[ARM]     [RUS]     [ENG]

ԿՅԱՆՔԻ Է ԿՈՉՎՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

IMG_4870.jpgՆորույթը, որը մոտ ապագայում կներդրվի հանրակրթությունում, նրա հեղինակների կարծիքով` ավելին է, քան ծրագիրը. այն կրթական շարժում է, որը կնպաստի ոչ միայն ոլորտի  զարգացմանը, այլև հասարակության բարոյական վերափոխմանը:
 Հարցի քննարկմանն էր նվիրված նոյեմբերի 28-ին Ստեփանակերտի ՙՎալեքս գարդեն հոթել՚-ում կազմակերպված հանդիպումը ծրագրի հեղինակ` ՙԱյբ՚ կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահի կրթության գծով խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանի և հիմնադրամի մյուս ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, բնագավառի պատասխանատուներ, ուսուցիչներ, հասարակական, քաղաքական գործիչներ, հասարակության տարբեր խավերի   ներկայացուցիչներ:     
Ողջունելով  մասնակիցներին`  ՙԱյբ՚ կրթական  հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը տեղեկացրեց, որ Կրթության գերազանցության ազգային ծրագրի շուրջ արդեն մեկ տարի է, ինչ հանրային լսումներ են  անցկացվում, ինչի  արդյունքում  լրամշակվելով` հաջորդ տարվա  մարտ ամսին այն կստանա իր վերջնական տեսքը: 
Ծրագիրը ողջունեց ԼՂՀ ԿԳ  նախարար Ս. Ասրյանը` նշելով, որ  կարևոր թեմա է  քննարկվում: Կրթության ոլորտը, հատկապես հանրակրթությունը, միշտ էլ գտնվել է հասարակության և իշխանությունների, կառավարման ոլորտի պատասխանատուների ուշադրության կենտրոնում: Այսօր մեր դպրոցը բարեփոխման փուլ է ապրում, և այստեղ նոր առաջարկություններ են արվում, որոնք պետք է նպաստեն կրթության որակի բարձրացմանը: Նախարարը շեշտեց, որ ծրագիրը հենվելու է մեր ունեցածի, ձեռքբերումների  հիմքի վրա: 
Փաթեթը ներկայացրեց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
Ծրագիրն իրականացնողներն են ՀՀ կառավարությունը և ՙԱյբ՚ կրթական հիմնադրամը: Այն ունի նաև միջազգային գործընկերներ` Քեմբրիջի համալսարանը և Լոնդոնի կրթության ինստիտուտը: Այսինքն` ծրագիրն ազգային է, բայց իր հիմքով հետապնդում է ամենաբարձր` միջազգային որակական  չափանիշներ: Նպատակն է որակապես և էապես բարձրացնել հայկական հանրակրթության որակը, այն համապատասխանեցնել աշխարհում գործող ամենաբարձր չափանիշներին, բայց շատ կարևոր մի առանձնահատկությամբ` խարսխվելով մեր ազգային արժեքների հիմքի վրա: Փորձ է արվում ստեղծել 21-րդ դարի հայկական դպրոցի մոդելը: ՙԱյբ՚ ավագ դպրոցը, որտեղ  չորս տարի է` փորձարկվում է ծրագիրը, յուրատեսակ լաբորատորիա է դարձել հանրակրթության համար և  իր արդյունքներով  օրինակելի է համաշխարհային առումով:  Ծրագրի հիմնադիրի խոսքով` սինթեզելով  համաշխարհային լավագույն փորձը և մեր ակունքներից եկող իմաստնությունը, ստեղծել են  մի շատ մրցունակ համակարգ: 1000-ից ավելի դասագրքեր են ուսումնասիրվել, լավագույն դասագրքերը թարգմանվել են հայերեն, որպեսզի  այսօր հայ երեխան հնարավորություն ունենա իր մայրենի լեզվով աշխարհի լավագույն դասագրքերով, մեթոդոլոգիաներով սովորել, ինչպես նաև հաղորդակից լինել իր ազգային հոգևոր արժեքներին: 
Հեղինակի հավաստմամբ` այսօր բոլոր ազգերի գերխնդիրը կրթական հիմնահարցի առավել արդյունավետ լուծումն է, առանց որի առաջընթաց հնարավոր չէ: Մենք` հայերս, չունենք գազ և նավթ,  բայց ունենք մարդկային մտավոր ներուժ` աննյութական գանձ, որին պետք է պատշաճ վերաբերվենք: Այս բոլոր քննարկումների նպատակն էլ հենց դա է` մեր մեջ արթնացնել յուրահատուկ ոգի և տեր կանգնել ազգային կրթությանը, կարողանալ բոլոր հնարավոր միջոցներով նպաստել կրթության զարգացմանը, որովհետև նրանից է կախված մեր ապագան:
Ծրագրի հիմնական նպատակն է կարևորել ուսուցչի դերը` հասկանալով, որ լավագույն կրթությունը կախված է մեկ գործոնից` ուսուցչից:  Գաղտնիք չէ, որ այսօր թույլ գիտելիքներով շրջանավարտներն են գնում մանկավարժական բուհեր, մինչդեռ ճիշտ հակառակը պետք է լինի: 
Բայց  նաև  ուսուցչի գործը պետք է դարձնել հարմար, նրան տալ լավագույն հնարավորությունները, կարծում է ծրագրի հեղինակը: Այդ իսկ պատճառով ՙԱյբ՚ դպրոցի փորձառության վրա  իրենց միջազգային գործընկերների հետ ստեղծում են մի նոր կրթական համակարգ, որը կոչվելու է Արարատյան բակալավրիատ: ՙՈրպես հայ ժողովուրդ` մենք հավակնություն ենք ներկայացրել հայտնվելու կրթության գերազանցության համաշխարհային քարտեզի վրա, որպեսզի ունենալ մեր լեզվով և մեր արժեքներով, բայց համաշխարհային ամենաբարձր չափանիշներին համապատասխան կրթական համակարգ՚,- ասաց  Տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Նա նշեց, որ Քեմբրիջի համալսարանի հետ առայժմ վերջնական լրամշակումներն են կատարում, գարնանից սկսելու են հավաստագրման գործընթացը:
Ծրագիրը պաշտոնապես սկսվել է 2014թ. սեպտեմբերին: 2014-2016թթ. ընթացքում Արարատյան բակալավրիատն ամբողջապես լրամշակվելու, գրանցվելու և պատրաստ է լինելու 2016թ. աշնանը դպրոցներ մտցնելու համար: Սա  արվում է  Քեմբրիջի համալսարանի հետ միասին: Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ միասին իրականացնում են ուսուցիչների վերապատրաստման բոլոր ընթացակարգերը, փաստաթղթավորումը և ամենակարևորը` այդ ուսուցիչներին պատրաստող մանկավարժներին ու փորձագետներին: Մինչև 2016թ. սեպտեմբերը կլինեն և՜ կրթական համակարգը,  և՜ ուսուցիչների վերապատրաստման ինստիտուտը: 2016-ից մինչև 2019 թվականը 12 ավագ դպրոց Հայաստանում և մեկ ավագ դպրոց Արցախում ամբողջովին կանցնեն Արարատյան բակալավրիատին։ Այնտեղ կմտնեն կա՜մ վերապատրաստված, կա՜մ լրիվ նոր ուսուցիչներ: Այդ ընթացքում պատրաստվելու է 500 ուսուցիչ, որոնք ստանալու են Արարատյան բակալավրիատի որակավորում, այսինքն` դառնալու են միջազգային որակավորմամբ ուսուցիչներ: 2019-2023թթ. ընթացքում Արարատյան բակալավրիատը Հայաստանում և Արցախում ընդգրկելու է բոլոր ավագ դպրոցները: Սրանով  ՀՀ-ում և ԼՂՀ-ում  յուրաքանչյուր երեխայի հնարավորություն է տրվելու սովորել լավագույն կրթական ծրագրերով և լավագույն ուսուցիչներով: 
Ծրագրի 3-րդ փուլում պատրաստվելու է ևս 1500 ուսուցիչ: Արդյունքում`  10 տարվա ընթացքում լինելու են միջազգային որակավորմամբ 2000 ուսուցիչներ: 
Ծրագիրը գործող բոլոր ուսուցիչներին հնարավորություն է տալիս կատարելագործվել և փորձել ուժերը, եթե, իհարկե, առկա են նվազագույն պահանջները`  մագիստրոսի աստիճանը (կամ նախկին բարձրագույն 5 տարվա կրթությունը) և մասնագիտական գիտելիքների անհրաժեշտ քննությունը: Իսկ գլխավոր նպատակն է տաղանդավոր  երիտասարդներին բերել դպրոց և ուսուցչի մասնագիտությունը դարձնել հարգված, ապահովված նյութապես ու բարոյապես:
Ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրություն է նկատվել հանրային քննարկումների ժամանակ: Նաև նշվել են դրա իրականացման ճանապարհին հանդիպող դժվարությունները: Տեր Մեսրոպ քահանա Արամյանը կոչ արեց բոլորին` համատեղել իրենց  ջանքերը, միավորվել դպրոցի շուրջ։ 
 
Սվետլանա  ԽԱՉԱՏՐՅԱՆ