[ARM]     [RUS]     [ENG]

ՙԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ՚ ՆՇԱՆԱԲԱՆՈՎ

47.jpgՀոկտեմբերի 20-ին  Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում մեկնարկեց Պոեզիայի միջազգային փառատոնը, որը կտևի մինչև հոկտեմբերի 23-ը։ Այն անցկացվում է երկրորդ անգամ և միտում ունի դառնալու ավանդական։ Փառատոնին այս անգամ մասնակցում են գրողներ, բանաստեղծներ 9 երկրներից՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Լիբանանից, Սերբիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Բուլղարիայից։ 
Տարբեր երկրների ներկայացուցիչներից ոմանք Արցախ են եկել երկրորդ անգամ, և դահլիճում տիրում էր հին ծանոթների մտերմիկ ուրախությունը, ողջագուրանքը, իսկ առաջին անգամ եկածներին՝ բարի գալուստի ջերմ խոսքը։
Պոեզիայի միջազգային փառատոնը մեկնարկեց ՙԽաղաղություն և սեր՚ նշանաբանով. նման միջոցառումներն առիթ են դառնում ժողովուրդների միջև հուսալի կամրջի, մշակութային լիարժեք փոխըմբռնման, գրական կապերի և համագործակցության։ Դրանք վերածվում են իսկական բարեկամության տոնի։ 
Հանդիսավոր արարողությունը բացեց ԼՂՀ ԳՄ նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծ Վարդան Հակոբյանը՝ ընդգծելով, որ (Անդրկովկասում առաջին անգամ) նորաստեղծ հանրապետությունում և՜ քաղաքական, և՜ մշակութային առումով  սխրանք է նման  միջոցառումն անցկացնելը։ Որ ինչպես առաջին, այս անգամ ևս փառատոնին մասնակցելու են եկել ճանաչված գրողներ, ովքեր գնալուց իրենց հետ տանում են վառ տպավորություններ, որ հետո դառնում են  բանաստեղծություններ՝ Արցախի, Հայաստանի մասին, և իրենց դերակատարությունն են ունենում միջազգային հանրությանը Արցախի հիմնախնդիրը ծանոթացնելու գործընթացում։ ՙՄենք բանաստեղծությունը պարզում ենք մեր լեռների վրա՝ որպես սիրո և խաղաղության դրոշ, իսկ եկածները  խաղաղության դեսպաններ են՚,¬ հաղորդելով ՀՀ ԳՄ նախագահ Է. Միլիտոնյանի ողջույնի խոսքը, ԳՄ նախագահը արդյունավետ աշխատանք մաղթեց փառատոնին։ 
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը ողջույնի խոսքում նշեց, որ նման փառատոների շնորհիվ ձեռք ենք բերում նոր բարեկամներ, որ նման ծավալով ու խորքով միջոցառում կազմակերպելը մեծ պատասխանատվություն է։ ՙՏարին  հոբելյանական է,¬ ասաց նախարարը,¬ նշվում է զինադադարի կնքման 20-ամյակը, և ընթացիկ  տարում գրեթե բոլոր միջոցառումներն անցկացվում են ՙԽաղաղություն Արցախին՚ խորագրով։ Բոլոր այս տարիներին սահմանում խաղաղությունը պաշտպանում են 18 տարեկանները, և փորձ է արվում պահպանելու  խաղաղության կենսունակությունը, իսկ դա լինում է, երբ մարդիկ լծված են ստեղծագործ աշխատանքի։ Երբ մեր հարևաններն իրենց անվանի գրողի գրքերը վառում են ճշմարիտ խոսքի, այլակարծության համար, մենք բարի գալուստ ենք ասում բոլորին, պատրաստ ենք լսել նրանց խոսքը։ Ավետիք Իսահակյանի խոսքն է՝ մարդը մեծ է այնքան, ինչքան շատ են նրա երազանքները։ Երևի թե ամենաերազող մարդիկ բանաստեղծներն են, և դուք եկել եք ձեր երազանքներով, և կցանկանայի, որ ձեր երազանքներում տեղ գտնի Արցախը՚։
ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Արմեն Սարգսյանը ողջունեց փառատոնի  մասնակիցներին մշակութային տոնախմբության առթիվ՝ նշելով, որ միջոցառման արմատները գալիս են դարերի խորքից, որ հայ ժողովուրդը միշտ էլ կրթական, մշակութային կապեր է ունեցել այդ երկրների հետ, որ Ղարաբաղի հին բարբառն իր բառաշերտի մեջ ամբարում է շատ բառեր այլ լեզուներից, որը ցույց է տալիս այդ երկրների հետ ունեցած հինավուրց կապը։ Պոեզիան կապող օղակ է սրտերի միջև՝ անկախ դավանանքից, ճանաչված կամ չճանաչված լինելու հանգամանքից։ 
Արձակագիր Մաքսիմ Հովհաննիսյանն ասաց, որ Արցախի ինքնության հաստատման փաստերից մեկն էլ այն է, որ գրողները քաղաքականություն են իրականացնում, և Փառք Աստծո, որ այլ ազգության մարդիկ գնահատում են ազգային ինքնության  արժեքը, որ մարդիկ եկել են մեր խոսքը լսելու, իրենց խոսքը մեզ տալու։
ՙԱրցախյան հողը ստեղծել է  մշակութային արժեքներ, և այսօր էլ դրանք պահպանում է, և հայրենիքի ամրությունը սկսվում է հենց այդ  մշակույթից,¬ ողջույնի խոսքում ասաց արձակագիր Արմեն Ավանեսյանը (Հայաստան) ։¬ Հայաստանն ու Արցախն այս առումով  պաշտպանված են, քանի որ նման միջոցառումները հայ զինվորի մեջ ներարկում են երկրի հանդեպ սիրո զգացումը։ Միջազգային փառատոները հարստացնում են ոչ միայն Արցախը, այլև այն երկրները, որի ներկայացուցիչներն են՚։
Հաղորդավար Նաիրա Աղաջանյանը կարդաց բուլղարացի բանաստեղծ Ռոման Կիսյովի, ով չի կարողացել ներկայանալ,  ողջույնի խոսքն իր բարեկամներին, փառատոնի մասնակիցներին։ 
Մեկական բանաստեղծությամբ հանդես են գալիս Վիլհելմ Բարչը, Ալեքսանդր Կնյազևը, Աբդո Լաբակին, Լյուբիցա Միլետիչը, Մարիուս Չիլարուն, Սարգիս Կիրակոսյանը, Մաքսիմո Լիպին, Վ. Անգելովան, Աննա Սանտո Լիպիդոն, Կալինա Իզաբելան, Էդուարդ Հարենցը, Գագիկ Դավթյանը, Էդուարդ Սաֆարյանը, Արցախում ապրող և ստեղծագործող բանաստեղծները։  Հյուրերի հակիրճ ողջույնի խոսքերը համեմված էին սիրով դեպի հայ ժողովուրդը, դեպի Հայաստանն ու Արցախը։ 
Ելույթներն ու արտասանությունները միջարկվում էին գեղարվեստական համարներով։ Միջոցառման ընթացքում թարգմանությունները կատարում էր Անի Գրիգորյանը։
Պոեզիայի միջազգային փառատոնի շրջանակներում նախատեսված են հետաքրքիր միջոցառումներ. գրքի շնորհանդեսներ, պոեզիայի  ժամեր, ընթերցանություններ, այցելություններ պատմական վայրեր։ 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ