[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱ ՄՇՏԱՊԵՍ ՀԱՆՔ Է ՊԵՂԵԼ ՈՒ ՆՈՐ ԱԿՈՍ ԲԱՑԵԼ...

SAM_1873.jpgՄեր մեծ հայրենակից, մեծանուն գրող, պատմավիպասան Հայկ Խաչատրյանի հիշատակին էր նվիրված Շուշիի ՙԿաճառ՚ գիտական կենտրոնում հոկտեմբերի 13-ին անցկացված միջոցառումը։ Լրացել էր Հայկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ մահվան 13-րդ տարելիցը։ Չնայած մեզանում ընդունված է ազգի մեծերին անդրադառնալ հոբելյանների առիթով, սակայն, ինչպես նշեցին միջոցառմանը մասնակից մտավորականները, Հ. Խաչատրյանն այն անհատականություններից է, ում հիշատակի շուրջը համախմբվելու, մեծարելու համար պետք չէ հոբելյաններ փնտրել։ Յուրաքանչյուր հանդիպում  նրա ստեղծագործությունների հետ արդեն իսկ տոն է։
Բացման խոսքում Շուշիի ՙԿաճառ՚ գիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան Մհեր Հարությունյանն օրվա հերոսին բնորոշեց որպես երևույթ հայ իրականության մեջ։ Մ. Հարությունյանը  նաև ներկաների ուշադրությունը հրավիրեց Հ. Խաչատրյանի նորաստեղծ ֆոնդի (գրապահոց) վրա, ուր տեղ են գտել գրողի  գրքերի հավաքածուն, նամակները, նրա մասին պատմող բազմաթիվ նյութեր, ձեռագրեր։ Ըստ բանախոսի՝ ֆոնդը մեծ դեր կունենա հետագա ուսումնասիրությունների, աշակերտների և ուսանողության համար։ 
ԼՂՀ գրողների միության նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանի բնորոշմամբ՝ Հ. Խաչատրյանը տոհմիկ հայ է, հրաշալի մարդ, մեծ հայրենասեր։ Այդ տարողունակ նկարագրի տեր անհատականությանը Վ. Հակոբյանը կենդանության օրոք շատ է հանդիպել, և նրա հուշերում Հայկը մնացել է հին վանքերից եկած նվիրյալ դպիրի կերպարանքով։ Դպիր, ով իր գործը լավ գիտեր, ով մեր ժողովրդի փիլիսոփայությունը բառավորել է իր երկերում, մշտապես հանք է պեղել ու նոր ակոս բացել։ Փաստելով, որ Հ. Խաչատրյանը եզակի երևույթ է հայ գրականության մեջ, Վ. Հակոբյանը միաժամանակ նշեց, որ առ այսօր նրա գրական վաստակը պատշաճ մակարդակով չի գնահատվել։ Նա խոստացավ որպես ԼՂՀ գրողների միության նախագահ անել  հնարավորը մեծանուն գրողի հիշատակի հավերժացման համար։
ՙԱրցախը Հայկ Խաչատրյանի պատմավեպում՚ թեմայի շուրջ ելույթ ունեցավ բանաստեղծուհի, գրականագետ Ժաննա Բեգլարյանը։ Ի դեպ, այդ համատեքստում է նաև գրականագետի թեկնածուական թեզը, որը պաշտպանության է ներկայացված։ Ժ. Բեգլարյանը գրականագիտական քննության է ենթարկել հեղինակի 14 պատմավեպերից տասը։ 
Բանաստեղծուհի Նվարդ Ավագյանը, ով ջերմ հուշերով ու հոգու ամուր թելերով էր կապված օրվա հերոսի հետ, նախ խոսեց նրա քաղաքացիական կեցվածքի ու մարդկային նկարագրի մասին, ապա նրան բնութագրեց որպես իմաստուն այրի, հեռատես  ու մեծ հայրենասերի։ Միջոցառման մասնակիցները հետաքրքրությամբ ունկնդրեցին հատվածներ նրանց նամակագրությունից։ Նամակներ, որտեղ պահպանվել են ժամանակի շունչը, ոգին, նկարագիրը և, ինչու չէ, նաև ցավը։ Տիկին Ավագյանն առաջարկեց մտավորականներով նամակ հղել ԼՂՀ Նախագահին՝ խնդրելով Հ. Խաչատրյանի հայրենի գյուղում բացել տուն-թանգարան, նրա անունով անվանակոչել փողոցներ ու կանգնեցնել  կիսանդրին։
Տողերիս հեղինակը, ով նույնպես վայելել է անվանի հայի բարեկամությունը, մանրամասներ ներկայացրեց նրա հետ ունեցած վառ ու լուսավոր հանդիպումներից, ապա ներկաների համար ընթերցեց Հ. Խաչատրյանի՝ Հենրիխ Պողոսյանին հղած նամակներից մի հատված՝ գրված 1988-ի թեժ օրերին։ Հեղինակն իր տողերում բավականին արժեքավոր դիտարկումներ է կատարում Արցախի գյուղատնտեսության, մշակույթի, կրթության վերաբերյալ, բացահայտում երկրամասի պատմական, ազգագրական, կենցաղային փաստեր՝ նամակը դարձնելով յուրաքանչյուր  արցախցու ինքնաճանաչման մի հրաշալի նշխար։ Նա հանրագիտակին հատուկ վստահությամբ հավաստում է, որ ՙԱշանն ավելի տարեց է, քան հին Բաբելոնը՚, իսկ ՙմարդկային քաղաքակրթության արշալույսին առաջին ջրաղացները կառուցվել են Տրտու (Թարթառ) գետի ափերին՚ և՝ այսպես շարունակ։
Հանգամանքների բերումով ու հարգելի պատճառներով միջոցառմանը մասնակցել չկարողացած մի խումբ անձինք իրենց կարծիքը, դիտարկումներն ու ջերմ բարեմաղթանքներն ուղարկել էին գրավոր։
րկել էին գրավոր։
 Այն հրապարակվեց և ջերմորեն ընդունվեց կլոր սեղանի մասնակիցների  կողմից։ Վերջիններիս շարքում էին Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը, բանաստեղծուհի, գրականագետ Ժաննա Հակոբյանը, գրող Վառլեն Ալեքսանյանը, ԱրՊՀ դասախոս Շուշան Սաղյանը և այլք։ 
ԼՂՀ վաստակավոր ուսուցչուհի Լարիսա Ղազարյանը ՙԿաճառ՚ գիտական կենտրոնին ու Հ. Խաչատրյանի քրոջը՝ Ժենյա Հովսեփյան-Խաչատրյանին նվիրեց իր ամուսնու՝ նույնպես վաստակավոր ուսուցիչ Ալբերտ Խաչատրյանի հեղինակած գրքերը, ապա ներկաներին մանրամասն պատմեց շուշեցի մեծ մտավորական Արսեն Խաչատրյանի և Հայկ Խաչատրյանի գերդաստանների միջև տասնյակ տարիներ տևած ջերմ ու անկեղծ բարեկամության մասին։
Միջոցառմանը ներկա էին նաև հայրենի Դահրավ գյուղից Հ. Խաչատրյանի ընկերներն ու համագյուղացիները։ Հ. Խաչատրյանի մանկության, պատանեկության և ուսանողական տարիների անբաժան ընկեր Սերգեյ Հախումյանը դրվագներ պատմեց, ինչն էլ ավելի իրական դարձրեց ու ամբողջացրեց օրվա հերոսի կերպարն ու նկարագիրը. ՙԴժվար էինք ապրում այդ տարիներին։ 30 կիլոմետր ճանապարհ էինք կտրում, ոտքով Դահրավից Շուշի հասնում մեկ շաբթվա ուտելիքն ուսած։ Երկուսով էլ գերազանց էինք սովորում։ Հատկապես Շուշիի մանկավարժականում սովորելու տարիներին Հայկն անգերազանցելի էր։ Նա արտակարգ ընդունակությունների տեր էր, այնպիսի ելույթներ էր ունենում, որ, լսարանում լինի թե դահլիճում, անտարբեր մարդ չէր լինում։ Գրպանում մի կոպեկ փող չկար, մեկնեց Երևան սովորելու, Եվլախից գնացքի գլխին նստեց ու գնաց իր ճակատագիրը կերտելու և կերտեց։ Հպարտ եմ, որ այդպիսի ընկեր եմ ունեցել՚։
Դահրավ գյուղի մշակույթի տան երկարամյա տնօրեն Մուրադ Հակոբյանին Հ. Խաչատրյանը 1946թ. հայրենի գյուղում դասավանդել է։ Մ. Հակոբյանի հուշերում Հայկը մնացել է որպես տաղանդավոր անձնավորություն, մեկը, ով ոչ միայն լավ մասնագետ էր, այլև երգիչ, դերասան։ ՙՉար ոգի՚ են խաղացել միասին, Հայկը Գիժ Դանիելի դերում էլ անգերազանցելի դերակատար էր։ Մ. Հակոբյանը վերհիշեց նաև իրենց երևանյան հանդիպումներից, մեծարեց հիրավի արժանավոր իր մեծ հայրենակցին և առաջարկեց ստեղծել  ՙՀայկ Խաչատրյան՚ հիմնադրամ։ Նրա առաջարկը պաշտպանեցին համագյուղացիներն ու ներկա մտավորականները և նախնական պայմանավորվածությամբ որոշեցին Րաֆֆու հուշաղբյուրի հարևանությամբ տեղադրել օրվա հերոսի կիսանդրին։
Արմատներով դահրավեցի, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Բենիկ Բախշիյանը, ով նույնպես Հ. Խաչատրյանի մտերիմներից էր, անկեղծանում է. ՙԻնձ թվում էր, թե լավ էի ճանաչում Հայկին, սակայն այսօր նոր բացահայտումներ արեցի ոչ միայն նրա գրական ժառանգության, այլև մարդկային որակների մասին։ Նա կարողացել է հազարամյակների խորքից վեր հանել հայոց մեծերին։ Կգա ժամանակ՝ վեր կհանվի նաև նրա անունը։ Կգա ժամանակն, ու նրան կտրվի արժանի գնահատական՚։
Խաչատրյան գերդաստանի ավագ սերնդի վերջին ներկայացուցիչը՝ Ժենյա Հովսեփյան-Խաչատրյանը, պատմեց ոչ միայն եղբոր, այլև իրենց ողջ տոհմածառի մասին և ասաց, որ Ղարաբաղ է տեղափոխվել՝  նպատակ ունենալով հավերժացնել եղբոր հիշատակը։ Մելիքական տոհմից սերված, սակայն ճակատագրի դառը հեգնանքով Թամամ տատիկի հույսին մնացած որբուկները, ձեռնոց նետելով կյանքի բոլոր փորձություններին, լավ մարդիկ դարձան։ Առհավատչյան՝ Հ. Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը։ 
Ամփոփելով կլոր սեղանի աշխատանքները՝ պատմաբան Մ. Հարությունյանը, որպես վերջին ակորդ, հնչեցրեց հետևյալ միտքը. ՙՄեր մեծ հայրենակցի հիշատակը հավերժացնելը ոչ թե նրան է պետք, այլ մեզ՝ ապրողներիս ու գալիք սերունդներին, որ կրթվելու ու դաստիարակվելու են նաև նրա երկերով՚։
Խոսք գնաց նաև Հ. Խաչատրյանի 90-ամյա հոբելյանը պատշաճին կազմակերպելու համար ստեղծել հանձնաժողով, հրավիրել գիտաժողով և այն նշանավորել տարաբնույթ միջոցառումներով։