[ARM]     [RUS]     [ENG]

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՆԵՐԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ ՏԱԼ ՆԱԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ

   Երևանի ՙՄխիթար Սեբաստացի՚ կրթահամալիրի մի խումբ աշակերտներ իրենց  ուսուցիչների հետ,  ուսումնական նախագծեր իրականացնելու նպատակով, չորսօրյա այցով հերթական անգամ Արցախում են։ Ի դեպ, այս կրթահամալիրն իրականացնում է նաև  կրթական այլընտրանքային, հեղինակային  ծրագրեր, ակումբային աշխատանքներ, որոնցից է էկոտուրը: 
Մայրաքաղաքի հ. 3 միջնակարգ դպրոցի դահլիճում տեղի ունեցած հավաքույթին ներկա էին  ԼՂՀ կրթության  և գիտության փոխնախարար Միքայել Համբարձումյանը, Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության բաժնի վարիչ Կառլեն Մարգարյանը, քաղաքի դպրոցների ներկայացուցիչներ: 
 Էկոտուր նախագծի ղեկավար Մարթա Ասատրյանն ասաց, որ խումբը,  որում  ընդգրկված են նաև վրացախոսների ակումբի անդամները, բազմաթիվ նախագծեր է իրականացրել Հայաստանում և Վրաստանում: Արցախ պետք է այցելեին նաև Թբիլիսիից երեխաներ,  բայց ինչ-ինչ պատճառներով չկարողացան մասնակցել: Նրա խոսքով` Արցախ գալու  հիմնական նպտակն է   տեղի դպրոցականներին   ծանոթացնել էկոտուր միջազգային ստուգատեսին, ցույց տալ այն նախագծերը, որոնք նախորդ տարի ճանաչվել են լավագույնը։ Էկոլոգիական նախագծերն առօրյայում մեծ տարածում ունեն, և սովորողների միջոցով այդ խնդիրներին լուծում տալը ճիշտ միջոց է:
Նշենք, որ անցած ուսումնական տարում Ստեփանակերտի դպրոցների աշակերտներից կազմված թիմը փորձնական կարգով մասնակցել է ստուգատեսին և լավ արդյունք ցույց տվել ու  շահել ՀՀ Նոյեմբերյանի շրջանի ՙԶիկատար՚ բնապահպանական կենտրոնի համանուն միջազգային ճամբարի ուղեգիր:  
Էկոտուրի  աջակիցներ են ՀՀ կրթության և գիտության  և բնապահպանության նախարարությունները: Նպատակն է  հասարակության ուշադրությունն  ուղղել էկոլոգիական խնդիրներին և որոշակի լուծում տալ դրանց  ուսումնական նախագծերով: 
Հանդիպման ժամանակ տեսանյութով ներկայացվեց  Արցախի թիմի աշխատանքը: Էկոլոգիական կարևորագույն խնդիրներից է շրջակա միջավայրի աղտոտումը: Աշխարհում տարեկան մոտ 2 մլն մարդ մահանում է քաղաքային տարաբնույթ  աղտոտումներից: Արցախը նույնպես ունի այդ հիմնախնդիրը: Երեխաները ներկայացրել էին Կարկառ գետի էկոլոգիական խնդիրները` կատարելով  հետազոտություններ, անցկացնելով հարցազրույցներ: 
Հանդիպման ժամանակ ցուցադրվեցին նաև այլ աշխատանքներ, որոնցից էր 
 թափոնների վերամշակման մասին տեսանյութը: Ցուցադրվեց, թե ինչպես այդ թափոններից  կարելի է խաղալիքներ պատրաստել: Մեկ ուրիշ աշխատանք  լճի վրա կառուցվող հէկ¬ի կապակցությամբ դպրոցականների հետազոտությունների մասին էր, թե ինչպես է այն ազդում շրջակա միջավայրի վրա:  
Մ. Ասատրյանը ներկայացրեց նաև ՙՄխիթար Սեբաստացի՚ կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանի ուղերձ-առաջարկը: Այս տարի լրանում է  կրթահամալիրի 25-ամյակը: Նոյեմբերի կեսերին տոնական օրեր են սպասվում այնտեղ: Նշվեց, թե ժամանակացույցով  ինչ միջոցառումներ են  լինելու`  վարպետության դասեր, մի շարք նորամուտներ, նոր ծրագրեր, ցուցահանդեսներ: Արցախցիներին հրավիրվեց  մասնակցելու այդ միջոցառումներին: 
Էկոտուրի նախագծերի առաջարկն արդեն արված է: Յուրաքանչյուր թիմում պետք է  ընդգրկվեն 4 կամ 5 աշակերտ և մեկ ղեկավար: Հայտերը պետք է ներկայացվեն  ապրիլի 1-12-ը,  քննարկումները կարող են լինել նաև առցանց, որից հետո, հանձնաժողովի կողմից թիմերը ստանում են հրավեր երևանյան էկոտուրի հավաքին մասնակցելու համար, որը լինելու է ապրիլի 23-ին:
 Հանձնաժողովում լինում են  նաև Բնապահպանության նախարարության ներկայացուցիչները: Մրցանակը կարող է լինել ճամբարային ուղեգիր, դրամական պարգև: 
ԼՂՀ ԿԳ փոխնախարար Մ. Համբարձումյանը և կրթության բաժնի վարիչ Կ. Մարգարյանը, ողջունելով նախագիծը, արցախցի դպրոցականներին կոչ արեցին մասնակցել ակտիվորեն: 
 Էկոտուրն ունի նաև հայրենագիտական և ճանաչողական նշանակություն:  Ակումբի անդամները շրջել են ամբողջ Հայաստանով մեկ, նույնն անում են նաև Արցախում, փորձում են ճանաչել հայրենիքը, վեր հանել նրա արժեքները: Նրանք հյուրընկալվել են  արցախցի իրենց հասակակիցների տներում, մոտիկից ճանաչում են նրանց  կենցաղը:   
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ