ԱՐՑԱԽՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՕՐԵՐԸ

Միջոցառման շրջանակներում նոյեմբերի 18-ին Ստեփանակերտի հ.1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ մեթոդական կոնֆերանս հանրապետության ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների մասնակցությամբ։ Ներկա էին ռուս գրող, հրապարակախոս Կիմ Բակշին, գրող Վիկտոր Կոնոպլյովը, ՀՀ կրթության և գիտության նախարարության, կրթության ազգային ինստիտուտի, Արցախի և Հայաստանի տարբեր բուհերի ռուսաց լեզվի մասնագետներ։ Միջոցառման հիմնական նպատակը մանկավարժական փորձի տարածումն էր, ուսուցչի հեղինակության բարձրացումը։ Այն ուղեկցվեց մի քանի փուլով։ 
Բացման խոսքում հ. 1 հիմնական դպրոցի տնօրեն Ռոմելա Դադայանը ողջունեց Արցախում Ռուսական խոսքի օրերի անցկացման նախաձեռնությունը։ Նա հակիրճ անդրադարձավ կրթօջախի ձեռքբերումներին` նշելով, որ դպրոցի շրջանավարտներից շատերն այսօր աշխատում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի տարբեր ծայրերում, որովհետև նրանք ի սկզբանե սիրել են ռուսերենը։ 1989-ից առայսօր դպրոցը խորացված ռուսերենով դասեր է վարում։ Ռ. Դադայանն իր կոլեկտիվի անունից երախտագիտություն հայտնեց ռուս մեծ բարեկամներ Կիմ Բակշիին և Վիկտոր Կոնոպլյովին՝ պարբերաբար Արցախ այցելելու, իրենց գործունեությամբ մեր երկրի ճանաչմանը նպաստելու համար։ 
ՙԼՂՀ-ում մշտապես առանձնակի ուշադրություն է դարձվել հայ և ռուս ժողովուրդների միջև ստեղծված պատմական կապերին։ Հայ ազգը պահպանել է ռուսական հարուստ մշակույթը, չի մոռացվել մեծ լուսավորիչ Խ. Աբովյանի պատգամը՝ ռուսաց լեզուն մենք պետք է վեր դասենք բոլոր մյուս լեզուներից՚,- այսպես սկսեց իր ելույթը ԼՂՀ կրթության և գիտության նախարարության պետական տեսչության տեսուչ Ռուբեն Օսիպովը։ Նրա խոսքով՝ հանրապետության ուսումնական հաստատություններում մեծ սիրով ու հետաքրքրությամբ են սովորում ռուսաց լեզուն. դա նկատելի է դպրոցներում անցկացվող տեսչական ստուգումների ժամանակ։ ԿԳ նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդ ուսուցիչների պատրաստմանը, նրանց վերահսկում են առավել փորձառու մանկավարժներ։ Տեսչական ստուգումները վկայում են, որ ռուսաց լեզվի ուսուցիչները բարեխղճորեն են պատրաստվում դասերին, ձգտում դրանք դարձնել կենդանի և հետաքրքիր, ամբողջությամբ տիրապետում են դասավանդման մեթոդիկային, պահանջկոտ են ինչպես աշակերտների գիտելիքների, այնպես էլ իրենք իրենց նկատմամբ։ Որպես նախարարության պետական տեսուչ՝ ֆրոնտալ ստուգումների ժամանակ նա ծանոթանում է ուսուցիչների թեմատիկ պլաններին, դասալսումներ անցկացնում՝ վերահսկողական մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով և վերլուծություն անում։ Արդեն քանի տարի է՝ Ստեփանակերտի հ. 1, 7 և 2 դպրոցներում գործում են ռուսաց լեզվի թեքումով դասարաններ։ Դա հնարավորություն է ընձեռում ուսուցիչներին՝ աշակերտներին սովորեցնել լավ և հստակ խոսել ռուսերեն, կարդալ, գրել ու հասկանալ ռուսաց լեզուն։ Նշված դպրոցներում աշխատում են ռուսաց լեզվի փորձառու մանկավարժներ, որպիսիք են Ժաննա Բալայանը, Վերա Խաչատրյանը, Սիլվա Սարգսյանը, Լիանա Սիմոնյանը, ինչպես նաև Ալլա Մկրտումյանը, Սուսաննա Միրզոյանը, Էմմա Բաբայանը, Նինա Բադունցը, Լիանա Կարապետյանը՝ Հադրութից, Մարտունուց, Մարտակերտից ու Ասկերանից և շատ ուրիշներ։
Դպրոցի տնօրենի և նախարարության պետական տեսուչի ելույթներում ներկայացվածը՝ ռուսաց լեզվին տիրապետելու, դրա նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերելու վերաբերյալ  հաստատեցին հ. 1 կրթօջախի սովորողները՝ նախ գրական-գեղարվեստական գեղեցիկ մոնտաժով, ապա՝ չորս դասապրոցեսների ժամանակ, որոնց ներկա էին միջոցառման մասնակիցներն ու հյուրերը։ Ի դեպ՝ դասերից երկուսն անց է կացվել Հադրութի դպրոցի երեխաների մասնակցությամբ։
Դասերից հետո, ծրագրի համաձայն, տեղի ունեցավ կլոր սեղան, որի ժամանակ շուրջ 2,5 ժամ եղան ակտիվ քննարկումներ՝ ՙՀայկական դպրոցում ռուսաց լեզվի դասավանդման հրատապ հիմնախնդիրները՚ թեմայով։ Ներկաները կիսվեցին դասերից ստացած տպավորություններով, իրենց դիտողություններն ու առաջարկություններն արեցին՝ հետագայում դրանք էլ ավելի արդյունավետ դարձնելու համար։  
 
Ժաննա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՀՀ կրթության ազգային ինստիտուտի ռուսաց լեզվի մասնագետ.
- Այսօր մենք ականատեսը դարձանք բարձր մակարդակով ու հրաշալի անցկացված չորս դասերի, որոնք վկայում են ուսուցիչների արհեստավարժության մասին։ Նրանք կարողացան այնպես անել, որ երեխաները ցույց տան իրենց գիտելիքներն ու գրագիտությունը ռուսաց լեզվից։ Խոսում էին հստակ ռուսերենով, կարողանում էին միանգամայն ազատ շարադրել իրենց մտքերը, ինչը գոհացրեց մեզ։ 
Ես երկար տարիներ եղել եմ այն հանձնախմբի նախագահը, որը քննություն էր ընդունում այն տղաներից, ովքեր գնում էին Ռուսաստանի զինվորական հաստատություններում սովորելու։ Եվ երբ պատանիներից որևէ մեկը խոսում էր մաքուր ռուսերենով՝ նրան իսկույն հարցնում էի՝ դու Ղարաբաղի՞ց ես… Այսինքն՝ Ղարաբաղում այնքան բարձր է ռուսաց լեզվի դասավանդման մակարդակը, և երեխաներն այնքան մաքուր ու գրագետ են խոսում, որ ոչ մի խնդիր չունեն արտահայտման և հնչերանգի հետ կապված, շատ լավ հասկանում են իրենց արտաբերած բառերի իմաստը։ Ռուսաց լեզվի իմացությունն անհրաժեշտ է յուրաքանչյուրիս, և պարտավոր ենք լավ տիրապետել։ Երախտապարտ ենք Արցախի իշխանություններին, բոլոր կազմակերպիչներին՝ Ռուսական խոսքի օրերի անցկացման համար, թիվ 1 դպրոցի տնօրինությանը, որ ցույց տվեց իր հրաշալի աշակերտներին, նրանց հնարավորություններն ու արվեստը։ Այս կարգի  դպրոցում սովորելը պարզապես տոն է։ Նաև տոն է նման ուսուցիչների հետ աշխատելը։
     
Վիկտոր ԿՈՆՈՊԼՅՈՎ, ռուս բանաստեղծ.
- Ինձ թվաց, որ ես ներկա եմ եղել Ռուսաստանի դպրոցներից մեկում տեղի ունեցող դասապրոցեսներին։ Ռուսաց լեզվից բոլոր դասերը, որ անցկացվեցին 5-րդ և 6-րդ դասարաններում, հրաշալի էին։ Դասավանդող ուսուցիչները ցուցաբերեցին ստեղծագործական հետաքրքրություն՝ դասը մատուցելով տարբեր մեթոդների կիրառմամբ։ Հստակ երևում էր, որ երեխաներին դուր էր գալիս դա, և նրանք այդպես լավ էին յուրացնում նյութը։ Մեզ ապշեցրել էր, թե ինչպես էր աղջիկն արագ-արագ գրում գրատախտակին՝ առանց սխալների և գեղեցիկ, իրար հետևից շարված վայելչագիր տառերով… Անչափ տպավորված եմ։ Ռուսական խոսքի օրերի կազմակերպման ժամանակ անհրաժեշտ է, որ Ռուսաստանից շատ մանկավարժներ գան ու տեսնեն, թե ինչպես են դասավանդում այստեղ, փորձի փոխանակում անցկացնեն… Սա տոն է, որն անհրաժեշտ է բոլորիս, և շփվելու, նոր հարաբերությունների ձևավորման համար հիանալի առիթ է։ Հայ-ռուսական բարեկամությունը միշտ  եղել է ու կլինի՝ համոզված եմ։ Անձամբ ես հպարտ եմ, որ հեռավոր, այսպիսի մի փոքրիկ լեռնաշխարհում սիրում են ռուսերենը, ռուսական մշակույթը, խոսում են այդ լեզվով, որը նրանց համար երկրորդ լեզու է դարձել։    
Նույն օրը երեկոյան ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի Երիտասարդության պալատում տեղի ունեցավ զինվորական երգի փառատոն ԼՂՀ ՊԲ զինծառայողների մասնակցությամբ։
 
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ