Logo
Print this page

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՄԱՐՍԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

da.jpgՍիրելի Մարսել,
Ամեն ինչ կատարվեց պատահաբա՞ր, թե՞ նախախնամության մատն էր խառը, դժվար է ասել։ Հանկարծ նկատեցի քեզ. հակառակ մայթի քո գործատեղի մուտքի մոտ ձեռքով էիր անում ինձ։ Հատեցի փողոցը, մոտեցա, մարմանդ ժպիտով թևանցուկ արեցիր ու ներս տարար մի տաք մտերմությամբ։ 
Սեղանի դարակից հանեցիր մի գիրք, մակագրեցիր ու տվեցիր ինձ անթաքույց ու ջերմ վերաբերմունքով։ Հրաժեշտից հետո այն, ինչի համար դուրս էի եկել քաղաք, թողեցի մի կողմ, շտապեցի տուն։ Գիրքն անմիջապես դրի սեղանին. շապիկի վրա կարմիր ու խոշոր տառերով գրված է՝ ՙՎտանգավոր զառիթափ՚, ապա համեմատաբար փոքր տառերով՝ Մարսել Հայկ։
Սա քո 7-րդ հանդիպումն է ընթերցողի հետ։ Գիրքն ընդգրկում է 7 պատմվածք և մեկ վիպակ։ Պատմվածքների թեման ձեր թաղն է իր բնակիչներով, վիպակը՝ ՙՎտանգավոր Զառիթափ՚, դետեկտիվ է, կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի պատմություն։ Նախատեսված է ընթերցողական լայն շրջանակի համար։
Մեղքս ինչ թաքցնեմ, գողտրիկ պատմվածքների վրայով շտապ  անցա, դարձա ՙՎտանգավոր զառիթափին՚, մտածելով, որ հետո նորից կվերադառնամ պատմվածքներին։ Ես գրականագետ չեմ ու ոչ էլ գրաքննադատ, պարզապես՝ ընթերցող։ Մի խոսքով, քիչ անց վիպակն ինձ այնպե՛ս կլանեց, երբ հայտնվեցի կազմակերպված հանցագործությունների ու կատաղի հանցագործների մղձավանջային աշխարհում։ Մի տեսակ մոռացել էի իմ՝ ընթերցող ու քո՝ հեղինակ լինելը։ Կարծես այս սքանչելի հյուսվածքը քոնը չէ, ասես այն հյուսում են հանցավոր աշխարհի ՙերևելիները՚՝ իրավապահ մարմիններում խցկված հովանավոր տարրերի օժանդակությամբ, կարծես այն գրում են հանցավոր աշխարհի եղկելիները՝ Կոլոտ Ռուբոն՝ հանցագործ խմբի ղեկավար, հանցավոր աշխարհի տիրակալ Կաղ Սիմոնը, Գազան Ափոն, Աղվես Բենոն։ Մի թևում այս սրիկաներն են, մյուսում՝ նրանց դեմ պայքարի ելած իրավապահ մարմինների նվիրյալները՝ Սանասար Ասծատրյանը, որդին՝ Արամը, ոստիկանապետ  Գուրգեն Բալայանը և ուրիշներ, ովքեր իրենց էջերն են բերում սքանչելի վիպակի հյուսվածքին։ Ոչ։ Դրանք գործող հերոսներն են, ովքեր քո արարիչ գրչով կյանք ու մարմին են առնում։ Այս սքանչելի հյուսվածքը քո գրչի արգասիքն է, հանցավոր աշխարհի վիժվածքների ու նրանց դեմ պայքարի ելած անձնազոհ նվիրյալների արիության ցոլանքը։ Դու ես այդ պերճ հյուսվածքի տերը, որ կարծես մի կողմ քաշված աննկատելի կատարում ես գրողի քո գործը։
Սիրելի Մարսել, դու բոլոր նախադրյալներն ունեիր ստեղծելու մի այնպիսի գեղարվեստական գործ, ինչպիսին ՙՎտանգավոր զառիթափն՚ է, անժխտելի տաղանդի վկայություն ու հավաստիք։ Նյութին   կատարելապես տիրապետումը, երևակայության անսանձ թռիչքը, հանցավոր աշխարհի պատկերը քեզ համար տեսանելի լինելն ու մատչելիությունը նպաստել են ստեղծելու գրական-գեղարվեստական մի գործ, որ լիուլի վստահություն է ներշնչում ականատեսը լինելու ապագա քո նոր ստեղծագործությունների, որովհետև մենք գործ ունենք տաղանդավոր մի գրողի հետ, ով ապրում է իր կյանքի ու ստեղծագործական պատումների միջօրեն։ 
Առայժմ այսքանը։
 
Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.