[ARM]     [RUS]     [ENG]

ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ ԷՐ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ

1072.jpgՈւսուցչի տոնի կապակցությամբ հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկավ Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանը. ուսանողները համալսարանում  հյուրընկալեցին վաստակաշատ մանկավարժ, Արցախյան շարժման ակտիվ մասնակից, Աշանի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Էմիլ Բալայանին։ 
Մաթեմատիկայի դասը վարում էր անվանի մանկավարժը, իսկ ունկնդիրները  համալսարանին կից գործող քոլեջի ուսանողներն էին։ Ներկա էին նաեւ համալսարանի դասախոսներ։ 
Ներկաները համակ ուշադրությամբ էին լսում Էմիլ Բալայանին, ով դասն արդյունավետ անցկացնելու համար համադրում էր տարբեր մեթոդներ եւ հնարներ։
Ապա բովանդակալից զրույց ծավալվեց ներկաների և Է. Բալայանի միջեւ։
-Ձեր նպատակասլացությամբ եւ հայրենասիրությամբ արժանի եղեք ձեր հայրերին ու պապերին, ովքեր կերտել են մեր անկախ պետականությունը,-դիմելով ներկաներին՝ ասաց Է. Բալայանը,- անկախությունն ու ազատությունը ամենավեհն են աշխարհում, իսկ հայրենիքը բացարձակ արժեք է։ Դուք պետք է առաջին հերթին լինեք հայրենասեր եւ հայրենապաշտ։
Է. Բալայանը հուշեր պատմեց այն օրերից, երբ Ղարաբաղյան շարժման տարիներին գտնվում էր Շուշիի բանտում։ Պատմեց, թե ինչպես էր բանտի պատերի ներսում լսում ազերիների հրճվանքն ու ուրախությունը, երբ հերթական անգամ Շուշիի բարձունքից հրետակոծում էին մայրաքաղաքը։ 
- Մուալլում, ձեր Ստեփանակերտը չկա, արդեն ավերել ենք, վերջացել է,- հերթական հրետակոծությունից հետո բանտախուց էր մտնում թուրք բանտապահն ու հրճվանքով սրտակեղեք բոթը բերում,- հիշում է նա։
Է. Բալայանի խոսքով՝ այդ լուրն ավելի ծանր էր ու սարսափազդու, քան բանտային կտտանքներն ու տանջանքները։ Բայց, երբ նրան փոխանակեցին եւ, ազատվելով ադրբեջանական բանտից՝ տեսավ, որ հերոսական  Ստեփանակերտը կանգուն է, ասում է՝ ՙԵրեւի կյանքումս այդպիսի ուրախություն ապրած չկամ։ Այդ պահին այդ զգացողությունն անբացատրելի էր՚։ 
- Այսօր մենք ունենք անկախ պետականություն, ծաղկող ու օրեցօր բարգավաճող երկիր։ Այս երկրի հողը մեր եղբայրների, հարազատների արյամբ է ներծծված։ Մենք իրավունք չունենք անտարբեր լինելու մեր երկրի հանդեպ։ Այսօր հեշտությամբ փող վաստակելու համար շատերը լքում են իրենց ծննդավայրը, երկիրը՝ մոռանալով, թե ինչ գնով ենք հասել այն ամենին, ինչ այսօր ունենք՝ անկախ պետություն։ Դա յուրովի դավաճանություն կարելի է համարել։ Մենք պետք է տեր կանգնենք մեր հողին, ստեղծենք մեր ապահով ներկան, որ մեր վաղվա օրն ավելի ապահով լինի եւ հուսալի, -ասաց է. Բալայանը։
Համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Հակոբյանը բարձր գնահատեց հանդիպումը վաստակավոր մանկավարժի հետ։ Արժեւորելով Էմիլ Բալայանի մասնագիտական եւ մարդկային որակները, նա նշեց, որ Է. Բալայանը մեր հանրապետության այն եզակի անհատներից է, ով ապրում է իր ժողովրդի հոգսով։ Ժողովրդի հոգսը նրա հոգսն է։ Լինելով  լավ մասնագետ՝ տարիներ շարունակ կրթել ու դաստիարակել է բազում սերունդներ։ Այսօր էլ մեծ նվիրումով է շարունակում կատարել ուսուցչի պատվաբեր առաքելությունը՝ իր սաների մեջ գիտելիքի հետ միաժամանակ սերմանելով հայրենապաշտություն եւ  հայրենասիրություն։
Համալսարանի կողմից Վ. Հակոբյանը նվեր հանձնեց Է. Բալայանին եւ նշեց, որ նման հանդիպումները կարեւոր են ուսանողության համար։ 
 
Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ