[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է

IMG_2421.jpg90 տարի առաջ՝ 1924 թվականի դեկտեմբերին, քաղաքական գործիչ Արմենակ Կարակոզովի նախաձեռնությամբ և մի խումբ ընթերցասեր մտավորականների ջանքերով, ԼՂԻՄ Ժողկոմսովետի և լուսավորության բաժինը որոշում ընդունեց գրադարան հիմնելու մասին։
Գրադարանը սկզբնական շրջանում տեղավորված էր Ստեփանակերտի  Կոմունիստական փողոցի թիվ 1 տանը։ Այն համարվում էր մի յուրահատուկ դպրատուն ընթերցասերների համար, ծառայում էր ժողովրդի կրթությանն ու դաստիարակությանը։ Այստեղ էին անցկացվում անգրագիտության վերացման խմբակի պարապմունքները։
Սկզբնական շրջանում գրադարանը ուներ 2097 կտոր գիրք, 50 ընթերցող՝ օրական 15-20 հաճախականությամբ և մեկ աշխատող։ Ամբողջ գրքերը նվիրատվություններ էին։ 1925 թվականից գրքային ֆոնդն սկսում է հարստանալ պետության կողմից հատկացված միջոցներով։ Տարեցտարի գրադարանային կյանքն աշխուժանում է՝ ավելանում են  գրքային ֆոնդը, ընթերցողների թիվը, հաճախումները, աշխատողների քանակը։ Կազմակերպվում էին հանդիպումներ նշանավոր մարդկանց, գրողների հետ։ Հատկապես նշանակալից էր հանդիպումը բանաստեղծ Հակոբ Հակոբյանի հետ (1928թ.), որը նույնպես մեծաքանակ գրքային նվիրատվություններ էր արել գրադարանին։
Գրադարանային գործը մեր քաղաքում զարգացավ հատկապես հետպատերազմյան շրջանում՝  գրքային ֆոնդի հարստացում, ընթերցողների մեծ ակտիվություն, մասսայական բազմաթիվ միջոցառումներ՝ հանդիպումներ գրողների, նշանավոր շատ մարդկանց հետ, գրքերի քննարկումներ, հոբելյանական միջոցառումներ և այլն։ Ընթերցասրահին կից գործում էր գրական խմբակ, որտեղ ընդգրկված էին ակտիվ ընթերցողները։  Նշանակալի իրադարձություն էր 1948թ. հանդիպումը մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հետ։
Տարբեր ժամանակներում գրադարանում տեղի են ունեցել հանդիպումներ մեծանուն դերասան Վահրամ Փափազյանի, գրողներ Նաիրի Զարյանի, Վաղարշակ Նորենցի, Հրաչյա Քոչարի, Համո Սահյանի, Սիլվա Կապուտիկյանի, Աշոտ Գրաշու, Գարեգին Սևունցի, Սերո Խանզադյանի, Հրաչյա Հովհաննիսյանի, Քրիստափոր Թափալցյանի, Անահիտ Սեկոյանի, Լեոնիդ Հուրունցի, տեղացի գրողներ Բագրատ Ուլուբաբյանի, Միքայել Հարությունյանի, Իսահակ Ալավերդյանի և շատ-շատերի հետ։
Գրադարանի գրքային ֆոնդի հարստացմանը նպաստել են նաև Մոսկվայում, Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգ ), Երևանում, Խորհրդային  Միության այլ քաղաքներում ապրող մեր հայրենակիցները՝ մտավորականներ, ուսանողներ, սովորական աշխատավոր մարդիկ։ Նրանցից էին Երևանի պետհամալսարանի դոցենտ Արամ Օհանյանը, որը գրադարանին էր ուղարկել հազվագյուտ գրքեր իր գրադարանից, Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Իսայի Վարունցյանը, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Աթաբեկյանը,  ակադեմիկոս Արտաշես Առաքելյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Գալաչյանը, Ահարոն Մովսիսյանը, Հայկ Տեր-Սարկիսովը և շատ ուրիշներ։ Գրադարանը  ոչ միայն համալրվում էր  գրքերով, այլ նաև հարստանում էր պարբերական մամուլի հաշվին։ Տարեկան 40-50 անուն թերթ  և 180-200 անուն ամսագիր է մուտք գործել գրադարան։
Գրադարանը կրում էր Մաքսիմ Գորկու անունը և  մինչև 1961 թվականն ընդամենը ուներ աբոնեմենտի, ընթերցասրահի և շրջիկ գրադարանների բաժիններ։ Այն տեղավորված էր Լենինի (այժմ՝ Վ.Սարգսյան) պողոտայի վրա գտնվող մի անհարմար շենքում։ 1961 թվականին գրադարանին տրամադրվեց մի նոր հարմարավետ շենք Կիրովի փողոցի վրա (ներկայումս՝ Ազատամարտիկների թիվ 3)։
 Գրադարանային ֆոնդն ուներ լուսավոր ընթերցասրահ, համալրման և մշակման, տեղեկատու-մատենագիտական և երկրագիտական, մեթոդական և մասսայական միջոցառումների բաժիններ։ Նոր շենք ստանալու կապակցությամբ աշխատողների թիվն ավելացել էր՝ 12-ից հասցնելով 31-ի։ Դա ընթերցողներին հնարավորություն էր տալիս գրադարանային ֆոնդերից օգտվել առավոտյան ժամը    10-ից մինչև երեկոյան ժամը 9-ը։ Այսինքն՝ գրադարանն աշխատում էր երկու հերթափոխով։ 
Բնակչության գրքային սպասարկման մի նոր ձև էին շրջիկ գրադարանները։ Մարզի գյուղերում, հիմնարկ¬ձեռնարկություններում, թաղամասերում գործում էին 30 շրջիկ կետեր, որոնցում ընթերցողների թիվը կազմում էր մոտ 2000։ Միայն մեկ  տարվա ընթացքում շրջիկներում վերցրած գրքերի քանակը կազմում էր 50000 կտոր։
1952 թվականից ( մինչև 1991թ.) գրադարանի սպասարկման լավագույն ձևերից մեկը համարվում էր միջգրադարանային աբոնեմենտը։ Գրադարանը կապեր էր հաստատել Մոսկվայի Լենինի  անվան պետական գրադարանի, Երևանի Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանի, Բաքվի, Թբիլիսիի հանրապետական գրադարանների, Խորհրդային Միության այլ քաղաքների գրադարանների հետ, որտեղից    ընթերցողների պահանջով տարեկան ստացվում էր 300-ից ավելի գիրք։
Գրադարանի տեղեկատու-մատենագիտական և երկրագիտական բաժինը ստեղծվել է 1960 թվականին, թեև տեղեկատու-մատենագիտական, ինչպես նաև երկրագիտական աշխատանքը կատարվում էր ավելի շուտ (դեռևս 57-ից)։ Այս բաժնի աշխատանքը ճիշտ հունի վրա դնելու համար աշխատողները նախապես ուսումնասիրել են այդ բնագավառում միության մի շարք առաջավոր գրադարանների աշխատանքի փորձը։ Այստեղ  հավաքվում էր տեղեկատու, երկրագիտական գրականություն, կազմվում էին մատենագիտական, երաշխավորական ցանկեր։ Ստեղծվում էին կարգային, թեմատիկ, երկրագիտական քարտարաններ։ Համամիութենական և հանրապետական գրապալատներից ստացվող տպագիր քարտերը նպաստեցին գրադարանի քարտարանների համալրմանը։ 
Գրադարանը մեթոդական կենտրոն էր համարվում շրջանային և գյուղական գրադարանների համար։     Նրա  մասնագետները գործուղվում էին շրջկենտրոններ, ինչպես նաև գյուղեր՝ տեղում փորձուսուցողական օգնություն ցույց տալու գրադարանային աշխատողներին։
Գրադարանային աշխատողների մասնագիտական մակարդակի բարձրացման, նրանց որակավորման հարցերով զբաղվում էր կուլտուրայի մարզային  վարչությունը։ Այն գրադարանային աշխատողներին, ովքեր  չունեին բարձրագույն կրթություն, երաշխավորում էին  հեռակա  կարգով սովորելու Երևանի և այլ քաղաքների բուհերի գրադարանագիտության բաժիններում։
Պաշտոնական փաստաթղթերի բացակայության պատճառով գրադարանի առաջին տնօրենի մասին տեղեկություններ չկան, սակայն ժամանակակիցների վկայությամբ՝ գրադարանի վարիչ է եղել ժամանակի ակտիվ կանանցից մեկը՝ մանկավարժ Աշխեն Չալյանը։
1952-1953թթ. գրադարանը ղեկավարել է Հասմիկ Իսախանյանը։    1953-72թթ.  գրադարանի տնօրենն էր մշակույթի վաստակավոր գործիչ Սուրեն Կարապետյանը, ում ղեկավարման տարիներին գրադարանը վերելք ապրեց։  Այդ  տարիներին գրադարանն ունեցավ նոր շենք, նոր բաժիններ, գրադարանային եռուն աշխատանք, աշխատողների թվի կրկնակի ավելացում, երկու հերթափոխով  ընթերցողների սպասարկում, բազմաթիվ հանդիպումներ շատ նշանավոր մարդկանց հետ և այլն։ 1962թ. Սուրեն Կարապետյանը հրատարակել է ՙԼեռնային Ղարաբաղի  Մաքսիմ Գորկու անվան մարզային գրադարանում՚ գրքույկը։
1972-74թթ. գրադարանի տնօրենն էր Ժան Անդրյանը, ով գրադարանի աշխատողների հիշողության մեջ մնացել էր որպես բարության տիպար։ Կարճ ժամանակով՝ 1974-75թթ. և 1975-76թթ. գրադարանը տնօրինել են Արկադի Թովմասյանն ու Ռոբերտ Ավանեսյանը։ 
1976-86թթ.  տնօրեն է դառնում գրադարանի ակտիվ աշխատողներից մեկը, մատենագիտական բաժնի հիմնադիր Ռիմա Ջաբյանը։ 
1986թվականից առայսօր գրադարանի տնօրենն է Կարինե Հայրապետյանը։ Նրա ամբողջ կյանքն անցել է գրադարանում։ Մայրը՝ գրադարանավարուհի Արֆենյա Այվազյանը, գրադարանի լավագույն աշխատողներից էր։ Կարինե Հայրապետյանը դեռ մանկուց հաճախակի էր լինում գրադարանում,  մասնակից էր գրադարանում կատարվող աշխատանքներին։ 1974 թվականից աշխատում է գրադարանում, զուգահեռաբար ավարտել է Մոսկվայի կուլտուրայի ինստիտուտի գրադարանագիտության բաժինը։ 
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի սեպտեմբերի 23-ի հրամանագրով գրադարանային ոլորտի գործում երկարամյա բեղմնավոր աշխատանքի համար ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել գրադարանի տնօրեն Կարինե Հայրապետյանին և նույն գրադարանի նախկին աշխատող, գրադարանային գործի մասնագետ, կենսաթոշակառու Իզաբելա Ստեփանյանին։  
Այսօր, 90 տարվա բարձունքից մենք երախտագիտությամբ ենք հիշում մարզային գրադարանի առաջին կազմակերպիչներին ու աշխատողներին։ Գրադարանի համար  աշխատանք են տարել  երկարամյա  վաստակ  ունեցող  Հասմիկ Իսախանյանը, Նորա Հարությունյանը, Սիրան Ղուկասյանը, Ռոզա Ավետիսյանը, Իզաբելա Ստեփանյանը, Ռիմա Հովհաննիսյանը, Ռոզա Ղազարյանը, Արֆենյա Այվազյանը, Էմմա Ղարաբեկյանը, Ամալյա Թովմասյանը, Ռայա Հարությունյանը, Բելա Հակոբյանը և ուրիշներ։
1989-ից գրադարանը կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը։
Գրադարանի աշխատանքը դանդաղեց Արցախյան գոյամարտի տարիներին։ Այդ ընթացքում գրադարանը մերթ բացվում էր, մերթ փակվում՝ ելնելով  իրավիճակից։ Իհարկե, ինչպես շատ հիմնարկներ, հանրապետական  գրադարանի շենքը ևս տուժել է արկերի բեկորներից։ Անհրաժեշտ ջերմաստիճանի չպահպանման հետևանքով բազմաթիվ գրքեր և պարբերական մամուլ  փչացել են։
Սակայն 1994թ. հրադադարի հաստատումից հետո գրադարանն աստիճանաբար վերականգնվեց, աշխատանքը մտավ բնականոն հունի մեջ։
Այժմ չկան շրջիկները, միջգրադարանային աբոնեմենտը, և թեև խորհրդային ժամանակաշրջանին համեմատ քիչ են գրքեր մուտք գործում գրադարան, հիմնարկի  աշխատողները ջանք չեն խնայում ընթերցողների պահանջները բավարարելու համար՝ լինի դա գրքեր, թե պարբերական մամուլ, որը գրադարանում պահպանվում է դեռևս 1930-ական թվականներից։
Այսօր, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման  դարաշրջանում, երբ ընթերցողների մի մասը գիրքը փոխարինել է համացանցով, այնուամենայնիվ, դեռ շատ-շատերի համար է գրադարանը համարվում ներշնչանքի աղբյուր, և նախապատվությունը տրվում է գրքի հետ անմիջական շփվելուն։ Շուտով գրադարանում կգործի համակարգչային ընթերցասրահը, որի ստեղծմանը նպաստել է ամերիկահայ բարերար, արմատներով ղարաբաղցի (Բաքվից գաղթած) Էլեոնորա Բալասանյանը։ Նրա մեծագույն ցանկությունն էր, որ իր համերկրացիներն ունենան տեխնիկապես հագեցած գրադարաններ։
2009 թվականից գրադարանավարներն ունեցան իրենց տոն օրը՝ հոկտեմբերի 7-ը։ Դա համարվում է գրադարանային աշխատանքի գնահատման մի վկայություն ևս։
Գրադարանն այսօր էլ ձգտում է պահպանել նախկինում ստեղծված լավագույն ավանդույթները, միաժամանակ քայլելով ժամանակին համընթաց։
 
Կարինե ՍԱՐԳՍՅԱՆ
Տեղեկատու¬մատենագիտական բաժնի վարիչ