[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ՊԱՏԱՆԻ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

DSC01160.JPGԴեկտեմբերի 6-7-ը Ստեփանակերտի թիվ 3 դպրոցի մարզադահլիճում կայացավ Արցախի  պատանի ձյուդոիստների  2014թ. բաց առաջնությունը։ Մրցաշարին մասնակցեցին Ստեփանակերտի և Քաշաթաղի շրջանի Ուռեկան գյուղի ձյուդոյի բոլոր յոթ խմբերի շուրջ 80 մարզիկներ։ Առաջնության նպատակն էր խթանել մարզաձևի հետագա զարգացումն ու մասսայականացումը, ի հայտ բերել լավագույն ձյուդոիստներին և համալրել Արցախի հավաքական թիմը։ 
Մինչ մրցաշարը, առաջնության մասնակիցներն ու ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988թ. Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը։ 
Մրցումներն անց են կացվել ձյուդոյի միջազգային կանոնների համաձայն. թույլատրվել են նաև ցավեցնող, խեղդող և պահում հնարքները։ Գոտեմարտի տևողությունը, որոշ բացառություններով, 4 րոպե  էր։ Համառ պայքարից հետո տարբեր քաշային կարգերում 2000-2003թթ. ծնված պատանիների միջև առաջին տեղերը զբաղեցրել են Արման Մանգասարյանը (25կգ), Խորեն Աբրահամյանը (28կգ), Եվա Հովհաննիսյանը (31կգ), Ռոբերտ Պողոսյանը (34կգ), Միքայել Միրզոյանը (38կգ), Սուրեն Մայիլյանը (42կգ), Սևակ Սարգսյանը (46կգ), Սուլիկո Ասրյանը (50կգ), Ռոբերտ Սիմոնյանը (55կգ) և Արման Հարությունյանը (55 և ավելի քաշային կարգերում)։5.jpg
 Մրցանակային տեղեր գրաված ձյուդոիստները պարգևատրվեցին մեդալներով, դիպլոմներով։ Թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրեց Ստեփանակերտի թիվ 3 դպրոցի ձյուդոյի խումբը, 2-րդը՝ թիվ  5 դպրոցինը և 3-րդ տեղը՝ Քաշաթաղի շրջանի Ուռեկան գյուղի խումբը։ Թիմերը նույնպես պարգևատրվեցին գավաթներով և դիպլոմներով։ Խրախուսվեցին նաև լավագույն տեխնիկա և արդյունքներ ցուցաբերած մարզիկները, այդ թվում՝ Քաշաթաղի ձյուդոիստներից Դավիթ Միքայելյանը (42կգ) և Նաիրի Պարսամյանը (38կգ)։ Ուռեկան գյուղի մարզիչ Վրեժ Սարգսյանը գոհ է իր սաների ցուցաբերած արդյունքներից, չնայած կարող էին ավելի լավ ցուցանիշների հասնել, եթե ունենային պարապելու համապատասխան պայմաններ։ Առաջնության մարզիկներից լավագույնները կընտրվեն մասնակցելու դեկտեմբերի 12-14-ը Երևանում կայանալիք պատանիների և դեռահասների ձյուդոյի առաջնությանը։ 
Գլխավոր մրցավար և մարզիչ Իվան Ազիզբեկյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մրցաշարի բոլոր մասնակիցներին, ծնողներին և հյուրերին։ ՙՄենք ուրախ ենք, որ տարեցտարի ավելի լավ արդյունքներ եք ցուցաբերում, կատարելագործում   տեխնիկան, հնարքները։ Ուրախալի է նաև այն փաստը, որ չեմպիոնները միշտ փոխվում են, այսինքն՝ այն մարզիկները, ովքեր մի ժամանակ պարտվում էին, այսօր դարձան հաղթողներ և ուզում են պայքարել մինչև վերջ։ Որպես ավագ մարզիչ դա ինձ ավելի շատ է ուրախացնում, երեխաները ձգտում են հասնել առավելագույն արդյունքների՚,- վերջում նշեց Իվան Ազիզբեկյանը։   
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ