[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ ՄԱՐՏՈՒՆՈՒՄ

_mbshamart_Martunium_1_.JPGՀոկտեմբերի 4-5-ը Մարտունու մարզահամալիրում առաջին անգամ անցկացվեց ԼՂՀ պատանիների ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար՝ նվիրված զոհված ազատամարտիկ-ըմբշամարտիկների հիշատակին։
ԼՂՀ ազատ ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ կազմակերպված այս միջոցառմանը մասնակցում էին հանրապետության 1998-2000թթ. ծնված և փոքր տարիքի ուժեղագույն 104 մարզիկներ։ Արդեն ավանդույթ դարձած միջոցառմանը 12 քաշային կարգերում պայքարում էին Ստեփանակերտ քաղաքի և Մարտունու, Մարտակերտի, Հադրութի շրջանների ըմբշամարտի հավաքական թիմերի  ներկայացուցիչներ։ 
Մրցաշարն անցավ համառ ու անզիջում պայքարում։
Ընդհանուր առմամբ, 48 մրցանակային տեղերից 18-ը գրավել է Մարտունու հավաքական թիմը։
Տարբեր քաշային կարգերում առաջին պատվավոր տեղերը նվաճեցին Արտակ Գրիգորյանը (23կգ, Մարտակերտ), Գոռ Գրիգորյանը (26կգ, Մարտակերտ), Էդուարդ Պողոսյանը (29կգ, Մարտակերտ), Բորիս Առստամյանը (32կգ, Ստեփանակերտ), Գարիկ Ներսիսյանը (35կգ, Մարտակերտ), Հունան Մանվելյանը (38կգ, Մարտակերտ), Վարդան Դանիելյանը (42կգ, Մարտակերտ), Գևորգ Գասպարյանը (46կգ, Մարտունի), Արթուր Միրզոյանը (50կգ, Մարտակերտ), Արծրուն Ավագիմյանը (54կգ, Ստեփանակերտ), Միհրան Ասրյանը և Էդուարդ Ղարայանը (58կգ, Ստեփանակերտ)։ .
Մրցանակային տեղեր գրաված մարզիկները ԼՂՀ ազատ ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Միրզոյանի կողմից պարգևատրվեցին համապատասխան հավաստագրերով։ Առաջին տեղեր գրաված վերոնշյալ մարզիկներն արժանացան նաև դրամական պարգևների։
Մրցաշարի նախապատրաստման, անցկացման և սպասարկման ողջ պատասխանատվությունը  Մարտունու մանկապատանեկան մարզադպրոցի վրա էր։ Տնօրեն Վլադիմիր Ղահրամանյանը գոհ է միջոցառման կազմակերպվածությունից ու գրանցված արդյունքներից։ Բարձր գնահատվեց մրցավարական կազմի անկողմնակալ, անաչառ վերաբերմունքը։ Ըստ նրա՝ նկատելի է, որ մեծացել է մրցակցությունը թիմերի միջև։ Ողջունելի համարվեց այն, որ մեր մարզիչներն աշխատում են ուժերի գերլարումով, ձգտում են եղած հնարավորությունների սահմաններում լավագույն մարզիկներ պատրաստել։ 
- Նման մրցաշարերը մեր մարզիկներին ավելի փորձառու, ավելի նպատակասլաց են դարձնում։ Մեր նպատակն էլ հենց դա է՝ դաստիարակել ֆիզիկապես առողջ սերունդ, կոփված, հայրենասեր ու մարդասեր երիտասարդներ, որ միշտ պատրաստ լինեն պաշտպանելու հայրենիքը, վառ պահելու զոհված ազատամարտիկների հիշատակը,- նշեց Վ. Ղահրամանյանը։
 
Արմինե  ԴԱՆԻԵԼՅԱՆ
ք. Մարտունի