեր  ու հյուրեր արտերկրից, զինծառայողներ։ 
Հայ զինվորը միշտ մարտի է մեկնել երգը շուրթերին, նրան ոգի և արիություն է տվել այդ երգից ստացած ուժը, ու նա հերոսություններ է գործել, պատրաստ եղել նվիրաբերելու ամենաթանկը: Իրականում պատերազմը չի վերջացել: Հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին տեղի ունեցած դեպքերը մեկ անգամ ևս հիշեցրին մարտական գործողություններն ամեն րոպե վերսկսվելու հնարավորությունը: Հայ զինվորը, արցախահայությունն ամբողջովին, նորից միահամուռ  իրենց  ուժն ու կամքը ցույց տվին թշնամուն: Մեր կամավորականները մեկ անգամ ևս փաստեցին, որ զինվորը միայն դիրքապահը չէ, զինվոր է յուրաքանչյուր հայ` դիրքում լինի, թե թիկունքում, ամեն  տարիքի, զբաղվածության: Դիրքապահին նեցուկ կանգնելու, հայրենիքի սահմաններն  անառիկ պահելու համար ոտքի ելած   կամավորականը հայկական երգով ու պարով էր դիրքեր մեկնում: Այստեղ է զգացվում երգի՝  հերոսությունների տանող ամենակարող ուժն ու զորությունը:
Գառնիկ Սարգսյանի երգերում հայի ճակատագիրն ու պատմությունն են, հայի ապրումները, տառապանքն ու վիշտը։ 
Հային հայ պահողը, հային հերոսացման տանողն ու իր ունեցածին տեր կանգնելու ուժ տվողը նաև հայ երգն է: Օրվա համերգն ու հանդիսատեսի ոգևորությունը սրա վառ ապացույցն էին:
 
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ