[ARM]     [RUS]     [ENG]

ԴԱՍԵՐ ՔԱՂԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԻՆ ԵՎ ՆՈՐ ԿԵՐՊԱՐՆԵՐԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՎԱՐՔԱԳԾԻՑ

Magavuz.jpgԱրցախի երիտասարդության զարգացման կենտրոն՚ (AYDC) ՀԿ-ի նախաձեռնությամբ, ԼՂՀ մշակույթի  և եիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում կազմակերպվեց ՙՀայի հայրենիքը մեկն է, որտեղ էլ որ նա ապրի՚ ծրագիրը։
 Դեկտեմբերի 12-14-ը կայացած այս ծրագրին մասնակցեցին ԱրՊՀ դասախոսներ և ուսանողներ, երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, սփյուռքահայ հասարակական գործիչներ Սարգիս Հացպանյանը, Շահե Աճեմյանը, Նազելի Մարգարյանը, Ռուզաննա Սարգսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության բաժնի պետ Դավիթ Ղուկասյանը, ինչպես նաև Մարտակերտի շրջվարչակազմի և Մաղավուզ համայնքի անդամները։  Մասնակիցները եղան գյուղում տեղադրված ազատամարտիկների հուշաքարի մոտ, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նահատակների հիշատակին։ 
Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնի նախագահ Սուսաննա Պետրոսյանի պարզաբանմամբ՝ ծրագրի նպատակն էր ճանաչել և գնահատել բոլոր նրանց, ովքեր հայրենիքի կանչով միավորվեցին հող հայրենիի ազատագրմանը։ ՙՀայի հայրենիքը մեկն է, որտեղ էլ որ նա ապրի, հայ ժողովուրդը պետք է միասնական լինի, որպեսզի ունենա հաղթանակներ։ Հայրենիքը պետք է պահել, պաշտպանել ոչ միայն լավ, այլև դժվարին օրերին։ Մենք պետք է պատասխանատվություն ունենանք պաշտպանելու և պահպանելու մեր նախնիների թողած ժառանգությունը։ Հայրենիքն այն հողն է, որտեղ մարդիկ ապրել են դարերով, արարել և կերտել ժառանգների ապագան։ Եվ հայ լինել՝ նշանակում է ճանաչել և կրել հայկական մշակույթը, փոխանցել գալիք սերունդներին՚,- նշեց Ս. Պետրոսյանը։
 Ծրագիրը նաև միտված էր ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը. երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը հայրենի պատմության ու հերոսների հանդեպ։
Մաղավուզ գյուղն Արցախյան գոյամարտի տարիներին ավերվել էր, բնակիչների մի մասը գերեվարվել, սակայն միասնության շնորհիվ վերջիվերջո այն ազատագրվել է։ Գյուղի ազատագրման մարտերում զոհվածների շարքում է սփյուռքահայ Կարո Քաղքեջյանը (Սպիտակ Արջ)։ Օտար ափերում ապրող այդ հայն Արցախ եկավ միասնական հայրենիքի կորստի ցավը սրտում։ Հանուն հայրենիքի նա կռվեց ՙԽաչակիրների՚ ջոկատում՝ իր ուրույն ներդրումն ունենալով Մաղավուզի ազատագրման գործում։ Ու այսօր  շատերը չգիտեն նրա մասին։ Եվ կազմակերպվեց այս միջոցառումը նաև նրա համար, որպեսզի մատաղ սերունդը ծանոթանա հերոսի մարտական ուղուն, ինչպես նաև սփյուռքահայ մյուս ազատամարտիկների գործունեությանը։ Կ. Քաղքեջյանի ընկեր, զինակից Շահե Աճեմյանը ծնվել և մեծացել է Բեյրութում։ Լիբանանի պատերազմի ժամանակ հասակակիցների հետ զենքով պաշտպանել է իր հայրենիքը։ 17 տարեկանից ապրել է ԱՄՆ-ում՝ շարունակելով Հայ Դատի պայքարը, որտեղ էլ ծանոթացել է  Կարո Քաղքեջյանի հետ։ Եվ Արցախյան պատերազմի ժամանակ ընկերներով իրենց մասնակցությունը բերեցին մեր Ազատամարտին։ Շ. Աճեմյանը ցավով է նշում, որ  հարազատ ընկերը զոհվել է իր ծննդյան օրը՝ հունիսի 26-ին՝ ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքն ազատագրելիս։ Խեղդելով սրտի ցավը` ՝ մարտական ընկերները երիտասարդներին կոչ արեցին արժևորել հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոսների կատարած գործը։ Սփյուռքահայ շատ երիտասարդներ ապրել են պապենական հողը կորցրած ու եղեռն տեսած հայրենակիցների հետ,. և հայրենիքի նկատմամբ ունեցած սերն ու կարոտը, ոտնակոխ արված արժանապատվությունը շատերին մղեցին գալ Արցախ և պայքարել միասնական հայրենիքի համար։ 
Ծրագրին մասնակից երիտասարդները ծանոթացան Մաղավուզի ազատագրմանը մասնակցած սփյուռքահայ ազատամարտիկների կյանքին, կենսագործունեությանը, ոգևորվեցին և հասկացան, որ պետք է գնահատել և բարձր պահել հայրերի գործը։ Ներկաները խոսեցին հայ հերոսի բարոյական կերպարի մասին, թե ինչպիսին էին մեր նախնիներն անցյալում և ինչպիսին պիտի լինի այսօր հայի կերպարը։ ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նազելի Մարգարյանը ևս անդրադարձավ այդ թեմային։ Վարելով ակտիվ հասարակական գործունեություն՝ Ն. Մարգարյանը երիտասարդների շրջանում հանդես է գալիս բազում պատմական և հայագիտական թեմաներով, որոնք նպաստում են մեր ինքնաճանաչմանը, հայ ժողովրդի անցած ճանապարհի գնահատմանը։ Ընդհանուր առմամբ, ծրագրի նախաձեռնողները նպատակադրվել էին երիտասարդներին ծանոթացնել հեռու և մոտ անցյալի հայոց պատմությանը, բարձրացնել հայրենասիրական գիտակցությունը, ապահովել շփումները սերունդների միջև՝ ակնկալելով սերտ համագործակցություն, փորձի և գիտելիքների փոխանակում, ինչպես նաև բարձրացնել երիտասարդների տեղեկատվության մակարդակը կարևոր և հիշարժան դեպքերի, իրադարձությունների վերաբերյալ։ 
Ս. Պետրոսյանի խոսքով՝ գյուղի դպրոցի տնօրինությունը խոստացել է զոհված ազատամարտիկների փառքի սրահում տեղադրել Մաղավուզի ազատագրման համար նահատակված սփյուռքահայ հերոս Կարո Քահքեջյանի  լուսանկարը։ Միջոցառման մասնակիցները ոչ միայն ծանոթացան հայ ժողովրդի պատմության էջերին, այլև դասեր քաղեցին հին ու նոր կերպարների հերոսական վարքագծից։ Նման կենդանի շփումները մերօրյա հերոսների հետ նպաստում են հայրենասիրական գաղափարների բարձրացմանը, երիտասարդության տեղեկատվության բարձրացմանը, հերոսների գործի լիարժեք գնահատմանը։  
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ