[ARM]     [RUS]     [ENG]

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ՈՐ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐՇՆՉՈՒՄ

888.jpgՔերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը հաշմանդամների միջազգային  օրվա առթիվ  դեկտեմբերի 3-ին Ստեփանակերտի պատկերասրահում կազմակերպել է ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Կենտրոնի սաների 100-ից ավելի աշխատանքներ։ 
Բացման խոսքով հանդես եկավ պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը, ընդգծելով, որ նման  միջոցառումները լավագույն միջոց են հաշմանդամներին ինտեգրելու հասարակությանը։  Բանախոսը դեկտեմբերի 3-ը նպատակասլաց, ուժեղ մարդկանց օր անվանեց և մաղթեց նրանց  լավատեսություն, առողջություն, հաջողություն, ոգու ամրություն, շրջապատի կողմից՝ ըմբռնողություն, հոգատարություն։ 
Կենտրոնի բժիշկ-վերականգնողաբան Գոհար Խաչատրյանը խոսեց դասընթացների (արվեստի, նկարչության, մաքրամեի և հելունագործության, կավագործության), սաների աշխատանքների մասին։ Այն մասին, որ դասընթացները օգնում են առողջության վերականգնմանը, ինչպես նաև մասնագիտական որոշ ունակությունների ձևավորմանը։ Նա նշեց, որ Կենտրոնում գործում է նաև սպորտային խմբակ, կազմակերպվում են մրցումներ։ 
Նվեր Պետրոսյանի, Նարինե Հարությունյանի, Էրիկ Պողոսյանի, Արփինե Թադևոսյանի, Գագիկ Աղաջանյանի, Էրիկ Մանուչարյանի, Մերի Մելքումյանի,  Գեորգի Բաղդասարյանի  նկարչական աշխանքներում  լույս ու ջերմություն, որոշակի տրամադրություն կային։
Հետաքրքիր աշխատանքներ էին ներկայացրել կավագործության դասընթացների սաները։ Խմբակի ղեկավար Սերոբ Մամունցն ավարտել է ԱրՊՀ կերպարվեստի և գծագրության բաժինը, մասնագիտացել  կերպարվեստի գծով։ 4-5 տարի է, ինչ աշխատում է Վերականգնողական կենտրոնում։ Շփումը սաների հետ  դժվար չէր, բայց աշխատանքի ընթացքում դժվարություններ եղան, որոնք հաղթահարելու համար  բավականին ջանքեր էին պետք։ ՙԿենտրոն հաճախում են տարբեր կարողություններով անձինք, և  նրանց հետ պետք է աշխատես անհատապես՚,- ասում է Ս. Մամունցը։ Ցուցահանդեսում ներկայացված գործերը ստեղծվել են ոչ թե օրերի, այլ  տարիների ընթացքում։ Ցուցադրված կավե փոքրիկ ՙտնակները՚ սաների անհատական աշխատանքներն են, իսկ մեծ ՙտնակը՚ խմբակային աշխատանքի արդյունք է։ Խմբովին է լուծվել առաջադրված խնդիրը։ Մշակվում է այնպիսի միջոց, որպեսզի և՜ սաների, և՜ մանկավարժի համար աշխատելը լինի հետաքրքիր։ ՙԿավն  ինքը զգայուն նյութ է,- ասում է Սերոբը։- Ինչպես  վերաբերվում ես նրան, նույն ձևով ստանում ես պատասխանը՚։ Կավե անոթների մեջ ջերմություն ու սեր կար, ՙտնակների՚ մեջ՝ նույնպես։ Կավն  օգնում է  վերականգնելու առողջությունը։ Ս. Մամունցը պատմեց, որ Վիկան 20 տարեկան էր, որ սկսեց հաճախել Կենտրոն, խմբակ, որ սկզբում ինքը դժվարանում էր, բայց հետո գտավ աշխատացնելու ձևը, և կավն օգնեց հաղթահարելու մկանային թուլությունը։ Այսինքն, մոտեցման ճիշտ ձևն օգնեց առողջության վերականգմանը։ ՙԱյստեղ պլանավորումը կախված է տվյալ պահից, երեխայի տրամադրությունից, թե ինչպես ես կարողանում նրան ներգրավել աշխատանքի մեջ, որ հետաքրքիր լինի՚,- ասաց Սերոբը։ 
Հելունագործությամբ հետաքրքիր աշխատանքներ էր ներկայացրել 20 տարեկան Դիանան, որ  ցուցահանդես էր եկել մոր՝ Մարգարիտա Գրիգորյանի հետ։ Մայրը պատմեց, որ աղջիկը սկզբում ընտրել էր մաքրամեն, հետո հրապուրվել հելունագործությամբ, և ահա չորս տարի է, ինչ սիրով հաճախում է խմբակ։
Մաքրամեի գծով Մանուշակ Մելքումյանը ներկայացրել էր երեք աշխատանք, բայց աղջկա սերը եղել և մնում է երգարվեստը։ Ներկաները հուզմունքով լսեցին նրա ժողովրդական և գուսանական երգերի կատարումները։ 
Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրինությունը նվերներ էր պատրաստել իր սաների՝ ցուցահանդեսի մասնակիցների համար։
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ