[ARM]     [RUS]     [ENG]

ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ԱՆԵԼԻՔՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆՊԵՍ

 altՏարեվերջյան ավանդական հանդիպումը լրագրողների հետ ԼՂՀ կրթության և գիտության նախարար  Սլավա Ասրյանը սկսեց նախաամանորյա շնորհավորանքներով։ Նա նաև իր գոհունակությունը հայտնեց լրագրողներին` ոլորտի խնդիրները մշտապես լուսաբանելու և կատարվող բարեփոխումների մասին հանրությանը իրազեկելու համար:

Նախարարի գնահատմամբ` տարին կրթության ոլորտի համար եղել է բավականին հագեցած, բովանդակալից: Ամենակարևոր նվաճումն, ըստ նրա, այն է, որ կրթական բոլոր հաստատությունները կարողացել են բնականոն հունով կազմակերպել իրենց գործունեությունը` նախատեսված  նախարարության աշխատանքային պլանով, որը բխում է մեր երկրի ղեկավարի նախընտրական  ծրագրից և կառավարության  որդեգրած քաղաքականությունից: 
Նախադպրոցական կրթության ոլորտում արձանագրվել են շոշափելի հաջողություններ. 2014թ. կառուցվել են 3 նոր մանկապարտեզներ (Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ, Կովսական, Ասկերանի շրջանի Հարավ գյուղերում): Առաջիկայում կգործարկվի Ստեփանակերտի Վաղարշյան փողոցում նոր կառուցվող մանկապարտեզը, և տարվա ընթացքում ևս 2-ը` տարբեր թաղամասերում: Ընթացքի մեջ են նոր մանկապարտեզների կառուցման աշխատանքները Հադրութում և  շրջանի Տումի համայնքում: Գալիք տարում կգործարկվի Մարտակերտի շրջանի Հարությունագոմերի նոր մանկապարտեզը: Թվերը խոսուն են. ներկա դրությամբ հանրապետությունում գործում է 45 մանկապարտեզ, որից 30-ը՝ պետական: Նախադպրոցական կրթության ոլորտում պետական քաղաքականութունն աստիճանաբար կյանքի է կոչվում: Մանկապարտեզներում ընդգրկված են 3495 երեխաներ, 62 նախադպրոցական խմբերում, որոնք  գործում են դպրոցներին կից` 1455 երեխաներ (նախորդ տարվա համեմատ 336-ով ավել)։ Կարելի է ասել, որ Ստեփանակերտում 2014թ. նախադպրոցական ավագ տարիքային խմբի բոլոր  երեխաների` հանրակրթական դպրոցներին պատրաստվելու հարցը լուծված է: Մնում է, որ ընդլայնվի նախադպրոցական հաստատությունների ցանցը, որում կընդգրկվեն  2-5 տարեկան երեխաները: 
Հանրակրթության ոլորտում ունեցած ձեռքբերումներում նախարարը մատնանշեց դպրոցաշինությունը և նյութատեխնիկական բազայի ամրապնդումը, որոնք կարևոր պայման են  բարեփոխումներն իրականացնելու առումով. 2014թ. շահագործման հանձնվեցին մայրաքաղաքի հ.1, հ. 6 դպրոցների  նոր շենքերը, Ասկերանի շրջանի Աստղաշենի, Մարտակերտի շրջանի Չափարի և Քաշաթաղի շրջանի Արտաշավիի միջնակարգ դպրոցները: Ընթացքում է և 2015-ին հավանաբար կավարտվի Մարտունու շրջանի Նորշենի, Հադրութի շրջանի Ազոխի  և Ուխտաձորի, Քաշաթաղի շրջանի Կումայրիի և Միջնավանի դպրոցների շինարարությունը: Նման ընթացքով շարունակելու դեպքում առաջիկա տարիներին լուծված կլինի դպրոցաշինության խնդիրը:
Օրակարգային է մնում  ուսման որակի բարձրացման հարցը: Այս ուղղությամբ  ծավալուն աշխատանքեր են տարվում կրթութան պետական տեսչության կողմից պարբերաբար իրականացվող ստուգումների և մեթոդական օգնության միջոցով (անցնող տարում 33 հանրակրթական և նախադպրոցական հաստատություններ ենթարկվել են համակողմանի ստուգման): Լուրջ ուշադրություն է դարձվել մանկավարժական կադրերի վերապատրաստմանը: Առանձնապես արժե նշել տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ կատարվածը: Մասնավորապես, ՀՀ ԿԳՆ-ի կողմից տրամադրված  շարժական ինտերնետային կայանի օգնությամբ հանրապետության 4 շրջաններում իրականացրած համակարգչային գրագիտության դասընթացները  աշակերտների և ուսուցիչների շրջանում, ՆՈՒՌ ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը, ռոբոտաշինության ուղղությամբ արված որոշակի քայլերը: 45 դպրոցներում կան կահավորված համակարգչային կաբինետներ, որոնք հնարավորություն են ստեղծում ինչպես ինֆորմատիկա, այնպես էլ մյուս առարկաների դասերն այդ կաբինետներում լիարժեք անցկացնելու համար: Սակայն եկել են այն ժամանակները, երբ յուրաքանչյուր դպրոց պետք է ունենա նման հնարավորություն, ընդ որում` յուրաքանչյուր դասարան պետք է լիարժեք  կահավորում ունենա, այս համոզմանն է ԿԳ նախարարը:  
 
 
Սվետլանա  ԽԱՉԱՏՐՅԱՆ