[ARM]     [RUS]     [ENG]

ՃԱՆԱՊԱՐՀԸ` ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՄԲ

 Անցյալ դարի 80-ականներին ասպարեզ եկած և այսօր համահայկական գրական դաշտում հնչեղ անուններ դարձած  բանաստեղծներից է Նորեկ 

ԳԱՍՊԱՐՅԱՆԸ:
Բնականաբար, ժամանակին իր սերնդակիցների շարքում առանձնացել է յուրատիպ խոսքի ու արտահայտչամիջոցների շնորհիվ, որոնք տարիների հետ` մտքի, տրամադրության, ապրումի ներքին զարգացման ընթացքով ձևավորեցին նրա բանաստեղծական տիրույթը` տեղ տալով նաև հեռուստալրագրությանն ու արձակին: Ստեղծագործ անհատին հարկ է մեկ-մեկ, սեփական մտքերին  ունկնդիր` տրվել ինքնագնահատանքին, և ամենապատեհ առիթը ծննդյան տարեդարձն է: 
-Նախ շնորհավորում ենք ծննդյան 55-ամյակի առթիվ, մաղթում  երկար կյանք ու ստեղծագործական նոր և արգասաբեր ավյուն։ Մեր ապրած տարիները ոչ հեռանում են, ոչ էլ պահպանվում, դրանք պարզապես այլևս չեն կրկնվում։ Միաժամանակ, իրենց սևով ու սպիտակով հանդերձ՝ ունեցածը գնահատելու կարևորությամբ են երևում։  
Ճշմարտության որոնումը փորձություն է մարդու համար, բայց ավելի մեծ փորձություն է այն չորոնելը։ Սրանո՞վ էր պայմանավորված անցումը պոեզիայից արձակ...
 -  Որոնումը ոչ միայն ճշմարտության։ Որոնումը հենց փորձության, կատարյալի, հավիտենության, գոյի,  գույնի,  սրբազան ցավի, որոնումը նրա, ով  ապրել է քեզանից մի հազար տարի առաջ  ու զարմանալիորեն, ու  անհասկանալիորեն  նման է քեզ,  թեպետ ոչ  բանաստեղծելու  շնորհ է ունեցել,  ոչ  էլ  ինչ¬որ  արարքով գոնե  ինքն իրեն զարմացնելու ցանկություն։ Իսկ եթե ավելի խորն ես մտածում, այդ հազար տարի առաջ ապրածը հենց դու ես։ Ստացվում է ինքնաորոնման նման մի բան։ Գուցե սխալ չէր լինի ասել, որ բանաստեղծությունը  հենց  ինքնաորոնում է։ Գտնում ես մեկին, պարզվում է, դու չես, երկորդին՝ նույնպես դու չես, երրորդն էլ չես դու, ո՜չ հարյուրերորդը, ո՜չ հազարերորդը...
Եվ այդ որոնման ճանապարհն անցնում է բանաստեղծական տողերով, մտնում է արձակի անմշակ դաշտեր, հետո նորից գալիս, մոլորվում է բանաստեղծության խորքերում, կրկին հայտնվում այնտեղ, որտեղ ինքն այնքան էլ ցանկալի  չէ, որտեղ իրեն ոչ մեկը չի սպասում... Ավելին՝ պատրաստ են հալածելու, քարկոծելու...
Համարձակվեմ մտածումս ներկայացնել բարձրաձայն, մի քիչ ավելի կոնկրետ, առանց տոնական  հանդերձի. մինչև  հիմա մենք ինչքան էլ ջանացել ենք պատմվածք գրել, ստացվել է բանաստեղծություն, փորձել ենք վեպ կամ վիպակ գրել, էլի ինչ ասեմ, մեր վեպ-վիպակն էլ է բանաստեղծություն, նովելն էլ, բալլադն էլ... մեր  գրչի տակից դուրս եկածը, հաստատ, բանաստեղծություն է...Եվ դա ամենևին էլ  պատահական չէ։ Դա մեր տեսակից է, մեր ապրածից, մեր գենից, մեր աշխարհից... Տիեզերքի ու  ժամանակի մեր  ընկալումն այդպիսին է... Եվ դա,  կարծում եմ, այնքան  էլ վատ չէ...
Համարձակ մի քանիսը, իհարկե, գտնվեցին, ովքեր մեր բառն ավելի բանականությամբ  ծանրաբեռնեցին, պատումը  նոր արահետներով տարան, կարողացան ժամանակին հրաժարվել ավելորդ գույներից ու ցնծությունից, ովքեր  փորձեցին մեր բանաստեղծության հազարամյա տողի կողքին կանգնեցնել արձակի բավականին հանդարտաքայլ ու ծանրաբեռ տողը, բայց բան չստացվեց։ Ընդհակառակը, նրանք, այդպես  ժխտելով, կրկին հաստատեցին մեր բանաստեղծական նախասկիզբն ու տեսակը...
-  Գրքից  գիրք և՜ խոսքի տիրույթն է մեծացել, և՜ փոխվել մարդկանց, իրերի, իրադարձությունների դիմագիծը, որոնք կազմում են Ձեր պոեզիայի առանցքը։ Ո՞վ կամ ի՞նչը չի կարող Ձեր տողին  բանաստեղծականություն հաղորդել։ 
- Ինձ հանգիստ չի տալիս  միայն  մի բան՝ անհատի հոգեվիճակը։ Ես մտածում եմ, որ ցավը պատկեր է,  տառապանքը,  չարչարանքը պատկեր են, ցնծությունը պատկեր... ապաշխարանքը պատկեր է... 
Բանաստեղծությունը կարող է ծնվել անապատում, քարանձավում, այգիներում ու դաշտերում, տիեզերքում, ծովերի հատակին, գիշերն ու ցերեկը, խեղճ ու ցուրտ սենյակներում, նաև՝  դղյակներում... Ամենուր, որտեղ  կա  մարդը, որտեղ ներկա է Աստված...
Հասարակարգը  միայն կարող է փոխել մարդկային հարաբերությունները, խորացնել տառապանքը, մեծացնել ցավը, մարդուն դնել հաճախ կործանարար ու չշոշափվող գաղափարների մեջ ու մղել  աներևակայելի  արարքների...
Իհարկե, ցանկացած հասարակարգ մատուցում է թեմաների, գույների, ընկալումների նոր խճանկար, բայց ի վիճակի չէ փոխել բանաստեղծության ընթացքը... Այսօր գրած իմ տողը մեկ այլ հասարակարգում գրած տողի հաստատուն շարունակությունն է։ Եթե վաղն ինչ¬որ բան փոխվի աշխարհում, այդ փոխված  աշխարհում գրած իմ տողը լինելու է այսօր գրածիս շարունակությունը... Իմ կարծիքով, այսպիսին է  կյանքի,  մեր ապրածի փիլիսոփայությունն ու ճշմարտությունը...
- Իմ ընկալմամբ, բանաստեղծությունը կյանքի ունայնության իմաստավորումն է, ինչն էլ  մարդուն հնարավորություն է տալիս  կարևորելու իր ներկայությունն աշխարհում՝ դրանով իսկ զգալով մնայունի  ու արժեքավորի հավերժությունը։ Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը։ 
-  Իմ լույս աշխարհ  գալու մեջ  պատահական  ոչինչ  չկա։ Դա, չեմ կասկածում, Աստծո ցանկությունն էր։ Ես ծնվել եմ, որքան հնարավոր է, Աստծուն մոտենալու համար, գուցե նույնիսկ տեսնելու։ Ծնվել եմ գոնե  մեկ մարդու համոզելու, որ կյանքն ամենևին էլ ունայն չէ համոզելու, որ միայն ու միայն մեղքն է ունայն դարձնում այն։  Ես միշտ էլ համոզված եմ եղել, որ բան ունեմ անելու այս աշխարհում, որ ես իմ տեղը, իմ  տարածքը լքելու իրավունքից զրկվել եմ իմ լույս աշխարհ գալու օրվանից։ Եվ  ես ոչ  մեկին նման չեմ։ Հետո էլ, երբ մի քիչ մեծացել եմ, ինձ թվացել է, որ պապս էլ եմ ես, պապիս պապն էլ, հայրս էլ... Որ ես մասնիկ¬մասնիկ, շիվ¬շիվ ապրել եմ  հորս, պապիս, հորս պապի, պապիս պապի մեջ... Եվ մի օր Աստծո կամքով ամբողջացել եմ...
- Բանաստեղծության, ընդհանրապես՝ արվեստի պարգևած ներքին ազատությունը մարդու համար երկնային պարգև է. կարո՞ղ է դա կենսակերպ ու դիրքորոշում դառնալ։ 
 -  Միանշանակ  երկնային  պարգև է բանաստեղծելու շնորհը։ Հենց այդ շնորհն է քեզ տեսանելի դարձնում աշխարհին,  հենց այդ շնորհն է քեզ տանում դեպի քո  գենի ու գոյի խորքերը։ Առանց այդ շնորհի   ինքդ քեզ չես  ճանաչի։ Ինքդ քեզ հավերժական պատերազմ չես հայտարարի, չես դատափետի, չես  կարոտի, չես հալածի։ Եվ դու ապրում ես այլ օրենքներով, այլ տարածքներում ու կարծես նույնիսկ այլ ժամանակներում։  Տիեզերքն ավելի հասանելի է, քան ոչ տիեզերքը։ Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ կողքիդ  ապրողների համար ցնդածի մեկն ես, անհասկանալի, տարօրինակ, իրականությունից դուրս... Եվ մարդիկ  սկզբում սպասում են՝ համոզված, որ դու մի օր անպայման խելքի ես գալու, բայց հետո կորցնում են հավատը, իսկ ամենավերջում էլ բոլորը հրաժարվում են քեզանից՝ չիմանալով, որ այդպես քեզ պարգևում են ապրելու երանելի մի  ժամանակաշրջան, բերկրանքի մի մոնումենտալ տարածություն...
- Գրականագետների  գնահատմամբ՝ Դուք ավանդապաշտ, նորարարությանը ձգտող բանաստեղծ եք, ես կասեի՝ Ձեր տողը հանգրվանել է պոետական մի տիրույթում, որտեղից երևում են երկիրը և երկինքը։ Դա ինչպիսի՞  հոգեվիճակ է։ 
 - Ես  պարզապես բանաստեղծություն եմ գրում։ Դրանով առաջին հերթին մխիթարում եմ ինքս ինձ, այդպես ինքս ինձ զրկում անընդհատ տառապելու, երկմտելու, հուսահատվելու, սովորական դառնալու շոշափելի հնարավորությունից։ Եվ ամենևին էլ  չեմ մտածում՝ ինչ տարածքներում եմ տեղավորում տողս։ ՙԻնչ՚¬ը միշտ  առաջին գծում է ինձ համար, ՙինչպես՚¬ը ՙինչ՚¬ի ուղեկիցն է եղել ու շարունակում է  ապրել այդպես...
Ի՞նչ  ասել է ավանդապաշտ։ Չեմ  հասկանում։ Ի՞նչ ասել է նորարար։ Չեմ հասկանում։ Ի՞նչ ասել է  ժամանակակից։ Չեմ հասկանում։ Եվ թող ոչ ոք չփորձի ինձ բացատրել նման տարօրինակ, հորինված բաները։ Կա բանը` իբրև  տվյալ ժամանակաշրջանում ապրող մարդու  տառապանքի,  բերկրանքի,  որոնումի ու  երբեք չգտած, չվայելած  տարածքի պտուղ։ Բանաստեղծությունն այն եզակի  մոլորակն է, որտեղ չի գործում ոչ մի չափանիշ, ոչ մի բացատրություն, ոչ մի համեմատություն...Այնտեղ կամ համարձակվում են  ապրել, կա՜մ ինքնասպանություն են գործում։ 
-  Հիմա Ձեր  ստեղծագործական  աշխարհում մակընթացությո՞ւն է, թե՞ տեղատվություն. վերջին տարիների Ձեր  լռությունը լրագրության մեջ և պոեզիայում նկատելի է։ 
¬   Համաձայն եմ։ Բայց եթե էլ ավելի անկեղծ լինենք,  պիտի ասեմ,  սա  ավելի շատ նման է  հեռացումի։ Առանց հատուկ ու  կազմակերպված  հրաժեշտի։ Պատճառն ամենևին էլ այն չէ, որ գրելու ցանկություն  չկա, որ կա ասելիքի պակաս, պատճառն իմ և իմ հավերժական պատերազմի շարունակությունն է։ Սպասում եմ թեկուզև փոքրիկ մի հրադադարի։ Բայց մինչև  հանում եմ իմ պատերազմոտ  ու փոշոտ շորերը, մինչև  ինքս ինձ համոզում եմ, որ պոեզիայի դաշտում ու այգում խաղաղ ժամանակներ են, որ ինձ սպասում են, որ ցուլ մորթող ու մատիս  մատանի դնող է լինելու, էլի հրաշալի  ժամանակ է անցնում... էլի պտուղ չեն տալիս իմ այգու ծառերը, էլի ինչ¬որ  բան խախտվում  է...
- Բանաստեղծության և իրականության մեջ միշտ էլ կա լռության սուր  ելուստներով  լեցուն  մի  կենսատարածք։ Ո՞րն է ավելի զորեղ հաճախակի  խախտելու այդ լռությունը։ 
-Թույլ  տուր բանաստեղծությունը չբաժանել իրականությունից։ Բաժանեցիր, երկուսն  էլ  աղճատվելու են, երկուսն էլ մնալու են առանց բնակչի։ Արարող անհատը միշտ էլ տքնել-տառապել է բանի ու իրականի արանքում, մեկ-մեկ  կորցրել ՙիրականություն՚ ասվածը, հետո այն գտել, կորցրել է ՙբան՚¬ը։ Եվ հաճախ այդ վիճակից տաղանդավոր գործեր են ծնվել։ Դա, իհարկե, մեծերի գործն է, հատուկ  միայն նրանց։ 
Իսկ փոքրերը  կործանվում են այդ  տարածքներում՝ այդպես  էլ չկարողանալով  բացահայտել  առեղծվածը։ 
- Լրագրող, բանաստեղծ,  արձակագիր Նորեկ Գասպարյանը  ինքն իր  55-ամյակն ինչո՞վ է  նշանավորել։  
- Բանաստեղծություն չեմ  գրել։ Թոռնիկիս հետ գնացել եմ եկեղեցի։ Քանի որ օրն աշխատանքային էր, եղել եմ աշխատավայրում։ Շնորհավորանքներ ու նվերներ եմ ստացել, լսել եմ ջերմ խոսքեր (ավելի շատ՝ հեռախոսով)։ Մի  քանի բանաստեղծություն եմ ընթերցել։ Եվ երևի ամենաանհասկանալին. երեկոյան զանգել եմ իմ բոլոր այն  մտերիմներին, ովքեր երևի մոռացել էին, թե ինչով է յուրահատուկ  նոյեմբերի  7¬ը, հարցրել. ՙԻնչո՞ւ ինձ չեք շնորհավորում...՚։
 
Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ