[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ

54.jpgՍտեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած տոնական երեկույթը նվիրված էր ԼՂՀ Սահմանադրության օրվան։ 
Ներկա էին մարդիկ, ովքեր կրթության, գիտության, առողջապահության,   տնտեսության, արվեստի, մշակույթի, ֆիզկուլտուրայի և սպորտի, լրագրության և իրավագիտության բնագավառներում ունեցած ակնառու հաջողությունների և բացառիկ վաստակի համար Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով արժանացել են պատվավոր կոչումների։
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ։
1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ Արցախի քաղաքացիներն իրագործել են հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու և ստեղծագործելու մեր նախնիների երազանքը, ստեղծել են երկիր, որտեղ մարդը, նրա կյանքն ու անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեքներ են։ 
1991-ի դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացվեց անկախության հանրաքվե, իսկ 2006-ի դեկտեմբերի 10-ին ընդունվեց հանրապետության բարձրագույն օրենքը՝ Սահմանադրությունը։ Ամբողջ աշխարհը, այդ թվում և ղարաբաղցիները, դեկտեմբերի 10-ին նշում են նաև ՄԱԿ-ի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրը։
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եռատոնի առթիվ շնորհավորելով ներկաներին՝ ասաց, որ 1948թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության օր հռչակելու պահին որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ տասնամյակներ հետո աշխարհի մի որևէ կետում, տվյալ դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այն վերածվելու է կրկնակի ազգային տոնի։ Անիրականանալին իրականություն դարձավ մեր ժողորդի կամքի և վճռականության շնորհիվ։ Եվ մեր երկու հանրաքվեները՝ 1991-ին և 2006-ին, միանշանակ ցույց տվեցին, որ մենք անսասան ենք մեր դիրքորոշման մեջ, և այն, ինչ հայտարարել ենք՝   ձևավորել և կառուցել անկախ, ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, դա մեր վերջնական խոսքն է։ ԱԺ նախագահը նշեց, որ դահլիճում հավաքվել են մարդիկ, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել 1991-ի Անկախության հանրաքվեին և 2006-ի Սահմանադրության հանրաքվեին և այսօր էլ շարունակում են կերտել մեր երկրի վաղվա օրը։ Որ ժողովուրդը երկու անգամ գերակշիռ  մեծամասնությամբ արտահայտվեց նույն որոշման օգտին, և որ սա խոսում է մեր հավատի, մեր վստահության մասին։ ՙԱմեն տարի՝ Սահմանադրության ընդունումից հետո, փորձում ենք ինչ-որ ձևով արժևորել, ինչ-որ ձևաչափ ընտրել  տոնական օրը կարևորելու համար,- ասաց Ա. Ղուլյանը։- Մենք օր օրի, ժամ առ ժամ պետք է ավելացնենք, քարը քարի վրա դնենք, որպեսզի մեր նահատակների արյամբ սրբագործված հողը պահենք, պահպանենք, և արժանիորեն  փոխանցենք սերունդներին։ 
Տոնական օրը առիթ էր խոսելու և՜ ձեռքբերումների, և՜ հեռանկարների և՜ ցանկությունների մասին։  Կրթական համակարգի աշխատողների անունից հավաքվածներին շնորհավորեց ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Ի. Սարինյանը։ ՙՅուրաքանչյուրս առանձնակի հպարտությամբ ենք  նշում օրվա խորհուրդը,- ասաց նա,- պատմության փոթորկուն  քառուղիներով անցած, բազմաթիվ վերելքներ ու վայրէջքներ տեսած, տակավին միջազգային ճանաչում չստացած Արցախն ունեցավ իր լեռների նման խրոխտ Մայր օրենքը՝ Սահմանադրությունը, և արցախցին կրկին ազդարարեց իր հողի վրա ապրելու և արարելու իրավունքը։ Սահմանադրության մեջ կարևորվում է կրթության դերը, և այսօր արցախցի ուսուցիչը պետության հովանու ներքո իրականացնում է ազգային ծրագիր, ապահովում մարդու հոգևոր, բարոյական զարգացումը՚
ԼՂՀ վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանն  իր ողջույնի խոսքում մասնավորապես նշեց, որ հանրապետության առողջապահության համակարգն առաջընթաց է ապրել շնորհիվ վերականգնված հայոց պետականության, շնորհիվ անկախության հռչակման և Սահմանադրության ընդունման, Սահմանադրություն, որով պահպանվում են մարդու իրավունքները։ Իրականացավ արցախցիների տասնյակ տարիների երազանքը. այսօր Ստեփանակերտում գործում է հանրապետական  հիվանդանոցը՝ կահավորված ժամանակակից նորագույն սարքավորումներով, որտեղ կատարվում են բարդ վիրահատություններ։ Առողջապահության համակարգը համալրվում է երիտասարդ մասնագետներով։ Հանրապետական հիվանդանոցի կողքին կառուցվում է նոր հիմնարկ՝ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը, որտեղից սկսվում է մարդու առողջության պահպանությունը, որով պայմանավորված է երկրի ապագան։ 
ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ Համլետ Գրիգորյանի կյանքն ու գործունեությունը սերտորեն կապված են Արցախ աշխարհում հայոց երկրորդ պետականության վերականգնման, ամրապնդման գործընթացներին։ Ե՜վ որպես քաղաքական գործիչ, և՜ որպես գիտության աշխատող, նրա անցած ճանապարհը, նրա նվիրումն ազգին ու ժողովրդին, օրինակ կարող են ծառայել երիտասարդ սերնդին։ Նրա խոսքի մեջ կար հպարտություն. ՙՄենք ճիշտ ճանապարհ ենք անցել, ստեղծել ենք ժողովրդավարական պետություն իր բոլոր ատրիբուտներով, և պիտի շարունակենք պայքարը՝ մինչև վերջնական հաղթանակ՚։
Արցախի տնտեսական առաջընթացի մասին խոսեց վաստակաշատ գյուղատնտես Գրիգորի Գրիգորյանը, որն իր ավանդն ունի նաև երիտասարդ սերնդի կրթության և դաստիարակության գործում։ 
Երկրի ճանաչման գործում մեծ է մշակույթի դերը։ ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ Բելա Փարսադանյանն իր ելույթում նշեց, որ հոգևոր-մշակութային կյանքը վերածնունդ է ապրում, և այս գործընթացի մեջ մեծ են հանրապետության երաժիշտների, արտիստների, մշակույթի գործիչների նվիրումն ու սերը։ Մտավոր ներուժը, ոչ նյութական ժառանգությունը պաշտպանված են ԼՂՀ Սահմանադրությամբ։ Արցախն ունի իր կամերային նվագախումբը, երգչախմբեր, համույթներ, անհատ կատարողներ, տաղանդավոր երաժիշտներ, որոնք հանդես են գալիս դրսում՝ հայ մշակույթը ներկայացնելով աշխարհին։ Ո՜վ կարող էր երազել, որ արվեստի այնպիսի համաշխարհային մեծություններ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրն ու Մոնսերատ Կաբալյեն, կայցելեն Արցախ։ Նա  երախտագիտություն հայտնեց իշխանություններին Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանի շենքի հիմնանորոգման, մշակույթի օջախների նյութատեխնիկական բազան ամրապնդելու համար։
ԼՂՀ վաստակավոր լրագրող, ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը խոսեց լրագրողների, գրողների կատարած աշխատանքի մասին՝ սկսած Ղարաբաղյան շարժման առաջին տարիներից մինչև այսօր։ Նա նշեց, որ քարոզչական պատերազմում մեծ է ստեղծված գրքերի, ֆիլմերի դերը։
Արցախցի մարզիկները բարձր են պահում նորաստեղծ պետության պատիվը։ Նրանց անունները միջազգային մրցույթներում հայտնվում են առաջին հորիզոնականներում։ Ողջույնի և մաղթանքի ջերմ խոսքեր հնչեցին 2014թ. սամբոյի աշխարհի առաջնության չեմպիոն Մավրիկ Նասիբյանի, աշխարհի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանի, ՀՀ և ԼՂՀ վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանի հասցեին։
Իրավական պետության կայացման գործում մեծ է նաև իրավաբանների դերը, ովքեր իրենց ամենօրյա գործով հսկում են երկի Մայր օրենքի, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների կատարման ապահովումն ու իրականացումը։ ՙԺողովրդավարական պետություններում դատական պաշտպանությունը համարվում է իրավունքների պաշտպանության ամենաարդյունավետ եղանակը, և այս առումով մեր հանրապետությունում այդ պաշտպանությունը իրականացնում են  ԼՂՀ Գերագույն դատարանը, Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանը՝ սահմանադրական, քաղաքացիական, վարչական և քրեական դատավարությունների ձևերով, սահմանադրությամբ և օրենքով նախատեսված կարգով։ Մենք ցուցադրում ենք ոչ միայն մեր բազկի ուժը, այլև՝ իրավունքի ուժը՚,- իր ելույթում ասաց ԼՂՀ վաստակավոր իրավաբան Գրետա Արզումանյանը։
Ողջույնի խոսքերը միջարկվում էին հանրապետության համույթների (ՙՄռակած՚   պետական կամերային, Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի ՙՎոկալ ստուդիա՚ և պարային խմբեր) և անհատ կատարողների (Աննա Հայրյան, Անդրանիկ Վերդյան, Վլադիմիր Արզումանյան, Կարեն Մկրտչյան, Սիմոն Սարգսյան, Արթուր Պետրոսյան, Վալերի Գասպարյան) ելույթներով։
Սահմանադրության օրն այս ձևաչափով նշելը նախաձեռնել էր ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Ստեփանակերտի ՄՊՍԿ տնօրեն Լյուդմիլա Բարսեղյանը։
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ