[ARM]     [RUS]     [ENG]

ԳՐՔԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՈՒՂԵՑՈՒՅՑ, ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գրիգոր Նարեկացի համալսարանի պոեզիայի և գիտական նիստերի դահլիճում օրերս նշվեց մայրաքաղաքի Խ. Աբովյանի անվան հանրակրթական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Սարումյանի կազմած ՙՀայոց լեզու՚ (ուսումնաօժանդակ ձեռնարկ), ՙՀամանունների բառարան՚, ՙԽաչատուր Աբովյան՚, ՙՀովհաննես Թումանյան՚, ՙԱվետիք Իսահակյան՚, ՙԵղիշե Չարենց՚, ՙՎահան Տերյան՚, ՙՊարույր Սևակ՚, ՙԱկսել Բակունց՚ գրքերի շնորհանդեսը։
Ներկա էին ՀՀ կրթության ազգային ինստիտուտի հայագիտական և սոցիալ-մշակութային առարկաների բաժնի գլխավոր մասնագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Միքայել Համբարձումյանը,  մտավորականներ, դասախոսներ, մանկավարժներ։
Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց ԼՂՀ ԳՄ նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը՝ նշելով, որ այս դարձդարձիկ ժամանակներում հեշտ չէ գտնել նվիրյալ մանկավարժների, որ աշխատատար գործ է ձեռնարկել Անուշ Սարումյանը. ուսումնասիրել, համակարգել, ամբողջացնել և աշակերտին ներկայացնել դպրոցական ծրագրով նախատեսված գրողների կերպարներն առանձին գրքերով՝ որպես ուղեցույց, որպես ուսումնաօժանդակ գրականություն։ Բանախոսն ընդգծեց հատկապես այդ գրքերի գործառական նշանակությունը ուսուցիչների, դասախոսների, աշակերտների համար՝ ասելով, որ բոլոր գրադարանները պետք է ունենան այդ գրքերը։ 
ԼՂՀ ԱԺ պատգամավոր, գրող, հրապարակախոս Վարդգես Բաղրյանը, ԱրՊՀ դասախոսներ, բանասիրական գիտությունների թեկնածուներ Զինաիդա Բալայանը, Սիրուն Բաղդասարյանը, Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախոս Զարինե Սառաջյանը, ԼՂՀ կրթության և գիտության նախարարության հայոց լեզվի և գրականության տեսուչ Գայանե Գրիգորյանը կարևորեցին գրքերը՝ որպես ուսումնական ձեռնարկ, սաներին լրացուցիչ գիտելիքներ հաղորդելու և գրքի ու գրականության հանդեպ սեր արթնացնելու, դասը հետաքրքիր կազմակերպելու միջոց։
 ՙԵս շատ լավ ծանոթ եմ Անուշ Սարումյանի գրքերին,¬ ասաց Դավիթ Գասպարյանը։¬ Սրանցից ամեն մեկը յուրովի հանրագիտարան է։ Դասագրքերը կազմելու ընթացքում բազմաթիվ հարցեր են առաջանում, դասագրքի սահմանները նեղ են, և այդ բացը լրացնելու են գալիս Սարումյանի գրքերը։ Այստեղ կան հիշողություններ գրողների մասին, որ աշակերտներին շատ է հետաքրքրում, կան կարծիքներ, գրողների մասին նրանց տեսական դատողությունները, վերլուծությունները, ու այս ամենն ի մի բերելը, դասդասելը հեշտ գործ չէ, իսկ արդյունքը գնահատելի է։ Եթե աշակերտը գրողի կերպարը սիրեց՝ կկարդա, չսիրեց՝ չի կարդա։  Երբ գրքերը դնում ենք իրար մոտ, տեսնում ենք, թե ինչ վիթխարի աշխատանք է կատարել Անուշ Սարումյանը։ Եվ որ կարևոր է, նա գործն անում է ճիշտ, տեղեկատվությունն օգտագործում է համակարգված, տեղը տեղին։  Հեղինակը տիրապետում է գիրք ստեղծելու մշակույթին։ Նույնիսկ գրքերի ձևավորումն արված է ճաշակով, առանց զարդարանքների, սրանք այն ձեռնարկներն են, որ պետք է լինեն գրադարաններում, բոլոր դպրոցներում, մեթոդական կաբինետներում՚։ 
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով (2014թ. օգոստոս)  Անուշ Սարումյանի ՙԵղիշե Չարենց՚, ՙԽաչատուր Աբովյան՚, ՙՊարույր Սևակ՚, ՙԱվետիք Իսահակյան՚ գրքերը երաշխավորվել են որպես ուսումնաօժանդակ գրականություն մինչև 2017 թվականը։
Ներկայացնում ենք մեր ճեպազրույցը Անուշ ՍԱՐՈՒՄՅԱՆԻ հետ։ 
- Հետաքրքիր է, ինչպե՞ս է ծնվել նման գիրք¬ձեռնարկ ստեղծելու գաղափարը։
- Նորավարտ ուսուցիչ էի, իններորդում դաս ունեի, ծրագրով՝ Րաֆֆի։ Երբ խոսում էի կենսագրության մասին, աշակերտներից մեկը հարցրեց, թե քանի երեխա է ունեցել։ Չկարողացա պատասխանել, խոստացա հետաքրքրվել։ Ժամանակ անց բավականին նյութեր հավաքեցի և ներկայացրի աշակերտներին։ Այսպես ծնվեց գաղափարը. իսկ ինչո՜ւ նույնը չանել նաև մյուս հեղինակների առնչությամբ, ու սկսեցի տեղեկություններ հավաքել գրողի ծնողների, մանկության, գրական կեղծանվան, երեխաների, հետաքրքրական կապերի մասին։ Երբ  աշակերտը ՙճանաչում է՚ գրողին, հետաքրքրվում է նրա ստեղծագործություններով, ընթերցում է... Այս ձևով շահագրգռեցի աշակերտներին։
- Ի՞նչ աղբյուրներից եք օգտվել։ Ինչպե՞ս եք կատարել բանահավաքչական գործը։
- Ստեփանակերտի երեք խոշոր գրադարաններից, Երևանի գրադարաններից և ընթերցասրահներից։  Դպրոցական արձակուրդների ժամանակ ուսումնասիրել եմ անցյալ և նախանցյալ դարերին լույս ընծայված թերթերն ու հանդեսները՝ ՙՄշակ՚, ՙՄեղու՚, ՙԱվանգարդ՚, ՙՀայ դպրոց՚, ՙԽորհրդային Հայաստան՚, ՙԳարուն՚, ՙՆորք՚, ՙՍովետական դպրոց՚, ՙՀայոց լեզուն և գրականությունը դպրոցում՚ և այլն։ Դիլիջանում հարուստ աղբյուրներ կան, ընտանեկան հանգամանքներից դրդված, եղել եմ այնտեղ, բավականին արխիվային նյութեր եմ հավաքել։ Գրադարաններում հատկապես թերթերի հետ կապված գործը դժվարանում էր, քանի որ հին ու խունացած մասը չէին թույլատրում պատճենահանելու։ Դրանք թվային տեսախցիկով լուսանկարել եմ, քանի որ համակարգչային տեխնիկային շատ լավ եմ տիրապետում, տանն այդ ամենը մշակել եմ, հետո կազմել քարտարան ու սկսել հավաքած նյութերս տեղադրել բաժիններում։ Ինձ հատկապես օգնել են հուշագրությունները, քանի որ ոչ մի այլ ժանրում գրողի կերպարն այնպես չի բացահայտվում, որքան՝ հուշերում։ Ի դեպ, վերցնում եմ հանրամատչելի նյութերը։ Շատ կարևոր է նյութերի ճիշտ ընտրությունը։
Առաջին գրքերս՝ ՙԽաչատուր Աբովյան՚, ՙԵղիշե Չարենց՚, լույս տեսան 2012¬ին, ապա ՙՊարույր Սևակը՚՝ 2013-ին, 2014թ.՝ ՙԱվետիք Իսահակյան՚, այս ամառային արձակուրդներին տպագրվել են ՙՎահան Տերյանը՚, ՙՀովհաննես Թումանյանը՚, ՙԱկսել Բակունցը՚։
- Այժմ ինչի՞ վրա եք աշխատում։
- ՙՀովհաննես Շիրազն՚ արդեն պատրաստ է, բայց տպագրելու համար հովանավոր չեմ գտնում, պատրաստ են նաև ՙՇիրվանզադեն՚, ՙՆար-Դոսը՚, ՙՐաֆֆին՚։ Այժմ նյութեր եմ հավաքում Միքայել Նալբանդյանի մասին։ Շատ հետաքրքիր տեղեկություններ եմ հավաքել և՜ ծնողների, և՜ Հնդկաստան կատարած ճամփորդության մասին։ Վերջերս հետաքրքիր փաստերի հանդիպեցի Րաֆֆու մասին, որ նրա աճյունը, կտակի համաձայն, դեռ պետք է ամփոփվի Հայաստանի հողում։ Մի խոսքով, 10 տարի է՝ աշխատում եմ այս գրքերի վրա։
- Քո գրքերն ի՞նչ արձագանք են գտել, մասնավորապես մանկավարժների կողմից։
- Արձագանքները բավականին շատ են։ Շոյված եմ զգում, երբ դպրոցի հասցեով նամակներ եմ ստանում Հայաստանի մարզերից, Գեղարքունիքից, Տավուշից, Սյունիքից... Արձագանքողների մի ստվար մասը թոշակառու ուսուցիչներ են կամ այն ուսուցիչները, ովքեր չեն տիրապետում համակարգչային տեխնիկային և արտահայտում են իրենց գոհունակությունը գրքերի առթիվ։ Նշում են, որ պրոբլեմը միշտ եղել է, կա, որ իմ գրքերը օգնություն են ուսուցչին, նաև խրախուսում են, հորդորում, որ շարունակեմ սկսած գործս։ Նրանց հետ մշտապես կապի մեջ եմ, որևէ նամակ իմ կողմից անարձագանք չի մնում։ Դասախոսների, գրականագետների կողմից նույնպես իմ գրքերը չեն անտեսվել, գնահատանքի խոսքեր և՜ գրավոր, և՜ բանավոր եղել են, որոնք ինձ պարտավորեցնում են։ Ոգևորիչ էր իմ դասախոսի՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանի խոսքը. ՙԱյս գրքերը սովորական հավաքածուներ չեն, որովհետև դրանցում խտացված են հանրագիտարանային, դասագրքային, ուսումնամեթոդական օժանդակ ձեռնարկներին հատուկ կարևոր հաղորդումներ, ընթերցողին դեպի մշակույթի աշխարհը մղող խորհուրդներ, ազգային հպարտության զգացումը նոր ընթացքի մեջ դնող փաստեր և իրադարձություններ։ Միայն անհանգիստ և բարեխիղճ մանկավարժը կարող է կատարել նման շնորհակալ գործ։ Իսկ գաղտնիք չէ, որ այսօր ոչ միայն մեր հանրակրթական դպրոցներում, այլև բուհերում նման գրքերի խիստ կարիք է զգացվում, քանի որ փաստ է, որ այսօր աշակերտը (և ոչ միայն) բավականին հեռացել է գրքից՚։ 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ