ՎԻՐԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽ
Հերթական անգամ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայ Առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ իրականացվեց ՙՃանաչողական և համագործակցության ուխտագնացություն Հայաստան և Արցախ՚ ծրագիրը։
Հոկտեմբերի 21-23-ը Վրաստանի տարբեր մարզերից մի խումբ հայ երիտասարդներ՝ Հայ Առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժնի պետ Վալերի Բադալյանի գլխավորությամբ այցելեցին Արցախ, ծանոթացան մեր հերոսամարտի պատմական և հոգևոր վայրերին, ընկերական կապեր հաստատեցին տեղի երիտասարդների հետ և ուրվագծեցին համատեղ ծրագրեր ու միջոցառումներ։
Ուխտագնացները Թբիլիսիից հասան Տաթևի վանք, ծանոթացան համալիրի պատմությանը և ոգեշնչված հասան Շուշի, որտեղ էլ իրենց դիմավորեցին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական բաժնի պատասխանատուները։
Հոկտեմբերի 22-ին վիրահայ երիտասարդներին ընդունեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ապա՝ փոխնախարար Գայանե Գրիգորյանը, երիտասարդության հարցերի բաժնի պետ Դավիթ Ղուկասյանը։ Ողջունելով երիտասարդներին՝ Ն. Աղաբալյանը նշեց, որ շնորհիվ վիրահայոց թեմի և ՙՀայարտուն՚ կրթամշակութային կենտրոնի՝ վերջին տարիներին ակտիվացել է համագործակցությունը վիրահայ երիտասարդների հետ։ Իսկ դա շատ կարևոր է, որովհետև յուրաքանչյուր հայ գոնե մեկ անգամ պետք է գա և տեսնի Արցախը, զգա այս հողի ուժը, շփվի այստեղ ապրող մարդկանց հետ։ Նման համագործակցությունն ու կապերը նախևառաջ մեր ազգային ինքնության պահպանման և ընդհանուր հայապահպանության համար կարևոր գործոն են հանդիսանում։ Երիտասարդները Վիրահայոց թեմի երգի ու պարի խմբերի անդամներ են, մենակատարներ։ Հենց մշակույթի շնորհիվ են նրանք կապված Հայաստանին և երազում էին այցելել Արցախ՝ սեփական աչքերով տեսնելու հերոսական ժողովրդին։ Վ. Բադալյանը տեղեկացրեց իրենց ծրագրերի մասին, և որ Վրաստանի Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղում շուտով կգործի նոր պարի խումբ։ Երիտասարդներին կդասավանդի արհեստավարժ պարուսույց։ Մառնեուլիում ադրբեջանցիները մեծամասնություն են կազմում, ուստի անհրաժեշտ է, որ հայն իր մշակույթով գոյատևի՝ ոգեշունչ համերգներով հանդես գա նաև այլ վայրերում։ Այդ առումով Ն. Աղաբալյանը երիտասարդներին տեղեկացրեց, որ 2015թ. Արցախում մտադիր են կազմակերպել ազգագրական պարերի փառատոն, որին ցանկալի կլինի նաև վիրահայերի պարի խմբերի մասնակցությունը։ Երիտասարդները մեծ սիրով արձագանքեցին առաջարկին։
Այնուհետև նախարարը ներկայացրեց Արցախում կազմակերպվող մշակութային տարբեր ծրագրերը՝ անդրադառնալով նաև գորգագործությանը։ Արցախը եղել է հայկական գորգագործության կարևոր կենտրոններից մեկը, բայց, ցավոք, խորհրդային տարիներին Ադրբեջանի նպատակային քաղաքաքականության արդյունքում արցախցիները կորցրին այդ ժառանգության մի մասը. ամբողջ աշխարհում մեր գորգերը ցուցադրվում են որպես ադրբեջանական, լավագույն դեպքում՝ կովկասյան։ ՙՄենք խնդիր ունենք նորից վերադարձնելու և պահպանելու մեր այդ ժառանգությունը։ Արցախում այդ ուղղությամբ լուրջ քայլեր են արվում,- նշեց Ն. Աղաբալյանը։- Վերականգնվել է գորգագործության արտադրությունը, և գորգարվեստի վերականգնման առումով այս տարի հայտարարել ենք մրցույթ, որի շրջանակներում նախատեսում ենք ստեղծել արցախյան գորգերի կրկնօրինակը։ Մրցույթը լինելու է ամենամյա։ Արցախյան գորգերը կարևոր առանձնահատկություն ունեն. դրանք ստեղծվում են կոնկրետ պատմության վրա. ունեն սկիզբ, վերջ, պատմություն, և բոլոր գորգերում խաչ կա թաքնված։ Մեր գորգերի թանգարաններում դա հստակ ցուցադրված է՚։
Այնուհետև երիտասարդները վիրահայոց թեմի կողմից փոխանցեցին նվերներ՝ փոքրիկ գորգեր, իսկ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարեցրի նախարարությունն իր հերթին նրանց նվիրեց Արցախի դրոշը և յուրաքանչյուր երիտասարդի վերնաշապիկ՝ ՙԵս սիրում եմ Արցախը՚ արտատպությամբ։
Անդրադառնալով Արցախի անկախության հարցերին՝ Ն. Աղաբալյանն ասաց, որ Արցախն աշխարհին ճանաչելի է դառնում նաև մեր երկիր այցելած հանրաճանաչ մշակութային գործիչների շնորհիվ. նա պատմեց աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեի այցի մասին, ինչպես նաև համագործակցության այլ ծրագրերի, առանձնապես՝ Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև ստորագրված բարեկամության հռչակագրերի մասին։ Վ. Բադալյանը երիտասարդների կողմից շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ նման այցելություններն արդեն ավանդույթ են դարձել, և ամեն տարի Արցախ են այցելում նոր խմբով, նոր ծանոթություններով։ ՙԵրբ երեք տարի առաջ ես առաջին անգամ եկա Արցախ և երիտասարդներով բարձրացանք Քիրս սարը, զգացմունքներիս ու տպավորություններիս չափ ու սահման չկար։ Ես սիրահարվեցի Արցախին. ինչ-որ մի ուժ ինձ միշտ ձգում է դեպի այստեղ։ Պարզապես լավ կլիներ, որ մեր այցերն ավելի երկարատև բնույթ կրեին, ավելի շփվեինք տեղի երիտասարդների հետ, համատեղ բազմաբովանդակ ծրագրեր կազմակերպեինք։ Հուսով ենք, որ այդ օրն էլ կգա՚,- ասաց Վ. Բադալյանը։ ՙՀայարտուն՚ մշակութային կենտրոնի մենակատար Աննա Պողոսովան, առաջին անգամ լինելով Արցախում, ուղղակի հիացած էր և, իր իսկ խոսքերով, տպավորությունները գերազանցում էին այն տեղեկատվություններին, ինչ տեսել էր լուսանկարներով, լսել ԶԼՄ-ներով։ Նա ցանկություն հայտնեց ավելի մոտիկից ծանոթանալ Արցախի մշակութային կյանքին, ինչպես նաև տեղի ուտեստների, հատկապես ժենգյալով հացի պատրաստման ընթացքին ներկա լինել և մասնակցել։
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում երիտասարդների համար կազմակերպեցին փոքրիկ հյուրասիրություն, որտեղ էլ նրանք համտեսեցին արցախյան ժենգյալով հացը։ Ն. Աղաբալյանի պարզաբանմամբ՝ մեր պատմությունը նոր սերնդին պետք է փոխանցել նման շփումների միջոցով։ Արցախյան գոյապայքարի ժամանակ ողջ հայությունը միաբանվեց և թիկունք եղավ արցախցիներին՝ համատեղ պայքարելու հաղթանակի համար։ Այսօր էլ յուրաքանչուր ոք պետք է գա ու տեսնի, թե ինչի համար են պայքարել արցախցիները, և որ այսօր էլ ազգապահպանության գործում յուրաքանչյուր հայ իր նպաստը պետք է ունենա։
Նախարարն անդրադարձավ այս տարվա օգոստոսին մեր սահմաններում արձանագրված լարված իրադարձություններին։ Հակառակորդը փորձեր է արել խախտել մեր սահմանները, բայց մեր զինվորներն ու ազատամարտիկներն արժանի հակահարված տալով, կրկին վերականգնեցին Արցախի անդորրը։ Ն. Աղաբալյանը կարևորեց համախմբման այդ ոգին։ Արցախցիները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ հայրենիքի գաղափարի պաշտպանությունը վսեմ ու բարձր է։
Այցի շրջանակներում երիտասարդները եղան Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում, ծանոթացան նրա պատմությանը և ՙՀայր մեր՚ աղոթքից հետո տեղացիների հետ խորանի խոստովանության վայրում միասին բարձրաձայնեցին Սուրբ Ներսես Շնորհալու ՙՏեր ողորմեա՚-ն։ Վիրահայերը եղան Շուշիի այլ տեսարժան վայրերում, այնուհետև մեկնեցին Ստեփանակերտ, այցելեցին Արցախյան հերոսամարտի նահատակների հուշահամալիր, ապա մեկնեցին Գանձասարի վանական համալիր։ Ճանաչողական այցի ժամանակ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական հարցերի բաժնի պետ Դ. Ղուկասյանը վիրահայ երիտասարդներին ուղեկցեց ՙՄենք ենք, մեր սարերը՚ հուշարձան-կոթող, Տիգրանակերտ, Ամարասի վանական համալիր, Տնջրի և այլ տեսարժան վայրեր։
Զարինե Մայիլյան