Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Մոնսերատ ԿԱԲԱԼՅԵ. ՙԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉՈՒՆԻ՚

144.jpgԻնչպես տեղեկացրել ենք, կրկին մեր երկրում էր գտնվում աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն: Հիշեցնենք, կենդանի լեգենդ դարձած երգչուհին հոկտեմբերի 13-ին Ստեփանակերտի երաժշտական քոլեջի վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողության պատվավոր հյուրն էր: 
Նորոգված շենքի երգեցողության մասնագիտացված դասարանն անվանվեց երգչուհու անունով: Հետագայում, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հավաստմամբ, երգեցողության ամբողջ բաժինը կանվանվի Մոնսերատ Կաբալյեի անվամբ: 55.jpg
Հաջորդ օրը` հոկտեմբերի 14-ին, Մոնսերատ Կաբալյեի՝ Արցախ այցի կազմակերպիչները հրավիրեցին մամլո-ասուլիս: Ներկայացնելով երգչուհու անցյալ տարի Հայաստան և Արցախ կատարած ճանաչողական այցի, մեր երկրից ստացած տպավորությունների, ՙՀայաստան-Արցախ. քրիստոնեության կղզյակ՚ ալբոմի թողարկման շնորհանդեսի կապակցությամբ արված աշխատանքները, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը կարևորեց երգչուհու պատրաստակամությունն ու ցանկությունը՝ վերադառնալ Արցախ և զինադադարի հաստատման 20-ամյակի առթիվ Ստեփանակերտում հանդես գալ համերգային ծրագրով: ՙՈրպես բարի կամքի դեսպան՝ նա եկավ ծանոթանալու Արցախի հետ,- ասաց նախարարը:- Արդյունքում ստեղծվեց ՙՀայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ՚ ալբոմը, որում ներկայացված է երգչուհու երգերի վրա համադրված յոթ հայկական եկեղեցիների ու վանքերի պատմությունը: Ալբոմի շնորհանդեսը կայացավ Փարիզում 2013 թվականի դեկտեմբերին: Եվ հենց շնորհանդեսի ժամանակ էլ երգչուհին, ի պատասխան ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրավերի, խոստացավ, որ նորից կայցելի Արցախ՝  այս անգամ համերգով հանդես գալու համար՚: Իր նամակում ԼՂՀ Նախագահին նա մասնավորապես գրել էր, որ Արցախը որքա՛ն մեծ տպավորություն է թողել իր վրա. և՜ ժողովրդի ընդունելությունը, և՜ եկեղեցիները, ինչի շնորհիվ նրա մոտ ցանկություն առաջացավ նորից գալ և միասին տոնել զինադադարի 20-ամյակը: Եվ հենց իր նամակի տողերն են ընտրվել որպես համերգի խորագիր՝ ՙՀանուն խաղաղության և Արցախի բարգավաճման՚:
Երկրորդ այցը կազմակերպեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ Գարիկ Իսրայելյանի հետ համատեղ, ով հանդիսանում է ամբողջ ծրագրի համակարգողը: Իսկ ծրագիրը հնարավոր դարձավ իրականացնել շնորհիվ գլխավոր հովանավոր ՙConvers Bank՚ և հովանավոր ՙԱֆինա Պալադա՚ ընկերությունների, տեղեկացրեց նախարարը: Օգտվելով առիթից, նա շնորհակալություն հայտնեց այդ երկու ընկերություններին, քանի որ նման միջոցառումները շատ կարևոր են Արցախի համար: Նորից այցելելով Արցախ, Մոնսերատ Կաբալյեն հաստատեց, որ  իր համար չի կարող ուղենիշ լինել որևէ մեկի, առավել ևս Ադրբեջանի քաղաքական նկրտումները, և նա բարձր է կանգնած այդ ամենից և ազատ է իր ցանկությամբ, իր կամքով այցելելու, ճանաչելու, բարեկամներ ընտրելու հարցում: ՙԻսկապես, մեծ բարեկամության սկիզբ է դրվել,- հավաստիացնում է Ն. Աղաբալյանը:- Երեկ մենք եղել ենք Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում, որտեղ բացվեց Մոնսերատ Կաբալյեի անվան երգեցողության մասնագիտացված դասարան: Նախ` միայն երգչուհու անունն է մեծ հեղինակություն հաղորդում, և դա պարտավորություն է բոլոր այն մարդկանց համար, ովքեր պետք է դասավանդեն և սովորեն երգեցողության բաժնում: Այս ամենը նաև համագործակցության սկիզբ է՚: Մեծանուն երգչուհու օգնությամբ, նշեց նախարարը, մասնագետներ կհրավիրվեն Արցախ` վարպետության դասեր անցկացնելու համար, քանի որ նախարարության կողմից տրամադրվածություն, ինչպես և բոլոր նախադրյալները կան` Արցախում զարգացնելու օպերային արվեստը:
Նույն օրը երեկոյան Մոնսերատ Կաբալյեի, իր հետ ժամանած նրա դուստր Մոնսերատ Մարտիի, Ջորդի Գալանի, Ռիկարդո Էստրադայի հետ կայացած համատեղ համերգը Նարինե Աղաբալյանը համարեց որպես մեծ պարգև բոլոր արցախցիներին: ՙԿարծում եմ, այն կարձանագրվի մեր պատմության մեջ որպես կարևորագույն իրադարձություններից մեկը՚,- ասաց նախարարը:
Նախագծի համակարգող Գարիկ Իսրայելյանի հավաստմամբ՝ Մոնսերատ Կաբալյեի այս ծրագիրը պատահական չէր: Դեռ 2001 թվականին նա խոստովանել էր այցելել Հայաստան՝ Հռոմի Պապի հետ, բայց ինչ-ինչ պատճառներով չէր ստացվել ճանապարհորդությունը: Հետագայում, երբ առիթ ստեղծվեց, նա մեծ ուրախությամբ արձագանքեց, որ, այո, նա քրիստոնյա է և երազում է լինել այն երկրում, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Բացի այդ, տեղեկացնում է Գ. Իսրայելյանը, երգչուհին բազմաթիվ կապեր է ունեցել հայկական Սփյուռքի հետ, լավ ծանոթ է հայկական երաժշտությանը: Այսինքն՝ Մոնսերատ Կաբալյեի Հայաստան գալու մի քանի հիմքեր կային: Ծրագրի մեջ շատ մարդիկ մասնակցեցին, խոստովանում է նախագծի համակարգողը: Շատ կարևոր էր բարերար Էդուարդո Էռնեկյանի աջակցությունը, առանց որի երկրորդ այցը հնարավոր չէր լինի իրականացնել: Օգտվելով առիթից, նա շնորհակալություն հայտնեց մեծ բարերարին:
Անցյալ տարի Իսպանիա վերադառնալուց հետո, խոստովանում է Գ. Իսրայելյանը, Մոնսերատ Կաբալյեն վերահաստատեց իր քայլը.  ՙԱյո, ես չեմ փոշմանում, որ գնացի թե՜ Հայաստան, թե՜ Արցախ և այդ ամենը տեսա՚: Ընդհանրապես, նա բնավորության մի գիծ ունի. ինքը և նրա մեծության այլ արվեստագետներ համարում են, որ երաժշտությունը սահմաններ չունի` երկրներ, ազգեր չի ճանաչում, ցանկացած երաժիշտ կարող է հանդես գալ որտեղ էլ որ լինի: Նա շատ ուժեղ կին է և հավատարիմ իր սկզբունքներին: Իր երկրորդ այցով Հայաստան, Արցախ ապացուցեց՝ իր համար դա դժվար չէր կատարելը, իր սկզբունքներին հավատարիմ լինելը:
Իսկապես, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Մոնսերատ Կաբալյեի ներկայությունը, նրա ու նրա դուստր Մոնսերատ Մարտի, տենոր Ջորդի Գալանի  և դաշնակահար Ռիկարդո Էստրադայի մասնակցությամբ համերգն անհավատալի էր ու կատարված հրաշքի էր նմանվում: Օպերային արվեստի, պարզապես դասական երաժշտության սիրահարները սրտատրոփ սպասում էին աշխարհահռչակ երաժիշտների ամեն մի ելույթին: Ինչ խոսք, օպերային առաջին սոպրանոյի  նախկին հզոր ձայնը ժամանակի ընթացքում գուցե թե ինչ-որ չափով խամրել է, բայց ի՛նչ վարպետությամբ, ինչպիսի՛ հոգով էր նա կատարում ամեն մի երգը: Եվ ինչպիսի՛ վայելք էին ապրում հրապարակում այդ երեկո հավաքված մարդիկ: Աննման տպավորություններ...
Նշենք՝ համերգի ծրագրում հնչում էին արևմտաեվրոպական հայտնի կոմպոզիտորների` Վերդիի, Բիզեի, Պուչինիի, Գերշվինի, Բեռնստայնի սիրված օպերաներից, մյուզիկլներից ստեղծագործություններ` մեներգեր, դուետներ, իտալական և իսպանական երգեր: Համերգի բոլոր մասնակիցներն էլ հիանալի կերպով իրար լրացնում էին: Ծրագրի վերջում նրանք բոլորը միասին կատարեցին մեծն Կոմիտասի հանրահայտ ՙԿռունկը՚, որը մեծ խանդավառությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից:
Ինչպես նշեցինք, համերգը կայացավ ՙՀանուն խաղաղության և Արցախի բարգավաճման՚ խորագրով: Համերգին ներկա էին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից:
Երկրի ղեկավարը նշել է, որ Մոնսերատ Կաբալյեն արդեն իր ուրույն տեղն է զբաղեցնում Արցախի կյանքում և շոշափելի ներդրում ունի մեր մշակույթի զարգացման գործում։
Լավագույն սոպրանո, ՙբելկանտոյի՚ անզուգական վարպետ, Դիվա, Պրիմադոննա. ահա այս տիտղոսներով են մեծարում աշխարհում Մոնսերատ Կաբալյեին: Նրա անունը վաղուց դարձել է կատարելության, ինչպես և բարության խորհրդանիշ: Դեռ 1974 թվականից Մոնսերատ Կաբալյեն հանդիսանում է ՄԱԿ-ի պատվավոր և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան: Քրիստոնեության այս փոքրիկ կղզում բարձրարժեք արվեստով ներկայանալն իսկապես բացառիկ իրադարձություն էր, և ևս մեկ անգամ երախտագիտությամբ նշենք, մեծագույն պարգև երաժշտասեր հասարակության համար:
Եվս մեկ անգամ տեղեկացնենք, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հրաշալի այս համերգի գլխավոր հովանավորն է հայտնի բարերար Էդուարդո Էռնեկյանը` ի դեմս ՙConvers Bank՚-ի, ինչպես և իր շոշափելի ներդրումն ունի ՙԱֆինա Պալադա՚ ընկերությունը: 
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ