[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՑԻ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

10850203_1577901032443844_6690494370730907754_n.jpgԴեկտեմբերի 13-14-ը Երևանում  կայացած ձյուդոյի Հայաստանի հանրապետական մրցաշարը նվիրված էր Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին։ Մասնակցել են ավելի քան 250 մարզիկներ  Հայաստանից, Վրաստանից և Արցախից։ Այն անց է կացվել 2000-2002թթ. ծնված պատանիների և 2003-2005թթ. կրտսեր տարիքի մարզիկների միջև։ 
Հանրապետական  այս մրցաշարը կազմակերպվել է ձյուդոյի  միջազգային  կանոնների համաձայն։
Գոտեմարտի ընդհանուր տևողությունը 4 րոպե էր։ Մրցաշարին Արցախի ձյուդոիստները հանդես են եկել լավ տեխնիկայով, ապահովել  կայուն արդյունքներ։ Ձյուդոյի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանը գոհ է իր սաների մրցելույթներից։ Բացի վերոնշյալ տարիքի խմբերի մրցաշարից, կազմակերպվել էր նաև մեծահասակների կանանց և տղամարդկանց առաջնություն։ Տարբեր քաշային կարգերում առաջին տեղը գրավել են Սոսե Բալասանյանը (52կգ) և Ֆերդինանդ Բաղդասարյանը (42կգ), 2-րդ տեղը՝ Աղվան Պետրոսյանը (55 և ավելի քաշային կարգում),  3-րդ տեղը՝ Ռոբերտ Պողոսյանը (31կգ)։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են դիպլոմներով և մեդալներով։ 
Սոսե Բալասանյանի խոսքով՝ մրցաշարը  բավականին համառ էր. գոտեմարտելով 3 հոգու հետ՝ բոլորին էլ պարտության է մատնել մաքուր հաղթանակով։ Այս մրցաշարից հետո լավագույն մարզիկների համար հնարավորություն է ընձեռվում մասնակցելու միջազգային  առաջնությունների։ ՙՄեր փոքրիկ մարզիկները ՀՀ գավաթի խաղարկությունում որոշակի  մակարդակով կարողացան հանդես գալ, ցուցադրեցին մաքուր հաղթանակներ։ Նման միջոցառումներին մասնակցելն անչափ կարևոր է, մարզիկները ձեռք են բերում  փորձ, ծանոթանում նոր մրցականոններին, թույլատրվող և չթույլատրվող հնարքներին՚,- նշեց Սոսե Բալասանյանը։ Իր քաշային կարգում դառնալով չեմպիոն՝ Սոսե Բալասանյանը կրկին ընդգրկվեց 2015թ. ՀՀ ձյուդոյի հավաքականի կազմում և գալիք տարում պատրաստվելու է մասնակցելու Եվրոպայի և աշխարհի առաջնություններին։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ