[ARM]     [RUS]     [ENG]

...ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԻ ԴԻՄԱԳԻԾԸ

gasparyan_norik_patrast.jpgԳրիգոր Նարեկացի  համալսարանի  նիստերի և  պոեզիայի  դահլիճում նոյեմբերի  11-ին տեղի ունեցավ  հանդիպում  բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս    Նորեկ  Գասպարյանի  հետ։ 
55-ամյա հոբելյանը բանաստեղծի  համար  առիթ էր հանդիպելու իր պոեզիայի  երկրպագուների, գրչընկերների հետ, անկեղծ  ու անկաշկանդ զրույց ծավալելու  անցած ստեղծագործական ճանապարհի, առհասարակ  պոեզիայի և գրականության խնդիրների  շուրջ։ 
Բացելով հանդիպումը՝ ԼՂՀ գրողների միության նախագահ, բանասիրական  գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանն ասաց, որ Նորեկ  Գասպարյանը՝  որպես բանաստեղծ  և քաղաքացի,  մղում է անկեղծ զրույցի, որ կարդալով նրա  բանաստեղծությունների  նոր շարքը, համոզվում ես, որ  ՙխոփը՚ ոչ թե  ժանգոտել, այլ բերվել է մի նոր, ավելի զուլալ վիճակի. բոլոր բանաստեղծները  մեծ են այնքանով, որքանով կարողացել են ստեղծել  իրենց նշանները, կոդը։ Նորեկը նորարար բանաստեղծ  է և ստեղծում է իր ժամանակը։ Պիկասոյի  ժամանակակիցները  կերպարը ներկայացնում էին կետով, գծով։ Իսահակյանն  ասել է ՝ խաչքարերի գծերն ազդեցություն են թողնում  իր պոեզիայի վրա։ Պոետը պետք է  բառերով  լցնի լռությունը, խոսեցնի  լռությունը. Նորեկի  մոտ  կա նյութի հաղթահարումը, որով  հակադրվում է ժամանակին, կերտում  ժամանակը, ժամանակը դարձնում  իրենը։ Նրա պոեզիան  կարծրատիպերից դուրս  է,  մշտապես  շարժվող, փոփոխվող, նրա  ապրումը խորն է, տողը  հոգուց է բխում, և  երևույթները  նորովի ընկալելու  զգացողությունն  ընթերցողին մղում է  մտածելու, անհաշտ լինելու այսօր ստեղծվող  բանաստեղծության  հետ, քանզի Էլիոթն ասել է, թե բանաստեղծությունը  պիտի ազդի կյանքի վրա, երկիրը փոխի։ Նորեկը  ճշմարիտ  արվեստագետ է, փնտրում է այն արահետը, որ  տրորված չէ,  մնում է իր  հետաքրքիր  սերնդի  հետաքրքիր  բանաստեղծը։
Հոբելյարի պոեզիայի  շուրջ զրույցը  շարունակում է  Նարեկացի  համալսարանի  հայոց լեզվի և գրականության  ամբիոնի վարիչ,  բանասիրական գիտությունների թեկնածու Տաթև Սողոմոնյանը։ ՙԱյսօր, 21-րդ դարում, տողը, մանավանդ պոետական տողը, պետք է առավելապես ճշմարիտ  և ապրված լինի, այլապես ամեն ինչ կարծես թե  բազմիցս ասված է,  և սեթևեթանքով ու պաթոսով ընթերցող զարմացնելն ավելորդ արհեստավարժություն է,- ասաց բանախոսը։¬  Պարզապես պետք է ճամփեզրին   աճած ծաղիկը տեսնել սեփական աչքերով և արձագանքել  սեփական ձայնով։  Մի ամբողջ սերունդ ըմպել ենք անցած պատերազմի  նյութի թանձրությունը, և մեղք է  այն թղթին  չհանձնելը։ Նորեկի մի բանաստեղծության մեջ  մի ամբողջ սերնդի  կորսված մանկությունն է, մեր երկիրն է՝ կայացած ու չկայացած հաղթանակով։ Երկիր, որն առաջին  հերթին լավ պոետի պահանջարկ ունի, քանզի պոետը նաև ժամանակի  փրկիչն է՚։
Բանախոսը նշեց, որ Գասպարյանը  տարեգրություն է ստեղծել, և ցանկացավ նրան  ավելի շռայլ գրիչ։ Հոբելյարի  պոեզիայի և առհասարակ գրականության շուրջ իրենց տեսակետները բանաձևեցին երիտասարդ գրականագետներ  Զարինե Սառաջյանը,  Ալիսա Բաղդասարյանը, լրագրող, արձակագիր Նվարդ Ալեքսանյանը, բանաստեղծներ  Ռոբերտ Եսայանը, Կիմ Գաբրիելյանը, Դավիթ Միքայելյանը, Արիս Գրիգորյանը, դասախոս  Անուշավան Պողոսյանը։ 
Նորեկ Գասպարյանն   իր ձեռագիրն ունեցող բանաստեղծ է, չի հրապուրվում պոեզիայի արտաքին  փայլերով, այլ գնում է դեպի  երազի  խորքը, դեպի ժամանակի  հոգեվիճակը՝ հայտնաբերելով  այն դիմագիծը, որ հատուկ է արվեստի ոգուն։ ՙԱպրելու  ժամանակը՚  արձակ ստեղծագործության  մեջ պոետն արտահայտել է  իր բանաստեղծական հավատամքը, այն է՝ չապրվածը երբեք չբերել գրականություն։  Ն. Գասպարյանի բանաստեղծական  տողերը ձգտում են դեպի  ազատության  հանգրվանները, հաղթահարում  չափածո խոսքի արգելքները՝ ստեղծելով  ջերմ մթնոլորտ, ուր հաղորդակցվում են ներաշխարհային  հոգեվիճակները։ Էկրանային մտածողությունը  գրողին օգնում է նորովի տեսնել  աշխարհը,  համադրության միջոցով ստեղծել նոր պատկերային  միացումներ։ Հոգևոր տարածքը, որտեղ նա բացահայտում է  իր հոգեվիճակները, մի նոր սկիզբ է, որը հեղինակին և ընթերցողին տանում է դեպի  անհայտի ներաշխարհը։ ՙԲայց ինչքան միտքս դես ու դեն եմ գցում,- գրում է բանաստեղծը,- չեմ կարողանում պատասխանել առաջին հայացքից գուցե իրենից  ոչ մի բարդություն չներկայացնող հարցի՝ ինչո՞ւ եմ  բանաստեղծություն գրում կամ ինչո՞ւ եմ սիրում՚։ Սիրելու և բանաստեղծելու գործողությունները Գասպարյանը հավասարազոր  իրադարձություններ է համարում. երկուսն էլ բխում են անկեղծության և երազի տեսիլքի մարմնավորման  հունից։ 
Նորեկ Գասպարյանի  բանաստեղծությունները  մարդու և բանաստեղծի  ապրումների, տվայտանքների, վախի և հուսադրման, ուրախության  ու երանելի  տխրության  ինքնաբացահայտման հայելին են։ Բանաստեղծությունն ապրման պահ է, կյանքի իմաստ։ Բանաստեղծի մտահոգությունն ու զարմանքն այն է, թե՝ մեջբերենք.ՙԵս երևի երբեք չեմ հասկանա, ինչու են արքաները հսկայական պալատի  պայծառ խորքերում  մենակությունից ոռնում...՚։ Ն.Գասպարյանի տողը կյանքն է, երևի թե հենց դա է պատճառը, որ հերթական բանաստեղծական շարքից, գրքից հետո  չգրելու վախ է ունենում։ ՙԲարձրահարկերի  կատարներից  թռչող կնոջ համար  խելքը թռցնող, հավերժության օրենքից  ինչ¬որ բան հասկացող, մերկությունից ամենևին էլ չամաչող՚ բանաստեղծի  ընկալմամբ՝ բանաստեղծությունը սեր է, սկիզբ է, ապրման ժամանակ, շարունակություն, շունչ, զգացմունք, անհրաժեշտություն։ Այսինքն՝ այն ամենակարևորը, առանց որի կյանքը կորցնում է իր հրապույրը, իր բույրն ու գույնը։ 
Հեռուստալրագրող  Նորեկ Գասպարյանը բազմաբովանդակ, բազմաթեմա հաղորդումներով գերում է լսարանը՝ նոր որակ բերելով հրապարակախոսության մեջ։ Նա բառի բառարանային  իմաստից կարողանում է բարձրանալ, որը նրա պոեզիային հաղորդում է խորություն։ 
ՙՆորեկը գրական ժառանգություն է ստեղծել որպես բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս,-իր ելույթում ասաց ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Սոկրատ Խանյանը։- Ժամանակակիցները միշտ էլ իրար չեն հասկացել։ Այսօր կարող ենք համարձակորեն ասել, որ համահայկական դաշտում ունենք երևացող  անուններ, որ ստեղծագործում են Արցախում։ Նրանցից մեկը Նորեկն է, ով հենց առաջին գրքից եղել է որոնումների մեջ։ Եթե նրա մոտ  գրելու մտավախություն կա, դա գալիս է իր հանդեպ ունեցած խստապահանջությունից։ Նորեկը խորհում է՝ ինչ գրել, ինչպես գրել։ Նա դեռ անդրադառնալու է իր պոեզիային։ Ինչ վերաբերում է ժամանակին և ընթերցողին, չկարծեք, թե Խորենացու ժամանակ մասսայաբար ընթերցել են։ Այսօր կա հեռացում գրքերից, արժեքները փոխվել են, բայց կա ավանդույթի շարունակություն։ Ովքեր բանաստեղծ են  ծնվել, գրելու են, և հետագայում  գրականագիտությունը կանդրադառնա, թե այսօր ինչ է ստեղծվել՚։ 
ՙՎերջին շրջանում պասիվ դիրք ունեմ  գրական աշխարհում,- ասաց հոբելյարը։-Խոստովանեմ, որ գրեթե չեմ գրում։ Կարծես թե ներշնչանքի պակաս կա։ Բավականին բարդ իրավիճակ է, երբ գրիչդ այն ուղղությամբ չի շարժվում, ինչ ուզում ես, և վերադարձի ցանկություն ունես։ Ինքս ինձ չեմ կարողանում հաղթահարել։ Այս բացակայությունը գուցե գալիս է այն մտածմունքից, թե այսօր ինչ է գրվում։ Գրելու ընթացքում երբեմն զգում եմ, որ բացակայում են կյանքը, սերը։ Կարծես թե չեն ստեղծվում այնպիսի գործեր, որ կարող ես կարդալ 20-30 տարի հետո։ Գիրքը պիտի փոխի կյանքի ընթացքը։ Ես մտածում եմ՝ ո՞ւնեմ արդյոք այն գիրքը, որ կփոխի կյանքը, մարդկային մտածողությունը։ Մարկեսի ՙՀարյուր տարվա մենությունը՚  փոխել է իմ  ստեղծագործական կյանքը, իմ մտածողությունը։ Կամ, ասենք՝ Այթմատովի ՙԵվ դարից երկար ձգվում է օրը՚ գիրքը։ Գրելը բավականին դժվար  ընթացք է։ Եթե գրիչը չի գործում, դա շատ դաժան երևույթ է։ Ես չեմ ուզում մտնել մասսայական ընթերցանության համար գրվող գրականության մեջ։ Ի՞նչ է նշանակում լինել ժամանակակից։  Դա  նշանակում է տիրապետել և՜ անցյալին, և՜ ներկային՚։
Վ.Հակոբյանը Գուրգեն Գաբրիելյանի  վերջերս լույս տեսած ՙԵս ձեզ հետ եմ՚ գիրքը նվիրեց հոբելյարին։ 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ