[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ Է ԿՏԱԿԵԼ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ

DSCF0345.jpgՀայ մեծանուն պատմավիպասան ու հանրագիտակ,  մեր հայրենակից  Հայկ Խաչատրյանի ծննդյան 88-ամյակին էր նվիրված դեկտեմբերի 15-ին Ասկերանում կազմակերպված միջոցառումը։
Ներկա էին ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե  Աղաբալյանը, ԱԺ պատգամավորներ, շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, մտավորականներ ու դպրոցականներ։ 
Գրողի կյանքի ու գործունեության մասին զեկուցմամբ հանդես եկավ արձակագիր Կոմիտաս Դանիելյանը։ Նրա բնութագրմամբ՝ Հ. Խաչատրյանը մեր ժամանակների ամենաբեղմնավոր գրողներից մեկն էր, և պատահական չէ, որ նրան հայկական Վալտեր Սկոթ են անվանում։ Ըստ զեկուցողի՝ Խաչատրյան գրողի տարերքն արձակն էր ու պատմավիպասանությունը։ Պատահական չէ նաև այն փաստը, որ ՀՀ ազգային գրադարանում անցկացված հարցման տվյալներով՝ նրա ՙՏիգրան Մեծ՚ պատմավեպն ամենաընթերցվող տասնյակի մեջ է։ Եթե ուրիշ ոչինչ էլ նա չգրեր, միայն ՙՏիգրան Մեծ՚-ը բավական կլիներ, որ նրա անունը մնա հայ պատմագրության մեջ։ Կ. Դանիելյանը թվարկեց գրողի տպագիր ու անտիպ պատմավեպերը, որոնք, նրա բնորոշմամբ,  մեր ազգային ինքնությունը պահելու զենքերից մեկն են։ Նշվեց նաև, որ Հ. Խաչատրյանը զբաղվել է նաև հայկական  տեղանվանագիտությամբ, մեծ լումա ներդրել ՙՀայկական հանրագիտարանի՚ ստեղծման գործում։ Նրա հաջորդ ՙթուլությունը՚ օրացույցների և տարեցույցների մատենագիտություն ստեղծելն էր։ Նա ալիշանական փութաջանությամբ ինչ գործի էլ որ ձեռք է զարկել, արել է պատասխանատվությամբ ու նվիրումով։ Ծանրակշիռ է Հ. Խաչատրյանի ներդրումը հայ մշակույթի ոլորտում։
Միջոցառման հաղորդավար Նինել Գաբրիելյանի  և Ասկերանի միջնակարգ-հոսքային դպրոցի աշակերտները դրվագներ էին ներկայացնում մեծ պատմավիպասանի կյանքից, նրա կենսագրության նշանավոր դրվագներին հասու դարձնում ներկաներին, երգում ու ասմունքում։01_1.jpg
Շուշիի ՙԿաճառ՚ գիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան Մհեր Հարությունյանի ջանքերով հավաքված ՙՀայկ Խաչատրյանը ժամանակակիցների գնահատմամբ՚ կարծիքաշարը միջոցառման մասնակիցներին ներկայացվեց տեսանյութի տեսքով։ Էկրանից իրենց ծանրակշիռ խոսքը հնչեցրին ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Սարգսյանը, գրող Լիպարիտ Սարգսյանը, գրող, թարգմանիչ Վառլեն Ալեքսանյանը, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանը։ Վերջինս Հ. Խաչատրյանին վերագրեց Րաֆֆու հայտնի խոսքերը. ՙՈվ չի ճանաչում իր հայրենիքը, նա չի կարող ճշմարիտ սիրել այն՚։ Հ. Այվազյանի վկայությամբ՝ Հ. Խաչատրյանն էր համակարգում ու վերահսկում հանրագիտարանի աշխատանքները, այդ առումով նրա կատարածն անգնահատելի է, և պատահական չէ, որ հենց այդ աշխատանքի համար էլ նա արժանացավ ՀՀ պետական մրցանակի։ Ըստ հանրագիտարանի  գլխավոր տնօրենի՝ Հ. Խաչատրյանը Հայկական հանրագիտարանի հենասյուներից էր։
Գրող Լիպարիտ Սարգսյանի կարծիքով՝ Հ. Խաչատրյանն ազնիվ ու անկաշառ անձնավորություն էր, մշակույթի, գրականության նվիրյալ, սակայն նրա բազմաթիվ ստեղծագործութուններ դեռևս անտիպ են, իսկ գրական վաստակը՝ հավուր պատշաճի չարժևորված։
Վանիկ Սանթրյանի հուշերում Հ. Խաչատրյանը մնացել է որպես սկզբունքային ու պարկեշտ այր, ով օժտված էր առասպելական  աշխատասիրությամբ, և ում գեների մեջ ամուր էր նստած հայրենասիրության ջիղը։
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծ Սոկրատ Խանյանը, հակիրճ ներկայացնելով հայ պատմավիպասանության ընթացքը, այդ համատեքստում դիտարկեց Հայկ Խաչատրյանի վաստակը։ Ս. Խանյանի դիտարկմամբ՝ մեր ժամանակների մեծ պատմավիպասանն անցյալով արթնացրել է ժամանակի հիշողությունը։
ՙՊատմավեպ գրելու համար նախ պիտի լինել պատմաբան, ազգագրագետ, տիրապետել մի շարք այլ նրբությունների... Հայկը Արցախյան ֆենոմեն է, մենք պիտի հպարտանանք նրանով,- ասաց Ս. Խանյանը՝ ավելացնելով,- նրա ստեղծագործությունների արժևորումը կամաց-կամաց հունի մեջ է մտնում, գրվում ու պաշտպանվում են թեկնածուական ատենախոսություններ, կուրսային ու դիպլոմային աշխատանքներ։ Մահից հետո սկիզբ է առել նրա երկրորդ՝ ոգեղեն ծնունդը։ Հայկն իր պատմավեպերում ներկայացրել է դարաշրջանն ու դարաշրջանի ոգին։ Իր թողած ժառանգությամբ նա արդեն պատկանում է իր ժողովրդին, և ժողովուրդն է նրա թողածի ժառանգորդը։ Նա  անգնահատելի մտավոր խորացում ու գեղարվեստական վավերագրություն է կտակել մեզ ու սերունդներին։ Այն ոչ միայն գեղարվեստական վավերագրություն է, այլև՝ մեր էպոսի պարզած Թուր-Կեծակին՚։ Խաչատրյանների գերդաստանի անունից միջոցառման կազմակերպիչներին շնորհակալական խոսք ասաց պատմավիպասանի քույրը՝ Ժենյա Խաչատրյանը։ Նա պատմեց նաև իր գերդաստանի պատմության նշանակալից անցքերի մասին, այն մասին, թե ինչ դառը ճակատագիր էր բաժին հասել եղբորը, սակայն նա տոկացել է, ապրել ու արարել իր ժողովրդի համար։ Ժ. Խաչատրյանը ներկաների հետ կիսվեց նաև իր մտահոգություններով, որոնք վերաբերում էին եղբոր հիշատակի հավերժացմանը։ Միջոցառման ավարտին Ասկերանի դպրոցի սաներին բաժանվեցին պատմավիպասանի նշանավոր գործերից։ 
 
 
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ