[ARM]     [RUS]     [ENG]

ՙՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ՚. ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

IMG_4352_1_.jpgՀոկտեմբերի 11-13-ը Ստեփանակերտում կազմակերպվել էր ՙՀավերժություն՚ խորագիրը կրող փողոցային արվեստի փառատոն, որին մասնակցել են երիտասարդ նկարիչներ ու կամավորներ: Այն նվիրվել է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: 
Ինչպես լինում է սովորաբար` այս անգամ ևս  փողոցային ցուցահանդեսի գործերը, բացի զուտ ստեղծագործական ինքնարտահայտման միջոց լինելուց, նաև քաղաքական իմաստ էին պարունակում. յոթ երիտասարդ նկարիչներ հասարակությանը ևս մեկ անգամ հիշեցրել են Մեծ եղեռնի մոտալուտ մեկդարյա տարելիցի մասին։ 
Մայրաքաղաքում առաջին անգամ իրականացված փառատոնի շրջանակներում Տիգրան Մեծի փողոցին հարող մի քանի շենքերի պատերին նկարիչները պատկերել են Հայոց մեծ եղեռնի նահատակ արվեստագետների դիմանկարներն ու նրանց ստեղծագործությունները խորհրդանշող պատկերները: Միջոցառումը նախաձեռնել է ՙԱրցախակերտում՚ հասարակական կազմակերպությունը` Երևանի ՙAwesome՚ հիմնադրամի և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:1889023_558856207548239_806895622145092242_o.jpg
Հոկտեմբերի 13-ին փառատոնի փակման արարողությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը, ՀԿ-ների ներկայացուցիչներ, արվեստասերներ: Վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը Ա. Հարությունյանին է ներկայացրել տեղեկություններ մտահղացման ու նրա իրագործման մասին: Վեց նկարիչ Հայաստանից են, մեկը` Արցախից, թերևս պատճառը հայաստանյան նկարիչների` նման միջոցառումների ավելի մեծ փորձն է: Նկարիչները փողոցի առաջին շենքի ամբողջ պատին նկարել են մեր հարատևության խորհրդանիշներից մեկը համարվող նռենին: Գործադիրի ղեկավարը ողջունել է  միջոցառման գաղափարը` հեղինակներին խորհուրդ տալով հետագայում նմանատիպ միջոցառումներում օգտագործել նաև մայրաքաղաքի կենտրոնական փողոցները: 
444.jpgՄԵՀ փոխնախարար Գ. Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նկարիչներին մեր մայրաքաղաքի համար բացառիկ գաղափարը կյանքի կոչելու, անշուք պատերին կյանք ու շունչ հաղորդելու համար: Նա նաև  համոզմունք է հայտնել, որ արվեստի այս տեսակը միանգամից մեծաքանակ հանդիսատեսների ուշադրությանն արժանանալու հիանալի միջոց է, որը լրացուցիչ ներկայացման կարիք չունի: Ըստ փոխնախարարի՝ փառատոնը կարևոր է ամենից առաջ ընտրված թեմատիկայով, և ցանկալի է, որ նման մտահղացումներ շատ լինեն: 
Միջոցառման ավարտին փառատոնի մասնակիցներն արտասանել են  արևմտահայ բանաստեղծների գործերից, հնչել է Կոմիտասի անզուգական երաժշտությունը:  
 
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ