[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻՇՏ՝ ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ

17.jpgԴեկտեմբերի 13-ին Ստեփանակերտի Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում իր հերթական՝ 5-րդ հաշվետու-ընտրական համագումարը գումարեց ԼՂՀ ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպությունը։ Մասնակցում էին պատգամավորներ ԼՂՀ գրեթե բոլոր շրջաններից։
 Հրավիրված էին Ղարաբաղյան շարժման, Արցախյան  պատերազմի ակտիվ մասնակիցներ, մտավորականներ, կին զինծառայողներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ։
Հաշվետու ժամանակաշրջանում կատարված  աշխատանքի հաշվետվությամբ հանդես եկավ ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը։ Նրա առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմի բոլոր նահատակների ու անմեղ զոհերի հիշատակը։ Անդրադառնալով ՙՄայրություն՚ ՀԿ-ի 26-ամյա գործունեությանը՝ զեկուցողը նշեց, որ այն, իր շուրջը համախմբելով բոլոր կարող ուժերին՝ կանանց ու մայրերին, այդ բոլոր տարիներին՝ հավատարիմ որդեգրած սկզբունքներին, գործել է ի շահ և ի փառս ազատ ու անկախ Արցախի։ Նշվեց, որ  ՙՄայրություն՚ ՀԿ¬ի  շարքերում ընդգրկված են   մտավորականներ, հերոսուհի մայրեր, ովքեր ունեն թվով 16 երեխաներ, հերոս նահատակների մայրեր ու այրիներ, ազատագրական շարժման ակտիվ մասնակիցներ, պատերազմի վետերաններ, զինծառայողներ և պարզապես հայ կանայք, ովքեր ծնում, սնում ու դաստիարակում են Արցախի ապագա քաղաքացիներին։ 
Շուրջ երկուսուկես տասնամյա գործունեության ուրվագծումից զատ, Հ. Միքայելյանը կանգ առավ առկա հիմնախնդիրների ու դրանք ծնող պատճառների վրա։ Նա  պատգամավորներին կոչ արեց լինել ակտիվ, նախաձեռնող, պրոբլեմների հետ չհամակերպվող և լուծումների համար ուղիներ որոնող։ Նրա կարծիքով, բոլոր կարող ուժերի համախմբմամբ կարելի է լուծել մի շարք հիմնախնդիրներ և պետության ղեկավարների հետ ձեռք  ձեռքի տված դիմակայել բոլոր մարտահրավերներին ու նպաստել հասարակության առողջացմանը։ 
Հ. Միքայելյանի կողմից կազմակերպության գործունեությունը բաժանվեց երեք փուլերի՝ Ղարաբաղյան շարժման, պատերազմի և հետպատերազմական շրջանի։ Ըստ զեկուցողի՝ այդ երեք փուլերում էր ՙՄայրությունը՚ միշտ գտնվել է առաջին գծում, ինչպես ասում են, հանդես է եկել բազմաթիվ նախաձեռնություններով՝ համագործակցելով Պաշտպանության բանակի, հանրապետության ուսումնական հաստատությունների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ։ Նրա կողմից շեշտադրվեցին նաև հասարակության և ընտանիքի կապը, պատանիների ու երիտասարդների դաստիարակությունը, աշխատանքը տաղանդավոր երեխաների հետ, իսկ վերջերս սահմանային առաջին գծում հայտնի իրադարձությունների հետ կապված՝ ՊԲ բարձրաստիճան սպայակազմի հետ այցելել են անմեղ զոհերի հարազատներին, պարգևատրել ու սփոփել նրանց ցավն ու վիշտը, ՙՄայրության՚ կողմից պարգևատրություններ են կատարվել նաև Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում։ Հասարակական կյանքում դեռևս առկա խնդիրների մտահոգությամբ կլոր սեղաններ են կազմակերպվել Հադրութում, Շուշիում, Ասկերանում ու Մարտակերտում։ ՙՄայրության՚ հիմնական խնդիրներից մեկն էլ իշխանությունների, բանակի ու հասարակության կապի սերտացումն է, իշխանություններին հասարակության մեջ առկա պրոբլեմներին հասու դարձնելը, ծերացող ու դատարկվող գյուղերի մասին ահազանգելն ու համատեղ ուղիներ որոնելը։ Զեկուցողի կարծիքով, կանայք,  համախմբվելով ու երկրի  հանդեպ պատասխանատվություն կրելով կարող են մի շարք հարցերի լուծում գտնել և արժանապատիվ երկրում ապրել արժանապատիվ կյանքով։ 
Հաշվետվությանը հետևեց վերստուգիչ հանձնաժողովի զեկուցումը, համաձայն որի՝ ֆինանսական միջոցները ծախսվել են ըստ էության ու նշանակության։ 
Լսելով զեկուցումը, ելույթներն ու առաջարկությունները՝ ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ հաշվետու-ընտրական  համագումարը  որոշեց ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ նախագահության՝ հաշվետու ժամանակաշրջանում կատարած աշխատանքը գնահատել բավարար, կազմակերպության առաջնահերթ խնդիրները համարել մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը, նպաստել հայրենյաց պաշտպանի բարոյակամային որակների ձևավորմանը, հայ օջախներում ավանդույթների արմատավորմանն ու պահպանմանը, բարձրացնել Արցախի կանանց դերը հասարակության մեջ, բոլոր հնարավոր միջոցներով նպաստել քաղաքացիական հասարակության ձևավորմանը,  պետական, քաղաքական, հասարակական  կյանքին նրանց մասնակցությանը։ ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ-ի կարևոր և պատվավոր առաքելությունը համարել ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ ՊԲ-ի հետ համատեղ գործունեությունը, ամրապնդել բանակ-հասարակություն կապը։ Հայրենասիրական լայնածավալ աշխատանք իրականացնել զինվորների, ազատամարտիկների ու նրանց ընտանիքների հետ։ Կարևորել հասարակական գործունեության դերակատարությունը գյուղական բնակչության շրջանում։ Առավել ուշադրություն դարձնել կանանց, երեխաների և դպրոցականների հետ կազմակերպվող միջոցառումներին ու հանդիպումներին՝ ընդգրկելով Արցախի պատմամշակութային, ընտանեկան դաստիարակության և այլ հարցեր։
Հնչեցին բազմաթիվ ելույթներ, եղան  կոնկրետ առաջարկություններ ՙՄայրություն՚ ՀԿ¬ի գործունեությունն առավել ընդգրկուն ու ակտիվ   դարձնելու  ուղղությամբ։  Ողջույնի խոսքեր հնչեցին ԼՂՀ  ԶԱՀՄ վարչության և  ԱԿԱՀՄ նախագահի կողմից։ Վերջիններս ՙՄայրություն՚ ՀԿ ¬ի մի խումբ ակտիվ անդամների պարգևատրեցին մեդալներով։
Հնչած բազմաթիվ ելույթներում մեծարվեցին հայ մայրն ու կինը, ովքեր ոչ միայն անշեջ օջախի պահապան են, այլև անհրաժեշտության դեպքում՝ խրամատի զինվոր, գթության քույր, հասարակական ու քաղաքական ակտիվ գործիչ։ Նմանապես ողջույնի ու գնահատանքի խոսքեր հնչեցին Պաշտպանության բանակի, Արցախի ազատամարտիկների միության, Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության բաժնի կողմից։ Ելույթներով հանդես եկան նաև ԼՂՀ շրջաններից ժամանած պատգամավորները և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր նախագահության նոր կազմի և նախագահի թեկնածուների ընտրությանը։
Ընտրվեց նախագահության 23 հոգուց բաղկացած նոր կազմ։ Բաց քվեարկությամբ ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ¬ի համանախագահներ ընտրվեցին Հասմիկ Միքայելյանը, Արզիկ Մխիթարյանը և Սիրվարդ Մարգարյանը։
Հաստատվեցին նաև շրջանների   ՙՄայրություն՚ ՀԿ ներկայացուցիչները։ Համագումարի  աշխատանքները եզրափակվեցին պարգևատրություններով։
 
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ