[ARM]     [RUS]     [ENG]

ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

altՀադրութի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի լեփլեցուն ընթերցասրահում Մեծն Շիրազի պոեզիայի երկրպագուներն էին, մանկավարժներ, աշակերտներ: 
Ցերեկույթը բացեց գրադարանի տնօրեն Վարսիկ Ամիրջանյանը: Նա մանրամասն ներկայացրեց  մեծ բանաստեղծի անցած ուղին, նրա ապրումներն ու տառապանքը: 
Նշվեց, որ Հովհաննես Շիրազը 20-րդ դարի հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է: Նա գրական ասպարեզ իջավ որպես նոր խոսքի ու մտքի ավետաբեր, նորովի ներկայացնելով հայրենիքի, բնության,  մայրական սիրո և ավանդական այլ թեմաներ: 
Թեմայի շուրջ իրենց լայնընդգրկուն խոսքն ասացին գրադարանի աշխատակիցներ Չ. Ջազյանը, Ա. Հովսեփյանը, Հադրութի Միքայել Մանվելյանի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ։
Հուզիչ էր նույն դպրոցի աշակերտուհի Սրբուհի Բալայանի կողմից Շիրազի ՙՀայոց դանթեական՚ պոեմից հատվածների ներկայացումը: Ցերեկույթի ամբողջ ընթացքում հնչում էին երգն  ու երաժշտությունը, որոնք կատարում էին ՙԴիզակ՚ ժողգործիքային համույթի անդամները, դպրոցականներ։ Ներկաները մեծ ջերմությամբ ընդունեցին դպրոցի հայոց լեզվի թոշակառու  ուսուցչուհի Արմիդա Բալասանյանի հուշերը Շիրազի կյանքից: Միջոցառմանը ներկայացվեցին նաև շիրազյան թեմաներով Հադրութի միջնակարգ դպրոցի նկարչական խմբակի սաների նկարները։ Ցերեկույթի մասնակից բոլոր կատարողները գրադարանի կողմից արժանացան նվերների:
Առաջարկվեց շրջանի բոլոր դպրոցներում կազմակերպել նման ցերեկույթներ՝ նվիրված  Հովհաննես Շիրազի 100-ամյա հոբելյանին։
 
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ