[ARM]     [RUS]     [ENG]

Տ. ՄԱՆՍՈՒՐՅԱՆ. ՙՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀՈՂԻ ԱՅՍ ՈՒԺԸ, ՈՒՐ ԷԼ ԼԻՆԵՄ, ԻՆՁ ՀԵՏ ԿՏԱՆԵՄ՚

Mansuryan4_1.jpgՈւղիղ մեկ ամիս առաջ Նարեկացի արվեստների միության նախաձեռնությամբ Երևանում տոնում էին աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակը: Էստաֆետն ընդունեց Արցախը: Ստեփանակերտի երաժշտասեր հասարակությունն անհամբեր սպասում էր սիրված  կոմպոզիտորի հետ հանդիպմանը, հատկապես որ նա պետք է գար Արցախ քրոջ՝ հանրահայտ երգչուհի Արաքս Մանսուրյանի հետ:
Երկար սպասված հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերի 18-ին՝ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում: Մեծանուն կոմպոզիտորին դահլիճը ողջունեց հոտնկայս և բուռն, երկարատև ծափահարություններով: Ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: Ինչպես ճշմարիտացիորեն նկատեց նախարարը, հոբելյարի 75-ամյակը պարզապես առիթ էր, որը բաց թողնելն անհնար էր: ՙԱրցախում Ձեզ սպասել են միշտ,- ասաց Նարինե Աղաբալյանը:- Ձեզ հետ շփվելը, Ձեր խորհուն մտքերի հետ հաղորդակից լինելու պահանջը եղել է ու կա: Այն, ինչ ստեղծել եք Դուք աստվածատուր շնորհով, երկար տարիների Ձեր ստեղծագործական տքնանքով ու մաքառումով, արարման պահից հավերժության դրոշմն է կրում: Ձեր երաժշտությունը կսիրեն նաև  գալիք սերունդները: Իսկ մեզ վիճակվել է Ձեր սերնդակիցը լինելու և Ձեր մարդկային տեսակը ճանաչելու պատիվը: Մենք հավատավոր ժողովուրդ ենք, խորանին մոտենում ենք ինքնամաքրվելու և աղոթելու: Այսպիսի զգացողություն ենք ունենում Ձեզ հանդիպելուց: Շատ ուրախ ենք այս երեկոն անցկացնել Ձեր հարազատների հետ, շատ սիրելի Արաքս Մանսուրյանի հետ՚: Նախարարի խոստովանմամբ՝ երեկոն կազմակերպվել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Արաքս Մանսուրյանի, Շուշան Պետրոսյանի, մաեստրո Գևորգ Մուրադյանի, Արցախի կամերային նվագախմբի հետ միասին: ՙՄենք Ձեզ շատ սիրում ենք, և այդ սերն է մեզ համախմբել այս դահլիճում: Ձեր մարդկային, արվեստագետի, ճշմարիտ մտավորականի Ձեր տեսակը չափազանց անհրաժեշտ է մեզ, մեր ազգին: Անհրաժեշտ է, որ կոմիտասյան առաքելությունը շարունակվի՚. համոզված ենք` նախարարի այս խոսքն արտացոլում էր դահլիճում նստած ցանկացած մարդու հուզառատ զգացմունքները:
Կոմպոզիտորի պատասխանը պարզ էր և հուզիչ՝ ինչպես իր երաժշտությունը: ՙԱնչափ հուզված եմ,- խոստովանեց հոբելյարը:- Այս դահլիճում այսքան ջերմություն ապրելով, այս զգացողությունները, որ հաղորդվում են ինձ, իհարկե, խորապես ինձ հարստացնում են: Ես նորից ու նորից ուժ եմ առնում այն հողից, որ պետք էր իր պատմության համար կռվեր ու հաղթեր: Հաղթանակած հողի այս ուժը, ուր էլ լինեմ ու ճամփորդեմ, ինձ հետ կտանեմ՚: Դահլիճը կրկին հոտնկայս ծափահարում էր` ողջունելով խորհրդանշական` նախարարության կողմից կոմպոզիտորին նվեր հանձնելու պահը:
Համերգի ծրագիրը բաղկացած էր հիմնականում Տիգրան Մանսուրյանի և Կոմիտասի ստեղծագործություններից, որոնք կատարում էին Արաքս Մանսուրյանի՝ Ավստրալիայից իր հետ ժամանած աշակերտները` Ռիան Սաունդերսը (սոպրանո), Ջեորջիա Կոկկորիսը (կոլորատուր սոպրանո), Ջիանգ Հոնգշինը (տենոր), որոնց նվագակցում էր բավականին հայտնի երիտասարդ դաշնակահար և կոմպոզիտոր Արթուր Ավանեսովը: Համերգի առաջին մասում նրանք կատարեցին Տիգրան Մանսուրյանի ՙՄայրամուտի երգեր՚, ՙՔուչակյան երգեր՚, ՙԵրկիր Նաիրի՚ շարքերից, ինչպես և Կոմիտասի մշակած հանրահայտ երգերը` ՙԼորիկ՚, ՙՉինար ես՚, ՙԵս սարեն կուգայի՚, ՙՀոյ, Նազան իմ՚, ՙԿռունկ՚, ՙՀայաստան՚, ՙՀաբրբան՚: Թե ինչ նրբությամբ ու խորությամբ երգեցին հրաշալի այս երիտասարդները Կոմիտասի երգերը, միայն հիանալ կարելի էր: Հետո Արցախի կամերային նվագախմբի հետ նրանք կատարեցին աշխարհահռչակ կոմպոզիտորների հանրահայտ օպերաներից հատվածներ: Նրանց անզուգական կատարմամբ հնչեցին Մոցարտի ՙՖիգարոյի ամուսնությունը՚, Վերդիի ՙՏրավիատա՚, Գերշվինի ՙՊորգի և Բես՚, Պուչինիի ՙՏուրանդոտ՚ օպերաներից մեներգեր, դուետներ: Համերգի ավարտին կրկին հնչեցին Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Իսկ վերջում Արցախի կամերային նվագախումբը` Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ, կատարեց Տ. Մանսուրյանի` ֆիլմերի համար գրված երաժշտություններից փոփուրի: Իսկական տոնախմբություն էր: Ի՛նչ  ուրախություն և հուզմունք... Հանդիսատեսները դեռ երկար ժամանակ չէին լքում դահլիճը, կարծես մի քիչ էլ երկարացնելով ուրախությունը` սիրված երգահանի հետ միասին մնալու, ոգեղեն մթնոլորտում շնչելու, նրանից էներգիա ստանալու:
Տիգրան Մանսուրյանին հղած բազմաթիվ բարեմաղթանքներին միանում է և ՙԱզատ Արցախ՚ հանրապետական թերթի խմբագրակազմը:
Արաքս Մանսուրյանի, նրա տաղանդավոր աշակերտների հետ հարցազրույցները կարող եք կարդալ մեր թերթի առաջիկա համարներում:
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ