[ARM]     [RUS]     [ENG]

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ

Մեսրոպ Մաշտոցի անվան  հանրապետական  գրադարանում  Գրադարանավարի օրը՝ հոկտեմբերի  7-ը, նշվեց  հանրապետության  շրջկենտրոններից  հրավիրված  գրադարանային  աշխատողների  մասնակցությամբ։ Գրադարանի տնօրեն Կարինե  Հայրապետյանը, բացելով միջոցառումը, ասաց, որ օրը կրկնակի տոն է, քանի որ  գրադարանն  ամերիկահայ բարերար  Էլեոնորա  Բալասանյանի և ԼՂՀ մշակույթի  և  երիտասարդության հարցերի նախարար  Նարինե  Աղաբալյանի  անմիջական  աջակցությամբ  նվեր է ստացել համակարգիչներ, որով  կահավորվել է  առանձին սրահ։
Ն. Աղաբալյանը  մասնագիտական  տոնի և  համակարգչային սրահի  բացման  առիթով կարևորեց  գրքի և  գրականության նշանակությունը մատաղ  սերնդի դաստիարակության գործում, ընդգծեց  գրադարանների և գրադարանավարների՝ մշակութային դաշտում ունեցած առաքելությունը։  Նախարարը նշեց, որ Է. Բալասանյանն իր համեստ  եկամուտներից  է մաս հատկացրել Արցախի գրադարանների ՙվերազինմանը՚, ժամանակակից  տեխնիկական  միջոցներով հագեցվածությանը, և  այսօր  արդեն  համակարգիչներ ունեն  Մուրացանի անվան  քաղաքային  գրադարանը,  հանրապետականը, Հովհ. Թումանյանի անվան մանկական գրադարանը։ Գրադարանային  գործի բարելավման աշխատանքները շարունակվելու են, հատկապես շենքային պայմանների առումով։  Նախարարը  տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում են նաև վերապատրաստման  դասընթացներ գրադարանի  աշխատողների համար, ընդգծեց այն փաստը, որ այս ոլորտը գտնվում է  Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում, մատնանշեց ԼՂՀ Նախագահի հրամանագիրը Կ. Հայրապետյանին, Մ. Խաչատրյանին, Վ. Միքայելյանին ԼՂՀ  մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին փաստը։ Այնուհետև Ն. Աղաբալյանը  նախարարության պատվոգրեր և հուշանվերներ հանձնեց գրադարանային  գործում աչքի ընկած  մի խումբ գրադարանավարների։ 
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ  մարդուն  կրթելու, դաստիարակելու լավագույն  միջոցը գիրքն ու  գրականությունն է, որ ուրախալի է  ժամանակակից տեխնոլոգիաների մուտքը նաև այս ոլորտը, որ  գրադարանի աշխատողների  անելիքները  շատ-շատ են մատաղ սերնդին  գիրքը, ընթերցանությունը  սիրել տալու  գործում։ 
Հանրապետական գրադարանի մեթոդիստ  Նաիրա  Դադայանը հավաքվածներին  ներկայացրեց  մշակույթի օջախի հակիրճ պատմությունը՝ տալով այն  երախտավորների  անունները, ովքեր երկար  տարիներ և մեծ  նվիրումով աշխատել են  այստեղ։ 
Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի  գրական մասի վարիչ Կարինե Ալավերդյանը ողջույնի խոսքում հայտնեց իր ուրախությունը գրադարանավարի մասնագիտական տոն ունենալու առթիվ, նշեց որ գրքերը մարդկային հիշողություններ են,  սերունդներն իրար կապող օղակ, հոգևոր լույսի ջահակիրներ, և գրադարանի աշխատողները պետք է այսօր վերանայեն իրենց մասնագիտական կարողությունները, նոր միջոցներ փնտրեն ու գտնեն  ընթերցողին գրքին մոտեցնելու, գիրքը հասցեատիրոջը հասցնելու համար։ Այսօր գրադարաններում գրքի հանդեպ  սերն ու պաշտամունքը վերակենդանացնելու, մշակույթի աշխատողի հանդեպ վերաբերմունքը փոխելու խնդիր կա, ասաց բանախոսը, ապա ներկա գրադարանավարներին նվիրեց իր մոր՝ Քնար Սուլեյմանյանի, վերջերս լույս տեսած    գիրքը։
Բերձորի  քաղաքային  գրադարանի տնօրեն Սոնա Հովեյանը, Մարտունու կենտրոնական  գրադարանի տնօրեն Ռիտա Գևորգյանը, Հովհ. Թումանյանի անվան մանկական գրադարանի տնօրեն Նաիրա  Աղաջանյանը, Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը, Ե. Չարենցի անվան թիվ 7 դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Վերա Խաչատրյանը խոսեցին նաև գրադարանային գործում  առկա խնդիրների մասին։ 
Մայրաքաղաքի թիվ 7 դպրոցի սաներն օրվա առթիվ ներկաներին ողջունեցին գրական մոնտաժով։ 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ