[ARM]     [RUS]     [ENG]

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ՝ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Բազմիցս ասվել է, որ մեր երկիրը չունի այնպիսի բնական պաշարներ (նավթ, գազ), որոնք մեծ գումարներ են բերում: Փոխարենը հայ ազգն օժտված է ինտելեկտուալ մեծ ներուժով, մի բան, որով առաջ է գնում քաղաքակիրթ աշխարհը: Խնդիրն այն է, որ այդ ներուժը ճիշտ օգտագործվի, պայմաններ ստեղծվեն նրա բացահայտման և ուղղորդման համար: Այսօր ամբողջ աշխարհը զարգանում է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ)  ուղղությամբ, որի հիմքում բարձր ինտելեկտն է, առավելապես` բնագիտամաթեմատիկական ուղղությամբ զարգացածությունը: 
ՙ168 ժամ՚ թերթին տված հարցազրույցում ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գևորգյանը, ով վերջերս մասնակցել է Հարավային Կորեայում տեղի ունեցած Մաթեմատիկայի միջազգային կոնգրեսին, ասել է. ՙՉզարմանաք, սակայն մաթեմատիկան, որին անգամ Հայաստանի գիտության չափանիշներով շատ քիչ գումարներ են հատկացվում, մեր երկրի տնտեսության մեջ ունի ամենածանրակշիռ ներդրումը: Նկատի ունեմ նախ ՏՏ ոլորտի հիմնարկները, որոնք մաթեմատիկական կրթության արդյունք են և պետական բյուջե մուծում են գրեթե նույնքան հարկ, որքան ողջ հանքարդյունաբերության ոլորտը: Այսօր ՏՏ ոլորտն ունի բարձր վարձատրվող կադրերի խիստ պակաս: Եթե ներդրումներ արվեն մաթեմատիկայի, ֆիզիկայի և առհասարակ բնագիտության ոլորտներում, ապա առավելագույնը 5 տարում հնարավոր կլինի ուժեղացնել ՏՏ և բարձր ճարտարագիտութան ոլորտը, ինչն էապես կմեծացնի բյուջեի մուտքերը՚: 
Ի՞նչ ծրագրեր ունի ԼՂՀ կառավարությունն այդ ուղղությամբ. պատասխանելով այս հարցին՝ վերջերս Արցախի պետական համալսարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ասել է, որ բարձր տեխնոլոգիաները զարգացնելու համար նախ պետք է ունենալ նորմալ կրթություն: Այս առումով դպրոցներում փորձում են սկսել ամենացածր տարիքից: Ինչպես հայտնի է, գործում է ՆՈՒՌ ծրագիրը,  Ստեփանակերտում, Շուշիում համակարգիչներ են տրամադրվում 1-4-րդ դասարաններում սովորողներին: Նպատակն է, որ երեխաները մանկուց սովորեն  և հմտանան: Երկրորդ՝ ջանքեր են գործադրվում զարգացնել  ինտերնետը, և խնդիր է դրված ՙՂարաբաղ Տելեկոմի՚-ի առաջ, որպեսզի կարճ ժամանակահատվածում Արցախում, սկզբից խոշոր, հետո՝ բոլոր բնակավայրերում ապահովել նորմալ ինտերնետային կապ: Երրորդ` շուտով մենք կունենաք ՙԹումո՚ կենտրոն` երեխաների զարգացման համար: Նշենք, որ ՙԹումո՚-ն  այսօր գործում է Երևանում: Այդ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը յուրատեսակ հաստատություն է 12-18 տարեկան բոլոր երեխաների համար, ովքեր մեծ հետաքրքրություն ունեն ՏՏ¬ի հանդեպ, ունեն տեխնիկական հակումներ: Կենտրոնի նպատակն է երեխաներին տրամադրել յուրատեսակ ուսումնական փորձառություն: Կենտրոնը երեխաներին օգնում է ընդլայնելու իրենց մտահորիզոնը: Ստացած գիտելիքները նրանց համար երաշխավորում են խոստումնալից ու հաջող ապագա: 
ԼՂՀ վարչապետն ասաց, որ ինքը տեսել է, թե ինչպես է ազդում երեխաների զարգացածության վրա այդ կենտրոնը, որը, երեխաներին կապելով համակարգչին` ոչ թե հիվանդացնում է նրանց, ինչպես շատերն են կարծում, այլ քարոզում է առողջ ապրելակերպ, դաստիարակվածություն:
Ստեփանակերտում սկսված են նման կենտրոնի ստեղծման աշխատանքները: Սկզբում այն կգործի մայրաքաղաքում, այնուհետև`շրջկենտրոններում: Դասընթացները վարելու կգան բարձրակարգ  մասնագետներ:
Բացի այդ, Ստեփանակերտի նախկին կահույքի ֆաբրիկայի շենքը վերանորգվում և  տրամադրվելու է ՏՏ ուղղության ընկերություններին, որտեղ դարձյալ վարելու են դասընթացներ: ՙԱյսինքն` մենք կարևորում ենք այդ ուղղությունը, և եթե լինում են դրսում սովորել ցանկացողներ, այս ուղղությունը մրցույթից դուրս է՚,-ասաց Ա. Հարությունյանը` հավելելով, որ  բարձր տեխնոլոգիաներին, մեր երկրի հետագա  զարգացման առումով, կարևոր տեղ են տրվում, և ՏՏ  զարգացման համար ստեղծված է հիմնադրամ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն  ինքը՝ վարչապետն է:
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ