[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ

navoyan1.jpgԻնչպես տեղեկացրել ենք, երեք օր շարունակ` սեպտեմբերի 16-18-ը, Երևանում, Նարեկացի արվեստների միությունում և այդ կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցան 20-րդ դարի վերջի և 21-րդ դարասկզբի աշխարհաճանաչ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կյանքի և ստեղծագործության մասին դասախոսություններ` նվիրված կոմպոզիտորի ծննդյան 75-ամյակին։ 
Այս միջոցառումները հրաշալի առիթ դարձան զրուցելու երրորդ օրվա բանախոս, հայտնի երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մհեր ՆԱՎՈՅԱՆԻ հետ ինչպես Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական կյանքի, այնպես էլ հայ կոմպոզիտորական արվեստում տեղ գտած նրա սերնդակիցների և ընդհանրապես, հայ երաժշտարվեստի, նրա արդի վիճակի, ավանդույթների մասին:
-Պարոն Նավոյան, փորձենք ի մի բերել Ձեր ելույթը: Մանսուրյան և հայ երաժշարվեստ. ի՞նչ  հարաբերությունների մեջ են այս երկու երևույթները:
- Մանսուրյանն այն միակն է, ում հետ կապված այս հարցը թերևս ամենաքիչը կարող է զրույցի նյութ դառնալ, որովհետև ուղնուծուծով հայ մարդ և հայ արվեստագետ է, հազար կապով կապված հայ արվեստի ամենատարբեր ոլորտնորին: Այլ հարց է, երբ մենք ինքներս ենք փորձում մեզ համար պարզել, թե կապերն ինչպիսին են և ինչ դրսևորումներ կարող են ունենալ, ինչպես կարող են գիտակցվել: Մյուս կողմից` Մանսուրյանը որքան ազգային, այնքան էլ համաշխարհային մշակույթի իրողություն է իր մեջ ներառել: Այս դեպքում, իհարկե, անհրաժեշտ է տեսնել, թե այդ համաշխարհայինն  ինչպես է համադրվում ազգայինին, ինչ համաձուլվածք է առաջացնում կոնկրետ գեղարվեստական արտադրանքի տեսքով: Առաջին հերթին պետք է ասել, որ 60-ական թվականների սերնդի առաջնորդ համարվող Մանսուրյանն ասպարեզ իջավ հենց այդպիսին՝ որպես առաջնորդ ավանգարդիզմի դիրքերից: Այն, որ ավանգարդի տարբեր կարգի արծարծումներ մեզանում կային, իհարկե, անհերքելի է, բայց այդ տարիների երիտասարդությունն, այսպես ասենք, ավանգարդի ռադիկալ դիրքերից հանդես եկավ հենց Մանսուրյանի առաջնորդությամբ: Ըմդ որում, ՙռադիկալ՚ բառն օգտագործենք ոչ թե բացասական իմաստով, այլ շեշտելու ավանգարդիզմի մեջ դիրքորոշման բացարձակ դրսևորումը՝ առանց զեղչերի…
- Տարիներ անց, այնուամենայնիվ, նա հանգեց կոմպրոմիսային դիրքորոշման…
- Այո, հետո, ինչպես ինքն առաջին օրվա իր ելույթում նշեց, երբ ստեղծեց հայրենները Քուչակի տեքստերով, իր խմբակի ընկերներից մեկն ասաց, որ դա կոմպրոմիսային երաժշտություն է: Պետք է ասեմ, որ դա ոչ թե վիրավորանքի, այլ գեղագիտական հայեցակետի հարց էր, որովհետև իր սերնդակիցներին հանկարծ թվաց, թե Մանսուրյանը զիջումներ է անում գեղարվեստական դիրքերից: Այնինչ, ըստ էության, համաշխարհային հոսանքների և զուտ ազգային իրականության մեջ որոշակի սինթեզում, համաձուլվածք էր տեղի ունենում: Դրսինը ներբերել տեղային առանցքների շուրջ` այն ազգային շերտի վրա նստեցնելու, արմատավորելու սկզբունքով, քանի որ նոր իրողությունների ստեղծման խնդիր էր լուծում Մանսուրյանը: Վերջին իր ստեղծագործություններում էլ նա ամենաառաջադեմ, ամենաարդիական լեզվամտածողությունն է կիրառում, բայց այնքան ազգային, որ կարող ենք մատնանշել ու ասել՝ սա այսինչ միջնադարյան հոգևոր երաժշտական կամ հայ երաժշտության մի այլ դարաշրջանին հատուկ դրսևորում է ձայնի կամ ձայնեղանակի տեսքով: Եվ ոչ միայն հայկական, այլև ամբողջ միջնադարյան ժամանակաշրջանի հոգևոր երաժշտության մեջ կիրառվող երգաձևերն ու տեքստերն են հնչում Մանսուրյանի երաժշտության մեջ: Մի հեղինակավոր ամերիկյան թերթում տված հարցազրույցում Մանսուրյանն ինքն է ասում. ՙԱյո, ես հենվում եմ իմ ազգային միջնադարյան և այլ ակունքների վրա և նույնքան համազոր Վեբեռնի, Բուլեզի նոր երաժշտությանը՚: Այս համաձուլվածքն է, որ մեզ համար հետաքրքիր է: Բայց հետաքրքիր է որպես ազգային իրողություն: Նրա արվեստը դիտարկելով ազգային երաժշտական մշակույթի, ազգային կոմպոզիտորական արվեստի օրինաչափ զարգացման տրամաբանությամբ, բնական և օրինաչափ եզրահանգման ենք գալիս. սա 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի հայ ազգային ակադեմիական (այս խոսքի լավագույն իմաստով) կոմպոզիտորական արվեստ է, այն էլ՝ խիստ արդիական: Խոսելով Մանսուրյանի և հայ ժամանակակից երաժշտարվեստի մասին, կարող ենք ասել, որ Մանսուրյանն այդ երաժշտարվեստի առաջատարն է, ամենահնչեղ անուններից մեկը` անգամ աշխարհում: Իսկ նրա ազդեցությունը հայ ժամանակակից կոմպոզիտորների վրա անհերքելի է: Եվ դա բնական երևույթ է: Հատկապես խմբերգային արվեստի բնագավառում: Մանսուրյանի անցած ճանապարհներն  օգտագործելի ճանապարհներ են: Բանուկ են դրանք: Այսօր էլ այդ ճամփեքով անցնողները շատ են: Սա շատ նորմալ, գեղեցիկ, հեռանկարային ընթացք է, որը մեր կոմպոզիտորական արվեստի համար հեռուներ է բացել: Որևէ մշակույթ չի կարող զարգանալ, եթե այն փակ է, արվարձանային, գետտոյական: Մեր մշակույթը՝ շնորհիվ այս կարգի մեծ կոմպոզիտորների, բաց է աշխարհի առջև: Կան շատ երիտասարդ կոմպոզիտորներ, որոնց ձեռքը, ինչպես ասում են, զարկերակի վրա է: Այլ հարց է, որ ոմանց հաջողվում է այդ նորարարությունը վերաիմաստավորել հենց ազգային, հայ մարդու ընկալումների, հայ մարդու լսողական փորձի դիրքերից, ոմանց էլ չի հաջողվում: Մանսուրյանը  չափանմուշն է այսօրվա արդիական արվեստում՝ ազգային լինելով, համամարդկային փորձի կիրառման տեսանկյունից:
- Դուք ասացիք, որ Մանսուրյանն իր սերնդակիցների լիդերն էր: Մի քիչ խոսենք իր սերնդակիցների, այն մթնոլորտի մասին, որ առաջ բերեց Մանսուրյանի նման մարդուն: Մեզանում այդ կոմպոզիտորները, կարծում եմ, նվազ ծանոթ, քիչ լսվող հեղինակներից են:
- Երբ ասում ենք լիդեր` դա չի նշանակում, որ մյուսները փոքր երևույթ են: Մանսուրյանը պարզապես գաղափարական առաջնորդն էր: Մանսուրյանն ինքն իր ելույթում տվեց այդ անունները՝ Աշոտ Զոհրաբյան, Մարտուն Իսրայելյան: Միասին են անցել կյանքի ճանապարհը, միասին ստեղծագործել։  Իր սերնդակից և հետո եկող շատ կոմպոզիտորներ անցան ավանգարդիզմի հունով: Ոմանք հետագայում ուրիշ ճանապարհ ընտրեցին, իսկ ոմանք մնացին ավանգարդիզմի շրջանակներում: Աշոտ Զոհրաբյանը հենց նույն ավանգարդում շատ ուրույն զարգացումներ ունեցավ: Այո, Հայաստանում հնչում են նրա ստեղծագործությունները, բայց դրսում` ավելի շատ: Նա հետաքրքիր է հենց արդիական երաժշտության բնագավառում: Նույնը կարող ենք ասել Մարտուն Իսրաելյանի մասին:
- Որքան հիշում եմ, Ավետ Տերտերյանն էլ է գրեթե այդ ժամանակաշրջանում ստեղծագործական վերելք ապրել…
- Այո, թեկուզ ուղիղ տասը տարով մեծ է, բայց հենց այդ ժամանակաշրջանում սկսեց կատարել իր առաջին լուրջ քայլերը: Սակայն նշված խնբակի ծիրում չէր: Նա ուրիշ ընթացք ունեցավ, թեև էլի հայկական արդիական երաժշտության երևելի դեմքերից է, ով դարձյալ համաշխարհային ձևաչափի  երևույթ է, համաշխարային հնչողություն ունեցող հայ կոմպոզիտոր:
 - Այսինքն, ըստ էության, մի քանի խոշոր անուն կարելի է տալ ովքեր գործել են այդ ժամանակաշրջանում:
- Այո, այդ ժամանակաշրջանն առատ էր իր դրսևորումներով: Քիչ ավելի ուշ՝ 70-ականների վերջին և 80-ականների սկզբին ուրիշ կոմպոզիտորներ են իջնում ասպարեզ, դառնում անվանի հեղինակներ: Երվանդ Երկանյան… Արդիական երաժշտության լուրջ շերտավորում գոյացրած կոմպոզիտորներից մեկը, ով նույնպես ավանդական հիմքի վրա փայլուն գործեր ստեղծող հեղինակ է:
- ՙՏաղարան՚ համույթի առաջին ղեկավարներից… Երկու այդ սկզբունքների համադրումը փաստորեն արտացոլվեց ՙՏաղարանի՚ երկացանկում...
- Կարծում եմ, եթե չունենար ազգայինի և արդիականի օրգանական համադրման բանալին, նա չէր դառնա ՙՏաղարանի՚ ղեկավար: Ավելին ասեմ. պաշտոնապես չի գրանցվել, բայց մենք բոլորս գիտենք, որ Կոմիտասի հատորների վրա աշխատելիս մի շրջան Ռոբերտ Աթայանին օգնում էր հենց երիտասարդ Երվանդ Երկանյանը: Հենց էն գլխից ազգայինի և ամենաարդիականի համաձուլումը տեղ գտավ իր մեջ: Պետք է ասեմ, որ դա կոմիտասյան մեթոդիկան է, Կոմիտասի հիմնած ավանդույթը: Կոմիտասն ինքը հենց այդպիսին է: Նրա ստեղծագործությունը համաշխարհային արդիական և ազգային-ավանդական զարգացումների օրգանական համադրումն է: Գուցե պարադոքսալ է հնչում. ինչպե՞ս կարելի է  այսքան հակոտնյա հասկացությունները համաձուլել: Սակայն գեղարվեստական իրականությունն այն է, որ այս կարգի հակոտնյա երևույթները նա կարողացավ եզակիության բարձր արժեքի մեջ իրականացնել և դարձնել արվեստ:
- Այս օրգանական համաձուլումը շարունակող նոր հեղինակներ կա՞ն:
- Անուններ շատ կան: Նրանցից ոմանք արդեն հանգիստ փուլ են սկսում: Ոմանց մոտ էլ հեղափոխականությունը, հեղափոխական լարվածությունը դեռ թանձր են դրսևորված: Դեռ խմորման   պրոցեսն է գնում, որը մի քանի տարի անց իր կայուն ձևակերպումը կստանա: Երիտասարդ սերնդից ամենաշատը հնչում է Վաչե Շարաֆյանը: Ուրիշ հեղինակներ էլ կան. անուններ չտամ: Մեր իրականությամ մեջ կոմպոզիտորի ստեղծած հոգևոր արժեքի պակաս, փառք Աստծո, դեռ չունենք:
- Այսինքն, այն կարծիքը, որ հայ կոմպոզիտորական դպրոցը ճգնաժամ է ապրում, ճիշտ չէ՞:
- Ոչ, բացարձակապես համաձայն չեմ: Եթե այլ ոլորտների հետ համեմատենք, գուցե անունների այդ ընդգծվածությունը չկա: Բայց անուններ կան, պարզապես ժամանակներն են այդպիսին, որ անունները չեն ընդգծում:
- Ամփոփենք մեր զրույցը. Մանսուրյան, հայ երաժշտարվեստ և այսօրվա երաժշտական աշխարհը Հայաստանում:
- Եվրոպայում երկրներ կան, մեծ մշակույթ ունեցող ժողովուրդներ, որոնք, չեմ չափազանցնում, կնախանձեին երաժշտական այն հզոր ներուժին, որ ունի այս փոքրիկ երկիրը: Ըստ իս, սա քիչ բան չէ: Ե՜վ մեր մեծերի, և՜ երիտասարդների անունները դեռ առիթներ կունենան փայլելու, համաշխարհային գործընթացների առանցքային կետերի վրա հայտնվելու: Այո, Հայաստանը մեծ ներուժ ունի:
- Այսինքն` կոնսերվատորիան, չնայած իր խղճուկ վիճակին, չդադարեցրեց դարբնոց լինելու իր առաքելությունը:
- Այո, ֆինանսական, տնտեսական հարցերի մասին եթե խոսենք... Ավելի լավ է չխոսենք... Բայց այն, ինչ այսօր տալիս է կոնսերվատորիան, ոչ թե բավարար է, այլ լավ է, բարձր է իր գնահատելի չափանիշներով:
- Ի՞նչն է տալիս այդ բարձր որակը. բարձր գիտակցությո՞ւնը, թե՞ ամուր հիմնված դպրոցի իներցիան:
- Ե՜վ գիտակցությունը, և՜ դպրոցի ավանդույթները, բայց ոչ իներցիան: Եթե իներցիայի ուժով ընթանար, վաղուց պետք է դադարեցած լիներ իր գոյությունը: Հաջող զարգացման գործոնները մի քանիսն են: Ունենք լավ մասնագիտական բազա: Հասարակության մեջ ձգտումը, պահպանվող հարգանքն  ակադեմիական երաժշտության հանդեպ դեռ մեծ է: Երաժշտության մեծերն ազգի ինքնության համակարգում շատ պատվավոր տեղ ունեն: Հակառակն էլ կա, իհարկե, երաժիշտների կյանքը չի փայլում: Բայց Կոմիտասը դեռ համարվում է հայ ինքնության ամենաերևելի դեմքերից մեկը: Խաչատրյանն աշխարհում ամենահայտնի հայերից մեկն է: Բնականաբար, այս ամենը երաժիշտ մարդու վարկն է բարձրացնում, թեկուզ ենթագիտակցաբար: Իհարկե, ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկել` իրավիճակը փոխելու, այլապես քիչ-քիչ կենցաղն իր գործը կանի: Բայց այսօր նշածս գործոնները դեռ ապահովում են հայ երաժշտարվեստի զարգացման բնականոն ընթացքը:
 
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ