[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԻ ՕՐ ԷԼ ՈՉ ՄԻԱՅՆ ՀՈԳԻՍ, ԱՅԼԵՎ ՄԻՏՔՍ ԿԽՈՍԻ ՀԱՅԵՐԵՆ՚

65.jpgԻնչպես տեղեկացրել ենք, սեպտեմբերի 30-ին ՙԱրմենիա՚ հյուրանոցում տեղի ունեցավ ռուսագիր բանաստեղծ Նելլի Ավակովա-Գրիգորյանի բանաստեղծությունների` ՙԱրցախ, մեղեդիներն իմ` քեզ՚ ժողովածուի շնորհանդեսը: Հիշեցնենք, որ գրքում ներկայացված են անցյալ դարավերջին Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ իրագործված զանգվածային ոճրագործության հետևանքով հարյուր-հազարավոր հայրենակիցների հետ մեկտեղ բռնագաղթ ապրած ու տնավեր դարձած տարագիր հայուհու հոգեկան տվայտանքները:
Գրքի խմբագիրը, բանաստեղծությունների թարգմանիչը Միքայել Հաջյանն է: Ներկայացնենք որոշ դրվագներ Նելլի Ավակովա-Գրիգորյանի անցած ճանապարհից:
Ծնվել է 1949 թվականին, արմատներով արցախցի է: Ծնողները Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից են: Շուտով ընտանիքը տեղափոխվում է մարզկենտրոն Ստեփանակերտ: Նելլին Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 3 դպրոցից հետո ընդունվում է Բաքվի Ախունդովի անվան մանկավարժական ինստիտուտի գերմաներենի-ռուսերենի ֆակուլտետն ու ավարտում այն: 1989 թվականին նրա ընտանիքը կիսում է հազարավոր հայրենակիցների ճակատագիրը և տարագրվում Բաքվից: Գաղթից հետո ապրել է Հայաստանում, ապա` Ռուսաստանում, Ուկրաինայում: Իսկ 2004 թվականից բնակվում է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում:
Բանաստեղծություններ է գրում մանկական տարիներից: Երեք գրքերի հեղինակ է. ՙԱհ, կարոտախտ՚ (Մոսկվա` 2002թ.), ՙԱշնան տերևաթափ՚ (Մոսկվա` 2003թ.), ՙՔո կանգառը չէ՚ (Լոս Անջելես` 2006թ.): 2005-ին մասնակցել է ՙԼոս Անջելեսի ոսկե գրիչ՚ մրցանակաբաշխությանը և հաղթել  ՙԲանաստեղծություն՚ անվանակարգում: ՙԱրցախ, մեղեդիներն իմ` քեզ՚ բանաստեղծությունների ժողովածուն չորրորդն է և, բանաստեղծուհու խոստովանմամբ, նվիրված է մոր հիշատակին:
Ստորև ներկայացնում ենք Նելլի ԱՎԱԿՈՎԱ-
ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ հարցազրույցը:
-Տիկին Նելլի, համաձա՞յն եք այն կարծիքին, որ հայերը որտեղ էլ ապրեն, ինչ լեզվով էլ խոսեն` ռուսերեն, գերմաներեն, անգլերեն, միևնույն է, նրանց հոգին խոսում, երգում է հայերեն:
- Միանշանակ դա այդպես է: Ես տիրապետում եմ վեց լեզուների։ Հայերենն այն լեզուն է, որով երազել եմ  խոսել ազատ, գեղեցիկ, պատկերավոր: Այո, ես մեծացել եմ հայերենով: Ծնվել եմ Բաքվում: Մայրս Ղարաբաղից է: Հայրս էլ է Ղարաբաղից, բայց նրա ընտանիքը դեռ 20-րդ դարասկզբին է տեղափոխվել  Թիֆլիս, որտեղ էլ լավ կրթություն է ստացել: Այսպես, նա հրաշալի տիրապետում էր գրական հայերենին: Տանը Հովհաննես Թումանյանի մի հին ժողովածու կար: Նա ինձ համար հաճախ կարդում էր այդ ժողովածուից բանաստեղծություններ, պոեմներ, հեքիաթներ, պատմվածքներ: Մայրս ասում էր` երեխաների գլուխը մի տար, նրանք գրական հայերենը լավ չեն հասկանում: Հայրս էլ պատասխանում էր` ոչինչ, կարևորն այն է, որ նրանք ընկալեն մաքուր, զուլալ հայերեն լեզվի հոսքը, ճանաչեն հարազատ լեզվի հնչողությունը, որպեսզի այն օտար չմնա նրանց համար: Ես 7-րդ դասարանում էի սովորում, երբ տեղափոխվեցինք Ստեփանակերտ, և ուսումս շարունակեցի Գրիբոյեդովի անվան դպրոցում: Ամռան արձակուրդներին բոլոր երեխաները հանգստանում էին: Իսկ հայրս ասաց` արձակուրդներին պետք է Րաֆֆու ՙԽենթը՚ ամբողջությամբ հայերեն կարդաս: Շատ դժվար էր, երբեմն լացում էի, որ ընկերներիս հետ չեմ: Բայց, այնուամենայնիվ, կարդացի: Նա շատ հպարտացավ ինձնով: Հետո, երբ մեծացա, այս թոհուբոհով անցա, հասկացա, թե ինչքան էր նա ճիշտ, որ ձգտում էր մեզ սովորեցնել գրական հայերենը: Ես սկսել եմ գրել, կարդալ հայ գրականություն հայերենով: Երբ ֆեյսբուքյան իմ էջում, կարդալով իմ բանաստեղծությունները, ինձ հարցրին` գոնե հայերեն կարդալ գիտե՞ք, միանշանակ պատասխանեցի` ինչպե՞ս կարող եմ չիմանալ: Այդքան լեզուներ գիտեմ, հայերենը չիմանա՞մ: Վիրավորանք է դա ինձ համար: Ինչպես՞ կարելի է: Ես գերմաներենի դասատու եմ: Երբ Ամերիկայում հայտնվեցի, մի բառ անգամ  անգլերեն չգիտեի: Բայց որպեսզի այդ երկրի քաղաքացի դառնալու բոլոր քննությունները հանձնեմ, շատ կարճ ժամանակում սովորեցի լեզուն և այն հարյուր հարցերը՝ բավականին բարդ, որ ընդգրկվում էին քննական ծրագրերում: 
Ինչ էր ստացվում. եթե ես ընդունակ եմ այդքան հեշտ օտար լեզու սովորելու, ինչո՞ւ չեմ կարող իմ մայրենի լեզվին լավ տիրապետել: Ես չեմ հարգում այն մարդուն, ով իր լեզվով չի խոսում:
- Այդքան երկար ապրելով ԱՄՆ-ում, ինչպե՞ս եք դրսևորում Ձեզ օտար միջավայրում, երբ գրում եք ռուսերեն, բանաստեղծությունների ոգին էլ արտացոլվում է հայերեն:
- Այո, միջավայրն օտար է: Ես դրսևորում եմ ինձ այնքան, ինչքան կարողանում եմ բավարարել իմ պահանջմունքները` ոչ մեկի օգնությանը չդիմելով: Աշխատում եմ, թեկուզ թոշակառու եմ: Բարեկամներով միասնական ենք, իրար օգնության հասնող, սատարող:
- Այսինքն, այդ միջավայրը չխանգարեց Ձեզ ստեղծագործել այն լեզվով, որով սկսել եք Ձեր` բանաստեղծի ուղին:
- Ռուսերենը, ցավոք, իմ առաջին լեզուն է: Հայերենը գրեթե զուգահեռ է գնում: Սակայն մտածում եմ ռուսերեն: Միտքս ձևավորվում է ռուսերեն: Առաջ ռուսերենից թարգմանում էի հայերեն, որից հետո խոսում: Բայց այնքան եմ աշխատել ինձ վրա, որ զգում եմ` միտքս արդեն հայերեն է ստեղծվում: Արդեն ունեմ մի փորձ` հայերենով գրված բանաստեղծություն:
- Հավատո՞ւմ եք, որ կգա այն օրը, երբ Դուք ազատ ու անկաշկանդ, գեղեցիկ ու հարուստ հայերենով բանաստեղծություններ կգրեք` ոչնչով չզիջող ռուսերեն գրվածներից:
- Անշուշտ: Ես իմ մեջ զարգացնում եմ հայերենի իմացությունը: Շատ շնորհակալ եմ Միքայել Հաջյանին իմ բանաստեղծությունները հայերեն թարգմանելու, հայերենի մեջ խորանալու գործում աջակցելու համար: Ինձ վրա մեծ տպավորություն են թողել Լևոն Ադյանի մանրաքանդակները: Մենք մեծ բարեկամներ ենք: Ինքն է ծանոթացրել Միքայելի հետ և տվել ռուսերեն գրված բանաստեղծություններս հայերեն թարգմանելու գաղափարը: Շատ գոհ եմ, շնորհակալ նրանց: Իմ առաջին հայերեն բանաստեղծությունն ուղարկեցի Լևոն Ադյանին, ասաց` թույլ է: Գուցե... Չեմ ժխտում: Բայց հոգուս խորքից են բխել այդ խոսքերը: Շատ էի ուզում, որ սրտիցս բխած խոսքերը հնչեն հայերեն, որովհետև իմ մոր լեզուն է դա: Ճիշտ է, մայրս երաժիշտ է: Նա ոտքով Վաղուհասից գնում էր Շուշի՝ երաժշտական ուսում ստանալու համար: Եվ, թեկուզ հայրս էր, ինչպես ասացի, հրաշալի տիրապետում գրական հայերենին, վերջին գիրքս նվիրել եմ մորս, քանի որ նա է սերմանել իմ մեջ մեծ սեր հայրենիքիս հանդեպ: Նա միշտ կապված էր հայրենի երկրամասի հետ: Մորս համար Ղարաբաղն ամեն ինչ էր: Ինձ համար էլ Ղարաբաղը մայրս է: Երբ ինձ ասացին` դուք հայրենիք եք կորցրել, ես ասացի` այո, եթե հայրենիքը համարվում է առաջին քայլը, բառը, սերը, դպրոցը, ուրեմն՝ ես կորցրել եմ Բաքուն: Բայց մեծ հաշվով չեմ կարող Բաքուն համարել իմ հայրենիքը, որովհետև հայրենիքս այն մի կտոր հողն է, որտեղ ծնվել, մեծացել է մայրս, որը նա շատ է սիրել և այդ սերը մեզ հաղորդել: Գիրքս նվիրել եմ մայրիկիս` ուրեմն և Արցախին:
- Կարելի՞ է ասել, որ հայոց լեզվի, հայոց արվեստի, հայոց իրողության հանդեպ կարոտն ու թախիծն են տիրում Ձեր հոգում և դրդում արտացոլելու բանաստեղծական ոգին:
- Հարկավ: Հայոց երգերը, որոնք երգում էր մայրս... Երբ 27 տարի առաջ ծնվեց թոռնիկս, ես նրան հայերեն երգի տակ էի քնեցնում... Օրերս մեկն ինձ ասաց` հեռվից սիրելը հեշտ է: Ես էլ ասացի` ես ներսում էլ եմ ապրել: Ես շնորհակալ եմ սարերին, որ դարձան իմ առաջին բանաստեղծության տողերը: Իմ կյանքի դժվար պահերին ամենաշատն ինձ օգնում էին մեր երգերն ու սարերը: Մեր սարերը թիկունք են մեր տղաներին, մեր ժողովրդին, և ոչ մեկը չի կարող հաղթել մեզ, քանի դեռ կանգուն են մեր սարերը: 27 տարի է՝ գալիս եմ իմ սարերի, իմ արմատների մոտ, իմ երկիր: Հավատում եմ` մի օր էլ ոչ միայն հոգիս, այլև  միտքս կխոսի հայերեն: 
- Այստեղ ապրում և երկիր է շենացնում հայ ժողովրդի մի փոքրիկ  մասը: Թեկուզ սակավաթիվ է` պինդ կանգնած է իր հողի վրա: Ի՞նչ կցանկանայիք արցախցիներին:
- Խաղաղ երկինք ու շատ քիչ կակաչներ: Կակաչներ, որ ինձ համար այն արյունն է, որ թափել են մեր զավակները մեր հողի վրա: Կռունկներն էլ գնան ու վերադառնան, որ չկարոտեն հայրենիքը:
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ