Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Արաքս ՄԱՆՍՈՒՐՅԱՆ. ԿՈՄԻՏԱՍԻՑ Է ԳԱԼԻՍ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ՚

arax_mansuryan.jpgԻնչպես տեղեկացրել ենք, հոկտեմբերի 18-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին նվիրված համերգ, որին անձամբ ներկա էին կոմպոզիտորը, քույրը` անվանի երգչուհի Արաքս Մանսուրյանն իր աշակերտներով, զարմուհին` Հայաստանում սիրված երգչուհի Շուշան Պետրոսյանը, այլ հյուրեր:
 Հոբելյանական երեկոն նախատեսված էր անցկացնել կոմպոզիտորի հարազատների հետ: Իսկ կազմակերպվել էր այն ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Արաքս Մանսուրյանի, Շուշան Պետրոսյանի, մաեստրո Գևորգ Մուրադյանի՝ իր ղեկավարած Արցախի կամերային նվագախմբի հետ համատեղ: 
Հիշեցնենք, որ համերգի ծրագիրը պայմանականորեն բաղկացած էր երկու մասից: Առաջինում հնչեցին Տիգրան Մանսուրյանի և Կոմիտասի ստեղծագործությունները, որոնք կատարում էին Արաքս Մանսուրյանի՝ Ավստրալիայից ժամանած տաղանդաշատ աշակերտները` Ռիան Սաունդերսը (սոպրանո), Ջեորջիա Կոկկորիսը (կոլորատուր սոպրանո), Ջիանգ Հոնգշինը (տենոր)` հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի նվագակցությամբ: Երկրորդ մասում Արցախի կամերային նվագախմբի հետ նրանք կատարեցին արևմտաեվրոպական աշխարհահռչակ կոմպոզիտորների հանրահայտ օպերաներից հատվածներ: Վերջում Արցախի կամերային նվագախումբը` Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ, կատարեց Տ. Մանսուրյանի` հայկական ֆիլմերի համար գրված երաժշտություններից փոփուրի: 
Ինչպես խոստացել ենք, ստորև ներկայացնում ենք Արաքս ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ հետ հարցազրուցը Տիգրան Մանսուրյանի ստեղծագործության, իր գործունեության մասին:
-Տիկին Արաքս, Արցախում Ձեր երգարվեստի երկրպագուները շատ են, և նրանք անչափ ուրախ էին Ձեզ տեսնելու: Ձեր երգացանկում անպակաս են Տիգրան Մանսուրյանի երգերը, ռոմանսները, որոնք հնարավորություն կա լսելու համացանցում: Ի՞նչ է Ձեզ հաղորդում Մանսուրյանի երաժշտությունը:
- Գիտե՞ք, ինձ տարօրինակ մի զգացում է պատում, երբ երգում եմ Տիգրանի երգերը: Ես այդ երգի մի մասն եմ, դա մեր տնից եկող երաժշտություն է: Երբ ամեն անգամ կատարում եմ նրա վոկալ շարքերը (առաջին կատարողն եմ եղել մի քանի շարքերի), կարծես ես այդ երաժշտության մեջ եմ գտնվում, կարծես միասին ենք ստեղծել: Այո, դա մեր տնից եկող երաժշտություն է: Երբ կատարում եմ, զգում եմ մեր ընտանիքից եկող մի ջիղ, տաքություն, հորս, մորս, մեր չորս զավակներին, մի խոսքով, դա մերն է: Այսինքն, ինձ երբեք  չի թվացել, թե ինչ-որ մեկի գործն եմ երգում: Կարծես ես գիտեի, մեջս էր այդ երաժշտությունը:
- Շատ նուրբ կատարում եք նաև Կոմիտասի երգերը: Ի՞նչ եք զգում վարպետի երգերը կատարելիս:
- Նույնպես: Կոմիտասը, Մանսուրյանը հարազատ երգահաններ են ինձ համար: Երբ Կոմիտաս սկսեցի երգել, շատ երիտասարդ էի: Այդ տարիքից Ռոբերտ Աթայանի հետ միասին, երբ նա հայտնաբերում էր կոմիտասյան նոր երգեր, հանդիպում էինք, և առաջին կատարողն էի կոմիտասյան շատ երգերի: Զարմանալի է, քանիերորդ հարցազրույցն է, ասում եմ, երբ այդ տարիներին երգել եմ, չեմ գիտակցել ինչ եմ անում: Ձեր հարցի պատասխանն այսպես ասեմ. դա եկել է արյան միջով, արյան կանչն է, եկել է անմիջական: Կարծես այդպես էլ պետք է լիներ: Հիմա, արդեն 40 տարի հետո, մտածում եմ, ասում եմ` Աստված իմ, ինչ լավ բան եմ արել: Ծառն առանց տերևների, ճյուղերի կլինի՞ ՝ չի լինի: Ուրեմն այդ ծառը տերևներ է ունեցել, ճյուղեր է ունեցել: Ես չեմ գիտակցել, որ դա եկել է իմ միջից, աճել է, ծնվել է կամ մի մասն է եղել արյան, հոգուս: Առայսօր երգում եմ, ինձանից հետո ուսանողներս են երգում Կոմիտասի երգերը: Պարտադիր բոլոր ուսանողներիս քննության ծրագրում կան Կոմիտասի երգերը: Մանսուրյանը Կոմիտասի շարունակությունն է...
- Պատկերացրեք, Երևանում անցկացված Մանսուրյանական օրերին, երբ միանգամից անծանոթ շատ ստեղծագործություններ լսեցի, հետո էլ` համացանցում, իմ մեջ մոտավորապես նույն միտքը ծագեց. Կոմիտասը վերածնվեց Մանսուրյանի մեջ: Կոմիտասյան մոտեցումը ազգայինի և դասականի հանդեպ, այդ երկուսի համադրման ձևերն այնքա՛ն ազատ ու ճիշտ են կիրառվում (ներող լինի մաեստրոն այս խոսքիս համար) և նոր համոզիչ կերպարներ ստեղծում... 
- Կարծում եմ, շատ ճիշտ եք զգացել: Երբ Ռոբերտ Աթայանը Կոմիտասի անավարտ ՙԱնուշ՚ օպերան հայտնաբերել է, և այդպես անավարտ կատարվում էր այն ժամանակ... Իմիջիայլոց, Կոմիտասը օպերան գրել է ժողովրդական գործիքների նվագախմբի համար: Դա կատարվեց հեռուստատեսությամբ, ռադիոյով: Խոսակցություններ էին գնում, թե գործը պետք է Մանսուրյանը շարունակի, ավարտին հասցնի: Այսինքն, Կոմիտասից է գալիս Մանսուրյանը:
- Իսկ կարողացա՞վ ավարտին հասցնել օպերան:
- Ոչ, այդպես էլ չարեց: Իհարկե, կկարողանար, բայց, ըստ երևույթին, կան բաներ, որ սրբություններ են Տիգրանի համար: Կարծես սրբություն է իր համար ձեռք տալը այդ գործին: Թող մնա այնպես, ինչպես հասել է մեզ:
- Բոլորը զարմանքով էին նշում, որ Ձեր աշակերտներն այդքան նուրբ ու խորապես զգալով էին երգում թե՜  Մանսուրյանի և թե՜ Կոմիտասի երգերը: Դուք շատ լավ տիրապետում եք համաշխարհային և օպերային, և կամերային երգարվեստին: Կարո՞ղ եք հայ և որևէ այլ ժողովրդի ազգային երգարվեստի և որևէ երգահանի ստեղծագործության միջև զուգահեռներ անցկացնել նուրբ և միաժամանակ խոր լինելու իմաստով:
- Գիտե՞ք, կատարողից է ամեն ինչ կախված: Տարիներ առաջ, երբ Հայաստանում էի և երգում էին օպերաներ, այսպիսի խոսակցություններ կային` օ՛հ, Արաքս Մանսուրյանը փոքր ձայն ունի, նա ավելի շուտ կամերային երգչուհի կարող էր լինել: Ինչո՞ւ: Պատասխանը հետևյալն է` ամեն ինչ ես միշտ երգել եմ այդ ճանապարհի վրա. նրբորեն, խորապես ներթափանցելով և արտաբերելով ստեղծագործության ոգին: Ո՞վ է ասել, թե օպերային երաժշտության մեջ ձայնդ պետք է բարձր ցուցադրես: Ոչ, դա երաժշտությունն է, որն ունի բոլոր երանգները: Իհարկե, կա ֆորտե, կա պիանո, այդ կոնտրաստները պետք է լինեն: Բայց միայն երկու գույնի էլ չի կարող լինել: Նուրբ երանգները, որոնք շատ հատուկ են կոմիտասյան երգերին, կարելի է կիրառել օպերային երգերի մեջ, և դրանք կունենան շատ նուրբ երանգներ, ինչն, ըստ էության, պարտադիր է, որ ներթափանցի ցանկացած երաժշտության մեջ: Դժբախտաբար, աշխարհում չկան շատ երգիչներ, որոնք կարողանում են այդ նուրբ, կամերային գույներն օգտագործել նաև օպերայում: Իսկ դա կարևոր է երաժշտության խորքն արտացոլելու համար:
- Այսինքն, նայած ով ինչպես է մեկնաբանում:
- Այո, երգիչներ կան` համարում են, որ օպերան ձայնի արտաբերումն է: Անշուշտ, դա սխալ մոտեցում է:
- Այսպիսի կարծիք կա` դու կամ լավ համերգային երաժիշտ ես, կամ լավ ուսուցիչ: Համաձա՞յն եք այս կարծիքին: Արաքս Մանսուրյանի դեպքում ինչպե՞ս է այս երկու ասպարեզը համադրվում:
- Այո, նման կարծիք տեղ ունի գոյատևելու: Կան փայլուն երգիչներ, որոնք չեն կարող դասավանդել: Ի ծնե է դա, պարզապես երգում են: Կարող եմ անուններ տալ... Մեծ երգչուհի է, բայց դասավանդման համարակարգ չունի: Ես հիշում եմ, շատ փոքր էի, բակում հավաքում էի երեխաներին, և խաղում էինք դպրոց-դպրոց: Մայրս ասում էր` դու լավ դասատու կըլլաս: Միշտ ականջիս մեջ է մորս այդ խոսքը: Բայց ես դասատու չեմ, այսինքն, այն դասատուներից չեմ, որ ասում են` ոչ, այո: Ես կիսում եմ իմ ունեցվածքը, տալիս եմ իրենց: Այնքան շատ եմ տվել, որ չկարողացա այս համերգին երգել, թեկուզ ես էլ պետք է երգեի: Այո, կարող ես լինել փայլուն երգիչ, երգչուհի, բայց չկարողանաս դասավանդել, գիտելիքներդ փոխանցել սերունդներին: Եվ հակառակը, կարող ես լինել միջակ երգչուհի, բայց կարողանաս գիտելիքներդ տալ մյուսներին: Եվ կարող ու փայլուն երգիչ լինել և կարողանալ ամբողջ ունեցածդ տալ սաներիդ:
- Կարծում եմ, Դուք երրորդ կարգին եք պատկանում: Այսօր Արաքս Մանսուրյանն ինչո՞վ է զբաղված, կարողանո՞ւմ է համերգները և դասավանդումը համատեղել առաջվա պես:
- 2007 թվականից դադարեցրի օպերային երգեցողությունը, որովհետև միաժամանակ և՜ օպերային մեծ դահլիճներում երգելը, և՜ դասավանդելն, անշուշտ, դժվար է: Պակասեցրել եմ իմ ելույթները: Չնայած գալուց առաջ չկարողացա չընդունել Ճապոնիայից ստացած հրավերը: Երիտասարդ փայլուն դաշնակահար Տակաիրո Ակիբան խնդրեց, որ գնամ` Կոմիտաս երգեմ: Շատ լավ, ջերմ ընդունեցին համերգը: Մեկ համերգ ծրագրված է Սիդնեյում հայ համայնքի համար՝ Ավստրալիայում ՙՀամազգային՚ կազմակերպության հիմնադրման 50-ամյակին նվիրված: Եկող տարվա ընթացքում ծրագրում եմ Հայոց  եղեռնի 100-ամյակին նվիրված համերգ Հայաստանում: Սա դեռ երազանք է, բայց նաև մեծ ցանկություն: Առհասարակ պակասեցնում եմ իմ ելույթները, քանի որ շատ ուսանողներ ունեմ, նույնիսկ համացանցի ծառայություններից օգտվելով եմ աշխատում նրանց հետ, քանի որ տարբեր երկրներում են գտնվում: Շատ լարված եմ աշխատում: Այո, դասավանդում եմ Ավստրալիայի երաժշտության ինստիտուտում: Այդտեղ են սովորում Ջեորդիան և Ռիանան: Ուսման այդ տարիներից են նրանց երգեցողության մեջ կոմիտասյան տարրերն առաջացել: Ջիանգը իմ մասնավոր ուսանողն է, ում հետ աշխատում եմ գրեթե յոթ տարի: Ինչպես լսեցիք` մեծ ապագա ունի: Այո, երեքն էլ հրաշալի են երգում:
- Շնորհակալ ենք Ձեզ նման աշակերտներ դաստիարակելու, հայկական երգերի այդպիսի խոր զգացումով նրանց երգեցողութան համար: Էլ ավելի մեծ հաջողություններ ենք ցանկանում դասավանդման ասպարեզում:
- Ես էլ խորապես շնորհակալ եմ համերգի կազմակերպման, այդպիսի ջերմ ընդունելության համար: Հուսով եմ, Արցախ կվերադառնամ նոր ծրագրերով:
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ